• am
  • ru
  • en
Версия для печати
27.07.2021

ՈՎՔԵՐ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՈՐՈՇԵՑԻՆ ՄԵՐ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՎ՝ ԹՐՔԱՑՆԵԼ (Բացահայտում)

   

«Իրավունքն» անդրադարձել էր, որ Ամերիկյան ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) նոր ղեկավար է ընտրվել ԱՄՆ Ատլանտյան խորհրդի ուղեղային կենտրոնի փոխնախագահ, Ազգային անվտանգության խորհրդի Սպիտակ տան նախկին աշխատակից, հակառուսական եւ պրոթուրքական հայտարարություններով հայտնի ԴԵՅՄՈՆ ՈՒԻԼՍՈՆԸ, որը դեռեւս 2019 թվականին այցելել էր Հայաստան եւ հանդիպումներ ունեցել իմքայլական իշխանության բարձրաստիճան այրերի հետ: Պարզվում է՝ սա միակ հայաստանյան այցը չէր, որն ուղղված էր Ռուսաստանի դեմ եւ Հայաստանում Թուրքիայի համար բարենպաստ հող նախապատրաստելուն:

Ատլանտյան խորհրդի խոշոր խաղացողներից է ԱՄՆ գերմանական Մարշալ հիմնադրամը, որը ՌԴ արդարադատության նախարարության որոշմամբ՝ 2018 թվականից արգելված է մեր դաշնակից երկրի տարածքում եւ դասվում է անցանկալի կազմակերպությունների շարքում: Մինչդեռ հենց նույն թվականին Մարշալ հիմնադրամի պատվիրակությունը Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջումից հետո՝ հայտնվեց ՀՀ կառավարությունում: Չէ որ մի շարք երկրների, այդ թվում հայաստանյան գունավոր հեղափոխության մեջ այս հիմնադրամն իր ոչ թե փոքրիկ, այլ բավական կլորիկ լուման ունի ներդրած՝ տարբեր դրամաշնորհների տեսքով: Հատկանշական է այն, որ ինչպես NED-ի Դեյմոն Ուիլսոնին, այնպես էլ ԱՄՆ գերմանական Մարշալ հիմնադրամի պատվիրակությանն ընդունել է այն ժամանակ դեռ ՀՀ փոխվարչապետ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ: Նա ողջունել է Մարշալ հիմնադրամի կողմից կազմակերպված այցը դեպի Հայաստան եւ ներկայացրել այսպես կոչված՝ «ժողովրդական ոչ բռնի հեղափոխության արդյունքում տեղի ունեցած փոփոխությունները»:

Այս հիմնադրամի գլխավոր նպատակն է Հայաստանում հայ-թուրքական ծրագրեր իրականացնելը, որոնց միջոցով հայ ժողովուրդը փաստացի կուրանա Հայոց ցեղասպանությունը եւ կսեղմի թուրքական արյունոտ ձեռքը՝ հերթական անգամ իր վզին դնելով թուրքի յաթաղանը: Այո, ճիշտ նկատեցիք, չգիտես ինչու, հայ-թուրքական ինչ-որ հարթակներ ստեղծելու ջատագովները միշտ նախընտրել են հանդիպել Ա. Միրզոյանի հետ, ով Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի կարծիքով՝ «Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է», իսկ իր կողմից այդպես էլ հիմնավորապես այս փաստը մինչեւ օրս չի հերքվել:

Մեկ տարի անց՝ 2019 թվականի մայիսին դեռեւս Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գերմանական Մարշալ հիմնադրամի գլխամասում հանդիպել է Վաշինգտոնում գործող պետական ու մասնավոր վերլուծական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում նա ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած «հեղափոխական եւ հետհեղափոխական գործընթացները, ղարաբաղյան հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները»: Ըստ էության, Մարշալ հիմնադրամի եւ հայաստանյան իշխանության հետեւողական սերտ հարաբերությունները եւս մի ական էր, որ դրվեց հայ-ռուսական հարաբերություններ տակ: Որպես օրինակ միայն նշենք, որ նույն հինադրամի կազմակերպած սեմինարների ժամանակ Ռուսաստանը ներկայացվում է իբրեւ հրեշ: Իսկ այդ սեմինարներին մասնակցել են նաեւ մերօրյա մերձիշխանական տարբեր ներկայացուցիչներ: Դեռեւս 2015 թվականին այս հիմնադրամի դրամաշնորհներից օգտվող տարբեր փորձագետներ Հայաստանին առաջարկում էին դուրս գալ ԵԱՏՄ-ից՝ «անգլիական ձեւով»: Ի դեպ, թեպետ Սորոսի անունն է միայն դուրս եկել իր գրանտներով, սակայն այս հիմնադրամը պակաս գումարներ չի ծախսել՝ իր քաղաքականությունը Հայաստանում տարածելու ուղղությամբ: Օրինակ, ֆինանսավորել է Դանիել Իոննիսյանի «Թրանսփարենս ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին, 2019 թվականին ԱՄՆ Պետդեպարտամենտը եւ Միացյալ Նահանգների գերմանական Մարշալ ֆոնդը (GMF) հայտարարել էին մրցույթ «Երիտասարդ Տրանսատլանտյան Նորարար առաջնորդների կրթաթոշակային ծրագրի» համար եւ այլն:

Ի դեպ, այս հիմնադրամն աչքի է ընկել ոչ միայն հակառուսականությամբ, այլեւ հանդես է եկել կոնկրետ ազգային ինքնության դեմ: Նախկինում Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնող, ապա Մարշալի Գերմանական հիմնադրամի ավագ գիտաշխատող ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻՆՆ ուղիղ տասը տարի առաջ՝ 2011թ. հոկտեմբերին, «Ռուսաստանը համաշխարհային քաղաքականության մեջ» ամսագրում հրապարակված հոդվածում խոսելով ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման մասին` կարծիք էր հայտնել, թե «տարածաշրջանի բնակչությանը հարկավոր է մեկ ինքնություն` միմյանց հետ ավելի հաշտ ապրելու համար»: Ավելին՝ նա զգուշացրել էր, որ պատերազմ է լինելու. «ԼՂ հակամարտության ներքին տրամաբանությունը եւ դինամիկան հղի են լուրջ ռիսկերով: Գոյություն ունի սուր էսկալացիայի իրական վտանգ: Փխրուն հավասարակշռությունը, որը հնարավորություն էր տալիս զգալիորեն վերահսկել հակամարտությունը եւ կանխել դրա սրումը, առաջիկայում կարող է խախտվել»: Եվ, իսկապես, խախտվեց ու ունեցանք անդառնալի հետեւանքներ: Իսկ ինչո՞վ էր զբաղված այս հիմնադրամը, եթե իրոք մտահոգված էր եւ ուներ ցանկություն կանխելու այդ վտանգը: Միանգամայն ճիշտ եք, մեզ հաշտեցնում էին զենքը վայր դնելու եւ մեզ սպանողների առաջ հաշտ «մատաղ» լինելու մտքի հետ:

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ