
ԱՐԵՎՄՏՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐՓՈՂՎՈՂ ՊԱՏՄԱԶԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ՄԵՐԺԵԼ. պատմաբան
Մայիսյան հաղթական եռատոնին ընդառաջ` «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք պատմական գիտությունների թեկնածու ԱՎԱԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
– Պարոն Հարությունյան, մայիսի 9-ը միշտ եղել է մեզ համար պանծալի տոն, այս տարին խիստ տարբերվելու է նախորդներից: Հիմա այն մեզ համար շարունակում է մնալ տո՞ն, թե՞ դարձավ սգի, պարտության եւ կորստի օր:
– Միանշանակ տոն է: Տոն նշելն ինքնին ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյահոգեբանական նշանակություն ունի: Ժողովրդական տոնախմբությունը, հատկապես երբ այն ժողովրդական է եւ զանգվածային, ժողովրդի հոգեբանության եւ բարոյական կերտվածքի վրա միանշանակ կերպով դրական նշանակություն է ունենում: Իհարկե, այսօր առնվազն հոգեբանական առումով մեր հոգեվիճակն այն չէ, ինչ նախկինում էր` երկու-երեք տարի առաջ կամ 1992 թվականին: Բայց իմ կարծիքով` տեղի ունեցածը, իր որոշակի նստվածքն ու ազդեցությունն ունենալով հանդերձ, ամենեւնին պետք չէ հուսահատվել: Մայիսի 9-ը շարունակում է մնալ մեզ համար եռատոն` մեր ժողովրդի համար այն հաղթական օրերից մեկը, որը պայմանավորված է երկու կարեւորագույն իրադարձություններով` Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան պատերազմում հաղթանակով` ի դեմս Շուշիի ազատագրման:
– Եվ ազատագրված Շուշին կրկին կորցրինք...
– Կորցրինք, բայց մայիսի 9-ին եռատոնը նշելով` նաեւ հույս ենք շարունակում ունենալ եւ ձգտել, որպեսզի այն դառնա իրականություն գործնական կյանքում: Կորցրածը ժամանակավոր բնույթ է կրելու եւ կրկին, ինչպես Ռայխստագում էր, ինչպես 90-ականներին էր, այնպես էլ հիմա` Շուշիում մեր մարտիկները հաղթական քոչարի են պարելու եւ տոնելու:
– Առնվազն վերջին տարիներին Արեւմուտքը հետեւողականորեն փորձում է խեղել պատմական իրողությունը եւ Հայրենական պատերազմի արդյունքները մեկնաբանում է իր համար հարմար տեսանկյունից: Ի՞նչ կասեք այս մասին:
– Ընդհանրապես պատմությունը քաղաքական գիտություն է եւ քաղաքական համակարգերի ու իշխանությունների կողմից բոլոր ժամանակներում էլ կոնկրետ իրադարձությունները ծրագրավորված ձեւով օգտագործվել են տարբեր քաղաքական ուժերի կողմից` իրենց սեփական շահերի համար: Հայրենական մեծ պատերազմի պատմությունը վաղուց դադարել է սոսկ պատմություն լինելուց: Կարելի է ասել, որ հենց 1945 թվականին այն դադարեց զուտ պատմագիտական երեւույթ կամ պատմաբանների զուտ զբաղմունքի առարկա լինելուց: Իսկ արդեն վերջին 20 տարվա ընթացքում արեւմտյան ոչ միայն պատմաբաններ, որոնք առաջնորդվում են իրենց պետությունների եւ իշխանությունների կամ այլ մարմինների համապատասխան կառույցների կողմից, ամբողջ աշխարհում առաջ քշվեց եւ համատարած կերպով փորձում են գովազդել եւ պարտադրել այն տեսակետը, թե նացիզմը, հիտլերիզմը եւ ստալինիզմը նույնական են: Սա հարձակում է Խորհրդային Միության պատմության վրա, որի կազմում էր Խորհրդային Հայաստանը: Այն ոչ միայն պատմագիտական տեսանկյունից է միանգամայն սխալ, այլեւ` քաղաքական: Արեւմտյան երկրների կողմից տարփողվող պատմազեղծարարությունը պետք է մեկընդմիշտ մերժել` որպես հակագիտական, հակամարդկային եւ որեւէ տրամաբանությանը չհամապատասխանող:
– Ադրբեջանից բավական ագրեսիվ են արձագանքում, որ Ստեփանակերտում մայիսի 9-ին Մեծ հաղթանակի տոնի առիթով տեղի կունենա զորահանդես` ռուս խաղաղապահների մասնակցությամբ£ Իսկ ինչպե՞ս եք Դուք վերաբերվում դրան:
– Դեռեւս տեղյակ չեմ, թե ռուս խաղաղապահ զորքերը պետք է շքերթ իրականացնեն մեր պաշտպանության բանակի զինծառայողների հե՞տ, թե` ոչ: Օրինակ` մինչեւ վերջին երեք տարին` մայր Հայաստանի տարածքում տեղի էր ունենում հայ-ռուսական զորամիավորման շքերթ: Հիմա, եթե նաեւ Ստեփանակերտում շքերթին ռուս խաղաղապահների հետ պետք է մասնակցեն մեր Արցախի պաշտպանության բանակի զինծառայողները, իհարկե ողջունելի է: Չնայած անցած տարվա իրադարձություններին` նաեւ այդ շքերթը ցույց կտա, որ Արցախի պաշտպանության բանակն իր բարոյական ոգին չի կորցրել: Թեպետ ունեցել ենք զրկանքներ, մարդկային եւ տարածքային կորուստներ, բայց այդ շքերթ կոչվածն, ինչպես եւ ժողովրդական տոնախմբությունը, շատ ոգեւորիչ է: Միեւնույն ժամանակ, սա ցույց կտա, որ ՌԴ-ի հետ մենք ռազմավարական դաշնակից ենք, եւ շքերթը կդառնա ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, այլեւ հենց Շուշիի ազատագրման տոն: Այո, Շուշին առայժմ ժամանակավոր կերպով գերեվարված է, սակայն թող վերեւից գերեվարողները տեսնեն, որ այդ ավազակությունը, որ կատարել են, շատ կարճ կյանք է ունենալու:
– Իսկ եթե զուտ սահմանային նոր կրքեր չբորբոքելու համար որոշում կայացվի, որ զորահանդեսին պետք է մասնակցեն միայն ռուս խաղապահները: Ինչպե՞ս կընդունեք այն:
– Ցավոք, մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական եւ ռազմաքաղաքական իրադարձություններն արդեն այնպիսի ընթացք են ստացել, որ դեպքեր են լինում, որոնց հետ պետք է հաշտվել, ոչ թե բողոքել, դժգոհել: Եթե թեկուզ ռուս խաղաղապահները` առանց Արցախի պաշտպանության բանակի շքերթ իրականացնեն, դրանից առանձնակի որեւիցե վտանգավոր կամ հատուկ ինչ-որ բացասական էլեմենտ չեմ տեսնում: Վերջիվերջո, ռուս խաղաղապահներն են այժմ մեր արցախահայության եւ Արցախի Հանրապետության արտաքին ու ֆիզիկական անվտանգության երաշխավորը: Եվ հենց թող երաշխավորն էլ այդ շքերթը կատարի, որ թշնամին` ի դեմս ադրբեջանցիների, տեսնեն, որ այդ խաղաղապահը, որը կոչված է արտաքին սահմանների պաշտպանությանը, այնքան է իրեն արցախյան հողում, արցախցիների մեջ վստահ եւ հոգեհարազատ զգում, որ նաեւ շքերթ է իրականացնում: Այնպես որ, արտառոց բացասական ես սա չէի ցանկանա գնահատել:
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ