
ՀԱՎԵՐԺ ՍՈՎԱԾ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՆԵՐԸ` ԱԶԳԱՅԻՆ ԱՂԵՏ
Բանակի մասին զուտ ուտելիքի եւ «մայկա-տռուսիկի» կատեգորիաներով դատող կապիտուլյանտները հերթական կրկեսը բեմադրեցին ԱԺ-ում: Դրանց «ստանդարտ» ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանն ամբիոնից հայտարարեց, որ «նախկինների» օրոք զինվորները սոված էին, եւ այդ սոված զինվորներից մեկն էլ ինքն էր, եւ իբր զորամասերում նորմալ ուտելիք տալիս էին միայն նախարար Սեյրան Օհանյանի այցելության պահին... Սակայն պարզվեց, որ ստի ոտքերը ոչ միայն կարճ են, այլ տվյալ դեպքում ունեն կորոնավիրուսի հարուցչի փշիկների չափ երկարություն:
ՍՈՒՏ, ԱՀԱՎՈՐ ՍՈՒՏ ԵՎ ՔՊ-ԱԿԱՆԻ ԵԼՈՒՅԹ
Համացանցում կայծակնային արագությամբ տարածվեց Հովհաննիսյանի ծառայակից Հրանտ Ավետիսյանի հրապարակած լուսանկարը, որից երեւաց, որ զինվորական ճաշարանում Հովհաննիսյանի դեմը դրած ամանն ամենամեծն է, եւ այդ սեղանի շուրջ նստածն ընդհանրապես չի կարող սոված մնալ, ավելին, Հրանտ Ավետիսյանն էլ նշեց, որ իրենց զորամաս Սեյրան Օհանյանն ընդհանրապես չի եկել իրենց ծառայության ընթացքում: Եվ սոցցանցերում այդ բացահայտումը բուռն արձագանք գտավ, եւ ՔՊ-ականներին ուղղված ամենամեղմ կշտամբանքը «Տղա՛ եղեք» հորդորն էր: Սակայն որտեղի՞ց Արթուր Հովհաննիսյանն իմանար «տղա լինելը» ինչ բան է, եթե աչքի առաջ ուներ ԱԺ նախագահի աթոռին բազմած Ալեն Սիմոնյանին, ով նախորդ տարիներին հեքիաթներ էր պատմում, որ բանակում միշտ սոված եւ ծարավ է եղել: Իսկ բանակի սննդին պոզուպոչ կպցնելու ավանդույթն էլ ընդհանրապես հիմնադրել էր քաղաքացի Նիկոլ Փաշինյանը, ով դեռ 2018-ին հայտարարել էր, որ զորամասերում ուտելիքը փորձելով եկել էր եզրակացության, որ այն ընդհանրապես ուտելու բան չի... Այդ սուտը վրդովվեցրել էր բոլոր այն բանական մարդկանց, ովքեր երբեւէ ոտք են դրել զինվորական ճաշարան կամ դիրքերում զինվորի հետ հաց են կիսել, իսկ քաղաքացի Փաշինյանի պարծանքի առարկա` զինվորներին հասցրած ելակը 2020-ի կապիտուլյացիայից հետո դարձավ բանակը քայքայելու խորհրդանիշ: Ինչեւէ, պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը բավականի կարճ ամփոփում տվեց ՔՊ-ականների սիրած այդ թեմային. «Նիկոլապատկան ասուն մի քանի պատգամավորի կարծիքով, 44 օրյա պատերազմը պարտվել են, որովհետեւ իրենք իրենց ծառայության ժամանակ սոված էին: Բանակում դրանց նմաններին ասում էին «կիշկա»: Տո այ կիշկաներ, բա որ պաշտպանության փողերի մեծ մասը տվեցիք ելակին, բիզնեսմեններին ու քյաբաբին, ինչո՞ւ խայտառակ կապիտուլացվեցիք: Ա՛յ բանակից ու սնունդից խոսող հայրենադավ սորոսածիններ, բա ո՞ւր է ձեր կառուցած բանակը, ո՞ւր է ձեր պահած Արցախը, ո՞ւր են այն 5000-ից ավելի երիտասարդ տղաները, որոնք եկան ծառայելու Հայրենիքին ու զոհվեցին ձեր թափթփուկ քաղաքականության պատճառով: Ո՞ւր են այն գերեւարված տղաները, որոնք պատերազմի ավարտից հետո են գերի ընկել, որովհետեւ ձեր պես տգետ ու ապաշնորհ ղեկավարներ ունեն: Ամոթից գետինը չեք մտնո՞ւմ դուք, ա՜յ ՔՊշնիկներ»:
Սակայն ինչպես կասեր Լեւոն Տեր-Պետրոսյանը` ամոթը կեղծ քաղաքական կատեգորիա է, իսկ «ՔՊշնիկ» տեսակն ընդհանրապես չգիտի, թե դա ինչ է: Ու առավելեւս չգիտեն, որ ստելն ամոթ է, այլապես չէր լինի նաեւ այն կլինիկական դրվագը, որ ՔՊ խմբակցության քարտուղարը պնդում է, թե Արցախը հանձնվել է դեռ 1992-ին... Ինչպես նկատել է արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ Սոնա Աղեկյանը. «Ես պատրաստ չեմ տեսնել, թե ինչպես իմ ամենամարտունակ, հաղթանակած բանակի զինվորը ելակ ուտելով մարդասպան թուրքի կոշիկ է մաքրում` ի ցույց աշխարհի»: Սակայն ՔՊ-ականները լավ էլ պատրաստ են, զի իրենց էությամբ են թուրքի կոշիկ մաքրող, եւ նրանց վրդովմունքը, երբ իրենց ասում ես կապիտուլյանտ, միանգամայն անկեղծ է: Քանզի իրե՛նք չեն պարտվել թուրքին, իրենք թուրքի հետ փաստացի գործակցելով, թշնամու հետ միասին հաղթել են մեր բանակին եւ մեր պետությանը: Տխրահռչակ Արծրուն Գյոռբագյոռիչը հո իզուր տեղը չէր ասում` «հաղթում ենք», պարզապես չէր ճշգրտում, ում հետ եւ ում են իրականում հաղթում:
ԱՐՑԱԽՆ ՕՐԱԿԱՐԳԻՑ ԴՈՒՐՍ ՄՂՈՂՆԵՐԸ
«Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկությունը` Արցախի հարցերի մշտական հանձնաժողով ստեղծելու, մերժվեց պատիվ չունեցող մեծամասնության կողմից: Մերժվեց ոչ թե բացեիբաց «դեմ» քվեներով, այլ «դեմին» հավասար «ձեռնպահներով»: Չէ՞ որ իրենց կապիտուլյանտ առաջնորդը Ադրբեջանի հետ ստորագրվելիք սահմանազատման եւ սահմանագծման փաստաթուղթը որակում է մեծագույն բարիք: Պարզապես «հպարտ քաղաքացիներին» դեռ չի ասվում, որ Ադրբեջանի սահմանն իրավաբանորեն ճանաչելուց հետո Արցախի կարգավիճակի եւ ապագայի հարցն ընդմիշտ թաղվելու է: Իրենք սովոր են հանրությանը փաստի առաջ կանգնեցնելուն, ինչպես դա արեցին նոյեմբերի 9-ին: Հիմա` առավելեւս, քանի որ կապիտուլյանտը այդքան ընտրաքվեներ կորզեց, այդքան «հպարտ», բայց պատիվ չունեցող «քաղաքացիներ» գտնվեցին: Իսկ առայժմ փորձում են ձեւ անել, որ Արցախը օրակարգից դուրս չէ: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանի խոսքով. «Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված իշխանության ներկայացուցիչը պետք է ոչ միայն տիրապետի խորհրդարանական դիվանագիտության զինանոցի ողջ առանձնահատկություններին, այլ առաջին հերթին մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններին: Ի դեպ, իշխող ուժի նախընտրական ծրագրի Արցախի հիմնախնդրին վերաբերվող հատվածում այսպիսի կետ կա` «Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են մեր ուշադրության կենտրոնում: Այս նպատակներին հասնելու ենք Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացման, ինչպես նաեւ Արցախի հետ փոխգործակցության նոր ձեւաչափերի ստեղծման միջոցով»: Փաստորեն «նոր ձեւաչափի» անհրաժեշտության կարիք տեսնում էին, բայց մեր նախաձեռնած` Արցախի հարցով մշտական հանձնաժողով ստեղծելու գաղափարին դեմ քվեարկեցին` հիմնավորելով, որ դրա համար կա, օրինակ` միջխորհրդարանական ձեւաչափ: Թե ինչ ձեւով է խորացվելու Արցախի հետ գործակցությունը, ինչ ֆորմատով, իմանալ չստացվեց»:
Պարոն Աբրահամյանի հարցադրումներին քաղաքացի Փաշինյանի թիմը թերեւս կուզի պատասխանել, երբ ուշ կլինի, եւ իրենք արդեն փաստացի ճանաչած կլինեն Արցախն Ադրբեջանի կազմում: Իզուր չէ ռազմական հանրային գործիչ Գեւորգ Գեւորգյանի ահազանքը. «Խորհրդարանական ընդդիմությունը` ազգի գիտակից հատվածի կողմից իրենց տրված մանդատներով, ամեն գնով պետք է վիժեցնի սրանց ապապետական եւ ապազգային ծրագրերը: Մեր պայքարը պետք է բազմավեկտոր լինի` ընդդեմ այս ապազգայինների: Հայաստանի իշխանությունը օկուպացրած դրածոները այսօր բացահայտ հայտարարեցին արդեն, որ Տավուշում կան ադրբեջանական գյուղեր եւ այդ գյուղերը իրենք հանձնելու են ադրբեջանին: Այս պատվերն էլ քողարկում են «փոխանակում» բառով, այնպես ինչպես Սյունիքի միջանցքի տրամադրումը Ադրբեջանին` կոմունիկացիաների ապաշրջափակում ձեւակերպումով: Սրանք կատարում են իրենց տերերի կողմից թելադրվող պահանջները, որոնց մոտիվացիան մեր պետականության կորուստն է»:
Բայց արդյո՞ք «գլխավոր ընդդիմադիր» «Հայաստան» դաշինքը մինչեւ վերջ օգտագործում է ազգից ստացած մանդատը... Հուսանք, որ առաջիկայում կօգտագործի:
Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com
դեպի ետ