
ԱՌԱՅԺՄ ԿԱՐԵԼԻ Է ՄԻ 5-6 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆ ՆՇԵԼ` ՈՐՊԵՍ ԱՌԱՋԱՏԱՐ. սոցիոլոգ
Կամաց-կամաց ուրվագծվող նախընտրական այս փուլում, թե որ քաղաքական ուժն ինչպիսի վարկանիշ ունի հանրության շրջանում, «Իրավունքը» պարզեց ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի ակադեմիկոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻՑ:
«ԻՐԱԿԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՂԸ ՇԱՏ ՔԻՉ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Է ՃԱՆԱՉՈՒՄ»
– Ընտրություններին ընդառաջ` շուրջ երկու տասնյակ կուսակցություններ են բացվել: Ըստ Ձեզ` նրանց կհաջողվի՞ հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայներ «գողանալ» հայտնի քաղաքական ուժերից:
– Սա նոր երեւույթ չէ, եթե պատմականորեն նայենք, միշտ էլ ընտրություններին ընդառաջ մի 3-4, երբեմն` 10 նոր կուսակցություններ են ի հայտ եկել, որոնք բնական է, ոչինչի չեն հասել, բայց 0,5 տոկոս, 1-1,5 տոկոս ուրիշներից «փախցրել» են: «Սպոյլերներ» են անվանում այդ կուսակցություններին, այսպես ասեմ, որ շատ գռեհիկ չհնչի: Ինձ թվում է` այս անգամ ուղղակի մի քիչ անսովոր շատ են ստեղծվող կուսակցությունները: Իրականում ընտրողը շատ քիչ կուսակցությունների է ճանաչում, եղածներից էլ` քիչ, առավել եւս այդ նորերին ընդհանրապես` չի էլ հասցնի ճանաչել, եթե, իրոք, հունիսի 20-ին տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
– Իսկ ի՞նչ կասեք դաշտում առկա հիմնական քաղաքական ուժերի վարկանիշների մասին` այս պահի դրությամբ:
– Դժվարանում եմ ասել, որովհետեւ մենք հարցում չենք անցկացրել: Իրավիճակը հիմա այնպիսին է, որ քաղաքական հարցումները համարում եմ անիմաստ, որովհետեւ, փաստորեն, միայն կարող ենք հեռախոսային հարցումներ անցկացնել, իսկ եթե հեռախոսով ես զանգել անձին, ուրեմն` արդեն հարցումն անանուն չէ: Համենայնդեպս, եթե համարը գրանցվում է, շատ հանգիստ հետո կարող ես իմանալ` անձի անուն-ազգանունը: Այդ պատճառով, հատկապես քաղաքական հարցումները մի քիչ դժվարանում ենք անցկացնել, որովհետեւ անկեղծության աստիճանը շատ ցածր է այդ տարբերակով: Եթե ոչ քաղաքական հարցում լինի, հնարավոր է, որ մարդիկ շատ հանգիստ պատասխանեն, օրինակ, իրենց ժամանցի, ընտանեկան, երիտասարդության հետ կապված հարցերին, բայց քաղաքական հարցերը պետք է անանուն լինեն, որպեսզի ռեալ պատկերը ստանաս:
«ԱՅՍ ՎԵՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՈԼՈՐՆ ԷԼ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՇԱՆՍԵՐ ՈՒՆԵՆ»
– Փաստորեն, չեք էլ պատրաստվո՞ւմ անցկացնել որոշակի սոցհարցումներ` արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված:
– Առայժմ չենք անցկացրել: Եթե անցկացնենք էլ, ապա այն հեռախոսային տարբերակով չեն լինի, այլ դեմ առ դեմ: Այսինքն` ինչպես ավանդական տարբերակով միշտ անում էինք` մարդկանց տուն այցելելով, իրենց հետ խոսելով, քննարկելով, որ մի քիչ վստահության մթնոլորտ ստեղծվի: Իսկ հեռախոսային հարցումների դեպքում` այն հնարավոր չէ: Օրինակ, հեռախոսային հարցումը պետք է 5 րոպե տեւի, ոչ թե` 30 րոպե, որովհետեւ ոչ ոք կես ժամ չի զրուցի հեռախոսով: Իհարկե, կարող եմ ասել, որ հիմնական խաղացողները դաշտում երեւում են, հիմնականում նրանք են, ովքեր Ազգային ժողովում ընդգրկված են եւ ընդդիմության մի քանի երեւացող կուսակցություններ: Առայժմ կարելի է մի 5-6 կուսակցության անուն նշել` որպես առաջատար:
– Որո՞նք են, ըստ Ձեզ, այդ 5-6 կուսակցությունները, որոնք կարող են հավակնել խորհրդարան մտնելուն:
– Խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերն են` «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստանը» եւ «Լուսավոր Հայաստանը», իսկ արտախորհրդարանականներից կնշեի ՀՅԴ-ին, «Հայրենիք»-ին, եւ, իհարկե, ՀՀԿ-ին, եթե մասնակցի, որովհետեւ նրանք փորձ, կառույցներ եւ մարդկային ռեսուրսներ ունեն: Այս վեց կուսակցությունները բոլորն էլ բավականին շանսեր ունեն:
«ՀԱՐՑԱԿԱՆ Է` ԱՐԴՅՈՔ «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ» ԱՅՍ ԱՆԳԱՄ ԿԿԱՐՈՂԱՆԱ 5 ՏՈԿՈՍԱՆՈՑ ՇԵՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ»
– Նշեցիք խորհրդարանական ընդդիմության մասին եւս, բայց նրանք գնացին փաստացի կուլիսային պայմանավորվածությունների իշխանության հետ` համաձայնելով ոչ թե մերժել նրանց, այլ մասնակցել նրանց կազմակերպած ընտրություններին: Սա իր ազդեցությունը չի՞ ունենա նրանց վարկանիշի վրա: Օրինակ` ԲՀԿ-ն կարո՞ղ է հավակնել երկրորդ տեղի:
– Երկրորդ, թե երրորդ տեղը, չգիտեմ, բայց կարծում եմ` իրենք իրենց 10-12 կամ 15 տոկոսը կհավաքեն, որովհետեւ բավականին կայուն ընտրազանգված է իրենցը: Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանին», այստեղ կարող են կասկածներ լինել, թե արդյոք իրենք կկարողանան 5 տոկոսանոց շեմն այս անգամ հաղթահարել: Այս հարցն, իրոք, հարցական է:
– Քաղաքական դաշտում բավական ակտիվ գործում է նաեւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժումը: Ձեր գնահատմամբ` այս գաղափարախոսությունը տեղ կգտնի՞ խորհրդարանում:
– Դժվար է ասել, այստեղ շատ կարեւոր է, թե առաջին դեմքերն ովքեր են լինելու, որովհետեւ մեր ընտրողն ավելի շատ ինչ-որ անձի հետեւից է գնում, իր ընտրությունն անձնավորված է: Մարդիկ քաղաքական ուժի պլատֆորմը չեն նայում, ծրագիրը չեն կարդում, չեն ուսումնասիրում: Ավելի շատ դեմքերին են նայում, եւ քանի որ ես չգիտեմ` ովքեր են լինելու առաջին դեմքերը, դժվարանում եմ ասել:
«ՈՉ ՄԵԿՆ ԷԼ 50-ԻՑ ԱՎԵԼ ՏՈԿՈՍ ՁԱՅՆԵՐ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՀԱՎԱՔԵԼ»
– Իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ձեւավորվող քաղաքական ուժը, Ձեր կարծիքով, ի՞նչ վարկանիշ կարող է ունենալ:
– Եթե մասնակցեն, հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի կամային, անձնական հատկությունները, համառությունը, կարծում եմ` կարող են շատ բանի հասնել, բայց քանի որ դեռ հայտնի չէ որ ուժերով է գնալու ընտրության, դրա համար չեմ նշում:
– Իշխանության վերարտադրությունը հնարավոր համարո՞ւմ եք: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանի թիմն իր վարկանիշն այսօր զրոյացրե՞լ է, թե՞ շատ հանգիստ կարող է նորից իր թիմը վերընտրվել:
– Ո՛չ առաջինը եւ ո՛չ էլ երկրորդ տարբերակը: Բնականաբար, նրանց վարկանիշն իջել է, բոլոր դեպքերում` ձայները, որոնք իրենք 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստացան, հիմա, իհարկե, չեն ստանա: Ավելին` ինձ թվում է` լրիվ պարզ է, որ միայն կոալիցիայով կամ դաշինքով կկարողանան մեծամասնություն դառնալ: Ցանկացած կուսակցություն, որոնք նշեցի, ոչ մեկն էլ, իմ կարծիքով, 50-ից ավել տոկոս ձայներ չի կարողանա հավաքել: Այնպես որ, ստիպված են լինելու ինչ-որ դաշինքներ կազմել, որպեսզի վարչապետ նշանակեն, կառավարություն ընտրեն:
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ