
ՎԱՃԱՌՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԸ, ԳԻՆԸ` 2.6 ՄԻԼԻԱՐԴ
Այս օրերին տեղի ունեցող Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածաշրջանային այցը, իհարկե, պատահական չէր: Իսկ այն մտքերը, որ նա հնչեցրեց մասնավորապես Հայաստանում եւ Ադրբեջանում, գալիս է հերթական անգամ հուշելու այն մեծ խաղի մասին, որի թիրախում էինք ինչպես պատերազմական փուլում, այնպես էլ՝ ներկայումս:
ՆԻԿՈԼՆ ԱԼԻԵՎԻ «ՓՈԽԱՆՑՈՒՄՆ ԸՆԴՈՒՆԵՑ»
ԵԽ նախագահի այցի հայաստանյան մասի հիմքում պարզ տեսանելի էր երկու առանցքային դրվագ: Առաջինը, ԵՄ-ն 2,6 միլիարդի ներդրումային ծրագիր է նախատեսում Հայաստանում: Երկրորդը, Հայաստանը պետք է մասնակցի Արեւելյան գործընկերության՝ դեկտեմբերին ծրագրված գագաթաժողովին: Առաջին հայացքից, ինչ կա, մարդիկ փող են առաջարկում, քաղաքական մեկուսացումից են ուզում հանել Հայաստանին: Բայց մյուս կողմից էլ չմոռանանք, որ պատերազմի ժամանակ մասնավորապես նույն ԵՄ-ի լուռ աջակցությամբ էր, որ Հայաստանին տարան նման պարտության, ու եթե հիմա այդքան «բարիացել» է, դա արդեն մտածելու տեղիք տալիս է: Եվ ահա, Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո Նիկոլի ելույթն արդեն իսկ որոշ փակագծեր բացեց: Ընդ որում, Նիկոլը հետեւյալն էր առաջ տանում: Նախ, ՄԽ-ն պաշտոնապես կոչ է արել «հայտնի սկզբունքների հիման վրա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական համապարփակ եւ կայուն կարգավորման ձեռքբերման նպատակով առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո»: Հայաստանը դրան պատրաստ է, իսկ «Ադրբեջանը որեւէ արձագանք չի տվել»: Իմաստը կարծես հետեւյալն է. ԵՄ, եթե ուզում եք մնալ հարավկովկասյան քաղաքականության առաջնային դիրքերում, ստիպեք Ալիեւին՝ ՄԽ հովանու ներքո նստել բանակցային սեղանի շուրջ: Միգուցե այս միտքն ինչ-որ առումով ընդունելի թվար, սակայն պետք է հաշվի առնել այս երկու հանգամանքը: Նախ. երեւի Շառլ Միշելն այդ հարցով Բաքվում խոսել է Ալիեւի հետ, սակայն նա ակնհայտորեն կտրուկ դեմ է: Հաշվի առնելով հանդիպումից հետո Ալիեւի կողմից հերթական անգամ հնչեցրած միտքը, թե՝ «Հակամարտությունն ավարտվել է», այսինքն, էլ ի՞նչ բանակցություն, ի՞նչ ՄԽ: Իսկ դրան ԵԽ նախագահը հազիվ արձագանքեց՝ «Մենք հարգում ենք Մինսկի խմբի կատարած աշխատանքը, սակայն դա չի նշանակում, թե ԵՄ-ն չի կարող իր աջակցությունը տրամադրել...»: Իսկ սա հայտ է, որ ԵՄ-ն կարող է ՄԽ-ին շրջանցելով կամ Ֆրանսիային զուգահեռ, մտնել խաղի մեջ, որը նոր իրավիճակ է: Եվ երկրորդը. այն միտքը, որը հնչեցրեց Նիկոլը՝ հիշատակված հայտարարությունից հետո, խորքային առումով հուշում է, որ անկախ բանակցություններ լինել-չլինելուց, նա այլ խնդիր ունի: Այսպես, Նիկոլի խոսքով. «... Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն, Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում եւ հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում: Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաեւ սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային եւ դեմարկացիային ուղղված աշխատանքները, որոնց նույնպես ես մի քանի անգամ հրապարակային անդրադարձել եմ, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում...»: Տեսնես աշխարհում իրեն պետության ղեկավար համարող երկրորդ մեկը կա՞ կամ եղե՞լ է, ով համաշխարհային առանցքային ուժերից մեկի ներկայացուցչի հետ հանդիպման շրջանակներում կվկայակոչեր, ըստ այդմ՝ ամենաառանցքային ուղղությամբ պետական քաղաքականության հիմքում կդներ «ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունները»: Որո՞նք են այդ «ոչ պաշտոնական աղբյուրները», լրատվամիջոցնե՞րը, ՀՀ կառավարության միջանցքներո՞ւմ են այդ մասին խոսում, թե՞ կառավարական դաչայի պահակներն են այդ մասին պատմել Նիկոլին: Սակայն այստեղ այլ բան է էական. Նիկոլը մեկ անգամ չէ ¥նաեւ պատերազմի ժամանակ¤ բացառել, որ Ադրբեջանը կպատերազմի ուղղակիորեն Հայաստանի դեմ՝ բացատրելով, թե դա կնշանակի նաեւ պատերազմ ՌԴ-ի դեմ: Այդպես էլ կա, համենայնդեպս գոնե Պուտինի հետ օրերս կայացած հանդիպումից եւս այդ ազդակները եկան: Ու հիմա, երբ իր այդ բոլոր հայտարարությունները հերքելով, այդքան միանշանակ խոսում է պատերազմի մասին, դրանով հանդիպման եվրոպացի մասնակցին պարզ ակնարկ է հղում, թե առնվազն Ադրբեջանի համար անգամ ռուսական «հովանոցը» էական չէ, ու նա կհարձակվի: Իհարկե, այս խոսքից հետո կարելի է Նիկոլին մի շարք հարցեր հղել, այդ թվում, որ եթե պատերազմի հավանականությունը պահպանվելու էր, էլ ինչո՞ւ էր նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ստորագրում, ինչո՞ւ է եվրոպացիների աչքին սեւացնում դաշնակից ռուսներին, որոնք մինչ այս հաջողությամբ պաշտպանել են թուրքական սահմանը, հիմա էլ՝ ադրբեջանականի մի մասն ու Արցախը, եւ այդպես շարունակ: Սակայն այդ հարցերը չեն լինի, եթե ենթադրենք, որ Նիկոլի այդ մտքի տակ բոլորովին այլ իմաստ կա, այսինքն, որ Ալիեւի հարձակվելու այդ «մտահոգությունը» ուղղված էր բացառապես Հայաստանի ներքին դաշտին: Պատկերը սա է. Պուտինը Նիկոլի հետ հանդիպման ժամանակ հիշեցրեց «ծանր որոշումների» մասին, այսինքն, որ եկել է դրանց ժամանակը: Գրեթե անմիջապես Ալիեւը գնաց սրացումների, այս անգամ արդեն Երասխի ուղղությամբ: Եվ Նիկոլն էլ, «ընդունելով փոխանցումը», սկսեց Հայաստանի բնակչությանը հերթական անգամ վախեցնել պատերազմով: Այնպես, ինչպես վախեցնում էր այն ժամանակ, երբ ազերիները մտան Սյունիք-Վարդենիսի սահմանային գոտի: Ու նկատենք, որ վախեցնելով հանդերձ, Նիկոլը «տակից» սկսում է քարոզել սահմանազատման անհրաժեշտության հարցը, դրան արգելք համարելով միայն ազերիների գործողությունները: Կարճ ասած, եթե Բաքուն վաղը հայտարարի, թե վերջ, այլեւս ոչ մի պրովոկացիա, եկեք արագորեն առաջ տանենք սահմանազատման հարցը, Նիկոլը մի բան էլ դա կներկայացնի, որպես իր մեծագույն ձեռքբերում, թե տեսա՞ք, այս անգամ Ադրբեջանին հարձակվելու շանս չթողեցի: Ամեն դեպքում, ապասվում է Ալիեւի այցը Մոսկվա, որը եւս շատ հարցերի պատասխան կտա:
ՀԱՋՈՐԴ ՍԵՐԻԱՅԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Այս ամենը դժվար չէ կռահել: Սակայն այստեղ այլ հարց կա, թե ինչո՞ւ Մոսկվայի հետ համաձայնեցված խաղի տպավորություն թողնող այս գործընթացը ի ցույց դրվեց Շառլ Միշելի այցի շրջանակներում: Իհարկե, կարելի է մտածել, թե իրականում խաղը ոչ միայն Մոսկվայի, այլ նաեւ Եվրոպայի (ԱՄՆ-ին չմոռանանք, որի հայաստանյան դեսպանատնից երեկ հայտարարեցին. «Հատուկ ուշադրություն պետք է դարձնել համակողմանի ու կայուն վերջնական կարգավորման հարցին հիմնվելով կողմերին քաջ հայտնի սկզբունքների վրա: Մենք շարունակում ենք կոչ անել կողմերին հնարավորինս շուտ վերականգնել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը ԵԱԿՀ Մինսկի խմբի հովանու ներքո») հետ եւս համաձայնեցված է, ու դրանում, անշուշտ, ճշմարտության մասնիկ կա: Սակայն դատելով ԵՄ-ի առաջարկած 2.6 միլիարդից, տպավորություն է առաջանում, որ եթե սահմանների եւ դրանից հետո սպասվող հայ-ադրբեջանական հաշտության համաձայնագրի հարցը լուծեցին, ապա դրանից հետո այս մեծ խաղի «հաջորդ սերիան» եւս կա: Այսպես, նախ նկատենք, որ ազերիների հարձակման «ահազանգից» հետո Նիկոլն էլ ավելի առաջ գնաց, թե՝ «Ինչպես գիտեք, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակում: Ադրբեջանն այս գործընթացին խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածքն օկուպացնելու ակնհայտ սպառնալիքներով, այլեւ, ի հեճուկս իր պարտավորությունների, հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար...»: Այստեղ նորից այն տողատակային միտքն է, թե, ազերիների աչքը Հայաստանի հողերի վրա է, իսկ ռուսներն այդպես էլ չեն կարողանում հարցը լուծել: Այսինքն, եթե Արեւմուտքը գա օգնության, ապա դա կլինի փրկություն: Եվ ահա, ԵՄ-ն էլ շտապում է «օգնության»՝ առաջարկելով 2.6 միլիարդ: Ընդ որում, մեծ մասամբ «դեմոկրատական զարգացումների» համար: Մի կողմից, «դեմոկրատական զարգացումներով» սահման չես պահի: Եվ մյուս կողմից, ինչպես ցույց է տալիս մեր եւ հետխորհրդային բազում երկրների փորձը, նման հատկացումները, որպես կանոն, վերածվում են «մկան թակարդի պանրի»՝ կոնկրետ պետությանը երկարաժամկետ հատվածում կախվածության մեջ պահելու համար: Իսկ թե ինչի համար է պետք այդ կախվածությունը, ԵԽ նախագահը չի էլ թաքցնում. «Եվրամիությունը ցանկանում է իր ներգրավվածությունն արտահայտել այս տարածաշրջանում»: Եվ որպես դրա նախապատրաստական քայլ. «Ցանկանում ենք նախապատրաստել գագաթաժողովը, որի մասին խոսեցինք Արեւելյան գործընկերության բոլոր երկրների հետ, բացառությամբ՝ Բելառուսի, որի մասնակցությունը դեռ առկախված է: Գագաթաժողովը տեղի կունենա դեկտեմբեր ամսին...»: Եթե բացառությամբ Բելառուսի, ապա մեկ բան միանշանակ է՝ այդ նախաձեռնությունն ունի ընդգծված հակառուսական ուղղվածություն, ինչ գեղեցիկ փաթեթավորմամբ էլ, որ այն ներկայացվի: Առավել եւս, եթե հիշեցնենք, որ բացի Բելառուսից, Արեւելյան գործընկերության մեջ ներգրավված են Ուկրաինան, Մոլդովան, Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը, այն երկրները, որտեղ Արեւմուտքը գլոբալ պայքար է մղում ՌԴ-ի հետ: Հասկանալի է, սա հին ծրագիր է: Սակայն քանի դեռ կար Արցախի թեման, Հայաստանի եւ Ադրբեջանի մասով այդ ծրագիրը հաջողության շանս չուներ. երկուսն էլ խուսափում էին ընդգծված հակառուսական քայլերից: Եվ ահա հիմա Եվրոպան շանս է տեսնում. հասնել Հայաստան-Ադրբեջան հաշտության համաձայնագրի, որից հետո Արեւելյան գործընկերություն կոչվածին նոր շունչ տալ, բնականաբար՝ հակառուսական հենքով: Իհարկե, այստեղ նաեւ այս հարցը կառաջանա. բա այդ դեպքում ԵՄ-ի ինչի՞ն է պետք, որ 2.6 միլիարդի շրջանակներում նաեւ Սիսիան-Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) ճանապարհի համար է 600 միլիոն հատկացնում: Սակայն այստեղ էլ մեծ հանելուկ չկա: Հիշեցնենք, որ Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հետ հունիսի 10-ին ունեցած հանդիպման ժամանակ հայտ ներկայացրեց, որ իրանական շինարարական ընկերությունները մասնակցեն «Հյուսիս-հարավ» ճանապարհի՝ Սիսիան-Քաջարան-Ագարակ կառուցման ծրագրերին՝ ակնարկելով նաեւ դրա ֆինանսավորման մասին: Թե Իրանն ինչով կշահեր, եթե Հայաստանին կապող ճանապարհը հեռացներ Ադրբեջանի վերահսկողության գոտուց, հասկանալի է: Նաեւ հասկանալի է, որ նման ծրագրի դեպքում Իրանը որոշակի առավելություններ կստանար այդ ճանապարհով անցուդարձի համար: Եվ երբ դրանից հետո նաեւ ԵՄ-ն է առաջարկում նույնը, դա կարծես թե մեխանիկորեն վերածվում է Իրանի առաջարկը մերժելուն: Իսկ մյուս կողմից չմոռանանք, որ այս դեպքում եւս «երաժշտություն պատվիրողը» վճարողն է լինելու: Նաեւ, որ այդ վճարողն ընդգծված հակառուսական եւ հակաիրանական դաշտում է:
ՀԻՆ ԽԱՂԸ՝ ՆՈՐ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ
Այսպիսով, կարծես թե գործ ունենք այս տխուր իրողության հետ: Եթե ներկայիս փուլում, երբ Նիկոլը պետք է «ծանր որոշումներ կայացնի», արտաքին խաղացողները նույն խաղն են առաջ տանում, ապա դրանից հետո, երբ գա «տորթը բաժանելու պահը», ներկա «համագործակցությունը» վերածվելու է լրջագույն բախման: Եվ այն, որ այդ փուլում ԱՄՆ-ն է գործելու Բրյուսելի թիկունքում, դա եւս կասկածի տեղիք չի տալիս: Իսկ ահա Նիկոլը ձոներ է հղում Արեւելյան գործընկերության հասցեին, այն դեպքում, երբ հաշված օրեր առաջ Պուտինի հետ «ժամերն էր ճշտում», իսկ նրա ԱԽՔ (ներկա ԱԳ առաջին փոխնախարար) Արմեն Գրիգորյանը պաշտոնապես հայտարարում էր Ադրբեջանի հետ սահմանին ռուսական սահմանապահ զորքերի տեղակայման շուրջ ռուսական կողմի հետ բանակցությունների մասին: Այսպես, ըստ Նիկոլի. «Մենք լրջորեն ենք նախապատրաստվում դեկտեմբերին կայանալիք գագաթաժողովին»:
Սակայն այլ հարց է, թե Ադրբեջանը եւս դրան լրջորեն պատրաստվո՞ւմ է, թե՞ այս պահին նրան հետաքրքրում են միայն իր կոնկրետ շահերը: Այն է, հասնել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ¥ներառյալ Արցախը¤ ճանաչման, դրանով հիմքեր ապահովել, որ ռուսական զորքերից պահանջի հեռանալ, որից հետո «Զանգեզուրի միջանցքը» կդառնա տեխնիկայի խնդիր: Եվ դա կստացվի, հաշվի առնելով, որ Նիկոլն Արեւելյան գորրծընկերություն կոչվածով ռուսների հետ հերթական ընդգծված հակամարտությանն է գնում, իսկ այն, ինչ առաջարկում է այդ նույն Եվրոպան, Հայաստանում ոչ թե բանակ, այլ միայն «դեմոկրատիա», այսինքն՝ ինքնաոչնչացում է ֆինանսավորում: Չնայած, եթե պատմության խորքերը գնանք, այս ամենն էլի ենք տեսել: Միայն թե ամեն անգամ վերջում այդպես էլ «անգլիական նավերը» տեղ չեն հասնում, «մինիստրները հանրապետության փողերն առնում ու թռնում են», եւ միակ հույսը մնում է «կարմիր բանակը»:
Քերոբ Սարգսյան
www.iravunk.com
դեպի ետ