
ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՄԻ ԱՀԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹԻ ՀԵՏ. Արմինա Դարբինյան
Սովորաբար Հայաստանի պատմության ընթացքում հիմնականում մեր դեմ գրոհել են թշնամիները, այսինքն` թշնամին դրսից է եղել: Սակայն այսօր, ըստ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ ԱՐՄԻՆԱ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ, թշնամին ներսից է, եւ մենք պատրաստ չենք դիմակայելու նրան, քանի որ անսովոր իրավիճակ է:
– Հենց առաջին օրվանից, երբ տեսա, որ Նիկոլ Փաշինյանը խելագար աչքերով կառավարական ամառանոցից ուղիղ եթեր է անում, ցույց է տալիս զուգարաններն եւ սառնարանները, սարսափեցի եւ վախեցա, որովհետեւ հասկացա, որ գործ ունենք մի ահավոր երեւույթի հետ: Եթե ընդհանրացնեմ, ապա Նիկոլ Փաշինյանը մարմնավորում է այն բոլոր հատկանիշները, թե ինչպիսին չպետք է լինի երկրի ղեկավարը, այսինքն`չպետք է լինի ստախոս, դավաճան, արժեքներ չունեցող, փնթի, անկազմակերպ, կանացի կազմվածքով: Մենք ունենք նրա դեմքով մարմնավորում, թե հակաղեկավարն ինչպիսին պետք է լինի: Նա բացի այն, որ քանդեց երկիրը, նաեւ խայտառակ արեց մեզ աշխարհով մեկ: Եթե առաջ հպարտությամբ ներկայանում էինք, իբրեւ հայ, մեր նվաճումներից ու հազարամյա պատմությունից էինք խոսում, հիմա ուղղակի խայտառակված եւ նսեմացված ենք: Ի՞նչ ժառանգություն ենք թողնում մեր երեխաներին, տասնամյակներ են պետք, որպեսզի փորձեն դուրս գալ այս վիճակից:
– Տիկին Դարբինյան, բայց կա նաեւ մի այլ զուգահեռ իրականություն, որտեղ մարդիկ Նիկոլ Փաշինյանին համեմատում են Հիսուս Քրիստոսի հետ ու, նախընտրական քարոզարշավի ժամանակ, որպես «սուրբ մասունք» էին դիպչում նրան, ընդ որում՝ պատերազմի սարսափելի հետեւանքներից հետո:
– Նա իր խաղադրույքը դրեց ամենացածրագույն մարդկային բնազդների վրա, այսինքն` նախանձի, չկամեցողության, դավաճանության: Ցավոք, կա մի ստվար զանգված մեր երկրում, ովքեր չունեն բավարար կրթություն եւ գիտելիքներ ու հասկանում են, որ ով էլ գա իշխանության, նրանց առանձնապես ոչ մի առաջընթաց չի սպասվում: Նրանք ո՛չ կարող են ձեռնարկատեր լինել, ո՛չ էլ ինչ-որ պաշտոնների հավակնել: Այս մարդիկ իրենց վատ են զգում, որ դիմացինը լավ է ապրում, հաջողակ է: Դրա համար, երբ երկիրը քանդում են եւ ընդհանուր մակարդակն իջեցվում է զրոյից ցածր, նմանատիպ մարդիկ իրենց շատ լավ են զգում: Ես չեմ հասկանում այն մարդկանց, որոնք կարող են սիրահարված աչքերով նայել Նիկոլին: Բայց ինձ առավել զարմացնում է ոչ թե անգիտակից եւ անգրագետ զանգվածի կարծիքը, որն ինչ-որ տեղ հասկանալի է, այլ զոհվածների ծնողներից ոմանք: Ինչպե՞ս կարող են գերեվարվածների, անհետ կորածների ծնողները սիրահարված աչքերով նայել նրան: Կապիտուլիացիայի ստորագրումից հետո՝ գործ ունեինք հայտնի ստոկհոլմյան սինդրոմի հետ, երբ դահիճն ու զոհը փոխշահավետ բանակցություններ են սկսում:
– Մի՞թե դիահերձարաններում թաքցված դիերի մասին բացահայտումը բավարար չէր սթափվելու համար:
– Կարծում եմ` ոչ, որովհետեւ այլ կերպ նրանք պետք է խոստովանեին, որ իզուր են աջակցել Նիկոլին, իզուր են նրա հետեւից գնացել, իզուր են իրենց երեխաները զոհվել, ինչպես Աննա Հակոբյանն էր ասում՝ հանուն ոչինչի: Այս ամենը հոգեբանորեն շատ դժվար է ընդունել, ինչ-որ տեղ սա նաեւ պաշտպանողական բնազդ է: Չեմ ուզում նրանց մեղադրել, նրանք ամեն կերպ ուզում են արդարացնել, որ իզուր չէին այսքան զոհերը: Երբ Նիկոլ Փաշինյանը գնում էր Եռաբլուր, ինձ թվում էր, թե սեւազգեստ մայրերը նրան պետք է ուղղակի ոչնչացնեն, բայց անգամ գտնվեցին մարդիկ, ովքեր ողջունում էին նրան, նույնիսկ դահիճի ձեռքն էին համբուրում ու սեղմում:
– Մեր գերիներն էլ նախ գործոն դարձան ինչ-ինչ գործարքների եւ փոխանակումների, իսկ հիմա նրանց վերադարձի մասին ընդհանրապես որեւէ ազդակներ չկան…
– Այս ողորմելիները, որ մեղադրում էին մեր երկրի նախկին ղեկավարներին, իբրեւ կազինոներում պետության փողերը վատնելու մեջ, այսօր մարդկային կյանքերը հենց իրենք են դարձրել կազինոյի խաղադրույք: Ես այլ կերպ սա կոչել չեմ կարող: Եվ այնպես չէ, որ Ալիեւը սպասեց հունիսի կեսերին, որ նոր ասի, թե ականապատ տարածքների քարտեզները տվեք մի քանի գերիների դիմաց: Այդ խոսակցությունը, բնականաբար, շուտ է եղել, բայց ինչքան մարդ պետք է ողորմելի եւ ստոր լինի, որ ամիսների շարունակ պահի այդ խաղաքարտը եւ աշխատեցնի միայն նախընտրական քարոզարշավի ժամանակ: Եթե իրենց երեխան լիներ գերեվարված, րոպե առաջ կմտածեին հետ բերելու մասին, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վիճակում են հիմա այդ երեխաների ծնողները: Նրանց ամեն օրը մի դար է, իսկ Նիկոլ Փաշինյանը հանգիստ ասում է՝ գերիները մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար: Իսկ ինքը կսպասե՞ր…
– Իսկ ի՞նչ եղան մեր մշակութային գործիչները, մտավորականները, ինչո՞ւ նրանց ձայնը որեւէ տեղ չի լսվում:
– Այդ «մտավորական» բառի մեջ մենք այլ բովանդակություն ենք լցրել: Ես բոլոր մշակույթի գործիչներին մտավորական, իհարկե, չեմ անվանի: Իսկական մտավորականներն անտարբեր մարդիկ չեն եւ միշտ ընդդիմադիր կեցվածք են ունեցել, որպեսզի իշխանությունն իրեն հանգիստ չզգա, անընդհատ լարվածության մեջ լինի ու չսխալվի: Իսկ հիմա նաեւ շատերի դեմքը բացահայտվեց: Եթե կարելի է դրական ինչ-որ արդյունքներ քաղել այս ամենից, առաջինն հերթին այն է, որ տեսանք, թե ինչպիսին չպետք է լինի երկրի ղեկավարը եւ ով է, իրոք, մտավորական, ով՝ ուղղակի իշխանությանը սպասարկող գործիչ: Բայց շատերին նաեւ չեմ քննադատում, մարդիկ կան, որ երգելուց բացի, ուրիշ ոչինչ չեն կարող անել, արդյունքում շատ դերասաններ, բեմադրողներ փորձում են չեզոքություն պահպանել:
– Կամ էլ, պարզապես, ձեռնտու է «իջնել ջրի հատակը՝ մինչեւ անցնի վտանգը»:
– Ցավով եմ ասում, բայց համաձայն եմ ձեզ հետ…
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ