
ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Անի ԲաղդասարյանՀարավային Կովկասի աշխարհագրական դիրքը կարևորվում է նրանով, որ այն գտնվում է Եվրոպայի, Ասիայի, Մերձավոր Արևելքի և Ռուսաստանի միջև: Տարածաշրջանն աչքի է ընկնում մի շարք առանձնահատկություններով` այստեղ խաչվում են կրոնական, մշակութային և քաղաքական տարբեր համակարգեր (քրիստոնեություն-իսլամ, ժողովրդավարություն-ավտորիտարիզմ):
Տարածաշրջանում հետաքրքրությունները էլ ավելի են մեծանում, երբ հաշվի ենք առնում հետևյալ հանգամանքները. Հարավային Կովկասն ունի երեք խոշոր հարևաններ, որոնք նախկինում կայսերական տերություններ են եղել (Իրան, Ռուսաստան, Թուրքիա), երկու ազգային պետություններ (Հայաստան, Վրաստան), ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած վիճելի երեք տարածքներ՝ Աբխազիա և Հարավային Օսիա, որոնք 2008թ. Ռուսաստանի կողմից անկախ պետություններ են ճանաչվել և Լեռնային Ղարաբաղ1։
Վաղ ժամանակներից սկսած՝ տարածաշրջանային և համաշխարհային տերությունները պայքարում են պահպանել իրենց ազդեցությունն ու դերը Հարավային Կովկասում (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Թուրքիա, Իրան և այլն): Տարածաշրջանը տնտեսապես շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ այստեղով անցնող Մետաքսի ճանապարհը համաշխարհային շուկայում կարևոր դեր է խաղում, աշխարհաքաղաքականորեն բուֆերային գոտի է համարվում՝ ընկած լինելով խոշոր տերությունների միջև, ինչպես նաև՝ կապող օղակ և խաչմերուկ հանդիսանալով Ասիայի և Եվրոպայի միջև:
ԱՄՆ-ի հետաքրքրությունները Կովկասում պայմանավորված են եղել էներգետիկ նկատառումներով, ինչպես նաև՝ տարածաշրջանում իր ազդեցության մեծացմամբ՝ մրցակցության մեջ լինելով Ռուսաստանի հետ: Նրա գլխավոր նպատակը՝ Ռուսաստանը շրջանցող այլընտրանքային էներգետիկ ուղիների ստեղծումն է, ինչը և իրագործվել է ԱՄՆ աջակցությամբ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթամուղի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի կառուցմամբ։ Արևմուտքի հետ սերտ հարաբերությունները զարգացնելու համար, ԱՄՆ աջակցությամբ ձևավորվում է նաև ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպությունը (1977թ.)2: Այս երկրներին մեկ կազմակերպության մեջ միավորում է ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած տարածքային խնդիրները. Վրաստան – Աբխազիա, Հարավային Օսիա, Ուկրաինա – Ղրիմ, Մոլդովա – Մերձդնեստր, Ադրբեջան – Լեռանային Ղարաբաղ:
ԱՄՆ ամենևին շահագրգռված չէ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններ ստեղծելու: Սակայն՝ որպես բուֆերային գոտի Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև, այս տարածաշրջանում ԱՄՆ հետաքրքրությունները մեծանում են: Տարածաշրջանային ներգրավվածությունը կարող է նպաստել ԱՄՆ-ին առաջ տանել իր շահերը՝ Կասպյան ավազանի նախագծերում, ինչպես նաև՝ նվազեցնել Ռուսաստանի և Իրանի տարածաշրջանային ազդեցությունը: Հարավային Կովկասի տարածաշրջանային հակամարտություններում ԱՄՆ ներգրավվածությունը կարող է շրջափակել և թուլացնել Ռուսաստանի ազդեցությունն ու դերն այստեղ3:
ԵՄ ներգրավվածությունը այս տարածաշրջանում սկսվում է 1996թ-ից՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ կնքած «Գործընկերության և համագործակցության համաձայնագրերից», որոնք ուժի մեջ են մտել 1999թ-ից:
Հարավային Կովկասի կարևորությունը ԵՄ համար պայմանավորված է էներգետիկ ռեսուրսներով, ինչպես նաև այն փաստով, որ Հարավային Կովկասը միջանցիկ գոտի և օղակ է համարվում Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև:
Խորհրդային միության փլուզումից հետո, Ռուսաստանը սահմանափակ, բայց կարևոր ազդեցություն է ունեցել Հարավային Կովկասում տեղի ունեցող հակամարտությունների ընթացքում (1990-ականներ): 2000թ-ից ի վեր, երբ Ռուսաստանում իշխանության եկավ Վ. Պուտինը, ՌԴ-ի դերը Հարավային Կովկասում աճեց: Ռուսաստանի հիմնական նպատակն է պահպանել իր ազդեցությունը նախկին ԽՍՀՄ տարածքներում, ինչպես նաև՝ Հարավային Կովկասում, որտեղ իր ազդեցության մեծացումը կապված է ԵՄ-ի, ԱՄՆ-ի և առավել ևս ՆԱՏՕ-ի՝ ընդլայնումը տարածաշրջանում խոչընդոտելու համար: Այս նպատակներին հասնելու հիմնական միջոցներն են եղել ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի ստեղծումը:
Հարավային Կովկասի երկրներից միայն Հայաստանն է, որ անկախությունից ի վեր, մինչ 2018թ., սերտ հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի հետ, ինչը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանը հարուստ չէ բնական ռեսուրսներով, չունի ելք դեպի ծով, սահմանակից է Ադրբեջանին և Թուրքիային՝ այսպիսով շրջափակման մեջ հայտնվելով երկու թշնամական պետությունների կողմից:
Մեկ այլ կարևոր հանգամանք. դեռևս 2008թ-ից այս տարածաշրջանում տարածքային խնդիրների պատճառով լարված են Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները՝ (2008թ. Ռուսաստան-Վրաստան հակամարտությունը, որն ավարտվեց Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչմամբ)4։ Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականությունը Ադրբեջանի հետ էներգետիկ ուղղվածություն ունի:
Չպետք է մոռանալ այն փաստը, որ, Ադրբեջանը լինելով բնական պաշարներով հարուստ պետություն, «եղբայրական» հարաբերություններ ունի Թուրքիայի հետ: Թուրքիան և Ադրբեջանը իրենց հռչակել են թուրքալեզու «եղբայրական ժողովուրդներով» բնակեցված ռազմավարական դաշնակից երկրներ («Մեկ ազգ, երկու պետություն»)։ Եվ բոլորովին էլ զարմանալի չէ Թուրքիայի պանթյուրքիստական նկրտումները՝ թյուրքական ժողովուրդների մշակութային և քաղաքական միավորումը և «Մեծ Թուրան» ստեղծելու վաղեմի նպատակն ու ցանկությունը։
Այս ամենի համար խոչընդոտ է հանդիսանում միայն Հայաստանը, և այդ փաստը թուրքերը երբևէ չեն թաքցրել. Հայաստանը միշտ էլ կանգնած է եղել իրենց համաթուրանական ծրագրի ճանապարհին։
Այս ամենից կարելի է գալ հետևյալ եզրահանգմանը, որ տարածաշրջանում Հայաստանի շահերը համընկնում են միայն Ռուսաստանի հետ։ Գտնվելով շրջափակման և ոչ բարենպաստ աշխարհագրական դիրքում՝ Հայաստանի սերտ հարաբերությունները Ռուսաստանի հետ շահավետ են։ Իսկ Ռուսաստանին Հայաստանը պետք է (վստահության առկայության դեպքում), որպեսզի կարողանա իր ազդեցությունը պահպանել տարածաշրջանում։ Այլապես այն նույնպես շրջափակման մեջ կհայտնվի արևմտամետ երկրների կողմից, ինչն էլ կթուլացնի Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում։
Ինչ վերաբերում է Իրանին, ապա այն գտնվելով Կովկասի հարավային սահմանին, իր աշխարհագրական դիրքի և քաղաքական լծակների շնորհիվ՝ տարածաշրջանի կարևոր դերակատարներից է։ Հաշվի առնելով Իրան-ԱՄՆ հարաբերությունները (ԱՄՆ-ի կողմից բազմաթիվ սանկցիաների կիրառումը Իրանի նկատմամբ), Ադրբեջան-Թուրքիա սերտ հարաբերությունները (Թուրքիան լինելով ՆԱՏՕ-ի անդամ պետություն՝ իրենից ենթադրում է ԱՄՆ-ի ներկայություն Հարավային Կովկասում, որը կհանգեցնի Իրանի նկատմամբ անմիջական վերահսկողության ԱՄՆ-ի կողմից), կարելի է եզրակացնել, որ Իրանը «բարեկամական» հարաբերություններ կցանկանա ստեղծել ԱՄՆ մրցակից պետությունների հետ, որն այս դեպքում Ռուսաստանն ու Չինաստանն են։ Եվ այս համատեքստում, մեծանում է Հայաստանի ստրատեգիական դերը՝ որպես կապող օղակ Իրանի և Ռուսաստանի միջև։
Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության վերջին տարիներին վարած արտաքին քաղաքականության հետևանքով, անհետացել է նրա վստահելի հարևան լինելու «իմիջը»։ Այսօր տեսնում ենք փոշիացած հարաբերություններ (կանխամտածված, թե՞ անփորձության հետևանք՝ թերևս էական չէ) Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ։ Սա, իհարկե, անթույլատրելի էր մեզ համար։ Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ Հայաստանի ցանկացած իշխանություն պետք է իր արտաքին քաղաքականությունը մշակի և կառուցի, ելնելով իր երկրի և ժողովրդի ազգային շահերից։
Ամփոփելով այս ամենը՝ կարելի է եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետության շահերից է բխում բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարել, միաժամանակ՝ էլ ավելի ամրապնդել հարաբերույթունները Ռուսաստանի հետ, քանի որ պատմությունը ցույց է տալիս, որ այս տարածաշրջանում մշտապես Հայաստանի և Ռուսաստանի շահերն են համընկել։ Չպետք է երբևէ մոռանալ Թուրքիայի դարավոր նկրտումները, և այն, որ թուրքը միշտ եղել է ու կմնա հայ ազգի թշնամին։
2 caucasusedition.net
3 core.ac.uk
4 www.fpri.org
դեպի ետ