
ԼՏՊ-Ն ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ՆԻԿՈԼՆ ԻՐ ԾՐԱԳԻՐՆ Է ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵԼ
Դեռ անցած տարվանից ակնհայտ էր, որ Նիկոլի քաղաքական կնքահայր Լեւոն Տեր-Պետրոսյանը, նիկոլյան իշխանության մեջ ունենալով էական մասնաբաժին, այնուամենայնիվ, սկսել է իր «հոգեզավակից» հրապարակավ տարանջատվելու փորձեր կատարել: Այն, որ հիմնական նպատակը Նիկոլին բաժին հասնող անմաքրելի կեղտից հեռու մնալն էր, էն գլխից էր ակնհայտ:
ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ Է ՆԻԿՈԼՅԱՆ ՈՃՈՎ
44-օրյա պատերազմում Նիկոլին բաժին հասնող կեղտը բազմապատկվեց, եւ ԼՏՊ-ն դարձավ իր «հոգեզավակին» ամենակատաղի քննադատողներից մեկը, քանիցս առիթ ունեցանք ընդգծել, որ գործում է նույն տրամաբանությունը՝ «քյարթու աղվեսը» պարզապես այդ քայլով իրեն հեռու է պահում «մրոտվելուց»: Բայց որ գործ ունեինք սովորական խաղի հետ, դա եւս պարզ էր. ի վերջո, Նիկոլը 44-օրյա պատերազմում արեց այն, ինչ Լեւոնը քարոզում էր դեռ 1997թ.-ին: Եվ ահա երեկ ԼՏՊ-ն, իր հերթական «դարակազմիկ» հրապարակմամբ, հիմնավորեց ասվածը: Այսպես, թերեւս նաեւ նախընտրական իրողությունները հաշվի առնելով, ԼՏՊ-ն սկսեց բացել փակագծերը: Քարոզի էությունը սա է. «Փաշինյանը պարտության միակ պատասխանատուն չէ»,- պնդում է ԼՏՊ-ն՝ իր միտքը տանելով այս ուղղությամբ. «1997 թվականից ի վեր՝ Հայաստանի բոլոր կուսակցությունները, բացի ՀՀՇ-ից, վիժեցնելով փոխզիջումային լուծման ամենանպաստավոր հնարավորությունը, որդեգրեցին ստատուս-քվոյի պահպանման ու փոխզիջումների մերժման կործանարար ուղեգիծը: Այն դարձավ ՀՀ հաջորդ վարչախմբերի պետական մակարդակի բարձրացված քաղաքականություն, հասցնելով այն աղետին, ինչում նրանք այսօր մեղադրում են միայն Փաշինյանին...»:
Կարճ ասած, ըստ Լեւոնի, այս պարտության հարցում մեղավոր են իրեն հաջորդած իշխանությունները, բոլոր նրանք, ովքեր «հայդատականությունը, պահանջատիրությունը եւ ոչմիթիզականությունը դարձրել էին հայության ազգային դավանանքը...»:
Իսկ «մեղավորների» ցանկը սկսվում է Վազգեն Սարգսյանից, բայց ցանկանալով հիմնական սլաքներն ուղղել «ղարաբաղյան կլանի» դեմ, ԼՏՊ-ն «մեծահոգաբար» այս թեզն է առաջ տանում. «Վազգենը, թեեւ ուշացած, զգաց իր սխալը եւ փորձեց այն ուղղել Կարեն Դեմիրճյանի հետ կնքած դաշինքի միջոցով: Հավատացած եմ, որ այդ դաշինքը, Վազգեն Սարգսյանի կողմից իր սխալի վերագնահատմամբ, զուգակցված Կարեն Դեմիրճյանի իմաստնությամբ, կարող էր ղարաբաղյան կարգավորման գործընթացը վերադարձնել իրատեսական հուն...»: Թե որն է այդ «իրատեսական հունը», ըստ ԼՏՊ-ի, 1997թ.-ից էր հայտնի՝ Արցախը եղած-չեղածով տալ ազերիներին՝ չգիտես ինչի դիմաց: Եվ ի՞նչ, փորձում է համոզել, թե երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը կո՞ղմ էին դրան, եւ միայն «Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը վերջ դրեց այդ հուսադրող զարգացմանը»: Այն, որ նման սրբապղծության Նիկոլը կգնար առանց աչք թարթելու, հայտնի էր: Բայց թե ինչու զգուշավոր եւ Նիկոլից անհամեմատ ավելի խելամիտ ԼՏՊ-ն եւս նիկոլյան գործելաոճը որդեգրեց, սա հասկանալ է պետք: Այն, որ ԼՏՊ-ն ինչպես 1997թ.-ին, այնպես էլ ներկայումս նույն դավաճանական ուղու մեջ է, եւ նրա այս քարոզները կոպեկի արժեք չունեն, դժվար չէ հասկանալ: Այսպես, այն ժամանակ ամեն մի ազգայինը «կեղծ կատեգորիա» համարելով, եւ հիմա էլ նույն վերաբերմունքը դրսեւորելով Հայ դատի, պահանջատիրության եւ Արցախի ազատագրման նկատմամբ, ԼՏՊ-ն «մոռանում» է մեկ պարզ հարցի պատասխանել. եթե նա դեմ է, սխալ կամ անհնար էր համարում Հայաստանի հետ Արցախի վերամիավորումը, դեռ 1988թ.-ին ի՞նչ էր անում «Ղարաբաղը մերն է» կարգախոսի ներքո համազգային շարժումը ղեկավարող «Ղարաբաղ» կոմիտեում: Այսինքն, նա այդ կոմիտեի ղեկավար կազմում էր, սակայն սխալ կամ անհնա՞ր էր համարում վերամիավորումը: Այսինքն, բոլորին խաբելով` «Ղարաբաղ» կոմիտեի անդա՞մ էր դարձել: Թե այդ փուլում նա հավատում էր, որ հնարավոր է վերամիավորումը, բայց հետո հասկացավ, որ՝ ոչ. այս դեպքում թող նախ խոստովանի, որ անհասկացողի մեկն էր, ու չնայած դրան, հանդգնել էր համազգային շարժում ղեկավարել: Իսկ եթե ոչ, խելքը տեղն էր, բայց չհավատալով «Ղարաբաղը մերն է» կարգախոսին, շարժման առաջնորդներից մեկն էր դարձել, կնշանակի, որ այդ պահին էր խաբում ժողովրդին: Չնայած, եթե հիշեցնենք այն պատմությունը, թե ինչպես ԼՏՊ-ին խցկեցին «Ղարաբաղ» կոմիտե, իրականում այդ «ներդրման» պահից ում օգտին էր աշխատում, ամեն ինչ տեղը կընկնի:
«ԼԱՄՈՒԿԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ»
Կարճ ասած` այն, որ լինելով «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարներից մեկը, նա էն գլխից էր դեմ վերամիավորմանը, բայց կոմիտեի «տրամպլինն» օգտագործելով, դարձավ (դարձրին) ՀՀ առաջին նախագահ, դեռ 1991-92թթ.-ից ենք պնդում եւ մինչ այժմ մնում ենք այդ համոզմունքին: Նաեւ այն, որ հենց ԼՏՊ-ն (տերերը), նախ 1999թ.-ի, ապա՝ 2008թ.-ի չհաջողված հեղաշրջումից հետո վերարտադրվեց Նիկոլի միջոցով: Ու հենց Լեւոնն էլ իր այդ հերթական խայտառակ հոդվածով նույնն է ապացուցում՝ ներկայացնելով իր այս պատկերացումները. «Դժբախտաբար, թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում տիրող հետպատերազմյան հռետորաբանությունը կրկին հագեցած է արտաքին աշխարհից աջակցության սին ակնկալիքներով, Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ շարունակվող հոխորտանքներով ու վրեժխնդրության անլուրջ, եթե ոչ վտանգավոր սպառնալիքներով... Իմ կյանքում ես միայն մի քանի խորաթափանց մարդկանց եմ հանդիպել, որոնք դեռեւս տասնյակ տարիներ առաջ, խորհրդային ժամանակներում, Հայաստանի ապագան պատկերացրել են մեր նախկին սխալները չկրկնելու եւ հարեւան ժողովուրդների հետ հաշտ ու խաղաղ ապրելու հեռանկարում...»:
Այսպիսով, նույն քարոզն է, ինչ իր իշխանության տարիներին՝ «ձերբազատվել Ղարաբաղից, բացել սահմաններն թուրք-ազերիների առաջ, առեւտուր անել, ու լավ կապրենք»: Բառացիորեն նույնը, ինչ արեց ու դեռ անում է Նիկոլը: Միայն թե Լեւոնը նորից «մոռանում» է ասել, որ դա Հայաստանին ոչ թե լավ, կուշտ ու ապահով կյանք է խոստանում, այլ` կործանում: Այն պարզ պատճառով, ինչը դեռ էն ժամանակներում էր ակնհայտ, իսկ հիմա տեսան անգամ ամենամոռելանդ նիկոլականները. Արցախը վերցնելով` թուրք-ազերիական տանդեմը հիմա էլ Սյունիքն է պահանջում: Ու կպահանջեր 1997թ.-ին, եթե Լեւոնին հաջողվեր այն ժամանակ Արցախը հանձնել:
ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ
Թե իրականում ինչ էր դեռ այն ժամանակ ասում ԼՏՊ-ն, եւ ինչ արեց Նիկոլը, ում օգտին էր այս երկարաժամկետ խաղը, դժվար չէ հասկանալ: Այդ ծրագիրը ժամանակի ընթացքում հայտնի է եղել տարբեր անվանումներով՝ «Գոբլի պլան, պանթյուրքիզմ, Զանգեզուրի միջանցք» եւ այլն: Էությունը սա է՝ ստեղծել Կասպից ծովից Ադրբեջանով եւ Հայաստանով Թուրքիա հասնող միջանցք, որը կդառնա Ռուսաստանի եւ Իրանի համար պատնեշ: Ո՞վ կվերահսկի այդ միջանցքը: Տեսանելի վերակացուն, իհարկե, Թուրքիան է: Ոչ տեսանելի վերակացուներն այն ուժերն են, որոնք արդեն 200-300 տարի ամեն ինչ անում են ռուսներին հարավային ուղղությունից կտրելու համար: Թե կոնկրետ ում մասին է խոսքը, ապա դժվար չէ պատկերացնել, ելնելով թեկուզեւ այն պարզ փաստից, որ Ալիեւն արդեն իսկ սկսել է Արցախի գրավյալ տարածքներ ներգրավել բրիտանական բիզնեսը: Սրան էլ ավելացնենք մի շարք պարզագույն փաստեր, օրինակ, բրիտանական ու թուրքական հետախուզության համատեղ շպիոնների առատությունը մեր երկրում, նույն արեւմտյան փողերով Լեւոնի՝ 2008թ.-ի եւ Նիկոլի՝ 2018թ.-ի «հեղափոխությունների» ֆինանսավորումը, Հայաստանում Լոնդոնից եկած «նախագահի» առկայությունը, եւ այդպես շարունակ: Չէ, խնդիրն այն չէ՝ ռուսներն են լավը, թե՝ Արեւմուտքը. դա գլոբալ քաղաքականության թեմա է: Պարզապես, այդ գործընթացների արդյունքում է, որ Արեւմուտքը Թուրքիայի համար նախատեսել է հայաստանյան ուղղությամբ վերակացուի կարգավիճակ, ու եթե դա հաջողվի, նաեւ Արեւելյան Հայաստանը չի լինի, ինչպես ոչնչացվեց Արեւմտյան Հայաստանը: Պետք է «հարեւան ժողովուրդների հետ հաշտ ու խաղաղ ապրել», քարոզում է Հայաստանի համար թիվ 1 աղետ եղած եւ մնացած ¥Նիկոլը սովորական կատարածուից այն կողմ չի անցնի¤ ԼՏՊ-ն: Իսկ մեր արեւելյան եւ արեւմտյան հարեւաններն ուզո՞ւմ են մեզ հետ «հաշտ ու խաղաղ ապրել», թե՞ պահանջում են Սյունիքը, Սեւանն ու Երեւանը, «քյարթու աղվեսը» երբեք այս հարցին չի անդրադառնում:
Ե՞ՐԲ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ԵՂԵԼ ԱՌԱՎԵԼ ԿԱՅՈՒՆ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի (1991-97թթ.) օրոք հայ-ադրբեջանական շփման գծում զոհերի թիվը կազմել է որոշ հաշվարկներով մոտ 7 հազար: Այլ գնահատականներով՝ մինչեւ 10 հազար, այդ թվում մոտ 500-ը՝ 1994թ. զինադադարից հետո: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք (1998-2008թթ.) զոհերի թիվը Հայաստանում եւ Ացախում, ըստ պաշտոնական տվյալների, կազմել է 92: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք (2008-2018թթ.) ունեցել ենք 228 մարտական կորուստ: Այս զոհերից 86-ը արձանագրվեց Ադրբեջանի սադրած Ապրիլյան պատերազմի ընթացքում: Զոհերի թվի որոշակի աճ կար նաեւ նախապատերազմյան եւ հետպատերազմյան սրացումների փուլում: Մյուս տարիների թվերը գրեթե համադրելի են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածի հետ: Նիկոլ Փաշինյանի օրոք մարտական կորուստները, շրջանառվող լուրերով, անցնում են 5 հազարը: Այլ վերլուծությունների համաձայն՝ հասնում են մինչեւ 7-8 հազարի: Ընդ որում` մինչ պատերազմը՝ 2018թ.-ին ունեցել ենք 7, 2019թ.-ին՝ 4 զոհ, ինչը համադրելի է Ռ.Քոչարյանի կառավարման եւ Ս.Սարգսյանի կառավարման մինչպատերազմյան ցուցանիշների հետ: Այսպիսով, փաստն այն է, որ հայ-ադրբեջանական շփման գիծն առավել հանդարտ է եղել երկրորդ եւ երրորդ նախագահների օրոք, երբ ազերիների ամեն մի գործողության արժանի պատասխան է տրվել: Մինչդեռ, ինչքան Լեւոնն ու Նիկոլը թրքասիրական հակումներ են դրսեւորել, այդքան ավելացել են մեր սահմանային կորուստները: Բայց եթե Լեւոնի ժամանակ հաղթական պատերազմ եղավ, եւ դա կրած կորուստներն անիմաստ չէր դարձնում, ապա 44-օրյա պատերազմում մեր հազարավոր զոհերը «հանուն ոչնչի էին», ինչպես ասում էր Աննա Հակոբյանը:
ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍԸ
Այսպիսով, ինչո՞ւ ԼՏՊ-ն որոշեց հիշեցնել, որ ներկա վիճակի միակ պատասխանատուն Նիկոլը չէ, նա ընդամենը լեւոնյան երբեմնի ծրագրերն ավարտին հասցնողն է: Այսինքն, որ այս ամենի ակունքներում անձամբ ինքը՝ ԼՏՊ-ն է կանգնած: Հասկանալու համար նախ փորձենք տեսնել՝ իսկ ո՞ւմ է այդ միտքը փորձում հասցնել: Թերեւս՝ ոչ ռուսներին, նրանց ԼՏՊ-ն ամեն կերպ համոզում է, թե ինքը հիմա խեղճ ու կրակ թոշակառու է, քաղաքականությունից հեռու: Իսկ այ, Արեւմուտքին երբեմնի ծառայությունները հիշեցնելը միգուցե տեղին է: Ի վերջո, ԼՏՊ-ն լավ գիտակցում է, որ անկախ նրանից, թե ով է «թուրքի հետ եղբայրության» տեսլականի ակունքներում կանգնած, մեկ է, դա կյանքի կոչողը Նիկոլն էր: Բայց կիսատ-պռատ. «Զանգեզուրի միջանցքի» փոխարեն՝ կա Արցախում եւ Սյունիքում ռուսական զորքերի տեղակայման փաստը, որը ճեղքելու հերթական փորձը եւս ձախողվեց: Իսկ եթե ռուսներն այդ դիրքերը վերջնականապես ամրապնդեն, ապա ռուսների եւ պարսիկների միջեւ պատնեշ ստեղծելու գաղափարի իրականացումը կհետաձգվի անորոշ ժամանակով: Առավել եւս, երբ արդեն ամերիկացիներն են տրտնջում, թե իրենց ռուսները, պարսիկները, վերջապես՝ չինացիները նաեւ Մերձավոր Արեւելքից են քշում: Ու ահա ընտրությունների շեմին ԼՏՊ-ն էլ հիշեցնում է՝ խաղադրույքներն իմ վրա կատարեք, Նիկոլն ամեն ինչ կփչացնի: Չնայած, Լեւոնին էլ կարելի է «հասկանալ». սա նրա վերջին շանսն է, ու եթե բան չստացվեց, ապա պարզ ուրվագծվելու է «պատմության աղբանոցը»: Եվ միգուցե ոչ միայն դա:
Քերոբ Սարգսյան
www.iravunk.com
դեպի ետ