
ՊԱՀԸ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ Է` ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՊԵՏՔ Է ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԱՍԵՑՎԻ. Բաբուխանյան
Նկատի ունենալով Հայաստանի սահմանների շուրջ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը` «Հայ Ազգային կոնգրեսը»` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, հայտարարել է, թե բողոքի ցույցերը ակնհայտորեն ավելի են թուլացնում Նիկոլ Փաշինյանին եւ ստացվում է, որ քաղաքական ուժերը նպաստում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը։ Ըստ ՀԱԿ-ի եւ Տեր-Պետրոսյանի, այս պահին ընդդիմադիր բոլոր ուժերի նպատակը պետք է լինի ոչ թե ներքին ցնցումների հրահրումը, այլ Փաշինյանի իշխանության պարտությունն առաջիկա ընտրություններում: Այս եւ ներքաղաքական մի շարք հարցերի շուրջ «Ուրբաթ իրիկուն» հաղորդման շրջանակում «Իրավունք TV»-ին զրուցել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:
– Ինչպե՞ս հասկանալ այս պարադոքսը` մի կողմից ՀՀ առաջին նախագահն ասում է, թե առաջիկա ընտրություններին պետք է Փաշինյանի իշխանությանը պարտության մատնել, մյուս կողմից էլ հակասում ինքն իրեն` ասելով, որ մի քննադատեք ու մի թուլացրեք Նիկոլին:
– Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը մեզ հայտնի է: Նա Նիկոլի գաղափարական հայրն է, վերջինս էլ իր հետեւորդն է, ինչը հայտնի է բոլորին: Հասկանալի է, որ այսօր Լեւոնը մտնում է քաղաքական նախընտրական փուլի մեջ հենց նրա համար, որպեսզի իրենց ընդհանուր գաղափարախոսությունը թույլ չտա, որ պարտվի: Իսկ երբեմն-երբեմն Լեւոն-Նիկոլ ձեւական իբր հակասությունները պայմանավորված է նրանով, որ ինչ-որ բան իրար մեջ չեն կիսել կամ գուցե Նիկոլը մեկ-մեկ մոռանում է, որ ինքը քաղաքական առումով Լեւոնի ժառանգորդն է ու փորձում է ավելի բարձր տոնով խոսել նրա հետ: Օրինակ, հիշեցնելով, որ Լեւոնը կեղծել է մի շարք ընտրություններ` 1995-96 թթ.-երին: Բայց դժվար պահին Լեւոնը եկավ օգնության իր հոգեւոր զավակին եւ հիմա փորձում է կանխել Նիկոլի դեմ զանգվածային բողոքները: Ստեղծված իրավիճակն իսկապես բարդ է. այսօր մի կողմից մեր սահմաներում ակնհայտ նախապատերազմական վիճակ է, մյուս կողմից անց է կացվում ընտրական գործընթաց: Եվ չի կարող լինել նախընտրական գործընթաց` առանց մեկը մեկի դեմ ինչ-որ դրսեւորւմների` մի քաղաքական ուժը մյուսի դեմ, ընդդիմությունը` իշխանության, իշխանությունն` ընդդիմության: Ինչպես տեսանք, երեկ Նիկոլն Ազգային ժողովում իրեն բնորոշ չկշռադատված ու մերկապարանոց հայտարարություններ էր անում, թե ամբողջ ընդդիմությունը օգնում է Ադրբեջանին: Պետք է ենթադրենք, որ նա ունի նյարդային համակարգի հետ խնդիրներ, եթե չի կարողանում տիրապետել իրեն եւ քիչ, թե շատ քաղաքակիրթ կերպով վարել երկխոսություն կամ` պարզապես, պատկերացում չունի օրիանականության, իրավական պետության եւ ժողովրդավարության մասին: Ի վերջո, ամբողջ ընդդիմությունն ամբողջ քաղաքական դաշտն է` բացի իշխանությունից: Իհարկե, ոմանք ասում են` հոգեկան խնդիրներ ունի մարդը, ի՞նչ եք ուզում, բայց շարունակում ենք անհանգստանալ, որ նման խնդիրներով մարդը շարունակում է ղեկավարել երկիրը: Ամեն օր հող է հանձնում, երկիրը կործանման է տանում, հետեւապես այս վիճակում ի՞նչ ընտրություն: Այո՛, համաձայն եմ, որ ստեղծված իրավիճակը կարող է վնասել ընդանուր գործին, բայց ներքաղաքական պայքարի խնդիրը դրել է Նիկոլը: Նա է որոշել, որ պետք է շատ արագ անցկացվեն արտահերթ ընտրություններ` անգամ կարգի չբերելով երկրում նախընտրական մթնոլորտը, որը պետք լինի բավականին հանգիստ, որպեսզի դու կարողանաս անցկացնել նորմալ ընտրություններ: Այսօր սահմաններում անհանգիստ է` այն աստիճանի, որ թշնամին ներխուժել է մեր տարածք եւ շատ նվաստացուցիչ տեսարանների ենք ականատես լինում, իսկ Արցախում կատարվում են շատ վտանգավոր գործընթացներ: Այո՛, այս ամենը թուլացնում է մեր պետականությունը, որն առանց այդ էլ Նիկոլի ջանքերով, կարելի է ասել, հասցվեց զրոյական մակարդակի ու պետությունն ուղղակի կործանվեց: Դրա համար ճանապարհն այն է, որ այս ընտրությունների նախապատրաստական գործընթացը ժամանակավորապես կասեցվի եւ ստեղծվի ազգային փրկության եւ համաձայնության կառավարություն:
– Դուք ազգային փրկության եւ համաձայնության կառավարության ստեղծման անհրաժեշտության մասին բարձրաձայնում էիք նաեւ 44 օրյա պատերազմից առաջ...
– Սա երրորդ կրիտիկական պահն է, որ ես առաջարկում եմ ստեղծել այդպիսի կոալիցիոն կառավարություն, որտեղ ներկայացված կլինեն մեր երկրի բոլոր հիմնական քաղաքական խաղացողները: Առաջին անգամ այդ մասին բարձրաձայնել եմ դեռեւս 2019 թվականին, երբ ակնհայտ էր դառնում, որ Նիկոլը տանում է երկիրը կործանման, երկրորդ անգամ առաջարկս հնչեցրել եմ պատերազմից անմիջապես առաջ, որովհետեւ ակներեւ էր, որ պատերազմ է սկսվելու, եւ մենք պատրաստ չէինք այդ պատերազմին, ուստի` պետք էր ներքաղաքական մթնոլորտը փոխել եւ պատրաստել երկիրը պատերազմին, որպեսզի կարողանայինք դիմագարավել: Մինչդեռ չլսեց Նիկոլը, թուլացրեց երկիրը եւ հասցրեց պատերազմական վիճակի: Մենք կարողանում ենք եւ գիտենք ինչպես գնահատել իրավիճակը եւ տեսանք, որ վիճակը բարդ է եւ ներկայացրեցինք մեր առաջարկը: Ըստ էության, հիմա երրորդ անգամ ենք զգուշացնում, որ Ադրբեջանը` Թուրքիկայի, նրանց թիկունքում կանգնած Մեծ Բրիտանիայի եւ որոշ համաշխարհային ուժերի հետ միասին, փորձում են տանել մեր երկիրը պատերազմական վիճակի: Դրա նախանշանները կան, հետեւապես այսօր թուլացնել երկիրը ներքաղաքական այնպիսի գործընթացներով, ինչպիսին ընտրություններն են` այն էլ այսպիսի բեւեռացված վիճակում, ընդ որում` կապիտուլիացիայից հետո, երբ պետական ապարատը, որպես այդպիսին, չի աշխատում, այդ թվում` բանակը, տնտեսությունը եւ հանրային ինստիտուտները չեն գործում, իհարկե, շատ վտանգավոր է: Հետեւապես իմ կարծիքով` պետք է հետաձգել ընտրական գործընթացը` մինչեւ խաղաղվեն սահմանները: Եվ միանշանակ է, որ չպետք է թույլ տալ, որպեսզի նիկոլական իշխանությունը գաղտնի գործընթացներ իրականացնի: Մենք չենք վստահում եւ չենք էլ կարող վստահել, կապիտուլյանտին ո՞վ կարող է վստահել: Այնպես որ, շատ արագ ձեւավորելով կոալիցիոն կառավարություն, այս դեպքում` կարող ենք որոշ չափով մեղմել ներքաղաքական լարվածխությունը, եւ այն փոխարինել ազգային միասնության մթնոլորտով, որպեսզի դիմակայենք այն մեծ ու վտանգավոր մարտահրավերներին, որ ունենք այսօր: Երբ կխաղաղվի երկիրն ու մեր սահմանները, նոր կարելի է շարունակել մտածել ընտրությունների մասին:
Հ.Գ. Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.
Հրանտ Սարաֆյան
դեպի ետ