• am
  • ru
  • en
Версия для печати
22.05.2021

«ՀԱՅԱՍՊԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼԻ ՀՈՂԵՐ է ՀԱՆՁՆՈՒՄ»

   

Սյունիքի շուրջ եռացող իրավիճակի, խայտառակ պարտությունից հետո բանակի մարտունակության եւ ներքաղաքական զարգացումների շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք պահեստազորի փոխգնդապետ, «Հայրենիք» կուսակցության անդամ ՌԱԶՄԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:


«ԱՅՍ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓԱՍՏԱՑԻ ՈՉ ՄԻ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՉԻ ԿԱՏԱՐՎԵԼ»

– Պարոն փոխգնդապետ, Դուք մեր բանակը լավ գիտեք ներսից, հետաքրքիր է` ըստ Ձեզ, ստեղծված իրավիճակում մեր Զինված ուժերը մի՞թե չէին կարող դիմակայել ադրբեջանական ներխուժումներին, որ նրանք այսօր հանգիստ գտնվում են արդեն ՀՀ պետական սահմաններից ներս ու ստորացնում են մեր զինվորին:

– Արցախյան 44-օրյա պատերազմից հետո զարմանալին այն է, որ այս ամիսների ընթացքում փաստացի ոչ մի ինժեներական աշխատանք չի կատարվել, մինչդեռ մեր դիրքերը տեղափոխվել են հետ: Եվ բացի այդ, զարմանալի է, թե ինչպես է 250 ադրբեջանցի ներխուժել մեր սահման: Այդտեղ մենք զինվորներ, ԱԱԾ սահմանապահ զորքեր չունեի՞նք կամ եթե ունեինք, ինչո՞ւ չեն դիմակայել: Մեր բանակն ինչի՞ համար է կոչված, եթե պետք է թշնամին խախտի սահմանը, գա ու նստի մեր հող ու ջրի վրա: Նրանք արդեն սկսել են խրամատներ փորել, ինժեներական աշխատանքներ կատարել, իսկ մեզ մի շաբաթ է ասում են, թե բանակցություններ են տեղի ունենում: Ի՞նչ բանակցություն, ո՞ւր է մեր զինվորը, հրամանատարությունը: Ինձ թվում է` այդտեղ եղել է զորք, ուղղակի, քանի որ այսօր մեր բանակում չունենք ո՛չ պաշտպանության նախարար, ո՛չ ԶՈՒ շտաբի պետ, դրա համար էլ այս օրին ենք: Նախարարը եղած-չեղած մի հաշիվ է, իսկ շտաբի պետն աթոռն ապօրինի զավթած անձ է: Ի դեպ, հիշեցնեմ, որ երբ առաջին անգամ Արտակ Դավթյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանն անդրադարձել էր եւ նշել, որ բանակի ամենաանպատրաստ գեներալին եք նշանակել շտաբի պետ: Բայց նրան երկրորդ անգամ էլ նշանակեցին, որովհետեւ Նիկոլի ցանկացած ապօրինի հրահանգ եւ քմահաճույք կատարող է: Այնպես որ, երեւի հենց շտաբի պետն ու նախարարը թույլ չեն տալիս հրամկազմին, որ մեր զորքերը թշնամու առաջխաղացումը կասեցնեն, մարտի մեջ մտնեն կամ այլ քայլեր ձեռնարկեն:

– Իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հպարտորեն հայտարարում է, թե «մեր բանակը պաշտպանում է ժողովրդին, այլ ոչ թե ամայի որոշակի տարածքներ»: Ի՞նչ կասեք այս մասին:

– Փաստորեն, եթե թուրքը հասնի Երեւան, բանակը մենակ ազգաբնակչությա՞նը պետք է պաշտպանի: Թշնամին արդեն մեր պետության տարածքում է, սա նշանակում է, որ ազգաբնակչությունն արդեն պաշտպանված չէ: ՄԻՊ-ը փաստերով ներկայացրել էր, որ Շորժայում, ինչպես նաեւ Սյունիքի մարզում 50-ից ավել զինված ադրբեջանցիներ արոտավայրերում հովիվների վրա են հարձակվել: 5 րոպե ժամանակ են տվել, որպեսզի արոտավայրը կամ այդ անասնագոմերը լքեն, այլապես սպառնացել են սպանել, գերեվարել: Այնպես որ, իրենցքայլական պատգամավորների ցանկացած արտահայտություն մեկը մյուսից հակահայկական է: Նրանցից Անդրանիկ Քոչարյանն էլ անդրադառնալով թշնամու ներխուժմանը մեր տարածք` հայտարարում է, թե «ընդամենը մի հատ դիրք ա` չպահպանվող բարձունք», առաջխաղացում չկա: Այսինքն` մի բարձունքն իրենց համար հայրենիքի մաս չէ՞: Մեկը չկա՞, որ Անդրանիկ Քոչարյանին ասի` այդպիսի մի բարձունք էլ Լելե Թեփեն (Վարազաթումբ) էր Արցախում, որի համար հարյուրավոր զոհեր տվեցիք, ու խոսակցություններ էին շրջանառվում, որ հենց Նիկոլի կնոջ հրամանով է եղել, թե ինչքան զոհ ուզում եք, տվեք, բայց այդ բլուրը պետք է հետ բերել:


«ՎԵՑ ԱՄԻՍ Է ՄԵՐ ԲԱՆԱԿՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԵԼ»

– Իմքայլական մեկ այլ պատգամավոր` Ռուբեն Ռուբինյանն էլ սրտնեղում է` ասելով, թե իրենց «ինչում ասես` մեղադրեցիք, բա` լավ, Ալիեւը ոչ մի բանում մեղավոր չի՞»:

– Սա ընդհանրապես մարդու տրամաբանության մեջ չի տեղավորվում: Սրանք ավելի վիժվածք են, քան ադրբեջանցիները: Բացատրեմ` Ադրբեջանը մեր թշնամի պետությունն է, բայց փոխանակ այս իշխանությունը հակադարձի նրանց, մի հատ էլ հարց է բարձրացնում, թե մեղավոր չե՞ն: Նրանք ի ծնե մեղավոր են, Ադրբեջանն ամեն ինչում է մեղավոր, բայց դուք ձեր պատասխանատվությունն ուրիշի վրա մի՛ գցեք: Փառք մեր զոհված տղերքին, բայց Նիկոլը նույնիսկ նրանց վրա կարող է մեղավորություն գցել` միայն ինքն իրեն արդարացնի: Ի դեպ, Սյունիքի մարզպետն էլ հավաստիացնում էր, թե 250 ադրբեջանցի, պարզապես, մոլորվել են, մինչդեռ նրանք արդեն խրամատներ են փորում Վարդենիսի կողմում:

– Միտում տեսնո՞ւմ եք Սյունիքում ստեղծված անպաշտպան իրավիճակում: Կա տեսակետ, որ իշխանությունը վրեժ է լուծում` Նիկոլ Փաշինյանին հայտնի «սյունյաց ողջույնների» արժանացնելու համար:

– Դեռ 4-5 ամիս առաջ խոսակցություններ էին շրջանառվում, որ բոլոր ինժեներական աշխատանքները դադարեցվեն: Այսինքն` այդ ժամանակվանից եթե դադարեցրել են, ուրեմն` այս ապիկար, հողատու, հայասպան իշխանությունը պատրաստվել է էլի հողեր հանձնել, դրա համար էլ նպատակահարմար չէր գտել որեւէ ինժեներական աշխատանք իրականացնել: Ես չգիտեմ` վեց ամիս մեր բանակն ընդհանրապես ինչո՞վ է զբաղվել: Միայն նորմալ, կարգուկանոնով անցկացվեց զորակոչը, փառք մեր զինվորներին, որ իրենց ծառայությունն անցկացնում են զորամասերում, մնացած աշխատանքները` սպառազինություն ձեռք է բերվել, թե` ոչ, հակաօդային պաշտպանությունն այսօր ինչ վիճակում է, ոչ մի բանի մասին մեր ազգաբնակչությունը տեղեկատվություն չունի: Ինչ վերաբերում է Փաշինյանի` Սյունիք այցին, ինձ թվում է` նա եկել էր մեր փառահեղ սյունեցիների տրամադրվածությունը ստուգելու: Ինքնահռչակ Գերագույն գլխավոր հրամանատարը հաթաթա էր տալիս իր ազգաբնակչությանը` վախեցնելով հակառակորդ պետությունով, եթե խաղաղ ձեւով չեք տալու այդ միջանցքը, երկաթգծի ճանապարհը, ուրեմն` պատերազմով կլինի: Հենց դրա համար էլ արժանացավ «սյունյաց ողջույնի»:


«ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ՈՒՂԱՐԿԵԼ ԵՆ ԱՅՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ՈՐՏԵՂ ՕԴԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԻ ԵՂԵԼ»

– Իսկ իշխանությունը, միեւնույնն է, ամեն ինչում մեղավոր է համարում ընդդիմությանը, անգամ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, թե «Հայաստանում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ»:

– Սա ծիծաղելի հայտարարություն է, որովհետեւ հենց իրենց իշխանությանն են անվանում պետական դավաճաններ: Բոլորս էլ գիտենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ինչ կարգի ինֆորմացիայի արտահոսք է տեղի ունեցել, ինչ ձեւով են մեր զինվորներին ուղարկել այն ուղղություններով, որտեղ օդը պաշտպանված չի եղել, ու հարյուրավոր զոհեր հենց այդ պատճառով ենք ունեցել: Եվ այսօր իրենք իրենց դավաճանությունը փորձում են վերագրել ընդդիմությա՞նը: Ընդդիմությունն ի՞նչ կապ ունի, ի՞նչ ինֆորմացիա ունի, որ մի հատ էլ Ադրբեջանին փոխանցի, եթե ուժային կառույցները ենթարկվում են քեզ, դու քեզ հռչակել ես Գերագույն գլխավոր հրամանատար: Սա ուղղակի աբսուրդ է:

– Դեռեւս նոյեմբերի 9-ին ստորագրված հայտնի խայտառակ հայտարարության մեջ ասվում էր, որ ճանապարհների ապաշրջափակում պետք է լինի: Հիմա, ըստ էության, Հայաստանը հլու-հնազանդ կատարում է այդ պահանջը: Ըստ Ձեզ, բացի հերթական զիջումների գնալուց, կա՞ այլ ճանապարհ:

– Միանշանակ չպետք է ոչ մի զիջումների գնալ, մենք չենք կարող հանձնել իրենց որոշած միջանցքները: Եթե այսօր մեր բանակն ունենար նորմալ նախարար ու շտաբի պետ, որոնք չենթարկվեին ինքնահռչակ վարչապետի հրամաններին, կկատարեին իրենց պարտականությունները եւ իրենց երդմանը համաձայն` կպաշտպանեին ազգն ու երկիրը, ոչ թե կծառայեին մեկ անձի: Վստահ եմ` մեր բանակն ի վիճակի է իր խնդիրը կատարել եւ մեր հայրենիքի սահմաններն անառիկ պահել: Որպես պահեստազորի սպա` ինձ շատ ամոթալի եմ զգում, որ այս իշխանությունները, կամ հենց նույն բանակի վերադասները, գեներալները, ոչ ոք չի գնում ադրբեջանցիների հետ բանակցելու եւ ամեն անգամ դիմում են ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Մուրադովին: Նա իր ծառայությունն իրականանցում է Արցախի Հանրապետությունում, բայց հիմա արդեն բանակցում է Սյունիքի համար, սա ուղղակի խայտառակություն է: Կամ հայտարարվում է, որ Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀԱՊԿ-ին, բայց հենց հաջորդ օրը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը հերքում է այն: Փաշինյանը դարի ստախոսն է, սուտ ասելը դարձել է իր մոտ անբուժելի հիվանդություն: Չգիտեմ, թե հիմա ինչ են անում Սյունիքում` փորձում են ժամանա՞կ շահել, թե՞ ընտրություններին ընդառաջ մարդկանց ականջում ավելի լավը դառնալ, բայց փաստ է, որ սահմանում տեղի ունեցողը նախապես ծրագրավորված եւ պայմանավորված էր իր եղբոր` Ալիեւի հետ: Այս մասին է փաստում այն, որ ադրբեջանցիները մուտք են գործել մեր պետական սահման` առանց ոչ մի կրակոցի, եւ մեր Զինված ուժերը չեն դիմակայել, ոչ մի հակամարտություն չի եղել:

– Պատերազմում կրած պարտությունից հետո Դուք կարծում եք, որ ի վիճակի՞ էր մեր բանակը նման դիմակայության...

– Իհարկե, ի վիճակի է: Այնպես չէ, որ մենք այսօր չունենք ստորաբաժանումներ, զենք- զինամթերք: Ի վերջո, մեր բանակը լիովին ոչնչացված չէ: Ծիծաղելի թիվ է, անգամ կորպուսով չեն հարձակվել Հայաստանի վրա, այլ ընդամենը 250 հոգով: Մոնթե Մելքոնյանը մի ջոկի կազմով` 9 հոգով, մոտ 130 ադրբեջանցու դեմ է կռվել, եւ այսօր աշխարհի շատ ռազմական ակադեմիաներում ուսումնասիրվում է այդ ռազմական օպերացիան: Այն ժամանակ կեսին ոչնչացրել են, մի մասին` գերի են վերցրել` ընդամենը 9 միավոր ռազմատեխնիկայուվ, մի՞թե հիմա մեր բանակը չէր կարող դիմակայել այդ 250 հոգուն:

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ