• am
  • ru
  • en
Версия для печати
04.08.2021

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՉՎԵՐԱԿԱՆԳՆԱԾ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՉՊԵՍ Է ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀԵՐԸ

   

ԱԺ ութերորդ գումարման անդրանիկ նիստի ժամանակ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները բոյկոտեցին ԱԺ նախագահի ընտրությունները, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» մեն-մենակ եւ հապճեպ ԱԺ նախագահ ընտրեց Ալեն Սիմոնյանին: ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԻ գնահատմամբ` ԱԺ նախագահի ընտրությունները տեղի ունեցան Սահմանադրության ակնհայտ խախտմամբ: Խնդիրն այն է, որ խորհրդարանական ընդդիմությունն ընտրված երկու պատգամավորի` Սյունիքի մարզի նախկին համայնքապետերի` Մխիթար Զաքարյանին եւ Արթուր Սարգսյանին, առաջադրեց, որպես ԱԺ նախագահի թեկնածուներ, սակայն նրանք այդպես էլ հնարավորություն չունեցան ծրագրային ելույթներ ունենալ ու հարցերին պատասխանել, որովհետեւ թեպետ այլեւս անձեռնմխելի են, բայց գտնվում են կալանքի տակ:

– Ստացվում է, որ Մխիթար Զաքարյանը եւ Արթուր Սարգսյանը չկարողացան իրենց ծրագրային ելույթն իրականացնել եւ իրենց պատկերացումները ներկայացնել: Հետեւաբար նրանց բացակայությունից ելնելով` ինքնին արդեն այս գործընթացը չի կարող լինել օրինական: Դրա վերաբերյալ Սահմանադրական դատարան համապատասխան դիմում ներկայացնելու գործընթացին մենք հետեւողական ենք լինելու: Այնպես որ, մեր կողմից կլինեն կոնկրետ գործողություններ:

– Իշխանական պատգամավորները նշում էին, որ ընտրված անձեռնմխելի պատգամավորների կալանքի տակ գտնվելը իրավական կարգով վիճարկելու հարց է, եւ այդտեղ Ազգային ժողովը դերակատարություն չունի: Ի՞նչ կասեք այս մասին:

– ԱԺ նիստը նախագահողն ունի պարտականություն` ապահովելու ԱԺ նիստի բնականոն եւ օրինական ընթացքը: ԱԺ նախագահող պարոն Հասանովը, ի դեպ, նույն լիազորություններով էր օժտված, ինչ ԱԺ նախագահը: Նա պետք է առնվազն ընդմիջում հայտարարեր, կապ հաստատեր գլխավոր դատախազի հետ, ով քրեական գործի օրինականությունն ապահովողն է եւ պահանջեր, որ անհապաղ երկու պատգամավորները լինեն Ազգային ժողովում: Սա լիիրավ օրինական պահանջ կլիներ, ավելին` նույնիսկ իր պարտականությունն էր: Մինչդեռ եթե Ազգային ժողովը հետեւողական չէ ԱԺ կանոնակարգ-սահմանադրական օրենքի, ՀՀ Սահմանադրության պահանջին, բա էլ ո՞վ պետք է հետեւողական լինի:

– Ըստ էության, երեկ այդպես էլ չկարողացաք Ձեր խմբակցության երկու անձեռնմխելի պատգամավորի շահերը պաշտպանել խորհրդարանում: Այս դեպքում` ինչպե՞ս եք ժողովրդի ու, օրինակ, գերիների շահերը պաշտպանելու եւ առհասարակ` ինչպե՞ս եք պատկերացնում հետագա աշխատանքը խորհրդարանում:

– Դուք շահերի պաշտպանության տեսանկյունից առավել քան հստակ տեսել եք, թե վերջին շրջանում ինչպես ենք կարողացել պաշտպանել: Փաստաբանական ոլորտում ես` իմ գործընկերների հետ միասին, կարծում եմ` բավականաչափ հստակ պատմություններ ունենք, թե ինչպես ենք կարողացել նույնիսկ ամբողջ ռեպրեսիվ քաղաքական մեքենայի դեմն առնել: Կարող եմ վստահեցնել, որ նույնն էլ այս դեպքում է լինելու: Իսկ ինչ վերաբերում է ձեր բարձրաձայնած մյուս հարցերին, ինչպես գիտեք, կա հարուցված քրեական գործ ՀՀ տարածքային ամբողջականությունը, մեր ինքնիշխանությունը, մեր սահմանների անառիկությունը խախտելու վերաբերալ: Ուստի` նույն դատախազությունը, որը 44-օրյա պատերազմին, կարելի է ասել, ամենաակտիվ մասնակցություն ունեցած Սյունիքի համայնքապետերին կալանավորելու հարցում այդպես «հերոսաբար» եւ խրոխտ գործողություններ է ձեռնարկում, թող գնա մի հատ թշնամու ձերբակալի: Ի՞նչն է դրա դժվարությունը, որը չեն կարողանում անել, չէ՞ որ տեսել ենք, թե ինչքան իրավապահներ ունենք: Հիշեք վերջին շրջանում ասֆալտին փռելու օպերացիաների ժամանակ, թե քանի իրավապահ կար:

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ