
ՊԵՏՔ Է ԲՈԼՈՐՍ ԼԻՆԵՆՔ ՄԵԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՈՒՄ. Գեորգի Մուրադով
Երեւանում մեկնարկել է «Ղրիմի օրերը Հայաստանում» միջոցառումների շարքը, որին մասնակցելու են եկել Ղրիմի պաշտոնական պատվիրակությունը՝ ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության ներկայացուցիչ, Ղրիմի փոխվարչապետ ԳԵՈՐԳԻ ՄՈՒՐԱԴՈՎԻ գլխավորությամբ: Պատվիրակությանը դիմավորեց ՀՀ-ում Ղրիմի Հանրապետության ներկայացուցիչ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը: Նրա ուղեկցությամբ էլ Ղրիմի պատվիրակությունը նախեւառաջ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ղրիմի պաշտոնյաների հետ Ծիծեռնակաբերդ այցելեց նաեւ ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆՔ, ՈՐ ԱՅԴ ԶՈՀԵՐԸ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷԻՆ»
«Իրավունքի» հետ զրույցում Ղրիմի փոխվարչապետ Մուրադովը նախ անդրադարձավ՝ Հայոց ցեղասպանության փաստին:
– Նախեւառաջ ցանկանում եմ արտահայտել իմ ամենախորը հարգանքը՝ հայ ազգի նկատմամբ եւ ցավակցություններս եմ հղում՝ այն ահավոր դժբախտության համար, որը տեղի է ունեցել 106 տարի առաջ: Դժբախտություն, որը պարզ եւ հստակ կոչվում է ցեղասպանություն: Մենք, որպես Ղրիմի պաշտոնական պատվիրակություն, ովքեր եկել են այստեղ՝ անցկացնելու «Ղրիմի օրերը Հայաստանում», սկսեցինք մեր ծրագիրը հարգանքի տուրք մատուցելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ ծաղիկներ խոնարհեցնելով անմար կրակի մոտ, ինչն, իհարկե, խորհրդանշական է:
– Պարոն Մուրադով, 106 տարի հետո միայն ԱՄՆ նախագահը հնչեցրեց «ցեղասպանություն» բառը: Ի՞նչ կասեք այս մասին:
– Ես չեմ մեկնաբանի ամերիկյան քաղաքականությունը: Բոլոր հայերի համար, ովքեր ապրում են աշխարհով մեկ սա նշանակալի փաստ է, քանի որ ամենամեծ երկիրներից մեկը, որը մեզ համար թեեւ այդքան էլ բարեկամական չէ, բայց ճանաչել է ցեղասպանությունը: Կարծում եմ՝ այն մեծապես կապված էր ամերիկյան ներքաղաքական ծրագրերի հետ եւ չմոռանանք նաեւ, որ այնտեղ բնակվում է հայկական շատ մեծ համայնք: Մենք ցեղասպանությունը ճանաչել ենք շատ վաղուց՝ 90-ական թվականների կեսերին: Եվ համոզված ենք, որ այդ զոհերը պատահական չէին: Ամեն դեպքում, այսօր հայկական պետականությունը կանգնած է ամուր հիմքերի վրա եւ ոչ մի քամի, թշնամական գործողություններ այն չեն սասանի:
«ՇՐՋԱՓԱԿՈՒՄԻՑ ՂՐԻՄՆ ԱՐԴԵՆ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔ»
– Թուրքիան այսօր էլ շարունակում է իր զավթողական քաղաքականությունը: Ավելին՝ նրանք հավակնություններ ունեն նաեւ Ղրիմի նկատմամբ եւ հայտարարում են, թե «Ղրիմը Թուրքիա է»: Ինչպե՞ս եք վերաբերում այդ հռետորաբանությանը:
– Թուրքիան իր պատմության մեջ առաջին անգամ չէ, որ բախվում է այն իրողության հետ, թե ինչպես է Ռուսաստանը պատասխանում իր գերիշխելու փորձերին: Ուզում են իրենց ճանապարհն անցկացնել Ղրիմի վրայով՝ փորձելով օգտագործել ղրիմա-թաթարական բնակչությանը՝ անձնական նպատակների համար: Կարող եմ միանգամից ասել՝ թաթարական բնակչությունը Ղրիմում զգում իրեն լիարժեք որպես հայրենիքում:՝ այն մեծ հայրենիքում, որը Ռուսաստանն է եւ որտեղ բնակվում են մյուս թաթարական ժողովուրդները: Այնպես որ, չարժե, որ Թուրքիան հավակնություններ ունենա Ղրիմում գերիշխել: Նաեւ չարժե, որ Անկարան աջակցի, այսպես կոչված, Ղրիմի «ապաշրջափակման» ծրագրին: Ոչ մի ապաշրջափակում չի կարող լինել, քանի որ շրջափակումից Ղրիմն արդեն դուրս է եկել եւ վերադարձել է իր Հայրենիք՝ այն շրջափակումից, որտեղ եղել է 23 տարի եւ եղել է որդեգրված ուրիշի տարածքում: Ինչպես գիտեք, Ղրիմում պահպանվում են բոլոր ազգային փոքրամասնությունների իրավունքները, այդ թվում՝ ուկրաինացիների: Մեզ մոտ երեք պետական լեզու կա հանրապետությունում՝ ռուսերեն, ուկրաիներեն եւ ղրիմա-թաթարական լեզուն: Ամբողջ կրթական համակարգը՝ դպրոցական, բուհական, հիմնված է այս երեք լեզուների վրա, ինչպես նաեւ ԶԼՄ-ները: Իսկ Թուրքիան եթե շարունակի սատարել այդպիսի սադրանքների, ինչպիսիք են «ապաշրջափակման» ծրագրերը, այսինքն՝ ոտնձգությունները Ռուսաստանի տարածքային ամբողջական նկատմամբ, այն ոչ մի լավ բանի չի հասնի: Եթե Թուրքիան ձգտում է Ռուսաստանի հետ կառուցողական եւ ընկերական հարաբերությունների, ապա մենք այդ հարցում բավականին բաց երկիր ենք, բայց դրա համար պետք չէ մասնակցել սադրանքների եւ թշնամական ակցիաների: Մեկը մյուսի հետ անհամատեղելի է:
– Բավական բովանդակ օրակարգով եք Երեւանում: Հայաստանյան այս այցից ի՞նչ սպասումներ ունեք:
– Նախատեսում ենք անցկացնել արդյունավետ բանակցություններ՝ կապված տարածաշրջանների հետ, նկատի ունեմ՝ Ղրիմի եւ Հայաստանի միջեւ, որոնք հարյուրամյակներով զարգացման պատմություն ունեն: Հայտնի է, որ դեռեւս Միջին դարերում Ղրիմի տարածքում գոյություն է ունեցել սեւծովյան Հայաստանը: Մեզ մոտ Ղրիմում այսօր էլ ապրում է մեծ հայկական համայնք, որը շատ կապված է իր պատմական հայրենիքի՝ Հայաստանի հետ: Մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները, ստեղծել ոչ միայն ճանապարհատրանսպորտային, այլեւ մարդկանց սրտերի միջեւ կապ: Ցանկանում ենք ձեզ փոխանցել մեր ղրիմյան ջերմությունը: Պետք է բոլորս լինենք մեկ միասնական քաղաքակրթությունում: Չէ որ Ղրիմը ոչ միայն Ռուսաստանի մի կետն է, այն ողջ արեւելյան քրիստոնեական քաղաքակրթության կենտրոնն է: Հայաստանն առաջին պետությունն է, որը ընդունել է քրիստոենությունը՝ որպես պետական կրոն: Իսկ Վլադիմիր իշխանը կնքվել է Ղրիմում, որտեղից էլ քրիստոնեությունը տարածվել է ամբողջ Ռուսաստանում եւ բազմաթիվ պետություններում, որոնք ստեղծվել են ՌԴ-ի շուրջ: Այնպես որ, ուղղափառ եւ արեւելյան քրիստոնեական կրոնները հոգեւոր եւ բարեկամական կապ ունեն, այդ թվում՝ Հայաստանը եւ Ղրիմը: Եվ քանի որ այստեղ Ռուսաստանից եկած բոլոր մարդկանց շատ լավ են ընդունում, մենք նույնպես լիահույս ենք, որ կհասնենք լավ, համապատասխան արդյունքների եւ կլինի փոխադարձ արդյունավետ մեր այցը:
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ