• am
  • ru
  • en
Версия для печати
20.09.2021

ԳՈՐԻՍ-ՈՐՈՏԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԴԵՌ ԲԱԶՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐ Է ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ. Գրիգորյան

   

Դեռեւս ուշքի չեկած սոցցանցերում տարածված տեսանյութից, որտեղ ադրբեջանական զինված ու դիմակավորված ծառայողները կանգնեցրել էին Գորիս-Որոտան ճանապարհով անցնող հայ երեխաներին տեղափոխող քաղաքացիական ավտոբուսը, ստուգել նրանց հեռախոսները, ճնշումներ գործադրել եւ ավտոբուսի վրայից դանակով քերել Արցախի դրոշը, հիմա էլ պարզվում է, որ նույն հատվածում Քասախից մեր երկու հայրենակիցներն, ըստ ԱԱԾ-ի «շեղվել են» ճանապարհից ու հայտնվել այնպիսի հատվածում, որ ներկայում գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո: Ստեղծված իրավիճակի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ յոթերորդ գումարման «Լուսավոր Հայաստան» խմբակցության սյունեցի պատգամավոր ՍՐԲՈՒՀԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

– Իրականում ի՞նչ է կատարվում Գորիս-Որոտան ճանապարհահատվածում եւ որքանո՞վ էր սպասելի նման վտանգավոր զարգացումները:

– 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, երբ դեռ մեր քաղաքական ուժը խորհրդարանական էր, անընդհատ բարձրաձայնում էի այն մասին, որ այս ճանապարհը մեզ համար բազում խնդիրներ է դեռ առաջացնելու, եթե ադրբեջանական զորքերը հասել են այդտեղ: Իմ կանխատեսումներն աստիճանաբար եւ հերթով իրականություն են դառնում: Այն ժամանակ ոչ ոք չգիտեր, որ գյուղատնտեսական աշխատանքների շրջանը սկսելուց արդեն լիենելու են ցանքի, խոտհավաքի, անասպանահության հետ կապված խնդիրներ: Բայց ես, քանի որ այստեղից եմ, այդ վտանգավոր ազդակները գուցե ավելի շուտ էի զգում, թե ինչ է կատարվելու: Փաստացի արդեն ոչ միայն իրանական մեքենաներն են կանգնեցնում այդ ճանապարհահատվածում, այլ հայկական մեքենաներն են փորձում կանգնեցնել, մինչդեռ սա մեր միջպետական, արտաքին աշխարհի հետ կապ ապահովող ճանապարհներից մեկն էր:

– Ըստ Նիկոլ Փաշինյանի, տրանսպորտային երթեւեկությունը կարգավորելու համար կառուցվում է այլընտրանքային ճանապարհ՝ Կապան-Աղվանի հատվածով: Ի՞նչ կասեք այս մասին:

– Այո, հիմա շրջանցիկը կառուցվում է: Ես անցել եմ այդ ճանապարհով եւ պետք է ասեմ, որ բավականին աշխատանքներ տարվում են: Բայց այն գուցե երկար տեւի, եւ մենք դեռ խնդիրներ կունենանք: Այստեղ բանակցելու հարց կա, պետք է Ադրբեջանը չգնար նման քայլերի, բայց հիմա ադրբեջանական կողմն ասում է՝ քանի որ փակվել է միջանցքի թեման, ուրեմն՝ մենք հարկ կգանձենք Գորիս-Որոտան ճանապարհից եւ այլ քայլերի կդիմենք:

– Ամեն դեպքում, ԱԺ ամբիոնից Փաշինյանը վստահեցնում էր, թե Գորիս-Կապան ճանապարհի խնդրո առարկա կետերը ՀՀ-ի տարածքից դուրս են: Ի վերջո, ադրբեջանցիները մե՞ր ճանապարհին են կանգնած, թե՞ իրենց:

– Մեր սահմանում: Նախ հիմա չի գնում դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթաց, թեպետ նախընտրական քարոզարշավի շրջանում եւ դրանից առաջ խոսվում էր այդ մասին: Եվ գուցե ինչ-որ առումով լավ է, որ չի գնում, որովհետեւ եթե այսպես գնաց, գուցե սահմանազատման եւ սահմանագծման նշաններն ավելի խորը մեր երկրի սահմաններից ներս դրվեն: Ինչեւէ, ինձ համար որպես սյունեցի, որպես ազատամարտիկի դուստր եւ, պարզապես, պատմություն իմացող քաղաքացի, այդտեղ չկա ադրբեջանական սահման: Ինձ համար շատ պարզ է, որ Ադրբեջանը ձեւավորվել է 1918 թվականին, իսկ դրանք բուն հայկական հողեր են, այդտեղ չի կարող լինել ադրբեջականական սահման: Խորհրդային տարիներին ինչ-որ քայլեր արվել են, տարբեր ազդեցություններով՝ Նախիջեւանն էլ, Արցախն էլ հանձնեցին Ադրբեջանին: Բայց, ամեն դեպքում, այս պահին չկա փաստաթուղթ եւ չպետք է հիմնվել բանավոր խոսակցությունների վրա: Հիմա իրենք նաեւ Սեւ լճին են հասել, անգամ ահազանգեր կան, որ հասել են Ուխտասար, ինչի մասին ես զգուշացնում էի դեռ Ազգային ժողովում:

– Ինչո՞ւ հնարավոր չէ քաղաքական ճանապարհով որեւէ կերպ ազդություն ունենալ ստեղծված իրավիճակի վրա:

– Այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը մեզ քննադատում էր, որ ինչ-որ արդյունքների չենք հասնում, իսկ հիմա իրենք են հայտնվել նույն վիճակում: Երբ իշխանությունը կայուն մեծամասնություն է, խորհրդարանական ընդդիմությանը մնում է զուտ խոսել ամբիոնից կամ նստած տեղերից եւ հարցեր ուղղել կառավարությանը: Եվ տեսնում եմ, որ նրանք հանդարտվել են, հետեւաբար պետք է ասեմ, որ «Լուսավոր Հայաստանի» քայլը, որ նաեւ իր առաջարկով տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, տվեցին իրենց արդյունքը, որպեսզի քաղաքական դաշտը փոքր-ինչ հանդարտվի: Եվ այսօր, իսկապես, ներքաղաքական դաշտն ինչ-որ առումով հանդարտվել է: Մի անգամ էլ եմ ասել՝ այն, որ քաղաքական թիմի կամ քաղաքական գործչի գնահատականը ընտրությունն է, դրա հետ համաձայն չեմ, որովհետեւ ժողովուրդը շատ հաճախ, ցավոք, իր գնահատականը տալիս է ուշ եւ երբեմն՝ շատ ուշացած: Այսինքն՝ ժողովուրդն այսրոպեական խնդիր է փորձում լուծել եւ կարծում եմ՝ մանիպուլիացիաների ֆոնին այդպես էլ վարվեց՝ ասելով «ոչ նախկիններին»:

– Վերջերս Դուք հայտարարել էիք, որ առաջիկա ՏԻՄ ընտրությունների մասով Սյունիքից ճնշումների ազդակներ են գալիս։ Ո՞ր համայնքներում եւ ո՞ր քաղաքական ուժի հետ են կապված Ձեր մտահոգությունները:

– Ասեմ, որ Տեղ համայնքից եւ Կոռնիձորից ահազանգներ կան, որ այնտեղ ճնշում են թեկնածուներին, որ ինքնաբացարկ հայտնեն: Նման դեպք արդեն կա, որ թեկնածուն կա՛մ ինքնաբացարկ է հայտնել, կա՛մ վերջին պահին չի գրանցվել: Այստեղ պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում: Ու էական չէ, թե որ քաղաքական ուժի մասին է խոսքը: Կոնկրետ այս դեպքում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուի վրա են ճնշումներ գործադրում, բայց խնդիրը ոչ թե քաղաքական ուժն է, այլ այն, որ ով ավելի մրցունակ թեկնածու է առաջադրում, նրան էլ ճնշում են: Չեմ կարծում, թե միտում կա հենց «Ապրելու երկրի» նկատմամբ: «Լուսավոր Հայաստանն», ինչպես գիտեք, չի մասնակցելու ՏԻՄ ընտրություններին: Բայց սա ոչ մի նշանակություն չունի, պետք է շարունակենք խոսել ճշմարտությունների մասին եւ ահազանգել, եթե որեւէ կուսակցության նկատմամբ որեւէ ճնշում կա կամ որեւէ թեկնածուի առաջարկում են դուրս գալ ընտրապայքարից եւ այլն: Սյունիքը հիմա դարձել է ծայրից ծայր սահմանամերձ, եւ սա պետք է հաշվի առնի նաեւ իշխանությունը ու սյունեցիների ամուր կամքի վրա քար չնետի:

– Ընդհանրապես՝ ինչպե՞ս կգնահատեք Սյունիքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդդիմության շանսերը:

– Իշխանությունն էլի, ամենայն հավանականությամբ, հաղթելու է շատ համայնքներում: Եվ հենց սա է պատճառը, որ մենք որոշեցինք ինչ-որ առումով հետքայլ անել եւ չմասնակցել այս ընտրություններին: Այսօր առկա մանիպուլիցիաների ֆոնին դժվար է մտնել ընտրապայքարի մեջ եւ հաղթանակ ակնկալել:

– Ինչպե՞ս եք վերաբերում, որ Մանե Թանդիլյանը ոչ թե վերադարձավ ԼՀԿ, այլ նոր կուսակցություն ստեծեց ու հիմա էլ ակտիվորեն իր քաղաքական ուժը մասնակցում է ՏԻՄ ընտրություններին:

– Սա Մանե Թանդիլյանի որոշումն է, եւ այդ հարցին ինքն ավելի ճիշտ կլինի, որ պատասխանի: Ամեն դեպքում, որպես քաղաքացի եւ կուսակցական, քննադատորեն չեմ վերաբերվում իր կայացրած որոշմանը, որ այլեւս «Լուսավոր Հայաստանում» անելիք չունի եւ ստեղծել է նոր կուսակցություն: Ես իրեն եւ «Ապրելու երկրին» հաջողություններ եմ մաղթում: Հուսով եմ` այս շրջանում արդյունք կապահովեն գոնե ՏԻՄ ընտրություններում:

– Ամեն դեպքում, ժամանակին նա «Լուսավոր Հայաստանից» դուրս եկավ ոչ թե քաղաքական անհամաձայնության պատճառով, այլ ասում էր, որ առողջական խնդիրներ ունի: Փաստորեն, սա զուտ առի՞թ էր ԼՀԿ-ն լքելու համար:

– Ես բավական մտերիմ եմ Մանե Թանդիլյանի հետ եւ պետք է հավաստեմ այն, որ նա, իրոք, առողջական խնդիրներ ունի նույնիսկ մինչեւ հիմա: Պատերազմից հետո փոխվեցին բոլորիս առաջնահերթությունները, բայց ինքս էլ փորձել եմ նրան անընդհատ համոզել, ասել, որ մի հոգով ոչինչ չես կարող անել պատերազմի օրերին, մի հետաձգիր բուժումդ, գնա Գերմանիա: Սակայն, պարզապես, չէր գնում եւ որոշում կայացրեց մնալ այստեղ: Ամեն դեպքում, մի անգամ այս ընթացքում մեր շատ համոզելուց հետո՝ գնաց, որ մի փոքր գոնե վերականգնի առողջությունը: Իրականում նրան երկարատեւ բուժում էր անհրաժեշտ, բայց նորից վերադարձավ եւ մտավ ակտիվ քաղաքականություն: Այնպես որ, այդտեղ որեւէ կեղծիք չկա, ես հաստատում եմ:

– Ինչո՞ւ չհամոզեցիք նրան Արցախում նախարարի պաշտոնից ազատվելուց հետո՝ կրկին վերադառնալ «Լուսավոր Հայաստան»:

– Նորից եմ ասում`սա Մանե Թանդիլյանի խնդիրն է եւ իր որոշելիքը, չեմ կարող որեւէ քաղաքական գործչի խնդրել կամ համոզել, որ որեւէ թիմում մնա եւ շարունակի աշխատել:

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ