
ԿԱՍԿԱԾԻՑ ՎԵՐ Է, ՈՐ ՔԱՅԼԵԼՈՎ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ԱՆԵԼՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԾՐԱԳԻՐ Է. Կոստանյան
ՆԱՏՕ-ական զորքերի Աֆղանստանից դուրսբերմանը զուգահեռ` թալիբները գրավեցին նշանակալի տարածքներ այդ երկրի բոլոր երկրամասերում: Այսօրվա դրությամբ` Աֆղանստանի տարածքի ճնշող մեծամասնությունը, այդ թվում` մայրաքաղաք Քաբուլը, գտնվում է թալիբանների վերահսկողության ներքո: Իսկ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքել է երկիրը` պատճառաբանելով, որ գնացել է այդ քայլին արյունահեղությունը կանխելու համար: Աշխարհաքաղաքական նման շրջադարձի եւ մեր տարածաշրջանի վրա դրա ազդեցության հնարավոր հետեւանքների շուրջ, «Իրավունքը» զրուցեց միջազգայնագետ-արեւելագետ ԱՐԱՐԱՏ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ հետ:
«ՄԱԿ-Ն ԱՅԼԵՎՍ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ»
– ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, թեպետ դեռեւս 2003 թ.-ին «Թալիբանը» ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն, բայց այսօր գործուն քայլերի փոխարեն` ընդամենը կոչ է անում Աֆղանստանում անհապաղ դադարեցնել ցանկացած բռնություն եւ ձեւավորել նոր կառավարություն` բանակցությունների միջոցով: Այսինքն` ստացվում է, որ այլեւս ՄԱԿ-ի անատամ կոչերի ներքո` շատ հանգիստ ահաբեկիչները կարող են որեւէ երկրում իշխանությո՞ւն վերցնել:
– Կորոնավիրուսի ի հայտ գալուց հետո` ՄԱԿ-ը ցույց տվեց, որ այլեւս չի գործում: Այդ մասին նույնիսկ աշխարհում հայտնի քաղաքագետներն ու իրավագետներն են փաստում: Ինչպես տեսանք, կորոնավիրուսի ժամանակ առանձին երկրներ կարողացան օգնել ավելի ծանր իրադրության մեջ հայտնված երկրներին: Օրինակ, թվում էր, թե հենց Եվրամիության հիմնական երկրները` Գերմանիան կամ Ֆրանսիան պետք է օգնեին Իտալիային, Հունաստանին եւ ավելի փոքր հնարավորություններ ունեցող երկրներին, մինչդեռ նրանց օգնության եկան Չինաստանը եւ Ռուսաստանը: Նույնկերպ էլ ՄԱԿ-ն այսօր, դժբախտաբար, ի զորու չէ այսպիսի խնդիրներ լուծել: Սա նաեւ տեսանք Սիրիայի պատերազմի ժամանակ, թե ինչպես ՄԱԿ-ը չկարողացավ կանխել, իսկ հետո կանգնեցնել այդ պատերազմը: Կարծում եմ` «Թալիբանի» իշխանության գալն այդքան սահուն կերպով, ուղղակիորեն քայլելով պայմանավորված է ԱՄՆ-ի հետ: 2018-2020 թթ. ընթացքում ԱՄՆ-ն «Թալիբան» շարժման հետ բանակցություններ էր վարում Քաթարում, եւ Բայդենը երբ եկավ իշխանության, հայտարարեց, որ զորքերը դուրս է բերելու Աֆղանստանից: Այսինքն` հստակորեն Միացյալ Նահանգները ցանկանում էր դուրս գալ այնտեղից, բայց ոչ թե թողնել այդ տարածաշրջանը Չինաստանի, Իրանի եւ ՌԴ-ի հսկողության տակ: Այդ իսկ պատճառով Աֆղանստանում իշխանության բերեց իր վաղեմի դաշնակցին:
– Ի՞նչ ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի վրա Աֆղանստանում «Թալիբանի» կողմից իշխանությունը վերցնելը:
– Այս առումով նախ պետք է հիշենք, թե թալիբանների իշխանությունը ժամանակին ինչպիսին է եղել: Նրանք ունեն քաղաքական իսլամի հետ առնչություն չունեցող, ոչ մարդկային մի գաղափարախոսություն եւ հիմա Արեւմուտքի գլխավորությամբ` նոր օջախ ստեղծեցին իսլամական էմիրություն ձեւավորելու համար: Նրանք ի սկզբանե հայտարարում էին, որ գալով իշխանության` ստեղծելու են իսլամական էմիրություն: Ըստ էության, Սիրիայում այս ծրագիրը չիրականացավ, քանի որ երկիրը հաղթանակով դուրս եկավ արյունալի պատերազմից եւ չկարողացան այդ տարածաշրջանում ստեղծել ռադիկալ, այսպես կոչված, իսլամական խալիֆայություն: Եվ ահա հերթը եկել է մի այլ երկրում փորձել քաոս ստեղծել, որը սահմանակից է Իրանին: Այս ամենի առաջին նպատակներից մեկը ԱՄՆ-ի կողմից Իրանին մեկուսացնելն է: Գունավոր հեղափոխությունների փորձ արվեց, բայց նրանք չկարողացան ներսից Իրանը քանդել, հիմա նաեւ շատ հստակ տեսնում են, որ ռազմական ուժով Իսրայելը չի կարողանա հարվածել Իրանին: Ուստի` արցախյան պատերազմից հետո փորձ է կատարվում Իրանին մեկուսացնել այս տարածաշրջանից Ադրբեջանի միջոցով եւ Թուրքիայի հովանավորությամբ, իսկ Իրանի մյուս կողմում էլ փորձում են հակաիրանյան մի իշխանություն բերել Աֆղանստանում:
«ԱՅՍ ՇՂԹԱՆ ՇԱՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է»
– Ինչո՞վ է պայմանավորված Իրանի դեմ հետեւողականորեն սեղմվող այս օղակը:
– Պետք է հաշվի առնենք Իրանի եւ Չինաստանի վերջերս կնքված 25 տարվա ռազմավարական շատ կարեւոր պայմանագիրը, որը եթե իրականանա, Իրանը կդառնա ոչ միայն տարածաշրջանի ամենազարգացած երկրներից մեկը, այլ շատ ավելի խոստումնալից ապագա կունենա ինչպես ինքը, այնպես էլ իր դաշնակիցները Մերձավոր Արեւելքում: Եվ այս ամենն արվում է այդ ծրագիրը խափանելու եւ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» շրջանակներից Իրանի հետ կնքված պայմանագիրն ի դերեւ վերածելու համար: Այստեղ նաեւ կարեւոր է Հնդկաստանի գործոնը, որը շատ արագ զարգանում է: Չինաստանից հետո` Հնդկաստանը լինելու Ասիայի եւ, ինչու ոչ, նաեւ միջազգային ամենահզոր երկրներից մեկը: Հետեւաբար, այս կերպ փորձ է արվում զսպել Հնդկաստանի ցանկությունները եւս: Ինչպես գիտենք, «Թալիբանը» ստեղծվել է Պակիստանում ընդդեմ Խորհրդային Միության, բայց Պակիստանը նաեւ Հնդկաստանի առաջին թշնամին է եւ, փաստորեն, Աֆղանստանում իշխանության է եկել Պակիստանի դաշնակիցներից մեկը:
– «Թալիբան» շարժումն իր ներկայացուցիչներն ունի նաեւ Սիրիայում, ինչպե՞ս են նրանք արձագանքում Աֆղանստանի իրադարձություններին:
– Այսօր Սիրիայի այն շրջաններում, որոնք այդ ահաբեկչական կազմակերպության ազդեցության տակ են, նշում են «Թալիբանի» հաղթանակն Աֆղանստանում: Նրանք համարում են, որ իրենց դաշնակիցներն Աֆղանստանում իշխանության են եկել, ինչն իրենց մոտ հույսեր է առաջացնում, թե իսլամական խալիֆայություն կարող է ստեղծվել: Բնականաբար, սա նույնքան վտանգ է Ռուսաստանի համար: Իսլամական խալիֆայության ստեղծման ցանկություն կարող է առաջանալ նաեւ ՌԴ-ի մուսուլմանների մոտ, եւ այնտեղ անջատողական տրամադրություններ սկսվեն: Չինաստան-Ռուսաստան-Իրան եւ Մերձավոր Արեւելք շղթան շատ վտանգավոր է, եւ այստեղ մեզ համար մտահոգիչ է նաեւ Թուրքիան: Մեծ իսլամական խալիֆայություն ստեղծելու գաղափարի ջատագովներից է Թուրքիան, բայց նա իր թուրքական տարբերակի կողմնակիցն է: Այսինքն` պանթուրքիզմի եւ պանթուրանիզմի համախմբումն է իր գաղափարախոսությունը եւ, բնականաբար, այստեղ ունենալու է մեծ դերակատարություն, որովհետեւ նաեւ Պակիստանի հետ ունի շատ մոտ հարաբերություններ, եթե չասեմ` դաշնակցային:
«ԵՎՍ ՄԻ ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ «ՊՐՈՅԵԿՏ»
– Այս դեպքում` ինչպե՞ս կբացատրեք ՌԴ-ի բավական զուսպ կեցվածքը, երբ նրա համար էլ կոնկրետ սպառնալիք է «Թալիբանը», էլ չեմ ասում, որ այդ շարժումը Ռուսաստանում ահաբեկչական խմբավորում է ճանաչվել եւ արգելված է:
– Շատ հետաքրքրական է, որովհետեւ Ռուսաստանը եւ Չինաստանը դեռեւս թալիբանների իշխանությունը վերցնելուց առաջ` պաշտոնական հանդիպում են ունեցել նրանց հետ` արտգործնախարարների մակարդակով: Այդ հանդիպման ժամանակ փաստացի որոշ չափով նրանք համաձայնության են եկել, որ ՌԴ-ն եւ Չինաստանն իրենց ազդեցությունը այդ տարածաշրջանից չեն զրոյացնելու: Եվ երկու պետություններն էլ ճիշտ այդ հեղաշրջման ժամանակ հայտարարեցին, որ իրենց դեսպանատները չեն լուծարելու եւ երկրից դուրս չեն գալու: Սա հստակ մեսիջ էր, որ իրենք դուրս չեն գալու ամբողջությամբ Աֆղանստանից: Իրենց ավելի լուռ կեցվածքը, կարծում եմ, պայմանավորված է նրանով, որ չեն ցանկանում ավելի սրել հարաբերություները, որովհետեւ եթե ռեալ նայենք, իրենք նոր են վերցրել իշխանությունը, եւ առաջին օրվանից նրանց հետ սրման քաղաքականություն վարելն ավելի արդյունավետ կլինի արեւմտյան քաղաքականությանը: Ամեն դեպքում, հիմա անհասկանալի իրավիճակ է, եւ չեմ կարծում, թե «Թալիբանը» եկավ իշխանության, եւ այդպես պետք է շարունակվի:
– Իսկ ի՞նչը պետք է խանգարի նրանց, որ չկարողանան իշխանությունը պահել:
– Նախ տեսանք ժողովրդի բողոքը, այդ մարդիկ օդանավերի վրա էին բարձրացել` միայն թե կարողանան փախչել իրենց երկրից: Նրանք քաջ գիտեն «Թալիբանի» իշխանության ժամանակ կատարված վայրագությունները: Հետեւաբար, չեմ կարծում, որ կկարողանան երկար մնալ իշխանության: Այստեղ կարեւոր է, թե Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը կկարողանա՞ն երկրի ներսում այնպիսի ընդդիմություն կամ շարժումներ ստեղծել, որը «Թալիբանի» իշխանության դեմ կպայքարի: Այնուամենայնիվ, վաղ է կանխատեսել քաղաքացիական պատերազմ Աֆղանստանում, որովհետեւ այդ հակադիր ուժը դեռեւս ստեղծված չէ: Համենայնդեպս, համոզված եմ, որ «Թալիբանն» այդպես հանգիստ չի կարողանալու իշխանավարել: Հիմա արեւմտյան փորձագետների եւ քաղաքագետների մեսիջներից շատ հստակորեն երեւում է ամերիկյան նույն խաղը: Նրանք հիմա առաջ են տանում այն թեզը, թե «Թալիբանը» չափավոր ուժ կարող է լինել, այն այլեւս նախկինում եղած ահաբեկչական խմբավորումը չէ: Սա ինձ հիշեցնում է Սիրիայի դեպքերը. երբ զինյալ ընդդիմություն ի հայտ եկավ, եւ նրանք կրակում էին իշխանական կենտրոնների, շենքերի, պաշտոնատար անձանց եւ քաղաքացիների ուղղությամբ, Արեւմուտքն այն ներկայացնում էր որպես չափավոր ընդդիմություն: Աշխարհում ես չեմ տեսել չափավոր ընդդիմություն, որը զենք է վերցնում: Մինչդեռ Սիրիայում ընդդիմության «Ազատ բանակը» նրանք երկար տարիներ ներկայացնում էին իբրեւ չափավոր ընդդիմադիրների: Հետեւապես, թե այս դեպքում այդ «չափավորության» միֆը ինչքան կտեւի, հստակ չեմ կարող ասել: Բայց այն, որ միֆ է, հստակ է, որովհետեւ «Թալիբանը» չի կարող չափավոր ընդդիմություն լինել, երբ նրա գաղափարախոսությունը հիմնված է ռազմական զենքի ուժի եւ խիստ անմարդկային օրենքների վրա:
– Թալիբանների գործողությունները եւ իրականացրած իշխանափոխությունը վերջին օրերին զուգահեռվում է 2018 թվականին ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Սա չափազանցությո՞ւն է, թե՞ կան համեմատության եզրեր:
– Կարծում եմ` կան: Իհարկե, բարեբախատաբար, մեզ մոտ զենքերն ուսերին չէին ըմբոստները, բայց կասկածից վեր է, որ քայլելով հեղաշրջում իրականացնելն արեւմտյան, մասնավորապես` ամերիկյան ծրագիր է: Մի քանի երկրներում նույն իրադարձությունն է տեղի ունենում, թեեւ տարբեր ժամանակներում, բայց նույն մեթոդներով: Դուք նշեցիք Հայաստանը, ես ավելացնեմ նաեւ Իրաքը: Մերձավոր Արեւելքում ամենաուժեղ բանակն ուներ Իրաքը, ինչի մասին բոլորը գիտեն, բայց տեսանք, թե ինչպես քայլելով հեղաշրջում իրականացրին Սադամ Հուսեյինի դեմ: Արաբական երկրներում առաջին հարցը, որ տալիս էին, այն էր, թե Սադամի բանակն ո՞ւր էր: Հիմա նույնը տեղի ունեցավ Աֆղանստանում: Իրենց 300 հազարանոց բանակը, կարծես, գոյություն չունի: Սա, ըստ իս, ամերիկյան տեխնոլոգիա է, որը տարբեր երկրներում իրականացվում է: Սիրիայում նույնպես ուզում էին այդպես քայլելով, ցույցեր անելով իշխանություն վերցնել, սակայն այն տեղի չունեցավ, դրա համար էլ դիմեցին զենքի: Բայց մեթոդը ոչ թե նման է, այլ կարող ենք ասել` նույնն է: Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները արմատական իսլամի անվան տակ իրականացված եւս մի գունավոր հեղափոխության «պրոյեկտ» էր:
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ