
«ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԷՇԵԼՈՆՆԵՐՈՒՄ ՈՒՆԵՆՔ ԿԱՊԻԿՆԵՐ, ՈՐՈՆՔ ՔԱՆԴՈՒՄ ԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
«Եթե անգամ հիմա հեռանա օրվա իշխանությունը, և Հայաստանում իշխանության գան ազգային մտածելակերպ և գիտելիք ունեցող մարդիկ, այսօր էլ մեր երկիրն ի վիճակի է մի քանի օրվա մեջ Ադրբեջանի հարցերը լուծել», – «Իրավունք TV»-ի եթերում նման համոզմունք հայտնեց ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, լեգենդար սյունեցի, արձակագիր Սերո Խանզադյանի թոռը` արցախյան վերջին երկու պատերազմների մասնակից ԱՐԱՄ ԽԱՆԶԱԴՅԱՆԸ:
– Պարոն Խանզադյան, կարծում եք` հիմա մի նոր Նժդե՞հ է ծնվելու, թե՞ միգուցե Մխիթար սպարապետ:
– Ժամանակը հիմա ուրիշ է, անպայման չէ, որ Նժդեհ կամ Մխիթար սպարապետ ծնվի: Ես միանշանակ Նժդեհին համարում եմ մարգարե, որի գլխավոր ուղերձը մեզ և հետագա սերունդներին Հայրենիք և Աստված մեկտեղելն է: Հայրենիքն Աստված է, և Աստված Հայրենիքն է: Իհարկե, այսօրվա պայմաններում չեմ գտնում, որ պետք է մեր ոսոխի հետ մարտը վարել` ասպետականություն դրսևորելով: Մենք տելեգրամ ալիքներով, ադրբեջանական կայքերով տեսել ենք, թե ինչ մեթոդներով էր Ադրբեջանը պատերազմ վարում: Հենց այդ նույն մեթոդներով էլ պետք է իրենց հետ վարվել: Եթե իրենք հրճվում են դրանից, մենք կարող ենք աշխարհին իսկական նոր Կոլիզեյ ցույց տալ:
– Ինչպե՞ս, երբ այս օրերին Ադրբեջանի խորհրդարանում ակտիվ քննարկում է ծավալվել արդեն Զանգեզուրը գրավելու վերաբերյալ: Իսկ հայկական կողմից ամենաբարձր մակարդակով որևէ արձագանք չկա:
– Մեր ամենաբարձր էշելոններում ունենք կապիկներ, և քանի որ մեր պետությունը ԱՄՆ-ի պես ամուր հիմքերի վրա դրված չէ, դրա համար այն կարող են քանդել:
– Եվ ամբողջ աշխարհը, կարծես, իր լուռ համաձայնությունն է տալիս այս իրողությանը...
– Աշխարհն ամեն ինչի հետ էլ համաձայն է լինելու, ավելին` 1915-ի հետ էլ էր համաձայն: Հիմա էլ ասում են, թե ռուսները մեզ չօգնեցին, բայց օգնում են աշխատանք անող մարդուն: Երբ դուք աշխատանք չեք արել, ձեզ ինչի՞ օգնեն: Եթե ռուսը պետք է գա ու ձեր տեղը ձեր տունը պահի, միանշանակ, այստեղ դառնալու է Ռուսաստան: Բա մի տարի առաջ մեդալներ էին բաժանում Սարդարապատում, մեծ-մեծ խոսում էին, լավ, ի՞նչ եղավ: Ի դեպ, Սովետական Միության տարիներին մենք ավելի ազգային էինք, քան հիմա, որ ունենք, այսպես կոչված, ազգային պետություն: Ավելին` այն ազգային արժեքները, որոնք ստեղծվել էր Սովետական Միության տարիներին, դրանք էլ ի չիք դարձան:
– Թե ինչու հասանք այս օրվան, գուցե երևանցին չպատկերացնի, բայց ինչպե՞ս սահմանային գյուղերում սյունեցիները գնացին և կրկին ընտրեցին այս իշխանությանը:
– Իսկապես, չեմ հասկանում մարդկանց վերաբերմունքը, երևի թե, իրենց թվում է, որ իրականում հպարտ են: Հասել ենք այն օրվան, որ 60-ամյա կինը եթերում հայտարարում է, թե «թող մեզ կոտորեն, մենակ նախկինները հետ չգան»: Կամ ասում են` «Շուռնուխից և Որոտանից այն կողմ Հայաստան չէ», «Սև լճի համար հո պատերազմ չի՞ սկսվելու», «Ամայի տարածքները չի պաշտպանում մեր բանակը, այլ մեր ժողովրդին է պաշտպանում»: Սա ի՞նչ մտածելակերպ է: Բանակը ոստիկանությո՞ւն է դարձել, որ ժողովրդին է պաշտպանում կամ այդ ժողովրդի վրա ո՞վ է հարձակվել, որ դուք փորձում եք պաշտպանել: Բա երբ ժողովրդի վրա հարձակվել էին, կրակում էին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վրա, ինչո՞ւ չխփեցիք, ինչո՞ւ չպատասխանեցիք: Գիտեք, ես մի քիչ ավելի կոշտ մեթոդների կողմնակից եմ, նման կերպ մտածող մարդկանցից պետք է շատ արագ ազատվել:
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ