• am
  • ru
  • en
Версия для печати
04.09.2021

ՊԵՏԱԿԱՆԱՔԱՆԴՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԱՐԱՐԸ

   

Միայն մեռնելուս օրը չգիտեմ... Չընտրություններից անմիջապես հետո հիմնավորապես ենթադրեցի, որ աշնանը քաղաքացիները վրա ճնշումն ուժգնացնելու` հանրային առողջապահության հետ կապ չունեցող միանգամայն քաղաքական նպատակով լինելու է կորոնատեռորի նոր ալիք: Առավելեւս որ դա համընկնում է կապիտուլյանտական խունտայի տերերի համաշխարհային թրենդի հետ: Սակայն դեռ օգոստոսին հրապարակեցին համավարակի նոր թվեր, որոնց հավաստիությունն ավելին չէ, քան քաղաքացի Փաշինյանի պերմանենտ փչոցները, եւ վերսկսեցին պարտադրանքները:

ԵՐԿԻՐ-«ԿՈՆՑԼԱԳԵՐ»

Դեռ անցյալ տարի առիթներ ունեցել ենք զուգահեռներ անցկացնելու այժմյան դիմակ-դնչկալների եւ հին Հռոմի ստրուկների դիմակ-դնչկալների միջեւ, որոնց նպատակը մարդկանց հոգեբանորեն կոտրելն է եւ հնազանդությանն ընտելացնելը: Սակայն այդ լաթի կտորներն ունեն ոչ միայն այն գործառույթը, որը ռուսերենում կոչվում է «молчать в тряпочку», այլեւ լրացուցիչ դերակատարություն: Փորձեք դիմակ դրած մոտենալ հայելուն եւ ժպտալ` արդյո՞ք հայելու Ձեր արտացոլանքում ժպիտ կտեսնեք: Բնականաբար, դիմակավոր մարդու ժպիտը ուրիշներն էլ չեն տեսնի: Իսկ եթե չկան ժպիտներ հանրային վայրերում, ապա չի հալչում մարդկանց միջեւ առկա փոխադարձ անվստահությունը, չարությունը, ատելությունը... Իսկ խունտային շատ է պետք, որ մարդիկ շարունակեն ատել իրար, որ բաժանարար գծերը խորանան: Ի դեպ, կամավոր-պարտադիր պատվաստումների միջոցով նաեւ նոր բաժանարար գիծ է ստեղծվում` պատվաստվածների եւ չպաստվաստվածների միջեւ: «Սառը» քաղաքացիական պատերազմը վաղուց է փաստ, այն իրարից բաժանել է ընկերների եւ անգամ ընտանիքի անդամների: Սակայն դրա «թեժ» փուլին քաղաքացի Փաշինյանը եւ նրա տիկնիկավարները դեռեւս չեն հասել, թեեւ ջանում են 2018-ից իվեր: Եվ այդ «թեժ» փուլի հրձիգը կարող է դառնալ խորհրդարանը: Գրեթե ամեն նիստին տեղի ունեցող ծեծկռտուքները բավականին արագացնում են ատելության էսկալացիան, արդեն սովորական է դարձել բախումներից հետո բուժօգնության անհրաժեշտությունը...

Եվ հնչում են կանխատեսումներ, որ ԱԺ-ում անխուսափելիորեն մի օր արյուն է թափվելու, եւ այդ արյունն այնուհետ անցնելու է փողոց: Ի լրումն դրա գործողության մեջ դրվեց պառլամենտարիզմի պատմությանն անհայտ նոր բռնապետական գործելաոճ: Խորհրդարանի անցուդարձը կարգավորում են զինված մարդիկ, ովքեր թյուրիմացաբար կոչվում են անվտանգության ծառայություն, սակայն իրականում նախատեսված են ընդդիմադիր պատգամավորներին լռեցնելու եւ լրագրողների աշխատանքին խանգարելու համար: Ընդ որում, այն հանգամանքը, որ արգելվել է նրանց դեմքերը լուսանկարելը, ինչը կրկին շեշտում է նրանց առաքելության անպատվաբեր բնույթը... Կարճ ասած, քաղաքացի Փաշինյանին եւ նրա «չագուջներին» հաջողվել է այն, ինչը չի հաջողվել հանրահռչակ դիկտատորներին: Մուսոլինին, Հիտլերը, Պինոչետը, Քադաֆին, Չաուշեսկուն եւ այլոք պատի տակ քաշված նյարդային ծխում են: Իսկ լրագրողների աշխատանքների սահմանափակումը հասել է այնպիսի մակարդակի, որ անգամ տխրահռչակ սորոսականներ Դանիել Իոաննիսյանն ու Լեւոն Բարսեղյանն են վրդովվել: Հայհոյանքը քրեականացնող օրենքն էլ, որը պաղպաղակասեր Արմեն Սարգսյանի անողնաշարության շնորհիվ մտավ ուժի մեջ, կոչված է ոչ թե հանրային դաշտը վատ բառապաշարից մաքրելուն, այլ սոսկ նիկոլականների պաշտպանությանը իրենց կեցվածքին եւ հանցավոր արարքներին համարժեք ժողովրդական գնահատականներից: Սակայն դա երկսայրի սուր է` եթե առաջ քաղաքացիները կոշտ բառապաշարի միջոցով լիցքաթափվում էին սոցիալական ցանցերում, ապա հիմա քրեական պատիժների ահով նեգատիվի գոլորշին ելք չի գտնում, եւ մի օր կաթսան պարզապես պայթելու է: Դրան նպաստում է նաեւ «Հայաստան» դաշինքի անհասկանալի պասիվությունն ու որոշակի երկչոտությունը: Իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության երիտասարդ պատգամավոր Աննա Մկրտչյանին էլ փորձում են լռեցնել նրա հորը քրեական գործի միջոցով պատանդ վերցնելով: Դե, պատանդառությունը փաշիստների սովորական պրակտիկան է, հիշենք թեկուզ, թե ինչեր էին բերում Հրայր Թովմասյանի ամբողջ ազգուտակի գլխին:

ՀՐԱԺԱՐԻՄՔ Ի ԱՐՑԱԽԷ

Միասնական հայրենիքի, անբաժանելի պետության կատեգորիան էլ այլեւս գոյություն չունի: Լավագույն դեպքում հավաքական գիտակցության կայծեր կան մարզերի մակարդակով, իսկ Արցախի մասին գրեթե բոլորը չեն էլ հիշում, արժեզրկելով պետականությունն ու թափված արյունը: Այսպիսի տխուր «Անկախության օր» Արցախի Հանրապետությունը դեռ չէր ունեցել, Ստեփանակերտ պաշտոնյաների փոխարեն մեկնել էին ինչ-որ ՔՊ-ական պատգամավորներ, իսկ Նիկոլը շտապ գնաց կարճատեւ արձակուրդ: Ինչպես իրավացիորեն նշում է Ռեֆորմիստներ կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանը. «Այսքանից հետո ՀՀ ղեկավար իրեն համարող կապիտուլյանտը չի գնում Ստեփանակերտ անկախության տոնին, այլ գնում է արձակուրդ: Նրա չգնալը պարզ է, չէ՞ բոլորիս, ում պահանջն է, եւ նա դա բավարարեց: Հետեւաբար կապիտուլյանտի համար նույնիսկ ձեւական գոյություն չունի Արցախի անկախության հարց, այն նա վաղուց իր համար փակել է: Հակառակ դեպքում սրտաճմլիկ ուղերձի փոխարեն, նա կգնար մի հատ էլ սելֆի կաներ: Շնորհավորեք-չշնորհավորեք, նիկոլական խունտան այս հարցը արդեն փակել է, մնում է հասկանալ` մեր ազգն է՞լ է այս հարցը փակել, թե՞ դեռ հույս կա»:

Դեռ հույս կա, որը սրընթաց պակասում է: Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի դիտարկմամբ. «Այսօր Արցախի Հանրապետությունը մնացել է փաշինյանական «Արցախը Հայաստան է եւ վե՛րջ» եւ ալիեւյան «Ղարաբաղը Ադրբեջան է!» տխրահռչակ բառակապակցությունների արանքում: Արդյունքում ո՛չ Հայաստան դարձավ, ո՛չ էլ Ադրբեջան: Բայց կարծես թե դարձել է տարածաշրջանի ապագան կանխորոշելու նոր հենասյուն` պարուրված ռուսական անվտանգության երաշխիքներով»: Սակայն առավել ամբողջական գնահատականներ հնչել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում. «Արցախը եւս կարժանանար Նախիջեւանի ճակատագրին, որտեղ այսօր գեթ մեկ հայ չկա, եթե մենք ինքնապաշտպանության նպատակով չստեղծեինք հայ աշխարհազորայինների առաջին խմբերն ու ջոկատները, իսկ ավելի ուշ` դրանց հիման վրա` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, որն արժանի հակահարված տվեց իր օջախ ներխուժած թշնամուն, դուրս շպրտեց հայրենիքի սահմաններից, եւ Արցախը լծվեց պետականաշինության գործին, սկսեց զարգանալ համայն հայության աջակցությամբ: 2020թ. Արցախի դեմ սանձազերծված պատերազմը եւ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից գաղտագողի միանձնյա որոշմամբ ստորագրված` նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը Արցախի եւ Հայաստանի համար մի նոր վտանգավոր շրջափուլ բացեցին, որի հետեւանքները Արցախում եւ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում զգում ենք ամեն օր: Խաղաղության եւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, կայուն եւ անվտանգ զարգացման հերթական սուտ խոստումներով գործող իշխանությունները բթացնում են պատերազմի արհավիրքները գրեթե մեկ տարի առաջ տեսած ժողովրդի զգոնությունը, վախ եւ անվստահություն ներշնչում սեփական ուժերի նկատմամբ եւ հայկական երկու պետությունները տանում նոր վտանգների»: Դե ինչի մասին է խոսքը` Նիկոլն անգամ հնչեցրեց Սյունիքի մի քանի գյուղերի ադրբեջանական անունները, անուններ, որոնք անգամ ավագ սերունդն է վաղուց մոռացել: Եվ դա շատ տագնապալի է: Մինչդեռ, ինչպես նշում է Սերժ Սարգսյանը. «Ոմանք ասում են` Ադրբեջանն ուներ ավելի շատ փող, զենք, զինամթերք, տեխնիկա եւ կենդանի ուժ: Դա ճիշտ է, բայց ինձ համար պատերազմն անհավասար էր, որովհետեւ ուժեղը կռվում էր թույլի դեմ, եւ ուժեղը մենք էինք: Ազատասերը կռվում էր զավթիչի դեմ, եւ ազատասերը մենք էինք: Արդարը կռվում էր անարդարի դեմ, եւ արդարության մարմնավորումը մենք էինք: Եվ մենք հաղթեցինք, որովհետեւ հավատացինք մեր ուժերին, արժանապատվորեն պաշտպանեցինք մեր հողն ու ընտանիքը եւ դարձյալ կհաղթեինք, եթե մինչ 44-օրյա պատերազմը չվարկաբեկեին մեր բանակը, կադրային ջարդ չիրականացնեին զինված ուժերում, փորձառու հրամանատարներին չփոխարինեին հարմարվողականներով, ապաշնորհ ձեւով չկառավարեին պատերազմը, հայ ժողովրդին պատերազմի ամբողջ ընթացքում հաղթանակի սուտ խոստումներ չտային, իսկ հետո չկոտրեին ոգին ու թշնամուն չհանձնեին մեր հայրենիքի մի մասը, չզոհեին հազարավոր մեր զավակներին, անտերության չմատնեին գերեվարված հարյուրավոր մեր հայրենակիցներին»:

Իսկ շատերը սկսել են մոռացության մատնել միտումնավոր, դավաճանական, կազմակերպված պարտության իրողությունը եւ փորձում են հարմարվել փաշիզմի անպատվաբեր, նվաստացուցիչ խունտայի թելադրված պայմաններին: Անգամ բնական զզվանքն է բթացել պլեբսից «իշխանավոր» դարձած անարժանների հանդեպ, եւ հողատուների խունտան խաղում է պետականաքանդման վերջին արարը: Եվ մինչեւ չլինի այն ըմբռնումը, որ միայն արժանապետությունն է ապավում պետականության հարատեւումը, կշարունակենք գլորվել դեպի այն «ապագան», ուր Հայաստանը հնարավոր կլինի տեսնել միայն համացանցում:

Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com


դեպի ետ