• am
  • ru
  • en
Версия для печати
02.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՏԱՑԱԾ ՖԱՆՏԱՍՏԻԿ, ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՆՎԵՐԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՆՔ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ. Պողոսյան

   

www.iravunk.com

Երբ 90-ականներին Հայաստանի Հանրապետությունն անկախացավ, աշխարհին ներկայանում էր երեք հատվածով՝ որպես ՄԱԿ-ի կողմից հաստատված պետություն իր սահմաններով, Արցախի հանրապետություն, որը դե ֆակտո գործող պետություն էր, բայց միջազգայնորեն ճանաչված չէր եւ աշխարհասփյուռ հայությունը: Ըստ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ս.գ.դ., պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ, այսպիսի ձեւաչափով մինչեւ այսօր ոչ մի երկիր աշխարհին չի ներկայացել, եւ այս առումով Հայաստանը եզակի դեպք էր ու առայժմ մնում է եզակի դեպք:

«Ինչպես գիտեք, 120 երկրներում մոտ 8 միլիոն հայություն է ապրում: Ժամանակին հետազոտություն անցկացրեցինք Սփյուռքի նախարարության հետ եւ փորձում էինք գնահատել, թե նրանց որքան մասն է իրեն հայ զգում կամ կապված է հայրենիքի հետ: Իհարկե, շատ բարդ էր եւ միանշանակ դժվար էր ասել, բայց, համենայնդեպս, 30-40 տոկոսն այն հայությունն էր, որը Հայաստանի հետ կապեր ուներ եւ ուզում էր ունենալ: Այսինքն՝ նրանք մարդիկ էին, որոնք Հայաստանն ընկալում էին, որպես հայրենիք: Սակայն, այս մեծ, ֆանտաստիկ, ճակատագրական, պատմական նվերը, որը Հայաստանը ստացել է, պարզապես, չկարողացանք օգտագործել», – ընդգծում է սոցիոլոգը:

Գ. Պողոսյանի կարծիքով՝ այդպես էլ չստեղվեց կոնցեպտը, թե այդ երեք հատվածներն ինչպես են համագործակցելու իրար հետ, ինչպես են զարգանալու եւ շարունակելու ապագան. «Այդ տեսլականը չգծագրվեց, չպլանավորվեց ոչ միայն Հայաստանի եւ Սփյուռքի մեր հզոր մտավոր ուժի կողմից, այլեւ մեր իշխանությունների: Եթե այդ խնդիրը դրվեր, համոզված եմ՝ այդքան մտավոր ուժ ունեինք, որպեսզի այդ նոր կոնցեպտը զարգացնեինք, մանավանդ 21-րդ դարը ցանցային կառույցների դար է, իսկ ամբողջ Սփյուռքը ցանցային կառույց կարելի էր ներկայացնել: ժամանակին փորձեցինք դրանով զբաղվել, բայց շատ չխորացանք: Իսկ այսօր ունենք կորսված հնարավորություններ, որովհետեւ մինչեւ այսօր այդպիսի խնդիր չի դրվել եւ վախենամ, որ ցանկություն էլ չի եղել վերեւներում»:

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com/?p=209560&l=amwww.iravunk.com/?p=209560&l=am


դեպի ետ