
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿԱՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈՏԱԼ ՄԵԴԻԱՏԵՐՈՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ. Տիգրան Քոչարյան
Տեղեկատվական դաշտում եւ երկրում տիրող հետընտրական իրավիճակի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք մեդիափորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ:
– Պարոն Քոչարյան, վերջին շրջանում շատ է խոսվում տեղեկատվական ահաբեկչության մասին: Պայքարի ի՞նչ միջոցներ եք տեսնում:
– Վերջին 3-4 տարվա ընթացքում ստեղծվեցին բազմաթիվ մեդիառեսուրսներ` կայքեր, ֆեյսբուքյան էջեր, յութուբյան ալիքներ, որոնք ուղղակի ահաբեկում են ազգաբնակչությանը` մեդիատեռոր կազմակերպելով, դեզինֆորմացիա տարածելով եւ խեղաթյուրելով ամբողջ լրատվական դաշտը: Ցավոք, այս ամենի դեմ որեւէ հակազդեցության միջոց չի ձեռնարկվում, որովհետեւ նման մեդիառեսուրսները 90/10% հարաբերակցությամբ` ծառայում են իշխանություններին: ժամանակին «Անտիֆեյք» նախաձեռնությունը բացահայտել էր մի ամբողջ յութուբյան «իմպերիա», որը համացանցում աշխատում է Փաշինյանի շահերը սպասարկելու համար` տարածելով խայտառակ լուրեր, որոնք կարող են ենթադրենք հանգեցնել նրան, որ մարդու սպանեն կամ տուն թալանեն: Մինչդեռ այս ամենի վերաբերյալ որեւէ արձագանք չկա: Բայց եթե, Աստված չանի, նման խնդիր առաջանա ընդդիմադիր տեղեկատվական դաշտում, միանգամից ԱԱԾ-ով ու հնարավոր բոլոր միջոցներով հարձակվում են, մաքսիմալ ուրճացնում: Օրինակ, վերջին շրջանում media.am կայքի հիման վրա` Ֆեյսբուքում ստուգում են նյութերի իրական կամ ոչ ճիշտ, խեղաթյուրված լինելը եւ այլն: Նրանք անմիջական կապ ունենալով Ֆեյսբուքի ադմինիստրացիայի հետ` պատժում են կայքերին, որոնք իրենց կարծիքով հրապարակել են ոչ ճիշտ տեղեկատվություն:
– Ընդ որում` Ձեր նշած այդ, այսպես կոչված, «գրաքննիչների» թիրախում, չգիտես ինչու, բացառապես ընդդիմադիր առաջատար լրատվական կայքերն են եւ ոչ թե իրապես ապատեղեկատվություն տարածող Ձեր նշած մեդիառեսուրսները...
– Այո, ամբողջապես սա վերաբերում է ընդդիմադիր կայքերին: Ավելին` քանի անգամ եղել է, որ նույնիսկ նշել են սոցցանցում այդ խմբի ղեկավարին, թե` տե՛ս իշխանականներն այսպիսի սուտ, դեզինֆորմացիա են տարածում, բայց նրանց կողմից բացարձակապես ոչ մի արձագանք չկա: Հիմնականում հարձակվում են ընդդիմադիր կայքերի վրա, զրկում Ֆեյսբուքում մոնետիզացիայից, էջի տեսանելիությունն են սահմանափակում կամ ժամանակավորապես արգելափակում են, իսկ որոշ դեպքերում` ընդհանրապես հեռացնում են Ֆեյսբուքից: Այսինքն` ընդդիմադիր կայքերի նկատմամբ տոտալ մեդիատերոր է իրականացվում: Մինչդեռ մեր օրերում հասարակ գյուղացին կամ քաղաքացին, եթե բացի իր ֆեյսբուքյան էջը Ձեր առաջ, ապա կտեսնեք, որ խայտառակ բովանդակությամբ նյութեր է կարդում: Օրինակ, որ «Ռոբերտ Քոչարյանը առել է Զատիկի բոլոր ձվերը», «Սերժ Սարգսյանը երեխաների արյուն է խմում», «Ալիեւի որդուն սատկացրեցին», «Հայերն արդեն Բաքու են մտնում» եւ այլն: Եվ այս ամենն ամեն օր տասնյակ հազարավոր հետեւորդներ ունեցող էջերով տարածվում է: Դրա դեմը չի առնվում, որովհետեւ կա իշխանական պրոպագանդա, որի հիմնական մեխերից մեկը հենց այդպիսի մեդիառեսուրսներ պահելն է:
– Ի դեպ, նույն այդ media.am-ի «գրաքննիչները», օրինակ, հերքում եւ իբրեւ վճիռ են կայացնում Ալիեւի այս կամ այն հայտարարության իրական կամ անիրական լինելու վերաբերյալ: Փաստորեն, մեր երկրում Ալիեւը փաստաբան կամ խոսնա՞կ ունի, ով կարող է հաստատել կամ հերքել նրա խոսքերը:
– Մեր երկրում կա Ալիեւի դեսպան, տեղակալ, ծառա, որը ղեկավարում է Հայաստանի կառավարությունը: Եվ հետաքրքիրն այն է, որ այս մարդը պայքարում է ընդդիմության դեմ ամենավատ մեթոդներով` մեկ ասում է պողպատե մանդատով է պայքարելու, մեկ` մուրճով, բայց մի ծպտուն չի հանում թշնամի պետության ղեկավարի գործողությունների դեմ: Այսինքն` ամբողջ ուժը, կատաղությունը, եռանդը, ֆինանսական եւ մեդիա միջոցներն ուղղված են ընդդիմության դեմ: Իսկ որեւէ թթու խոսք չի ասվում ադրբեջանցիների հասցեին, այստեղից, իրոք, եզրակացնում եմ, որ այս մարդուն, ուղղակի, Իլհամ Ալիեւի ընկերոջից սկսած մինչեւ ստրուկ կարելի է համարել: Այս մարդիկ աշխատում են կոնկրետ Ադրբեջանի շահերը սպասարկելով, որովհետեւ նախորդ տարվա նոյեմբերից ինչ ասես ասվել է սրանց հասեցին, ինչ ասես արվել է, Հայաստանում ներկայիս պահին գտնվում են հազարից ավելի ադրբեջանցի զինվորականներ, օրը մեջ տեսանյութեր են հայտնվում, որ հայ զինվորներին ծեծում են, իսկ որեւէ պատասխան չկա: Աստված չտա, երբ ընդդիմությունից մեկը ինչ-որ բան է ասում, ամբողջ իրենց «շայկայով» թափվում են այդ մարդկանց գլխին: Ստացվում է, որ ներկա պահին սպասարկվում են միայն նեղ իշխանական եւ ադրբեջանական շահեր:
– Փաստորեն, էլ ժողովրդավարության բաստիոն չե՞նք, ինչպես ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էր հայտարարում:
– Ո՛չ եղել ենք ժողովրդավարության բաստիոն, ո՛չ էլ ներկա պահին ենք: Հիմա դասական պատմության տեսությանը լրիվ համապատասխանում է այն, որ տոտալ ավտոկրատիայի փուլում ենք: Պետական պաշտոնյաները բացահայտ ասում են, որ պետությունը պետք է սպասարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շահերը, որեւէ դեմոկրատական երկրում այդպիսի բան չի կարող լինել: Պետությունը պետք է սպասարկի ժողովրդի շահերը, ոչ թե ինչ-որ 54 տոկոս հավաքած կուսակցության, հատկապես, երբ ընտրություններին մասնակցել են ընտրազանգվածի 50 տոկոսին մոտ մարդիկ: Այսինքն` իրականում 26 տոկոսի ընտրած կուսակցության շահերը չպետք է սպասարկի մի ամբողջ պետություն: Ամբողջ պետությունը պետք է սպասարկի իշխանությանը ե՛ւ ընտրած ժողովրդին, ե՛ւ չընտրածներին ու ընտրություններին չմասնակցածներին: Սա է ժողովրդավարությունը:
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ