
ՉՊԵՏՔ Է ԵՐԿՐՈՒՄ ԼԻՆԻ ԵՐԿՈՒ ԱՌԱՋՆՈՐԴ, ՈՐԻՑ ՄԵԿԸ` ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՀՊԱՏԱԿ. Լեպեխին
Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ ստեղծվել էր եռակողմ աշխատանքային խումբ: Մամուլին տված իր վերջին հարցազրույցներից մեկում, աշխատանքային խմբի հայկական կողմի ղեկավար ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանել է հարցին, թե կա՞ մեր կողմից անընդունելի պայման, օրինակ` Սյունիքով որեւէ ճանապարհի ապաշրջափակման: Մ. Գրիգորյանը չհերքելով հանդերձ` ընդգծել էր, որ այս պահին դեռեւս նման հարցի պատասխան չի կարող տալ, որովհետեւ աշխատանքի տրամաբանությունը հետեւյալն է` նախ բոլոր տեխնիկապես ու ֆիզիկապես հնարավոր ուղիների փորձաքննությունը պետք է արվի, որպեսզի վստահ լինեն, որ ֆիզիկապես այն հնարավոր է, եւ, իհարկե, իրավական գնահատականները պետք է տալ` հնարավո՞ր է այդ ուղին կարգավորել լիարժեք, թե` ոչ: Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքը» զրուցեց ԵԱՏՄ ինստիտուտի գլխավոր տնօրեն, ռուս քաղաքական վերլուծաբան ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՊԵԽԻՆԻ հետ:
- Ընդհանուր առմամբ` ճիշտ է ճանապարհային կոմունիկացիաների ապաշրջափակման համար գործնական քայլեր անելը, որը շահավետ կլինի բոլոր կողմերին: Խումբը եռակողմ է, բայց հասկանալի է, որ խոսվում է նաեւ Իրանի մասին, քանի որ այն լինելու է ճանապարհատրանսպորտային միջանցք` հյուսիսից հարավ, որը Ռուսաստանից Ադրբեջանով գնալու է դեպի Հայաստան եւ Իրան, հետեւաբար` նաեւ Թուրքիա: Այս ճանապարհատրանսպորտային միջանցքի բոլոր կողմերը պետք է հետաքրքրված լինեն սրանով: Սակայն, սա եւս որոշակի խնդիրներ է առաջացնում: Օրինակ` ադրբեջանական կողմին հետաքրքրում է ճանապարհի իր մասը, այսինքն` այն հատվածը, որն անցնում է Ադրբեջանի տարածքով եւ դառնում է տրանզիտային երկիր, որը կարող է վերահսկել ճանապարհի մի մասը: Հայաստանը պատասխանում է նույն կերպ, քանի որ այնտեղ 40 կմ ճանապարհն անցնում է հայկական տարածքով: Եվ բնական է, այն պետք է գործի այն պայմանների համաձայն, ինչ դնում է Հայաստանը: Այդ պատճառով այս իրավիճակում պայմանավորվել շատ դժվար է, քանի որ Ռուսաստանն անընդհատ ստիպված ջանքեր է գործադրում, որպեսզի այդ մասնավոր շահերը կապվեն ինչ-որ ընդհանուր համակարգով:
– Պարոն Լեպեխին, իսկ իրականում ո՞ւմ համար է այս ճանապարհների ապաշրջափակումն ամենաշահավետը:
– Այս պրոցեսի գլխավոր ճարտարապետը օբյեկտիվորեն Ադրբեջանն է, քանի որ նա ուղիղ ելք է ստանում Նախիջեւան եւ Թուրքիա, որը նրանք տնտեսական տեսանկյունից կօգտագործեն: Ինչպես կօգտվի Հայաստանը դրանից, պարզ է` անարգել ելք կունենա դեպի Ռուսաստան` այն պայմանով, որ հայկական տնտեսությունն աճի, ինչն անհրաժեշտ է: Այնպես որ, Հայաստանը եւս կարող է շահել այդ ամենից, բայց դրա համար անհրաժեշտ է, որ լինի տնտեսական արդիականացում: Պայմանականորեն ասած` ռուսական շուկան տարածաշրջանում ունի առաջնային նշանակություն, սակայն, կարեւոր է, թե ինչ ես վաճառում այդ շուկայում: Արտահանման քանակները պետք է մեծանան: Ցավոք, մենք խոսում էինք այդ մասին վաղուց, եւ Ղարաբաղի հարցի լուծման հետ կապված կարող էին լինել որոշ դրական շարժեր, եթե Ադրբեջանը առաջարկեր տնտեսական ծրագիր, եւ այն ժամանակ Հայաստանը` որպես 1994 թվականին պատերազմում հաղթած երկիր, որը հետաքրքրված է կարգավիճակի հարցով, կարող էր ընդառաջ գնալ բանակցություններում: Բայց Ադրբեջանը չարեց այդ առաջարկը եւ ամբողջ ժամանակ հույս էր դնում ռազմական ճանապարհի վրա, ինչն էլ, ի վերջո, իրագործեց: Այդ պատճառով այժմ դժվար է խոսել Ադրբեջանի հետ, եւ ես վստահություն չունեմ, որ համաձայնություններ ձեռք կբերվեն Ադրբեջանի հետ տնտեսական նախագծերի իրականացման շրջանակներում:
– Հայաստանում առկա իրողությունների եւ ադրբեջանական դեռեւս շարունակվող սպառնալիքների ֆոնին` թերեւս անիրատեսական է խոսել անգամ Ադրբեջանի հետ հնարավոր տնտեսական ծրագրերի մասին:
– Իսկապես, հիմա քանի որ ուժային կառույցները կազմակերպված չեն, պաշտպանական քաղաքականություն չկա, իսկ ղեկավարության մեջ` միասնություն, հայկական հասարակությանը նախ պետք է ձգտի քաղաքական բարեփոխման: Այդ բարեփոխումը կարող է տեղի ունենալ միայն հետեւյալ կերպ` արտահերթ խորհրդարանական ընտրություններ, անցում նախագահական հանրապետության ձեւավորման, ապա նախագահական ընտրությունների անցկացում: Չպետք է երկրում լինի երկու առաջնորդ, որից մեկը` Մեծ Բրիտանիայի հպատակ, մյուսը` վարչապետ, եւ ով է գլխավորը` պարզ չէ: Պետք է լինի նախագահ, եւ պետք է ստեղծվի ուժեղ անվտանգային խորհուրդ, որը կմշակի եւ կյանքի կկոչի նոր ռազմավարական եւ արտաքին քաղաքական դոկտրինը, որը մշակելիս հաշվի կառնվի Հարավային Կովկասի, նաեւ հայ-ռուսական համագործակցության շահերը այս տարածաշրջանում: Ընդհանուր առմամբ` այն պետք է լինի միասնական հայ-ռուսական ռազմավարական դոկտրին, որպեսզի յուրաքանչյուր ի հայտ եկած վտանգի դեպքում գործողությունների համաձայնեցման հարց չառաջանա: Ակնթարթորեն հայկական եւ ռուսական ռազմական ուժերն այս տարածաշրջանում միասին գործեն` յուրաքանչյուր վտանգի դիմակայման հարցում: Այսինքն` սա կլինի լրիվ այլ մակարդակ` պաշտպանական գործողությունների, որոնց դեռեւս ո՛չ Հայաստանը, ո՛չ Ռուսաստանը պատրաստ չեն: Բայց դրան պետք է ձգտել, քանի որ ապագայում լինելու է թուրքական ներկայության ուժեղացում, ինչն ակնհայտ է:
– Ի՞նչ նկատի ունեք...
– Ինչ-որ լուրջ իրադարձություններ հասունանում է Վրաստանում: Փաստացի մի կողմից Թուրքիայի ներկայության ուժեղացում կա տարածաշրջանում, մյուս կողմից Արեւմուտքի ուժեղացում` Վրաստանում: Տարածաշրջանը շատ անկայուն է, Հայաստանը պետք է դրան պատրաստ լինի, ինչի համար պետք է կառույցներ հիմնել եւ ռազմավարություն մշակել:
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ