
«ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽԱՂԱՔԱՐՏԵՐԻՑ ՄԵԿՆ Է». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Մայիսի 12-ից Հայաստան ներխուժած ադրբեջանցի զինծառայողներն արդեն շուրջ երկու ամիս է՝ ՀՀ սուվերեն տարածքում են: ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն օրերս հայտարարեց, որ Հայաստանի հարավում իրավիճակի սրումը սահմանային միջադեպ է և չի համապատասխանում կազմակերպության հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին: ՀՀ-ն, բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով, տարօրինակ ու մտահոգիչ համարեց հայտարարությունը:
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի դիտարկմամբ, հայկական կողմից հնչող նման հայտարարություններն այն հայտնի քաղաքականության արդյունքն են, որը տարվել է վերջին երեք տարիների ընթացքում: «Եթե Հայաստանի սահմանից ներխուժում է 10-20 ադրբեջանական զինծառայող, որոնց թիվը հետագայում ավելանում է և դեռ կարող է ավելանալ, իսկ հայկական կողմը ոչինչ չի ձեռնարկում նշվածի դեմ, ապա ՀԱՊԿ-ը, սա, ըստ էության, համարում է սահմանային միջադեպ, ինչը տեղի է ունենում իշխանությունների ցանկությամբ: ՀԱՊԿ-ի մոտեցումն այսպես կարող եմ գնահատել: Բավականին ճիշտ գնահատական են տվել «սովորական միջադեպի» առումով, որին առաջին հերթին պետք է դիմակայեն մեր ուժերը», – «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Միևնույն ժամանակ, նա կարևորեց ոչ այնքան ՀԱՊԿ-ի, որքան Ռուսաստանի դերը: «Միակ երկիրը, որին անվտանգության խնդիրների համատեքստում կարող ենք ապավինել, Ռուսաստանն է, որը ոչ միայն փրկեց Արցախի մնացորդները, այլև տեղադրում է ռազմակայաններ նաև Սյունիքի մարզում, ինչը ռեալ օգնություն է ստեղծված խնդիրների տեսանկյունից: Չէ՞ որ Ռուսաստանն է դիմել Հայաստանին, որպեսզի կանգնեցնի պատերազմը ու չհանձնվի Շուշին: Իսկ Հայաստանը հրաժարվել է այդ առաջարկից: Ուզում եմ հիշեցնել, որ 2016ին խնդիրը չորս օրում լուծվեց: Այդ ժամանակ ևս մի սթափ հատված կրկին նշում էր, որ ոչ թե ՀԱՊԿ-ին, այլ, որպես դաշնակցի, Ռուսաստանին պետք է դիմել: Ուժը, որն այսօր կարող է զսպել Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական էքսպանսիան, Ռուսաստանն է: Մնացյալ հարցերը, կապված նաև ՀԱՊԿ-ի հետ, զուտ այս իշխանությունների ձեռագիրն են և ոչ ավելին: Մեծ հաշվով՝ հակառուսական ուղղվածությունը միշտ առկա է եղել այս իշխանությունների մոտ», – ասաց նա՝ պատահական չհամարելով ԱԽ քարտուղարի հայտարարությունը, որն արեց Փաշինյանի՝ Մոսկվա այցից առաջ:
«Հակառուսականությունն արտաքին ուժերի կողմից բերված այս իշխանավորների հիմնական խաղաքարտերից մեկն է: Նրանց նպատակն է, որ, ինչքան հնարավոր է, շուտ ռուս խաղաղապահները դուրս գան Արցախի Հանրապետությունից ու ՀՀ-ից: Հաշվի առնելով նաև աշխարհաքաղաքական զարգացումները՝ նա հավելեց. «Ընդհանուր առմամբ, տպավորություն է, որ ԱՄՆ-ն քարտ բլանշ է տվել հակառուսական բոլոր երկրներին, միայն թե կարողանան վնասել Ռուսաստանին և Չինաստանին: ԱՄՆ-ն շատ խելամիտ քաղաքական դերակատարում ունի և նման մարգինալ պետությունների և մարգինալ ղեկավարների վրա շատ մեծ դրույքներ երբևէ չի դնում: Պարզապես նրանց ձեռնտու է, որ, օրինակ՝ Հայաստանը մնա այս ոչ պետական իրավիճակում, որտեղ նաև քաղաքականություն չկա: Ցավոք, Եվրոպան ու շատ այլ երկրներ ևս լուրջ չեն ընդունում այն ամենը, ինչ կատարվում է մեզ մոտ: Սա, ըստ էության, նվեր է թուրքական աշխարհին: Իսկ հիմա էլ խոսում են ճանապարհների ապաշրջափակման մասին: Բավական է ասել, որ միայն Նախիջևանն Ադրբեջանի հետ կապող երկաթուղին մոտ 150 մլրդ դոլար է արժենալու, բավական է ասել, որ պլանավորում են այդ ճանապարհներով մոտ տասը միլիոն տոննա բեռնափոխադրումներ իրականացնել: Սա նշանակում է, որ Հայաստանին ընդգրկում են ոչ թե եվրոպական կամ ամերիկյան արժեքների գոտում, այլ ուղղակի ծառայելու համար նվիրում են թուրքական, ադրբեջանական աշխարհին»:
Գագիկ Հարությունյանի խոսքով, շատ լուրջ պետք է մտածենք ստեղծված իրողությունների մասին և իրավիճակից դուրս գալու համապատասխան քայլեր գտնենք: «Մենք սպառնալիքի տակ ենք: Պետք է շատ զգույշ լինել: Ակնհայտ է նաև, որ մարդիկ, որոնք գրավել են իշխանությունը, ընդհանրապես մտահոգված չեն այդ խնդիրներով: Երբ նախկինում ասում էինք իշխանություն, մենք պատկերացնում էինք իշխանություն, որը, համենայն դեպս, լավ թե վատ, իր պատկերացումներով, բայց հայկական շահերն էր պաշտպանում: Ներկայիս իշխանությունն այլ երկրների կողմից է նշանակվել, որի նպատակն է ոչ թե պաշտպանել Հայաստանի շահերը, այլ այն երկրներինը, որոնք իրեն նշանակել են: Ասում են՝ բացում ենք ճանապարհները, ու կարող ենք առևտուր անել Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Կարող ենք, բայց ո՞ւմ համար են բացվում, ո՞վ կանի այդ առևտուրը: Իհարկե, տնտեսապես հզոր այդ երկրները կարող են առևտուր անել մեզ հետ և լցնել մեր շուկան իրենց շահերին համապատասխան ապրանքներով՝ այդպիսով, փաստորեն, օկուպացնելով մեզ, ինչպես, օրինակ՝ թուրքերն արեցին Աջարիայում: Երբ ասում ենք՝ մեր իշխանությունը, որոշ առումով սխալ ենք անում: Մերը չէ: Սա նույնն է, որ, օրինակ՝ ինչ-որ փաշայի վիլայեթի ղեկավար նշանակեին»:
Աննա Բադալյան
past.am
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]
- ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ… Գագիկ Հարությունյան[27.07.2024]
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ[15.05.2024]
- ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Հարությունյան[04.05.2024]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Հարությունյան[08.03.2024]