
«ԳՈԲԼԻ ՊԼԱՆԻ» ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Քոչարյանի նախագահության օրոք անփոփոխ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, թվում էր թե այս ընտրություններում պետք է չհապաղի՝ օժանդակության խոսք ասել նախկին նախագահի օգտին: Բայց ոչ, Օսկանյանի ձայնը չլսվեց: Իսկ թե ինչու, թերեւս բացատրում է նախօրեին նրա հրապարակային ելույթը, ավելի կոնկրետ, թե որտեղ այն հնչեց. իր իսկ հիմնած՝ ընդգծված արեւմտամոլ աղբյուրում: Իսկ դա առաջին հերթին խոսում է Օսկանյանի՝ առնվազն նույնքան ընդգծված աշխարհաքաղաքական հայացքների, եթե ոչ հանձնարարություն կատարելու մասին: Դե, եթե Քոչարյանն էլ ընտրություններում հանդես էր գալիս ՌԴ-ի հետ հարաբերությունների նույնքան ընդգծված դիրքերից, խոստանում էր առաջին տեղով ընտրվելու դեպքում Հայաստանից վտարել արեւմտամոլ «շպիոնական» կառույցներին, էլ Օսկանյանը կօժանդակե՞ր նրան: Չնայած, այդ օժանդակությունը բան չէր էլ տալու, հարցի բարոյական կողմի մասին ենք խոսում:
ՕՍԿԱՆՅԱՆԸ ԴԵՌ ՈՂՋ Է
Այլ հարց է, թե ինչո՞ւ ամերիկյան Ֆլետչերի դիվանագիտական դպրոցի նախկին սան եւ Հայաստանում մի ամբողջ «շպիոնական» համակարգի հիմնադիր Օսկանյանը հանկարծ որոշեց իր մասին հիշեցնել: Դա հետաքրքիր է թեկուզեւ այն տեսանկյունից, որ Օսկանյանը հազիվ թե լռեր-լռեր ու հանկարծ որոշեր նման ելույթներ ունենալ: Հասկանալու համար նախ տեսնենք, թե ի՞նչ է ասում: Այսպես, Վարդան Մինասիչը սկսում է այն մարտահրավերները ներկայացնելուց, որոնց առաջ կանգնած է Հայաստանը՝ ընտրություններից հետո՝ նախ ֆիքսելով. «Ադրբեջանն իր օրակարգը ձեռքին պատրաստ սպասում է Հայաստանում ներքաղաքական զարգացումների հարմար պահի, որպեսզի այն դնի սեղանի վրա: Այդ օրակարգը հնարավորինս կարճ ժամկետում իրականացնելու համար Բաքուն փորձելու է օգտագործել հնարավոր բոլոր լծակները՝ օգտվելով Հայաստանի պաշտպանական եւ բանակցային թուլացած դիրքերից...»: Իսկ «Ադրբեջանի օրակարգ» ասելով՝ Օսկանյանը նկատի ունի նախ սահմանազատման՝ «դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հավանական փաստաթուղթը, որն առնչվելու է նաեւ անկլավների հարցին»: Դրան հաջորդում է՝ «Ադրբեջանից դեպի Նախիջեւան ճանապարհի/միջանցքի հարցը», որը Օսկանյանը թեեւ համարում է «նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթ», սակայն նրա խոսքում արդեն իսկ մեկ էական տարօրինակություն հնչում է: Այսինքն, նոյեմբերի 9-ի համաձայնագրում ոչ մի միջանցք էլ չկա, այնտեղ խոսվում է բացառապես ճանապարհների վերագործարկման մասին, ընդ որում, ոչ միայն Ադրբեջան-Նախիջեւան ուղու, այլ բոլոր ճանապարհների: Վերջապես, երրորդ փաստաթուղթ-մարտահրավերը, որն ազերիների օրակարգում է, դա «հայ-ադրբեջանական խաղաղության եւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման հավանական համաձայնագրի ստորագրման հարցն է»: Ընդ որում, Օսկանյանը միանգամայն տեղին է համարում, որ այս վերջին՝ «Խաղաղության համաձայնագիրը կամրագրի Լեռնային Ղարաբաղի վերջնական կորուստը»: Չնայած, ընդհանուր առմամբ, նշված երեք փաստաթուղթն էլ. «Շատ լուրջ մարտահրավեր են Հայաստանի համար...»: Նաեւ, որ վերջնական՝ «Խաղաղության համաձայնագրի» հետ էլ կապվելու է ճանապարհների հարցը. «Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան սահմանների բացումը եւ կոմունիկացիաների գործարկումը կապվելու է նաեւ այս փաստաթղթի ստորագրման հետ»: Ընդ որում, ըստ Օսկանյանի, Նիկոլը գնալու է այդ ուղղությամբ. «Տպավորություն է, որ հայկական կողմը պատրաստ է ներգրավվել այս գործընթացներին»: Ճիշտ է, Օսկանյանն առաջարկում է գոնե սեփական օրակարգը հակադրել, այդ թվում՝ նվազագույնը լուծել ռազմագերիների եւ Հայաստան ներխուժած ազերիներին հետ քաշելու հարցը, հասնել նախկին ԼՂԻՄ-ի սահմանների վերականգնման, եւ «Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների վերսկսման՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման համար»: Բայց նաեւ ակնարկում է, որ այդ դեպքում հնարավոր է պատերազմի վերսկսում. «Բացառված չէ, որ նման դիրքորոշումների դեպքում հակառակորդը գայթակղություն ունենա վերսկսելու ռազմական գործողությունները...»: Բայց ոչինչ, հուշում է Օսկանյանը, պատերազմը թող չվախեցնի. «Պատերազմի վախը մեզ չպետք է ստրկացնի կամ ամուլ դարձնի: Կարճ ասած. «Հայկական օրակարգի վերոնշյալ ձեւավորումը... մեր պետության այսօրվա գլխավոր հրամայականն է»:
Այսպիսով, ընդհանրական իմաստը սա է. Ադրբեջանը ներկայացնում է Հայաստանի համար միանգամայն վտանգավոր օրակարգ, եւ թվարկված ուղղությունների հարցում, իհարկե, Օսկանյանը ճիշտ է: Իսկ դրանից հետո նա այս երկընտրանքն է առաջարկում՝ կա՛մ Նիկոլը պետք է ստորագրի, կա՛մ էլ... Չնայած, այս երկրորդ «կամ»-ը իրականում չկա. Օսկանյանն առաջարկում է ինչ-որ անողնաշար օրակարգ, այն էլ՝ պատերազմի ռիսկով, որի վերջնարդյունքը նույնն է՝ Նիկոլը պետք է ստորագրի: Ավելի կարճ ասած՝ փորձում է դիվանագիտություն խաղալով համոզել՝ այլ տարբերակ չկա, պետք է ստորագրել:
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ՝ ՆՈՐՈՎԻ
Թե ինչու է Օսկանյանը նման «հույժ հայրենասիրական խորհուրդներ» տալիս, դեռ կհասնենք: Սակայն նախ ընդգծենք նրա այդ ճառում առկա հիմնական սխալը, ավելի ճիշտ՝ «աֆյորան»,առանց որի իրավիճակը միանգամայն այլ երանգավորում է ստանում: Այսպես, Օսկանյանը, խոսելով Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին, ըստ էության, փորձում է այն տպավորությունը ստեղծել, թե այս ամենի մեջ այլ մասնակից չկա: Համենայնդեպս, նրա ելույթում բառ անգամ չկա Ռուսաստանի մասին, որի բանակը գործում է Հայաստանում եւ Արցախում եւ որն իր բոլոր շահերով եւ ծրագրերով հանդերձ, այս ամբողջ պատմության մեջ շատ ավելի ծանրակշիռ գործոն է, քան Թուրքիան: Բառ անգամ չի խոսում Իրանի մասին, որը եւս, թեեւ ոչ առաջին պլանում, այնուամենայնիվ, համառորեն իր տեսլականն է առաջ տանում: Ու ամբողջ հարցն այն է, որ եթե այս երկու ուժը հաշվի չես առնում, այսինքն՝ հակամարտությանը նայում ես Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա, այսինքն՝ երբեմնի «Գոբլի պլանի» պրիզմայով, ապա «Նիկոլը պետք է ստորագրի» լուծումը միգուցե մնում է միակ տարբերակը: Սակայն ՌԴ-ի ու Իրանի գործոնը հաշվի առնելու դեպքում փաստն այն է, որ Հայաստանն Օսկանյանի նկարագրած՝ հիշատակված անողնաշար օրակարգի փոխարեն շատ ավելի ծանրակշիռ քայլերի հնարավորություն ունի: Բնականաբար, ճիշտ քաղաքականության շնորհիվ, եւ հիմա ամբողջ հարցը հենց դա է՝ այդ ճիշտ քաղաքականությունը կիրականացվի՞: Ու հենց այս վերջին հարցադրման մասով է, որ Օսկանյանի հայտարարությունը հետաքրքիր տեսք է ստանում: Երբ սույն ամերիկահպատակն իր խոսքից բաց է թողնում ռուսներին եւ պարսիկներին, դա նաեւ Նիկոլին ուղղված առաջարկի է նմանվում, որ նա գործնական տեսանկյունից հետեւի իր առաջարկին: Մոտավորապես այսպես. քանի որ «հայկական կողմը պատրաստ է ներգրավվել այս գործընթացներին», ուրեմն թող ներգրավվի, էլ ինչ է դանդաղում: Ընդամենը պետք է ձեւ տալ, թե Օսկանյանի նկարագրած 4 կետանոց օրակարգն է առաջ տարվում, «հերոսաբար» դրա մի մասը, օրինակ՝ ռազմագերիների թեման հաղթահարել, եւ վերջ, կարելի է ստորագրել: Իսկ հայ ժողովրդին, համենայնդեպս՝ Նիկոլի ընտրազանգվածը հանդիսացող հատվածին դժվար չէ համոզելը, թե միակ տարբերակն էր, քանի որ հակառակ դեպքում պատերազմ է լինելու: Ընդ որում, եթե հաշվի ենք առնում, որ պատերազմով վախեցնելու բլեֆը դեռ նախընտրական փուլում կար նաեւ Նիկոլի մոտ, գալիս ենք այն տպավորությանը, որ նա եւ ամերիկահպատակ Օսկանյանը նույն բանի մասին են խոսում: Պարզապես ընտրություններն ավարտվեցին, ու ահա վայրկյան առաջ Նիկոլին շնորհավորել շտապող Արեւմուտքը նաեւ Օսկանյանի շուրթերով է հիշեցնում, թե որն է այդ շնորհավորանքների եւ ընտրական փուլում «հավկուրության», այդ թվում՝ աջուձախ «չաքուջ» թափահարելը չտեսնելու իրական իմաստը:
ՌՈՒՍՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Բայց եթե Արեւմուտքն այդքան շտապում է Նիկոլին շնորհավորելու եւ թուրք-ազերիական տանդեմի հետ սեպարատ պայմանավորվածությունների մղելու հարցում, ապա Մոսկվան գոնե երեկվա դրությամբ լուռ էր: Այն դեպքում, երբ Պուտինը, որպես կանոն, դաշնակից երկրներում համապետական ընտրությունների հենց հաջորդ օրն է շնորհավորանք հղում: Բայց ահա Նիկոլի դեպքում հաջորդ օրը բավարարվեցին ՌԴ նախագահի խոսնակի մակարդակով ընդամենը ֆիքսել, թե նկատել են, որ Հայաստանում ընտրություններ են եղել: Իսկ ահա նախագահի մակարդակով շնորհավորանք, իհարկե, ի վերջո, կլինի: Միայն թե այս ուշացումն արդեն իսկ ակնարկ է, որ շարունակում են հարաբերություններն ընդամենը «չոր» պաշտոնական մակարդակի վրա թողնել: Ու դրա հետ մեկտեղ, նախօրեին ՌԴ նախագահը հարկ համարեց հերթական անգամ պաշտոնապես հայտարարել, որ պատերազմական զինադադարը կնքվել է եւ պահպանվում է հենց ՌԴ-ի առանցքային դերակատարմամբ, որը պարզ հիշեցում է, Մոսկվան նաեւ հայ-ադրբեջանական զարգացումներում է տեսել եւ տեսնում գլխավոր դերակատար, ինչքան էլ որ Ադրբեջանը Թուրքիայի հետ «Շուշիի համաձայնագիր» է ստորագրել: Ավելին, այդ համաձայնագրի հարցով եւս Բաքվին ուղղված նախազգուշական մեսիջների պակաս չկա, այդ թվում՝ ինչպես պաշտոնական, այնպես էլ փորձագիտական մակարդակով: Օրինակ, Ստանիսլավ Տարասովը, խոսելով Ալիեւի եւ Էրդողանի մշտական դարձած հայտարարություններից՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին, նախ հիշեցնում է, որ նման հասկացություն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գոյություն չունի: Կա միայն ճանապարհների վերագործարկման գաղափարը, եւ քանի որ խոսքը Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի մասին է, ապա. «Ինչպե՞ս կարող են նրանք լուծել Հայաստանի խնդիրը առանց հայերի մասնակցության»: Ինչ վերաբերում է Ադրբեջանում թուրքական բազա տեղակայելու խնդրին, սրա հետ կապված Տարասովը հիշեցնում է. «Դա անհեթեթություն է, դրանք չեն լինի: Բազան հայտնվում է երրորդ պետության կողմից սպառնալիքի առկայության դեպքում: Ո՞վ է հիմա սպառնում Ադրբեջանին: Ոչ ոք: Դրդապատճառ չկա...»: Ու դժվար չէ կռահել, որ պաշտոնական խողովակներով եւս Մոսկվան այդ դիրքորոշումը դնում է Բաքվի առաջ: Այդ մասին է մասնավորապես հուշում նախօրեին կայացած Լավրովի եւ Բայրամովի հեռախոսազրույցը, որի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ֆիքսվում է, որ հիմնական շեշտադրումն արվում է հենց նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների վրա: Իսկ այն, որ Բայրամովը դրանից հետո սկսեց խոսել ճանապարհների վերագործարկման հարցով փոխվարչապետների եռակողմ խմբի աշխատանքներ վերսկսելու մասին, գալիս է հուշելու, որ Բաքուն հազիվ թե կարողանա Մոսկվայից եկած այդ բոլոր մեսիջները մի կողմ նետել, ինչքան էլ որ Էրդողանն ավելի մարտաշունչ տրամադրությունների մեջ է: Վերջապես, որքան էլ որ ամերիկացիները տարաբնույթ օսկանյանների միջոցով փորձեն Նիկոլին տրամադրել սեպարատ փաստաթղթերի ստորագրման ուղղությամբ, նա եւս հազիվ թե կարողանա աչքաթող անել Մոսկվայից եկած այդ բոլոր նախազգուշացումները:
Քերոբ Սարգսյան
www.iravunk.com
դեպի ետ