
«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ» ՀԵՏՈ ՕՐԱԿԱՐԳ ԿԲԵՐԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ ՄՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Ահա եւ նիկոլյան իշխանությունն իր ողջ «հմայքով»՝ անձնավորությունը, որը նստած է Անվտանգության խորհրդի քարտուղարի աթոռին, խոսում է կադրային ջարդից, այն էլ՝ Հանրային հեռուստատեսության եթերից: Սա անգամ Սոմալիի համար նոնսենս կլիներ. ԱԽ քարտուղարն այն պաշտոնյան է, ում «հաց ու ջուրն» է ներքին կայունության պահպանումը, որի խաթարումը ամենամեծ հարվածն է ցանկացած պետության անվտանգության համար: Իսկ կադրային ջարդ ասվածը ներքին կայունության խաթարման ամենաուղիղ ճանապարհն է, ընդ որում, երբ այդ մասին պաշտոնապես հայտարարում է ԱԽՔ-ը, դա միաժամանակ ծանր է անդրադառնում պետության վարկանիշի համար, այսինքն՝ անվտանգությանն ուղղված եւս մեկ հարված է: Բայց եթե այս պարզ տրամաբանությունը գործում է ողջ աշխարհում, ոմն Արմեն Գրիգորյան եկավ հիմնավորելու, որ անգամ Սոմալին է մեզ համար սկսում դառնալ երանելի:
ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ, ՈՐ ԻՆՉ ՈՒԶԵՆ՝ ԱՆԵՆ
Չնայած՝ անկեղծ ասած, կադրային ջարդ կանեն, թե՝ ոչ, բան չի փոխվում: Առանց այդ էլ արդեն երեք տարի պետական համակարգը լցրել են իրենց իսկ կադրերով, ու եթե հիմա իրենց նշանակածներին հանեն ու նորերին դնեն, տարբերությունը ո՞րն է: Եվ կարելի էր այսքանով Ա.Գրիգորյանի՝ նախօրեի ելույթի թեման համարել սպառված, եթե նա ինքն իրեն գերազանցելով, մի շարք այլ «փայլուն մտքեր» եւս չհնչեցներ: Նախ ընդգծենք, որ հերթական նման պրովոկացիայի մեկնարկը տրվեց հարցով, թե՝ ադրբեջանցիները մնում են մեր հողում, որտե՞ղ է ՀԱՊԿ-ը: Առաջ ընկնելով՝ հակընդդեմ հարց հնչեցնենք՝ իսկ որտե՞ղ է Հայաստանի իշխանությունների կողմից ՀԱՊԿ-ին հղված պաշտոնական դիմումը: Չնայած, հասկանալի է, Գրիգորյանը գերադասեց այլ պատասխան, թե՝ Ռուսաստանի հետ ընթանում են ինտենսիվ բանակցություններ, սկսվել է գործընթացը: Ու հաջորդ ցնցող միտքը. «Այստեղ Ադրբեջանի գործոնը կա, մենք չենք կարող ասել, թե ինչպես իրեն կպահի Ադրբեջանը: Միանշանակ է, որ ռուսական զորքերը կանգնելու են խորհրդային ժամանակ գործող սահմաններով, ադրբեջանցիները դուրս են գալու ՀՀ ինքնիշխան տարածքից, եւ խնդիրը կարգավորվելու է... Մենք լուծման ճանապարհին ենք: Այդ ներխուժումն ընտրությունների վրա ազդելն էր, բայց իրենք իրենց նպատակին չեն հասել»: Սահմանին կանգնելու են ռուսական սահմանապահ զորքերը, հետո տեղի են ունենալու սահմանազատում եւ սահմանագծում, հետո սահմանին կանգնելու են հայկական եւ ադրբեջանական սահմանապահ զորքերը: Եթե մեզ չբավարարեն մեր ուժերը, այդ տեղերում կկանգնեն ռուսական զորքերը: Վերջնական որոշված է, որ սահմանին կանգնելու են ռուսական սահմանապահները»:
Այս բավականին խառը բառակույտից որոշ հետաքրքիր հետեւություններ, այնուամենայնիվ, կարելի է կատարել: Այսպիսով, ՀՀ ԱԽՔ-ի աթոռին նստած անձը շրջանցեց ՀԱՊԿ-ի որտեղ լինելու հարցը, ինչը նշանակում է, որ թեեւ արդեն տեւական ժամանակ թշնամական զորքերը մեր տարածքում են, սակայն այդպես էլ պաշտոնապես դիմում հղված չէ այն կառույցին, որի անդամն է Հայաստանը, եւ որը պետք է նման ներխուժումների դեպքում օգներ՝ պաշտպանել մեր տարածքները: Ու սա այն դեպքում, երբ նախօրեին ՀԱՊԿ-ը, այսինքն՝ նաեւ Հայաստանը հայտարարեց, որ պատրաստ է պաշտպանել Տաջիկստանը՝ Աֆղանստանի ուղղությունից, այն դեպքում, երբ այս պահին որեւէ փաստացի ռազմական գործողություն Տաջիկստանի դեմ չկա: Հաջորդը, Գրիգորյանը խոսում է ռուսների հետ բանակցելուց՝ ազերիներին համարելով անկանխատեսելի գործոն: Այդպիսով խոստովանում է, որ Ադրբեջանի հետ որեւէ բանակցություն՝ Հայաստանի տարածքից զորքերը հետ քաշելու հարցում չի վարվում: Մինչդեռ ներխուժման նախնական օրերին հայտարարվում էր ինտենսիվ բանակցությունների մասին: Արդյունքում, Գրիգորյանի խոստովանությունը, ըստ էության, այն մասին է, որ Ադրբեջանի հետ անգամ բանակցել չեն կարողանում եւ ստիպված են դիմել միջնորդի՝ Ռուսաստանին: Ու սրանով հանդերձ, անգամ Հայաստանի սահմանների պաշտպանությունը ՀՀ ԱԽՔ-ը կապում է ռուսների հետ: Այսպիսով, ԱԽՔ-ը պարզապես խոստովանում է, որ Հայաստանը սեփական անվտանգության համակարգ, որպես այդպիսին, պարզապես չունի: Վերջապես, Գրիգորյանը ավելորդ անգամ հաստատում է, որ սահմանազատում եւ սահմանագծում, այնուամենայնիվ, լինելու է: Ընդ որում, դրանից հետո Հայաստանի սահմաններին կանգնելու են հայկական սահմանապահ զորքերը, իսկ դիմացից՝ ադրբեջանական: Ու վերադառնանք այն նույն հարցին, որն այս սահմանազատում կոչվածի հետ կապված քանիցս հնչեցրել ենք. իսկ որտե՞ղ է դրանից հետո մնալու Արցախը: Գրիգորյանի ասածն էլ ավելորդ անգամ մեկ պարզ հանգամանքի մասին է վկայում. եթե մեր սահմանապահները կանգնելու են նոր գծված սահմանների այս կողմում, դիմացին էլ կանգնելու են ազերիները, ապա Արցախը, ինչ հեքիաթներ էլ որ պատմեն մեր իշխանավորները, կմնա ազերի սահմանապահների թիկունքին: Կարճ ասած, որ այս ամբողջ գործընթացը ոչ այլ ինչ է, քան Արցախը փաստացի Ադրբեջանի մաս ընդունելու ծրագիր, ու հիմա սկսել են հայաստանյան հանրությանը վարժեցնել այդ մտքին: Ու իհարկե, դրա համար պետք է նախ ունենալ հլու-հնազանդ, ամեն ինչի հետ համակերպվելու պատրաստ իշխանական համակարգ, այդ թվում՝ պատժիչ ուժեր, ու դրա համար էլ պետք է, Գրիգորյանի ասած՝ կադրային ջարդը:
ԱՊԱԳԱՆ ՄՏԱՀՈԳԻՉ Է
Իհարկե, սրանով ԱԽՔ-ը ընդամենը հաստատեց այն, ինչը մինչ այս էլ էր հայտնի, որ կավարտվեն ընտրությունները, կստորագրվի ոչ միայն սահմանազատման, այլ դրանից զատ, նաեւ Ադրբեջանի պահանջած «Խաղաղության պայմանագիրը» ու Սյունիքով թուրք-ազերիներին միջանցք տալու փաստաթուղթը: Իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո: Գրիգորյանն այդ մասին եւս որոշ փակագծեր բացեց: Ամենակարեւորը, բանակի էական կրճատման ծրագիրը, որի մասին քանիցս խոսել ենք, կարծես թե վերջնականապես է մտնում օրակարգ: Համենայնդեպս, ըստ ԱԽՔ-ի. «Մենք նաեւ մտածում ենք զինծառայության ժամկետը կրճատելու եւ պրոֆեսիոնալ բանակի քանակը ավելացնելու մասին»:
Տրամաբանորեն, միգուցե իրատեսական տեսք ունենա «Խաղաղության համաձայնագրի» ստորագրումից հետո բանակ կրճատելը: Մինչդեռ չմոռանանք, որ Ադրբեջանը հայտարարում է միանգամայն հակառակի մասին՝ ավելացնում է բանակն ինչպես թվակազմի, այնպես էլ տեխնիկական մասով: Այս իրավիճակում բանակ կրճատելը՝ թեկուզեւ պրոֆեսիոնալի անցնելու բացատրությամբ, առնվազն տարօրինակ է: Հաշվի առնելով նաեւ, որ պատերազմի արդյունքում Հայաստանը փաստացի կորցրել է նաեւ այն զինվորական կոնտինգենտը, որն ապահովում էր Արցախը: Կարճ ասած, եթե մինչ պատերազմը հայկական եւ ադրբեջանական բանակները թվակազմի առումով ունեին մոտ կրկնակի տարբերություն, եւ այդ բացը Հայաստանը փորձում էր լրացնել պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման հաշվին, Գրիգորյանի նկարագրած իրավիճակում կունենանք մոտ 5-6 անգամանոց տարբերություն, որը եւ ոչ մի պրոֆեսիոնալ բանակի անցում չի կարող լրացնել: Մի խոսքով, եթե Ադրբեջանը խոսում է բանակի հզորացման մասին, որը ենթադրում է Թուրքիայի հետ միասին հակառուսական դեմարշ, իսկ Հայաստանը՝ նվազեցման, ապա դա արդեն ակնարկ է, որ մեր իշխանությունները ապագայում որեւէ ռազմական հակամարտություն չեն տեսնում: Իսկ դա ակնարկ է, որ նաեւ թուրք-ազերիական հակառուսական հնարավոր գործողությունների դեպքում ռուսներին աջակցելու առումով: Բայց փոխարենը, Հայաստանի անվտանգության հարցով ԱԽՔ-ը փորձում է գոնե քարոզչական հարթակում հիմնական հույսերը կապել ռուսների հետ, թե՝ ռուսաստանցի խաղաղապահները 4,5 տարի հետո չեն հեռանալու Արցախի սահմաններից, եւ որ այդ մասին իրեն վստահեցրել են ռուս գործընկերները: Հնարավոր է: Բայց ո՞րն է երաշխիքը: Այսինքն, եթե արդեն իսկ օրակարգում է սահմանազատման փաստաթուղթը, որին էլ անկասկած հաջորդելու է «Խաղաղության պայմանագիրը», ապա ո՞րն է լինելու հիմնավորումը, որին շեշտադրում կատարելով, ռուսները կմնան Արցախում: Ըստ այդմ էլ, ինչո՞վ է ՀՀ գործող իշխանական համակարգը երաշխավորում, որ նման հիմնավորում ռուսները կգտնեն, երբ այդ փաստաթղթերի արդյունքում Արցախը, ինչ սոուսով էլ, որ մատուցես, աշխարհի կողմից կընկալվի, որպես Ադրբեջանի տարածք, իսկ խաղաղապահները՝ Ադրբեջանի տարածքում գործող միավոր: Նման իրավիճակում գոնե Հայաստանի անվտանգության երաշխիք կարելի է համարել այստեղ գտնվող ռուսական ռազմաբազան, որն այս օրերին ակտիվորեն ծավալվում է նաեւ Սյունիքում: Սակայն այստեղ էլ նույն հարցն է. իսկ ո՞րն է երաշխիքը, որ մեր տեղական սորոսականությունը, այն բանից հետո, երբ թուրք-ազերիական ուղղությամբ կստորագրեն նշված պայմանագրերը, չեն գա նաեւ այն հետեւությանը, որ Հայաստանի անվտանգության համար բավարար է նաեւ իր «պրոֆեսիոնալ բանակը», եւ ռուսական ռազմաբազային շնորհակալություն հայտնելով, չեն խնդրի հեռանալ: Ընդ որում, նման իրավիճակում ռուսներն Արցախում մնալու ավելի շատ հիմնավորումներ կարող են գտնել, քան՝ Հայաստանում: Օրինակ, եթե արցախցիները առաջիկա 4.5 տարիներին, երբ ռուսները երաշխավորված մնալու են, ստանան ռուսական քաղաքացիություն, ապա իր քաղաքացիներին պաշտպանելու հիմնավորմամբ ռուսական զորքերը կարող են մնալ: Իսկ ահա պաշտոնապես ինքնիշխան համարվող Հայաստանում այդ հիմնավորումը չկա: Մի խոսքով, բավական է կնքվի «Խաղաղության պայմանագիր» ասվածը, որ այդ բոլոր խնդիրները Մոսկվայի համար արդեն իսկ սկսեն իրենց զգացնել տալ: Մինչդեռ փաստն այն է, որ եթե Ադրբեջանը պատերազմից հետո բացահայտ է պահանջում նման պայմանագիր կնքել, ապա հայաստանյան գործող իշխանությունները դեռ մինչ պատերազմն էին առաջ գնում «փամփուշտներից զարդեր ձուլելու» կուրսով, եւ նման «հույժ խաղաղասիրական» մոտեցումներն անգամ պատերազմից հետո չեն փոխվել: Նման իրավիճակում ռուսներին այլ տարբերակ չի մնում, քան իրենց հերթին միանալը «Խաղաղության պայմանագրի» սցենարին, թերեւս նաեւ քաջ գիտակցելով, որ դրա վերջնարդյունքը կարող է լինել ռուսական զինուժի՝ Հայաստանում մնալու նպատակահարմարության թեմայի օրակարգ գալը: Նաեւ հաշվի առնելով, որ ամերիկացիներն էլ իրենց հերթին անշուշտ պարապ նստած չեն:
Քերոբ Սարգսյան
www.iravunk.com
դեպի ետ