
ՈՒՂՂԱԿԻ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ՀԱՅ ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
«Ուղղակի անհնար է լռել: Այսօր այցելել էի Մոսկվայում ԽՍՀՄ ժողովուրդների ձեռքբերումների ցուցահանդես, որտեղ Ադրբեջանի տաղավարում տեսնեմ ինչ՝ մուտքի մոտ տեղադրված է 2 քարտեզ՝ մեկը պատին, մյուսը՝ թվային, ու ամբողջ Արցախի հանրապետության տարածքը ներկայացված է Ադրբեջանի կազմի մեջ՝ ադրբեջանական անվանումներով։
Ես հասկանում եմ, որ ադրբեջանցիներն իրենց երկրում ինչ ուզեն, կարող են գրել եւ նկարել, բայց Ռուսաստանի Դաշնությունո՞ւմ, Մոսկվայո՞ւմ, հանրային վայրո՞ւմ։ Հիմա ռուս խաղաղապահները պաշտպանում են Ստեփանակերտը նույն Ադրբեջանից, իսկ Մոսկվայում հանրայի վայրում տեղադրված են քատեզներ՝ Ստեփանակերտն անվանելով Խանկենդի։ Ի՞նչ է սա, եթե ոչ ուղիղ սադրանք եւ քարոզչություն ապաքաղաքականացված վայրում, որտեղ պետք է լինեն միայն ազգերի մշակույթների, կենցաղի, խոհանոցի մասին տեղեկություններ եւ ոչ քաղաքականություն։
Ի դեպ, հարկ եմ համարում նաեւ նշել, որ 44 օրյա պատերազմում իր մատուցած «ծառայությունների» դիմաց որպես շնորհակալություն՝ ցուցահանդեսի ադրբեջանական տաղավարի տնօրեն է նշանակվել ՏԱՍՍ-ի դիվանագիտական ենթակառուցվածքների հետ կապի բաժնի արդեն նախկին ղեկավար Սաադաթ Կադիրովան: Այո՛, «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ դեղին բաճկոնով հայտնի այն տիկինը, որը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումը Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից համեմատել էր Վլադիմիր Պուտինի` «սատկացնել զուգարաններում» արտահայտության հետ: ՌԴ նախագահը ժամանակին այն օգտագործել էր ահաբեկիչների դեմ պայքարի համատեքստում։ Այս խայտառակ հայտարարությունից հետո՝ նրան դուրս էին շպրտել ՏԱՍՍ-ից», – գրել է մոսկվաբնակ քաղաքագետ ՄԱՐԻԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ:
դեպի ետ