• am
  • ru
  • en
Версия для печати
17.04.2021

ԱՌԱՆՑ ՀԻՍՏԵՐԻԱՅԻ ՈՒ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻ ՓՆՏՐՏՈՒՔԻ` ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵԼ, ՈՐ ՍԱ ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՂԵՏՆ Է` Ե՛Վ ՌԴ-Ի, Ե՛Վ ՀՀ-Ի. Լեպեխին

   



Ըստ ԵԱՏՄ ինստիտուտի գլխավոր տնօրեն, ռուս քաղաքական վերլուծաբան ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՊԵԽԻՆԻ` ընդամենը պարզ վերլուծություն անելով` կարելի էր ենթադրել, որ արցախյան պատերազմում հայկական կողմը պարտություն է կրելու, ինչի մասին նա բարձրաձայնել է դեռեւս 2013 թվականին:

– Սա ակնհայտ էր, ինչի մասին ասել եմ դեռ Հայաստանի ԵՏՄ մտնելու նախաշեմին: Պարզ վերլուծությունը ցույց էր տալիս, որ Ադրբեջանը տնտեսապես բավականին արագ է զարգանում` իր նավթային փողերով, Թուրքիայի եւ մի շարք արեւելյան երկրների աջակցությամբ: Եվ այս իրավիճակում Ադրբեջանի բնակչության թիվն աճում էր, ու դրա հետ մեկտեղ աճում էին նաեւ ռեւանշիստական տրամադրությունները, այսինքն` ցանկությունը ուժի միջոցով լուծել Ղարաբաղի խնդիրը: Իսկ Հայաստանում բնակչության թիվը չի աճում, տնտեսությունն անկում է ապրում, եւ ես անընդհատ ասել եմ, որ երկիրը պետք է անցնի տնտեսական արդիականացման: Պետք է ընդունվեր տնտեսական մի մոդել, որը թույլ կտար Հայաստանին բավական արագ զարգանալ: Պետք էր օգտագործել այն հնարավորությունը, որը տալիս էր ԵՏՄ-ի եւ Ռուսաստանի հետ համագործակցությունը: Հայաստանը պետք է հատուկ պլան ունենար, որ եթե անհրաժեշտ է, նույնիսկ կարողանար ստիպել Ռուսաստանին գումարներ ներդնել տարբեր ներդրումային նախագծերում: Եվ երբ 2018 թվից սկսվեցին Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններում դժվարությունները, սա արդեն պարտության գլխավոր նախանշանն էր: Չկար հստակ համագործակցություն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, իսկ սա տեսնում էր նաեւ հակառակորդը ու պլանավորում էր իր օպերացիան: Հաշվարկ էր արված նրա վրա, որ երբ սկսեն ռազմական գործողությունները, բնական է, հայկական ղեկավարությունը շփոթության մեջ է ընկնելու, քանի որ չուներ պաշտպանական ռազմավարություն: Հայկական ղեկավարության մի մասը կողմնորոշված էր դեպի Ռուսաստանի հետ միություն« մյուս մասը` Արեւելքի հետ հարաբերությունների խորացման կողմնակիցն էր: Կարծում էին, թե իրենց ՆԱՏՕ-ն կօգնի, եւ այդ ընթացքում Ռուսաստանն էլ դանդաղում էր որոշումներ կայացնել, որովհետեւ նրան չէին դիմել պաշտոնապես օգնության խնդրանքով:

– Փաստորեն, կարծում եք` պատերազմի նման հետեւանքների համար իր մեղքի բաժինն ուներ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ռուսաստանի՞ ղեկավարությունը:

– Կարծում եմ` պետք չէ ման գալ ինչ-որ մեկի մեղքը, թե` ահա՜ մեղավոր է Հայաստանի կառավարությունը, կամ մեղավոր է Ռուսաստանը: Հիմա պետք է աշխատել ոչ թե մեղքի ռեժիմում, այլ աղետի գիտացման ռեժիմի մեջ, որ մեղավոր են ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ռուսաստանը: Ավելի ստույգ` Ռուսաստանը ոչ թե մեղավոր է, այլ մեծ սխալներ է արել: Ռուսաստանի սխալն այն էր, որ երբ սկսեցին ռազմական գործողությունները պետք էր անհապաղ մտցնել ռուսական խաղաղապահներին եւ ռազմական գործողություններ սկսել` կապված նրանց տեղակայման հետ, օրինակ` Իրանի սահմանին կից: Եվ, հետեւաբար, հայկական կառավարության սխալն էլ այն էր, որ երբ սկսեցին ռազմական գործողությունները պետք էր անհապաղ պաշտոնապես դիմել ռուսական կառավարությանը ու պայմանավորվել միասնական գործողությունների վերաբերյալ: Թե ինչու չարվեց, արդեն ասացի: Հայ-ռուսական հարաբերությունների վիճակն այդ պահին թույլ չէին տալիս Հայաստանի ղեկավարությանը միանգամից դիմել Ռուսաստանին, բոլորը շփոթմունքի մեջ էին եւ տարբեր տեսակետներ ունեին: Իսկ Ռուսաստանում կողմնորոշվում են օրինական կառավարության քայլերով, ու քանի դեռ իրենց պաշտոնապես չեն դիմել, չեն խառնվում: Ավելին` Ռուսաստանում որոշները միանգամից դուրս եկան Փաշինյանի դեմ` ասելով, թե ինչու պետք է օգնենք մեկին, ով դեմ է արտահայտվել Եվրասիական տնտեսական միությանը, ընդ որում` այդ թվում անգամ հայ համայնքի ներկայացուցիչներ կային, մյուս կողմից էլ` ՌԴ-ում էլ կա որոշ «ագենտուրա», որն ազդում է կառավարության վրա: Օրինակ` բրիտանական, թուրքական, ադրբեջանական, որոնք իրենց փաստարկներն էին առաջ քաշում: Ինձ համար, իհարկե, լրիվ պարզ էր, որ այլ ելք չկա, միեւնույնն է« Ռուսաստանը կմտցնի խաղաղապահներին, բայց անհրաժեշտ էր շուտ անել« այլ ոչ թե այդքան երկար մտածել, ծանրութեթեւ անել: Եվ երբ ադրբեջանական զորքերը գրոհեցին Շուշիի վրա եւ համապատասխանաբար վտանգ առաջացավ Լաչինի միջանցքի ուղղությամբ, միայն այդ ժամանակ հրատապ մտցվեցին խաղաղապահ ուժերը: Այնպես որ, այսօր այս վիճակից դուրս գալու գլխավոր ազդակն այն է, որ պետք է այս ճշմարտությունն ընդունել` առանց հիստերիայի եւ մեղավորների փնտրտուքի, որ` այո, սա մեր ընդհանուր աղետն է` ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Հայաստանի:

– Հիմա համարում եք Արցախյան հիմնախնդրի հարցն այսպիսով փակվա՞ծ, թե՞ տեսնում եք, օրինակ, ռեւանշի հնարավորություն:

– Այս հարցը չի կարող փակված լինել, քանի դեռ այնտեղ ապրում են հայեր, ովքեր գտնվում են անհարմար վիճակում ու չեն ցանկանում լինել Ադրբեջանի կազմում: Ադրբեջանը ոչ մի կերպ ցույց չի տվել, որ պատրաստ է ընդառաջ գնալ այդ մարդկանց, նրբորեն վերաբերվել եւ նաեւ պահպանել հայկական մշակույթը: Այնտեղ տարբեր երեւույթներ են ընթանում, եւ տեսնում ենք, որ չնայած` պաշտոնապես կնքված համաձայնագրին, ծածուկ շարունակվում են նրանց առաջխաղացումը: Տեղաշարժվում են սահմանները, իսկ որոշ ծայրահեղականներ խաչքարեր են կոտրում եւ այլն: Այսինքն` ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, իսկ հարցը դեռ փակված չէ: Ավելին` Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ որոշված չէ: Այնտեղ կանգնած են խաղաղապահները, եւ սա արդեն խոսում է այն մասին, որ չկա որոշակի կարգավիճակ: Խաղաղապահները կարող են կանգնած մնալ 5-10 տարի, իսկ հետո՞: Այդ պատճառով մի կողմից վիճակն անկայուն է, բայց մյուս կողմից հայկական կողմը հնարավորություն չունի այժմ ազդել այդ ամենի վրա: Ինձ թվում է` այժմ պետք չէ զբաղվել այդ հարցով, հիմա հայկական ղեկավարությունը պետք է զբաղվի պատերազմի հետեւանքների վերացմամբ, ավելի կոնկրետ` առաջին հերթին ռազմագերիների վերադարձի խնդրով, բոլոր զոհերի մարմիները գտնելով եւ նրանց անունների ճշգրտմամբ: Պետք է մեխանիզմներ ստեղծել խաղաղապահների հետ համագործակցության, որպեսզի հնարավոր լինի կանխել այս սողացող փորձերը ինչ-որ տարածքներում սահմանների տեղաշարժման, ադրբեջանական ուժերի կուտակման, քանի որ 1200 խաղաղապահը, շատ փոքր թիվ է այդ տարածաշրջանի անվտանգությունը պահպանելու համար: Նրանք չեն կարող հետեւել բոլոր իրադարձություններին, որոնք տեղի են ունենում ողջ սահմանով:

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ