
ԳԱՂԹԱԿԱՆԻ ՀՈԳԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ՝ ԹՐՔԱՀՊԱՏԱԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ ԷԼ Է ԱՊԱԳԱ
ՄԱՍ 1
Եվ այսպես, գործող իշխանությունների հերթական «տարօրինակ» քայլի ականատեսը դարձանք: Խոսքը՝ մինչ այս ՀՀ ԱԽՔ հանդիսացող Արմեն Գրիգորյանին առաջին փոխարտգործնախարար նշանակելու մասին է:
ԱՐԱԳ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱԿԱՆ՝ ՀՀ ԱԳՆ-Ի ՏԱԿ
Չնայած, խոսակցություններ կային նաեւ, որ Գրիգորյանին կարող են միանգամից ԱԳ նախարար նշանակել: Բայց երեւի Նիկոլն էլ է հասկացել, որ արեւմտամոլի, սորոսների հետ կապերի եւ ընդգծված ռուսատյացի համարում ունեցող Գրիգորյանին նախարար նշանակելը կդառնար ռուսներին պատերազմ հայտարարելու պես մի բան: Ու թեեւ փոխարտգործնախարար նշանակելով՝ փորձեցին մի փոքր մեղմել երանգավորումը, սակայն էս գլխից էլ հասկանալի է, թե դա ինչպես են ընկալելու Մոսկվայում: Իհարկե, կփորձեն այդ տպավորությունը մեղմել, թե բա Գրիգորյանին հանեցինք ԱԽՔ-ի պաշտոնից ու այնտեղ ենք տանում ռուսամետի համարում ունեցող Վաղարշակ Հարությունյանին: Սակայն (եթե այս նշանակումը լինի, այսինքն՝ Մոսկվան կտրուկ քայլերի չգնա՝ ՀՀ ՊՆ-ն վերջնականապես ձեռքից բաց չթողնելու համար) այդ խոսակցությունները նոր չեն, ինչը հուշում է, որ Գրիգորյանին ԱԳՆ տանելը ի սկզբանե էր ծրագրված, եւ այդ հանգամանքը եւս հազիվ թե ռուսներն աչքաթող անեն: Թե ինչու Գրիգորյանին նշանակեցին, տրամաբանենք այսպես: Նա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչ չէ (ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ավարտելը դեռ չի նշանակում դիվանագետ լինել¤, ԱԽՔ-ի պաշտոնում հասցրել է աչքի ընկնել բացարձակ ձախողմամբ, ու նման անձին այս ծանր պահին ԱԳ առաջին փոխնախարար ամենեւին էլ մասնագիտական տեսանկյունից հնարավոր չէ բացատրել: Փոխարենը, Գրիգորյանին ԱԳՆ տանելը հեղինակավոր միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը բավական «ծանր» գնահատեց: Սարգսյանը մեկնաբանում է. «Այս ամենի վերջնանպատակն է Ռուսաստանին Հայաստանից, հետեւաբար նաեւ տարածաշրջանից հանելը, եւ Հարավային Կովկասին «նայող» Թուրքիային նշանակելն է: Չէ, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն չեն «նայելու» տարածաշրջանը, այլ իրենց դաշնակից Թուրքիան: Թուրքիան արդեն «նայում» է Վրաստանին (չնայած այստեղի հեղափոխությունը ԱՄՆ եւ ԵՄ աջակցությամբ տեղի ունեցավ) եւ Ադրբեջանին: Մնացել ենք մենք... Գրիգորյանի՝ ԱԽՔ-ից ԱԳ նախարարացու կոնվերտացիան 100 տոկոսով համապատասխանում է տարածաշրջանային զարգացումների տրամաբանությանը: Զարմանալու ոչինչ չկա: Թուրքիային թշնամի չհամարող, հակառուսական հայացքների տեր մարդ է, ում համար իր ծննդավայրը Ադրբեջանին հանձնելը առանձնապես ոչինչ չի նշանակում»:
Կարճ ասած, հեղինակավոր փորձագետը տողատակերում այն միտքն է առաջ տանում, որ այս նշանակման տակ կանգնած է Արեւմուտքը, իսկ վերջնարդյունքը դառնալու է Թուրքիայի շահերն առաջ տանելը՝ ընդդեմ ռուսականի: Այսինքն, որ գործ ունենք Նիկոլի հերթական ընդգծված հակառուսական գործողության հետ: Փոխարենը, Մոսկվան այս իրավիճակում պետք է որ լուրջ մտածելու առիթ ունենա: Այսինքն, եթե այնտեղ դեռ շարունակում է գերիշխել այն մոտեցումը, թե մեկ է, Հայաստանում ով էլ լինի իշխանության, վերջում մեր դուռն է գալու, ապա կարող են լուրջ փաստի առաջ կանգնել: Այսինքն, եթե այդ նույն Հայաստանում իշխում են այնպիսի անձինք, որոնց համար անգամ սեփական «ծննդավայրը Ադրբեջանին հանձնելը առանձնապես ոչինչ չի նշանակում», ապա նրանք շատ ավելի հանգիստ մյուս բոլոր բնակավայրերն ու դրանով՝ ողջ երկիրը կհանձնեն թուրքին, ինչքան էլ որ հայությունն ընդունի կամ չընդունի դա: Այն պարզ պատճառով, որ նախ պետք է այդպես անտարբեր չընդուներ Գրիգորյանի ծննդավայրը՝ Արցախի զգալի մասը ազերիներին հանձնելու փաստը: Բայց եթե դրանից հետո ունենք Նիկոլ, ապա Հայաստանը Թուրքիայի «նայելուն» հանձնելը եւս կարող են նույնկերպ մարսել:
Չնայած, եթե միլիոններով թողնում ենք հայրենիքն ու գաղթում (վատ սոցիալական վիճակի մասին հեքիաթները միայն գաղթականի հոգի ունենալու արդարացումներն են), բնական է, որ տեղը զիջելու ենք հողի ամեն մի ավելորդ պատառի համար ամեն ինչի պատրաստ թուրքին:
ՄՈՒԹ ԱՄՊԵՐԸ ՄԻԱՅՆ ԹԱՆՁՐԱՆՈՒՄ ԵՆ
Գրիգորյանին նշանակելը, որպես առանձին դրվագ, իհարկե, քիչ բան է նշանակում: Սակայն դա հերթական բացահայտ ազդակն է, որ Հայաստանն այսպիսով խփում է մինչ այս մի կերպ շնչող արտաքին քաղաքականության, ավելի կոնկրետ՝ այդ քաղաքականության համար պատասխանատու դիվանագիտական կորպուսի վրա: Եվ ըստ այդմ էլ, չնայած Հայաստանում ունեցած ամուր ռազմական դիրքերին, Ալիեւի եւ Նիկոլի կողմից պարբերաբար խաղարկվող ցուցադրական ռուսասիրության նոպաներին, Մոսկվան գործնականում, որ առանց այդ էլ դիվանագիտական ուղղությամբ լրջագույն խնդիրներ ուներ, եւ եթե հիմա հայաստանյան դիվանագիտական կորպուսի թույլ աջակցությունն էլ զրոյանա, ապա այդ խնդիրները միայն կբազմապատկվեն: Արդյունքում, եթե արագորեն չգնա հստակ քայլերի, ապա «Ռուսաստանին Հայաստանից, հետեւաբար նաեւ տարածաշրջանից հանելու» ծրագրերը գնալով միայն իրատեսական կդառնան՝ դրանից բխող բոլոր հասկանալի հետեւանքներով հանդերձ: Առավել եւս, որ Ալիեւը շարունակում է հավակնություններ ցուցաբերել ուղղակիորեն Հայաստանի տարածքների նկատմամբ, թե՝ «Արեւմտյան Զանգեզուրը մեր պապերի ու նախապապերի երկիրն է: Ես ասել եմ, որ մենք պետք է վերադառնանք այնտեղ... Եվ մենք կվերադառնանք եւ մենք վերադառնում ենք: Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ: Մենք անպայման կվերադառնանք, քանի որ այլ ճանապարհ չկա: Այժմ, բոլոր հաղորդակցության ուղիները բացելուց հետո, մենք, իհարկե, կվերադառնանք, եւ ադրբեջանական բնակչությունը կվերադառնա իրենց նախնիների հողերը: Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենի հողեր: Մեր հայրենի հողը Զանգեզուրն է, մեր հայրենի հողը Գյոյչան է, Իրեւանն է: Մենք, իհարկե, կվերադառնանք»: Իսկ այն, որ Նիկոլի իշխանության օրոք Ալիեւը հասավ Զանգեզուրի սահմաններին, գալիս է հուշելու, որ եթե ալիեւյան նման հայտարարություններին 2017թ.-ին նայում էինք, որպես սովորական մեծախոսության, հիմա արդեն դրանք շատ ավելի նման են հստակ ծրագրերի մասին բարձրաձայն մտորումների: Եթե սրան ավելացնում ենք փաստը, որ թուրք-ազերիական տանդեմն արդեն անցել է Երասխի ուղղությամբ պրովոկացիոն գործողությունների, ու միաժամանակ հայտարարում են համատեղ զորավարժանքների թիվը մեծացնելու մասին, ապա այդ բոլոր մտավախություններն առնվազն պետք է բազմապատկել: Առավել եւս, որ Ալիեւն արդեն բացահայտ սպառնում է. «Պետք է լինի միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանների ճանաչում, պետք է սահմանազատման ուղղությամբ աշխատանքներ սկսվեն: Պետք է ասեմ նաեւ, որ այժմ միջազգային կազմակերպությունները դրական են արձագանքում սահմանազատման աշխատանքներին: Եթե Հայաստանը չի ցանկանում դա անել, կարող է, բայց թող լավ մտածեն, հետո կարող է արդեն ուշ լինել...»: Դա նոր պատերազմի մասին ակնա՞րկ է, թե՞ հող են պատրաստում, որ Նիկոլը հին երգին անցնի՝ եթե պատերազմ չեք ուզում, պետք է ստորագրել: Նաեւ հաշվի ասռնելով, որ այս օրերին տեսնում ենք, հենց Հայաստանի ներսում մասշտաբային գրոհ է՝ ուղղված Սյունիքի այն բոլոր ղեկավարների դեմ, ովքեր վերջին պատերազմում ցույց տվեցին, որ ինչ արժեք էլ որ իրենցից ներկայացնում են քաղաքացիական կյանքում, այնուամենայնիվ, ռազմական իրավիճակում կարող են եւ պատրաստ են կազմակերպել Սյունիքի ինքնապաշտպանությունը: Իսկ այն, որ, ինչպես ցույց տվեց Մեղրիի օրինակը, Սյունիքի համայնքապետներին փոխարինելու են գործուղվում ամենաանհեթեթ կադրերը, միայն թե լինեն յուրային ձեռնասուններից, կարելի է համարել առկա բոլոր մտավախությունների «վերջնական պեչատը»:
Եթե հավելենք, որ հայաստանյան ընդդիմության առաջնային ուժը ցույց տվեց, որ վճռական իրավիճակներում ունակ է զբաղվել այնպիսի անողնաշար գործողություններով, որոնք մի բան էլ ամրապնդում են Նիկոլի դիրքերը, ամենապարզ ձեւով խոսում է այն մասին, որ Հայաստան պետությունը (նկատի չունենք Նիկոլին) փաստացի չունի որեւէ ներքին ռեսուրս՝ այս գերվտանգավոր իրավիճակին ինչ-որ կերպ դիմագրավելու համար: Ավելին, միակ հույսը թեեւ Ռուսաստանն է, սակայն եթե այս ուղղությամբ չլինեն գործողությունների արագ եւ իրատեսական փոփոխություններ, ապա ամենամոտ ապագայում անգամ այդ հույսը կմարի: Իսկ սրանից հետո առավելագույնը, որ կարող ենք ստանալ, դա ընդամենը Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրի կրկնությունը կարող է լինել:
ՄԱՍ 2
«ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ՍԿԶԲՈՒՆՔԻՆ ՄՈՍԿՎԱՆ ԿԳՆԱ՞
Այսպիսով, Հայաստանի համար «ապագա կա» նիկոլյան պոպուլիզմը, իսկ ավելի ճիշտ՝ «ի՞նչ ապագա կա» հարցադրումը խոշոր հաշվով հանգում է այս էական հարցին՝ ինչ չափով Ռուսաստանը կակտիվացնի իր գործունեությունը հարավկովկասյան տարածաշրջանում, եւ առհասարակ: Կկարողանա՞ վերածվել պետության, որը ոչ թե զբաղվի տեղային կոնֆլիկտներն այս կամ այլ կերպ «կարկատելով», այլ կկարողանա գլոբալ լուծումներ տալ նման ու շատ հաճախ հրահրված հակամարտություններին: Ավելի կոնկրետ, էս գլխից արգելակել այդ կոնֆլիկտները հրահրողներին: Հաշվի առնելով, որ, իհարկե, դեռ Մոսկվան կարողանում է ինչ-որ չափով վերահսկել նման կոնֆլիկտները: Ամենաթարմն Աֆղանստանի օրինակն էր, որտեղ ակնհայտորեն ամերիկացիները հեռանալով, բավականին լուրջ ական են փորձում թողնել՝ ի դեմս Թուրքիայի: Ընդ որում, ակնհայտորեն դա հին ծրագիր է, դեռ այն ժամանակներում մշակված, երբ ԻԳԻԼ-ի գրոհայիններին սկսեցին Սիրիա-Իրաքից տեղափոխել Աֆղանստան, որտեղ նրանք աֆղանական ամերիկահպատակ կառավարության հոգածության ներքո բավականին ակտիվ բարգավաճում էին: Հենց այդ եւ այդ տիպի այլ ուժերի միջոցով էր, որ Թուրքիան կարող էր «պայթեցնել» ռուսական շահերի հերթական գոտին՝ Կենտրոնական Ասիան: Բայց ահա թալիբները, որոնք դեռ ամերիկյան զորքը չհեռացած, չհապաղեցին ներվել Աֆղանստանի իշխանությունը վերցնելու, այդ թվում՝ ամերիկացիների ստեղծած մոտ 300 հազարանոց կառավարական բանակն արագորեն կազմաքանդելու միջոցով, Մոսկվա պատվիրակություն գործուղելուց հետո հրապարակավ սպառնացին թուրքերին՝ եթե Աֆղանստանում թողնեք զորախումբ, այն կհամարվի օկուպացիոն զորք եւ գրոհի կենթարկվի: Ու միաժամանակ թալիբները անհաշտ թշնամի են համարում ԻԳԻԼ-ին. մինչեւ իսկ հայտնի է, որ թալիբ դաշտային հրամանատարներին հանձնարարված է ԻԳԻԼ-ի գրոհայիններին անգամ գերի չվերցնել, այլ միայն ոչնչացնել: Բայց եթե Աֆղանստանում, Հարավային Կովկասում, արեւմտյան ուղղությամբ Մոսկվան դեռ կարողանում է նման էպիզոդիկ լուծումներ գտնել, ժամանակի ընթացքում այդ պոտենցիալը կբավարարի՞, եթե չգնա ռազմավարական գլոբալ փոփոխությունների: Չնայած՝ նաեւ դժվար չէ տեսնել, որ Ռուսաստանում ներկայումս շարունակում են այդքան քանակությամբ ներքին «շարասյուներ» գործել, որոնք ակնհայտորեն գործում են ցանկացած շահից ելնելով, հաճախ, թե ով ավելի շատ կվճարի, եթե անգամ այդ քայլերը հակասում են սեփական պետության քաղաքականությանը: Արդյունքում, դժվար չէ հասկանալ, որ ՌԴ-ի ռազմավարական գործողությունների փոփոխությունները հնարավոր են միայն նման ներքին խնդիրների, երկիրը հիմքերից կրծող տարաբնույթ «շարասյուների» չեզոքացման դեպքում: Ու շատ կարեւոր է, որ նման ազդակներ կան: Այսպես, մի շարք միանգամայն տեղեկացված աղբյուրներ գրեթե պարզ ակնարկում են, որ ՌԴ Պետդումայի աշնանային ընտրությունների հետ մեկտեղ Պուտինը կգնա կադրային գլոբալ փոփոխությունների: Այդ թվում, ինչպես Պետդումայում, այնպես էլ կենտրոնական եւ տեղական կառավարման համակարգերում: Իհարկե, նույն աղբյուրները խոսում են նաեւ սպասվող դիմադրության մասին: Նաեւ, որ այդ դիմադրության հաղթահարման եւ այդ փոփոխություններից հաջողության դեպքում օրակարգ կմտնի այդ մեծ ծրագրի հաջորդ դրույթը, որը պայմանականորեն անվանենք «կայսրության վերականգնում»: Թե ինչ ձեւաչափով, դա էլ է հասկանալի: Համենայնդեպս, օրերս կայացած Պուտին-Լուկաշենկո հանդիպումը հավելյալ անգամ շատ բան հուշեց: Այսպես, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սանկտ Պետերբուրգում այս երեքշաբթի կայացած Պուտին-Լուկաշենկո հանդիպման առանցքն իրոք Միութենական պետության թեման էր, որը երկու երկրները դրել են ներկա հայտնի ծանր մարտահրավերների լուծման հիմքում: Ավելին, դատելով հեղինակավոր մեկնաբանություններից, երկու նախագահներն այս անգամ քննարկում էին Միութենական պետության ստեղծման եզրափակիչ փուլի դետալները: Այսպես, օրինակ, ըստ Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչեւի մեկնաբանության. «Վերջին մեկ-մեկուկես տարում իրականացվել է միութենական պայմանագրի շատ լուրջ վերլուծություն... կազմվել է դրա իրականացման ռազմավարությունը, կան ճանապարհային քարտեզներ, դրանք, եթե չեմ սխալվում, 36-ն են, եւ մեծամասնությամբ գրեթե ամեն ինչ համաձայնեցված է: Հասկանալի է, որ միշտ ամենաբարդ անհարթությունները մնում են վերջում ... եւ իմ պատկերացմամբ այդ հանդիպմանը, հնարավոր է, համաձայնեցվեն վերջին 1-2-3 տոկոսը»: Խոսքը Միության վերպետական ինստիտուտների ձեւավորման մասին է: Ու գրեթե միաժամանակ Բելառուսին նման պատասխան ազդակներ հնչեցին: Օրինակ, ըստ Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի. «Մենք ուղղակի պարտավոր ենք կատարել այդ պայմանագրի դրույթները: Եվ այնտեղ ասված է, որ մենք ստեղծում ենք Միութենական պետություն...»: Ընդ որում այն, որ այս անգամ Լուկաշենկոն հազիվ թե վերջին պահին գործընթացը կասեցնի, ենթադրելի է: Նաեւ հաշվի առնելով, որ հենց Մակեյն է բելառուսական հայտնի իրադարձությունները համարում կազմակերպված արշավ, որ՝ «Այստեղ ստեղծվի երկրորդ Ուկրաինան... Պետք է ասեմ, որ մենք շատ լավ հասկանում ենք դա եւ մտադիր ենք շատ սերտորեն աշխատել մեր ռուս ընկերների հետ...»:
Կարճ ասած, կարծես հասկանալի է, թե ինչ ընդհանուր ռազմավարությամբ կփորձի առաջ գնալ Կրեմլը, եւ, թերեւս, արդեն այս աշնանը այն արդեն կսկսի միս ու արյուն ստանալ. կան խոսակցություններ արդեն 2022թ. հունվարի 1-ից ծրագիրը գործարկելու մասին: Իհարկե, դեռ հասկանալ է պետք՝ ինչ տեսքով Միութենական պետություն կստացվի, հաշվի առնելով այն փորձագիտական կարծիքը, որ իրական ընդհանուր պետություն առանց Ուկրաինայի հազիվ թե ստացվի: Այսինքն, կա նաեւ այն հարցը, թե Մոսկվան ի՞նչ է պլանավորում ուկրաինական հարթակում: Բայց ամեն դեպքում ենթադրելի է, որ «կայսրության վերականգնում» սկզբունքին Մոսկվան ուզի թե՝ ոչ, պետք է գնա, եւ այն հազիվ թե սահմանափակվի միայն Ռուսաստան-Բելառուսով:
Քերոբ Սարգսյան
www.iravunk.com
դեպի ետ