• am
  • ru
  • en
Версия для печати
12.09.2021

ՏԵՍԱՆՅՈՒԹ.ԵԹԵ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄ, ԱՊԱ ՄԻԱՅՆ 1920Թ. ՔԱՐՏԵԶՆԵՐՈՎ. ՔԱՐՏԵԶԱԳԵՏԸ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒՄ Է ԱՌԿԱ ՎՏԱՆԳՆԵՐԸ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ

   



Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀՀ-ին սահանագծման եւ սահմանազատման արդյունքում, ԽՍՀՄ, ո՞ր քարտեզներով պետք է արվեն սահմանագծման աշխատանքները, ինչո՞ւ են մեզ համար ձեռնտու քարտեզները գտնվում Մոսկվայում եւ Վրաստանում, ինչո՞ւ են ժամանակին ստեղծվել անկլավները եւ ի՞նչ ականներ են թաքնված անկլավները հանձնելու տակ, այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի եթերում զրուցել ենք աշխարհագրագետ, քարտեզագետ-քարտեզաբան, ԳԱԱ պատվավոր դոկտոր, Մեծ Բրիտանիայում Հայաստանի առաջին հյուպատոս Ռուբեն Գալչյանի հետ, ով նախ նկատեց.

– Երբ ՀՀ Առաջին հանրապետության ղեկավարները երկիրը պետք է հանձնեին խորհրդային իշխանությանը, ստորագրեցին Դրո-Լեգրան համաձայնագիրը, որով ԽՄ-ին էր փոխանցվում ավելի քան 43 հազար քառ. կմ Հայաստան։ Դրանով Ռուսաստանի Խորհրդային կառավարությունն ընդունում էր, որ Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության հողերի մեջ անվիճելի կերպով մտնում են Երևանի նահանգն իր բոլոր գավառներով, Կարսի նահանգի մի մասը, Ջաջուռ կայարանից Արաքս կայարանը,Գանձակ նահանգի Զանգեզուր գավառը, Ղազար գավառի մի մասը, և Թիֆլիս Նահանգի այն մասերը, որոնք Հայաստանի տիրապետության տակ էին գտնվում մինչև 1920 թվականի սեպտեմբերի 28-ը։ Եթե սահմանը զատելիս պետք է Խորհրդային Հայաստանի տարածք քննարկվի, ինչո՞ւ չքննարկել հենց այս տարածքը:

Ինչ վերաբերում է Արցախին քարտեզագետը փաստում է.

– Լեռնային Ղարաբաղ անունը տրվում էր այն շրջանին, որը ներառում է այսօրվա Լեռնային Ղարաբաղը, Քաշաթաղը և Քարվաճառը։ Այդ ժամանակ այդ տարածքը Հայաստանի հսկողության տակ էր։ Բայց երբ Հայաստանը դարձավ կոմունիստական, հաջորդ օրն իսկ Ադրբեջանի Հանրապետությունը որոշեց, որ այդ տարածքները բոլորը պիտի հանձնվեն Հայաստանին։ Ապա Ստալինը եկավ Բաքու և այդ բոլորը դարձրեց ադրբեջանական։ Այսպիսով Քարվաճառը, Քաշաթաղը, Լեռնային Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը հանձնվեցին Ադրբեջանին։ Ապա Նախիջևանը դրվեց Ադրբեջանի վերահսկողության ներքո:

Այս բոլորը հանձնելուց հետո Սովետական Միության մեջ 1925, 26․ 27, 28 թվականներին հրատարակվեցին քարտեզներ, որոնցում, այնուամենայնիվ, նշված է, որ, ասենք, Ալ լճերի տարածքը, որն այսօր Ադրբեջանինն է, Հայաստանի մեջ է, Արծվաշենը ոչ թե անկլավ է, այլ Հայաստանի մեկ մասն է, Հայաստանի տարածքում որևէ ադրբեջանական անկլավ գոյություն չունի, նույնիսկ Կապանի օդանավակայանի շրջանը ադրբեջանցիների ձեռքի տակ չէ:

Մարդկային իրավունքները և իրենց երկրների Սահմանդրությունը ոտի տակ տալով՝ Ալ լճերի տարածքը տվեցին Ադրբեջանին:

Քարտեզագետը փաստեց, որ այս տարածքները Հայաստանի կազմում պատկերող քարտեզները գոյություն ունեն, հրատարակվել են, բայց վավերական չեն օրինական դառնալու համար, քանի որ ստորագրված չեն երկու կողմերից։ Դրանց զուգահեռ կան նաև զինվորական շտաբի գծած քարտեզները, որոնք մինչև 1929 թ-ը գոյություն ունեին, և դրանց մեջ անգամ նշված բոլոր տարածքները Հայաստանին էին պատկանում։ Այդ զինվորական քարտեզները գտնվում են Մոսկվայում և Թիֆլիսում, և մենք դրանց պատճենը չունենք։ Հայաստանից բազմաթիվ անգամներ Մոսկվայից խնդրել են մեկ օրինակ տալ, չեն տալիս։

Պարոն Գալչյանը վստահեցրեց, որ այսօր հնարավոր է միջազգային իրավական գործընթաց սկսել, միջազգային դատարան դիմել և վիճարկել խորհրդային տարիներին սահմանների ապօրինի փոփոխությունները։

«Ներկա իշխանությունները պետք է այդ գործն անեն, եթե համարձակություն ունենան այդ գործը անելու, մի քիչ պահպանողական մոտեցումներ չունենան։ Այսքան մենք ներել ենք, միշտ ամեն ինչ տվել ենք ուրիշին, հիմա պիտի մեր իրավունքը պաշտպանենք և մեր նախկին ունեցածը հետ վերցնենք։ Այդ բաների հիմնական ճանապարհն այն է, որ այդ հին քարտեզները մենք ունենանք»,– ասաց Ռուբեն Գալիչյանը։

Նա համաձայն է, որ եթե անգամ այսօրվա քարտեզներում սահմանագիծն անցնում է որոշակի տարածքներով, սահմանազատման ու սահմանագծման գործընթացում պետք է բարձրացնել այնպիսի հարցեր, որ սահմանը չի կարող մեխանիկորեն անցնել այդ գծով, այլ պետք է հաշվի առնել, որ ճանապարհը չմտնի մեկ Ադրբեջանի տարածք, մեկ Հայաստանի, այլ անցնի միայն Հայաստանի տարածքով, սահմանային հենակետերը դրվեն ստրատեգիական բարձունքների գագաթներով, ոչ թե ամբողջ բարձունքը տանք Ադրբեջանին, մեր դիրքերը դնենք ստորոտում։

«Սահմանագծումը վերաբերում է մարդկանց ապրուստին, դա արդեն դառնում է քաղաքական խնդիր, միայն գիտական չէ, հակառակ դեպքում կլիներ Աֆրիկայի նման՝ քանոնով սահմանները գծված են։ Դա տեխնիկական է դառնում՝ ժողովուրդներին ուշադրություն չի դարձվում։ Նույն գործը արեց Ցարական Ռուսաստանը, և 100 տարվա մեջ 5-6 անգամ այդ սահմանները փոփոխվեցին։ Եթե ժողովրդի էթնիկ և տնտեսական շահերը աչքի առաջ չունենան սահմանը գծելիս՝ արհեստական կլինի»,– ասաց քարտեզագետը։

Սահմանագծումը, նրա համոզմամբ, պետք է կատարվի միջազգային կազմակերպության հսկողության տակ, ոչ թե շահագրգիռ պետության, ինչպիսին, ասենք, Ռուսաստանն է։

Ռուբեն Գալչյանն ասում է՝ եթե անգամ Հայաստանը ստիպված լինի ճանաչել Թուրքիայի ու Ադրբեջանի սահմաններն ու ամբողջականությունը, այդ պայմանագրերը հետագայում հնարավոր է չեղարկել․ բերեց Աթաթյուրքի օրինակը, որն իշխանության գալով հայտարարել է՝ ինչ պայմանագիր նախապես ստորագրվել է՝ ես չեղյալ եմ համարում։ Այդ գործը կատարվեց՝ ոչ ոք էլ ոչինչ չասաց։

Պետք է ուժ ունենալ ու կարողանալ համոզել՝ նշեց նա, պետք է լոբբինգ անել նաև ՄԱԿ-ում գործն առաջ տանելու համար, հեշտ լուծումը, թե Արցախի հողերը Ադրբեջանին էին տրվել Խորհրդային տարիներին, ուրեմն պետք է տայինք՝ ընդամենը պատրվակ է, որ գործ չանես։

www.iravunk.com


դեպի ետ