• am
  • ru
  • en
Версия для печати
24.04.2021

ՍՅՈՒՆԻՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԻԱՅՆ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

   

Նախօրեին Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիք ուղեկցվեց բողոքի ակցիաներով: Իրավիճակը պարբերաբար լարվում էր, մեղրեցիները փորձել էին խոչընդոտել նրա տեղաշարժը՝ պահանջելով հեռանալ: Հատկանշական է, որ այցի մասին նախօրոք չի հայտարարվել, իսկ մինչ իր այցը Սյունիք էին ժամանել ԱՄՆ դեսպանը եւ ՀՀ նախագահը: Պատահակա՞ն է արդյոք այցերի նման շարանը Սյունիք, «Իրավունքը» փորձեց պարզել ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻՑ, ով նկատեց.

– Բնականաբար, պատահական չէ այն հանգամանքը, որ միաժամանակ ԱՄՆ դեսպանը, ՀՀ նախագահը եւ վարչապետի աթոռին գտնվողը մեկնել էին Սյունիք: Կարելի է առաջ քաշել երկու վարկած: Կամ նրանք մեկնել էին Սյունիք հասկանալու համար, թե այդ չարաբաստիկ «Զանգեզուրի միջանցք» ասվածի կյանքի կոչելու հնարավորությունները մե՞ծ են, թե՝ չէ, հնարավո՞ր է արդյոք դիմադրություն այդ գաղափարի դեմ, թե՝ ոչ: Երկրորդ վարկածն այն է, որ սյունեցիների տրամադրությունները պարզելուց զատ նաեւ փորձում էին տեղի ազդեցիկ անձանց` համայնքապետների միջոցով այդ ազգակործան գաղափարը ինչ-որ կերպ կյանքի կոչել: Այլ կերպ ասած՝ սյունեցիներին պատրաստել միջանցքի գաղափարի իրագործմանը, չեզոքացնել նրանց հնարավոր դիմադրությունը: Այստեղ այլ հարց է, թե իրենք նման քայլեր կատարելիս ի՞նչ հաշվարկներ են ունեցել: Ենթադրում եմ, որ, այնուամենայնիվ, լավ չեն ճանաչել սյունեցիներին, եթե կարծել են, որ կարող են գալ եւ ինչ-որ կերպ համոզել, որպեսզի Սյունիքի ազդեցիկ համայնքապետները ներգրավվեն այդ ազգակործան ծրագրի մեջ: Ինչ վերաբերում է Սյունիքին առհասարակ, ապա Ալիեւը իր մտադրությունների մասին խոսում է բացահայտ: Արդեն ոչ միայն «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն է դառնում առօրյայի մաս, այլեւ երեկ հայտնի դարձավ, որ Ալիեւը մտադիր է ամեն գնով նվաճել այդ «միջանքը»: Իսկ սա նշանակում է, որ նոր պատերազմը հեռու չէ: Իհարկե, այս պահին այդ սպառնալիքը սյունեցիներին հոգեբանորեն ճնշելու, Սյունիքից արտագաղթը խթանելու նպատակն ունի, սակայն Սյունիքի զավթման հեռանկարը, ցավոք, միանգամայն իրատեսական է: Եվ, ըստ ամենայնի, կգործի հետեւյալ սցենարը. եթե Սյունիքը չի հանձնվում, եւ Ալիեւը չի ստանում այդ «Զանգեզուրի միջանցքը» արագ, ապա նաեւ իր թիկունքին ունենալով աշխարհաքաղաքական որոշ կենտրոնների աջակցությունը, փորձելու է նվաճել այն պատերազմով: Միակ հանգամանքը, որ Ալիեւը այդ սպառնալիքը կյանքի չի կոչում հենց հիմա, ռուսական գործոնն է, ռուսական ներկայությունը Սյունիքում եւ Իրանի կոշտ դիրքորոշումը՝ ՀՀ տարածքային ամբողջականության խախտման անթույլատրելիության հետ կապված: Սակայն չի բացառվում, որ թուրք-ադրբեջանական հերթական ագրեսիայի դեպքում այս թրքահաճո իշխանությունն արհեստականորեն ձգձգի ռուսական կողմից օգնություն ստանալը, հապաղի ընդունել դաշնակից Ռուսաստանի ռազմական օգնությունն այնքան ժամանակ, մինչեւ «բանը բանից անցնի»: Չմոռանանք, որ նման նախադեպ կա: Հիշենք ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հայտնի հայտարարությունն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի առաջին օրերին հապաղում էր ռուսական խաղաղապահների մուտքին համաձայնություն տալը: Ըստ այդմ, տվյալ դեպքում մեր դաշնակիցները պետք է պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում Սյունիքում արագ հակազդել՝ նաեւ ի հեճուկս այս թրքացածների ռեժիմի հնարավոր «քողարկված հակազդեցության»: Իսկ Սյունիքի անվտանգության լիարժեք ապահովումը հնարավոր է միայն իշխանափոխության դեպքում: Այլապես ականատեսը կլինենք կա՛մ Սյունիքի աստիճանական հայաթափմանը, կա՛մ՝ նոր պատերազմի:

Իլոնա Ազարյան
www.iravunk.com


դեպի ետ