
ԱՅՈ, ՇՈՒՇԻԻ ԱՆԿՈՒՄԸ ԱՌԵՂԾՎԱԾ Է ԵՒ ԴՐԱ ՎԱՌ ԱՊԱՑՈՒՅՑՆ ԱՅՆ Է, ՈՐ ՄԻՆՉ ՕՐՍ ԳԱՂՏՆԻ Է ՊԱՀՎՈՒՄ ՇՈՒՇԻԻ ՕՊԵՐԱՑԻԱՅԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԱՆՈՒՆԸ
Ի՞նչպես է արցախցին հաղթահարում հետպատերազմյան դժվարությունները, Արցախի ապագայի, պատերազմի արդյունքների, Շուշիի անկման մասին «Իրավունքը» Արցախում զրուցել է ԱԺ նախկին նախագահ, ԱԺԿ կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանի հետ, ով նախ անդրադարձավ արցախցիների օրախնդրային հարցերին.
– Ամբողջ խնդիրը նրանում է, որ մենք այս պահին կարիք ունենք լուրջ խորքային վերլուծությունների եւ միանական, կոլեգիալ կառավարման ինչ որ համակարգ մշակելու եւ դրանով առաջնորդվելու խնդիր: Ես շատ բարդ եմ տեսնում մեր արտաքին քաղաքականության առաջ ծառացած խնդիրները, որովհետեւ նման պատերազմից հետո շատ դժվար է դիվանագիտական ճանապարհով փորձել վերականգնել կամ մեղմել այն հարվածները, որոնք ժառանգեցինք 2020թվականի պատերազմից հետո: Բնականաբար, այն ինչ այսօր կատարվում է մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների կողմից ողջունելի է, նրանք բոլորն էլ ջանում են անել անգամ անհնարինը, որպեսզի մեղմվի այսօրվա մեր դժվարին իրավիճակը: Բայց որպեսզի այդ ամենը արդյունքներ ունենա շատ կարեւոր է, որպեսզի մենք համակարգված աշխատանք ունենանք, որի արդյունքում միայն կարելի է ցանկալի արդյունքների հասնել: Ցավոք, այսօր ես չեմ տեսնում ջանքեր, որպեսզի մեր քաղաքական ողջ ներկապնակը ծառայեցվի դրան:
– Պարոն Ղուլյան, Փաշինյանը ասում է, որ Արցախն ապագա ունի եւ այդ ապագան կարծես թե իր հետ է կապում:
– Ես չգիտեմ, թե ինչքանով է Փաշինյանը տեսնում Արցախի ապագան իր ղեկավարման օրոք` դա կարող է որոշել միայն ժողովուրդը: Իրականությունը այն է, որ այն ինչ տեղի է ունեցել Արցախի եւ ընդհանուր համահայկական արժանապատվության հետ չի խոսում այդ տրամաբանության օգտին: Հայությունը, Արցախը ապագա ունեն, բայց ապագան կերտելու համար մեզ պետք են բոլորովին այլ որակի իշխանությունները
– Պարոն Ղուլյան, ի վերջո Շուշի անկամ հետ կապված առեղծվածը` ամիսներ անց գոնե Ձեզ համար հայտնի դարձա՞վ:
– Շուշիի անկամ հետ կապված հարցերը բազնաթիվ են եւ բազմապիսի, բայց ես կողմնակից եմ, որպեսզի այդ մասին խոսեն եւ իրականությունը բացահայտեն առաջին հերթին ռազմական գործիչները, ովքեր տեղյակ են, թե ինչ է տեղի ունեցել այդ մարտերի ընթացքում: Ինչ վերաբերում է կոնկրետ ռազմական գործողությունները կազմակերպելուն, ապա այստեղ շատ դժվար է այս խառնաշփոթի մեջ ճիշտ կողմնորոշվել: Ես հակված եմ հավատալու այն ռազմական գործիչներին, ովքեր տարիներ առաջ ազատագրել են Շուշին, ովքեր հասկանում են Շուշիի իմաստն ամբողջությամբ: Ես միայն մի դրվագի վրա կարող եմ ուշադրություն դարձնել, եթե մենք մինչ օրս չգիտենք Շուշիի ռազմական գործողությունները կազմակերպող հրամանատարին կամ հրամանատարկան խմբին, ապա պարզ է դառնում, թե մեր պետական, պաշտպանական կառավարունը ինչպիսի մակարդակի վրա էր: Եվ, այ՛ո, Շուշիի անկումը առեղծված է եւ դրա վառ ապացույցն այն է, որ մինչ օրս գաղտնի է պահվում Շուշիի օպերացիայի հրամանատարի անունը:
– Պարոն Ղուլյան, 44 օր շարունակ մեզ բոլորիս հավատացնում էին, որ հաղթում ենք: Ձեզ համար պատերազմի, ո՞ր օրն էր այլեւս ակնհայտ, որ թշնամու ուժերն անհավասար են, եւ, որ մեզ ՌԴ-ի օգնությամբ պատերազմը կանգնեցնել է անհրաժեշտ:
– Անկեղծ ասած պատերազմի օրերին մենք մշտապես հավատում էինք, որ թեկուզ տարբեր հատվածներում անհաջողություններ են տեղի ունենում, այնուամենայնիվ մենք կմոբիլիզացնենք մեր ողջ ռեսուրսները եւ ճիշտ գործողությունների արդյունքում կհասնենք հաջողության:
Ցավոք, հոկտեմբերի կեսերի արդեն պարզ էր, որ ինչ-որ բան այնպես չէ, որ մենք չենք կարողանում մեր պետական կառավարման համակարգը համարժեք դարձնել այն մարտահրավերներին, որ այդ պատերազմի ընթացքում մեր առջեւ դրված էր: Դրանից հետո, թեկուզ շատ խիստ թերահավատորեն, այնուամենայնիվ, փորձում էինք պաշտոնական քարոզչոթյանը հավատալ, ինչը ինչպես տեսանք շատ վատ խաղ դարձավ մեր ազգային արշանապատվության համար:
Արցախ-Երեւան
Իլոնա Ազարյան
www.iravunk.com
դեպի ետ