
ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍԻՆ, ԿԱՐԵԼԻ Է ԱՍԵԼ, ՈՉԻՆՉ ՉԳԻՏԻ. թուրքագետ
Թուրքիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել է, որ աջակցելու է նրան, այսպես ասած, «Ղրիմի հարթակի» հարցում: Էրդողանի խոսքով` Անկարան սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, եւ իրենց սկզբունքային դիրքորոշումն է Ղրիմի «անեքսիայի» ճանաչումը: Թուրքական այս դիրքորոշման վերաբերյալ չուշացավ նաեւ Ռուսաստանի արձագանքը, մասնավորապես ՌԴ ԱԳ նախարար Լավրովը զգուշացրել է Թուրքիային, որ չսնուցի Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները: Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի, եւ այդ համատեքստում հայաստանյան իրողությունների մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք թուրքագետ ՄՀԵՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ:
«ՌԴ-Ն ԱՅՍՕՐ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՈՒՆԻ ՄԵԿ ՔԱՅԼ ԲԱՐՁՐ ԴԻՐՔ»
– Պարոն Աբրահամյան, ամեն անգամ, երբ սրվում են ռուս-թուրքական հարաբերությունները, Հայաստանում հույսեր են արթնանում` ստեղծված իրավիճակում առավել շահեկան դիրք գրավելու: Ի՞նչ կարող ենք ակնկալել այս փուլում:
– Պատմության ընթացքում բազմիցս տեսել ենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները ժամանակ առ ժամանակ ունեցել են մերձեցումներ, իսկ կարճ ժամանակ հետո` այն վերածվել է թշնամանքի: Իրականում ռուս-թուրքական հարաբերությունները երբեք էլ չեն եղել բարեկամական: Իրենց բարեկամությունը շատ փխրուն է եղել եւ մշտապես փլուզվել է, ինչպես, օրինակ, 19-րդ դարի վերջին, 20 -րդ դարի սկզբին` 1905-1906 թթ.-երին, երբ տեղի ունեցավ առաջին հայ-թաթարական բախումը` այն նույն թաթարների, որոնք այժմ իրենց կոչում են ադրբեջանցիներ: Այդ ժամանակ նույնպես կար ռուս-թուրքական մերձեցում, սակայն այն տեւեց ընդամենը մի 6-7 տարի, որից հետո ռուսական վերաբերմունքն Օսմանյան կայսրության հանդեպ փոխվեց, եւ ռուսական եւ Օսմանյան կայսրությունների միջեւ թշնամանք առաջացավ: Այսօր եւս տեղի է ունեցել ռուս-թուրքական մի մերձեցում, որի հետ իրականում մենք որեւէ կապ չունենք: Սա տեղի ունեցավ աշխարհաքաղաքական իրավիճակների փոփոխության արդյունքում եւ, բացի դրանից, Թուրքիան արդեն փորձեց աշխարհաքաղաքականության մեջ որպես առանձին մի կերպար հանդես գալ, ինչի համար անում է ամեն ինչ: Իսկ ռուսական շահերը տանում են նրան, որ Ռուսաստանը փորձում է մերձեցման միջոցով շահել իր համար շահեկան դիրքեր: Այս պարագայում` ոչ թե պետք է ոգեւորվենք ամեն առիթով եւ ասենք` ահա՜ ռուս- թուրքական հարաբերությունները վատացան, ուրեմն` Ռուսաստանը մեր բարեկամն է, լավացան, ուրեմն` թշնամին է, այլ իրականում հասկանանք, որ տարածաշրջանում մենք ունենք մեկ բարեկամ երկիր եւ գործընկեր, որը Ռուսաստանն է: Փաստենք, որ ՌԴ-ն պետական մակարդակով հանդիսանում է քրիստոնյա երկիր եւ իրեն համարում է ընդհանրապես ուղղափառ եկեղեցու առաջնորդներից մեկը: Ուստի` մենք պետք է օգտվենք այս հանգամանքից եւ Ռուսաստանի հետ հարաբերություններն ամրապնդենք նաեւ որպես հավատակից երկիր: Ռուսաստանն իր ողջ պատմության ընթացքում միշտ տեղ է տվել քրիստոնյա ժողովուրդներին եւ մուսուլմանական պետությունների հետ հարեւանությամբ եւ սահմանակից շրջաններում տեղաբաշխել եւ բնակեցրել է քրիստոնյա ժողովուրդներին: Այս հանգամանքը շատ կարեւոր է, որովհետեւ նույն 2020 թվականին սանձազերծված պատերազմում ադրբեջանցիներն օգտվեցին հենց հավատակից թուրքերի օգնությունից: Այո, բացի նրանից, որ իրենք ունեն ցեղասպան բարեկամական կապեր, նաեւ օգտվում են այդ հավատի հանգամանքից: Այսօր Թուրքիան փորձում է իրեն ներկայացնել որպես մուսուլմանական աշխարհի առաջատար երկրներից մեկը, դրա համար նա որոշակի խնդիրներ ունի Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններում: Այս համատեքստում մեզ համար կարեւոր են Ռուսաստանի հետ հարաբերությունները, իսկ դրա համար պետք է ոչ թե ասել` լավն է, վատն է, այլ հասկանալ դաշնակցին եւ ոչ միայն հարաբերություններ ձեւավորել ռազմական, տնտեսական, այլ նաեւ հավատի եւ մշակույթի առումով, որն իրականում որոշակիորեն կփոխի մեր եւ ՌԴ-ի միջեւ հարաբերությունների տրամաբանությունը:
– Հակառուսական հայտնի շրջանակները մշտապես կանխատեսում են, թե Ռուսաստանը Ղրիմի շուրջ ծավալվող խնդիրները լուծելու է ի հաշիվ Արցախի: Հնարավո՞ր է ՌԴ-ն գնա նման ինչ-որ կուլիսային պայմանավորվածությունների Թուրքիայի հետ:
– Կարծում եմ` ոչ: Նախ Ղրիմը` որպես այդպիսին, Ռուսաստանը համարում է իր տարածք: Ղրիմի համար ռուսական պայքարը դարերի պատմություն ունի եւ գալիս է դեռեւս 1700-ական թվականներից: Ղրիմն ընդհանրապես կապ չունի ՌԴ-ի տարածաշրջանային մյուս քաղաքականության հետ, որովհետեւ այն համարվում է իր իսկ տարածքը, եւ ընդհանրապես այս հարցը ՌԴ ղեկավարը չի դարձնի որեւէ սեղանի շուրջ ինչ-որ առեւտրի առարկա: Ռուսաստանը հստակ հայտարարում է` Ղրիմն իմ տարածքն է, եւ որեւէ մեկդ ոտնձգություն չանե՛ք, իսկ Հայաստանը եւ Արցախը Ռուսաստանի ազդեցության գոտի են: Այսօր ՌԴ-ն գտնվում է Արցախի տարածքում եւ մեր տարածաշրջանում, կարելի է ասել, ունի մեկ քայլ բարձր դիրք: Կան, իհարկե, տարածված խոսակցություններ, թե Ռուսաստանը դավաճանեց եւ այլն, բայց այդ արեւմտյան կողմնորոշում ունեցողներն ինչո՞ւ չեն ասում, որ Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն դավաճանեցին, ինչի օրինակները կարող եմ բերել: 1878, 1914, 1918 թթ.-երին ո՞վ այնպես արեց, որ ռուսական հաղթանակները եւ Օսմանյան կայսրության վերջնական կործանումը տեղի չունեցավ, իհարկե` Բրիտանիան: 1945 թվականին` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ո՞վ այնպես արեց, որ չիրականացավ Կարսի վերադարձը, իհարկե` նույն Մեծ Բրիտանիան: Այնպես որ, Ռուսաստանը չեմ կարծում, թե Ղրիմը կդարձնի որեւէ առեւտրի առարկա, այն իրենն է եւ վերջ:
«ԲԱՅՐԱՔԹԱՐ»-ՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ՎԱԽԵՆԱ»
– Թուրքական «Բայրաքթար»-ներն արդեն Ուկրաինայում են: Ըստ Ձեզ` դրանք կկիրառվե՞ն Ռուսաստանի դեմ, եւ կարո՞ղ է այս ամենը հանգեցնել ռուս-թուրքական պատերազմի:
– Իրականում «Բայրաքթար»-ները շատ ավելի վաղուց էին գտնվում Ուկրաինայում, եւ արցախյան պատերազմի ժամանակ Թուրքիան օգտվեց առիթից ու գովազդեց այն: «Բայրաքթար»-ների օգտագործումից, կարծում եմ, Ռուսաստանը չի վախենա, որովհետեւ ունի նաեւ հակաբայրաքթարային միջոցներ: Ինչ վերաբերում է «Բայրաքթար»-ների կիրառմանը Ռուսաստանի դեմ, այն միանշանակ կբերի ռուս-թուրքական ավելի խորը թշնամանքի: Այսօր մենք ռուսական հռետորիկայում տեսնում ենք, որ այդքան էլ բարեկամական չեն տրամադրված Թուրքիայի հանդեպ, սակայն, միեւնույնն է, կան որոշակի շահեր, որոնք մեծ տերությունները փորձում են օգտագործել: Իսկ եթե սկսեն «Բայրաքթար»-ներ կիրառվել Ռուսաստանի դեմ, ապա այն կհանգեցնի Թուրքիայի հետ արդեն որոշակի թշնամական հարաբերությունների: Բայց, ըստ իս, Թուրքիան այս իրավիճակում կփորձի ավելի խելամիտ գտնվել եւ սահմանափակվել միայն հայտարարություններով, թեպետ տեսնում ենք նաեւ Էրդողանի էքսցենտրիկ քաղաքականությունը, որը կարող է եւ բերել թշնամական որոշակի գործողությունների:
– Ի տարբերություն ՌԴ-ի` այսօր Հայաստանում են բավականին բարեկամաբար տրամադրված Թուրքիայի հանդեպ: Նույնիսկ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ասում է, թե «հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի»: Ընդ որում` սա բոլորովին էլ նորություն չէ, հենց այս թեզերով իմքայլականները եկան իշխանության, ինչի հետեւանքով ունեցանք ոչ թե բարեկամություն, այլ` պատերազմ...
– Այս իշխանությունն ընդհանրապես չգիտի, թե ինչ է Թուրքիան: Նրանք այս առումով, կարելի է ասել, ոչինչ չգիտեն: Թուրքիան չի կարող բարեկամական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ մի քանի պատճառներով: Նախ` Թուրքիան միշտ էլ քաղաքական եւ պետական հռետորիակայում Հայաստանը համարում է սեպ: Վերջերս էլ հնչեց նման մի հայտարարություն` կապված Սյունիքի հետ, երբ հայտարարեցին, որ այն սեպ է խրված թուրքական աշխարհի մեջ: Իսկ օրեր առաջ նրանց պաշտպանության նախարարը հանդես եկավ մի հայտարարությամբ, թե «մենք մեր բռունցքով բամփեցինք Հայաստանի գլխին»: Թուրքիայում այսօր շարունակում է գոյություն ունենալ ցեղասպան հասարակությունը: Այս մասին է փաստում անգամ ամենատարրական մակարդակում ուսումնասիրությունը, երբ նրանց ֆեյսբուքյան գրառումները կամ մեկնաբանություններն ենք տեսնում: Այս իրավիճակում Թուրքիայի հետ ինչպիսի՞ բարեկամության կամ խաղաղության մասին կարող ենք խոսել, սա համարում եմ, պարզապես, աբսուրդի ժանրից: Ի դեպ, նույն աբսուրդի ժանրից էր այն, որ պատերազմից առաջ իշխանության ներկայացուցիչներն ասում էին, թե Թուրքիան չի խառնվի այս պատերազմին: Բայց տեսանք, որ Ադրբեջանի հաղթանակը կապված էր միմիայն Թուրքիայի խառնվելու հետ:
«ՄԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ԿԱՊԻՏՈՒԼԻԱՑԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ, ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒԺԵՂ ԼԻՆԵԼ»
– Ադրբեջանի նախագահ Ալիեւը օրերս բացեց հայ զինվորների խրտվիլակներով մի սարսափելի պուրակ: Այսպիսի սանձարձակությունն Անկարայի աջակցությա՞մբ է պայմանավորված, թե՞ հայաստանյան իշխանությունների թուլությամբ:
– Հայաստանի իշխանությունների թույլ լինելու հանգամանքը թողնենք մի կողմ, որովհետեւ եթե մի իշխանություն ստորագրել է կապիտուլիացիայի պայմանագիր, չի կարող ուժեղ լինել: Ինչ վերաբերում է Ալիեւին, նրա մոտ այժմ էյֆորիկ մի վիճակ է: Նույնն է, թե երեխային նոր խաղալիք տաս, ու նա կսկսի ուրախանալ: Հիմա Ալիեւն այդ կարգավիճակում է եւ փորձում է ամեն կերպ ցույց տալ, որ հասել է իր նպատակին եւ հաղթանակ է տարել, ինչի ապացույցն այդ պուրակն է: Եթե այդ պուրակը դիտարկենք համաշխարհային խաղաղության կամ այլ կոնտեքստում, ապա խայտառակություն էր այդ խրտվիլակները դնել ու ներկայացնել իբրեւ հայ զինվորներ: Դե մեզ համար էլ չեմ ասում, թե ինչ խայտառակություն էր: Ալիեւը փորձում է ամեն կերպ ցույց տալ իր ժողովրդին իր հաղթանակը, բայց կարծում եմ` որոշակի ժամանակ անց, երբ Ադրբեջանի ժողովրդի մոտ արդեն կսկսի նստել այդ հաղթանակի բերկրանքը, առաջ են գալու շատ այլ խնդիրներ իրենց երկրի ներսում եւ հենց Ալիեւի համար: Իհարկե, չեմ կարծում, որ այն կբերի Ադրբեջան պետության փլուզմանը, բայց որոշակի փոփոխություններ կառաջացնի Ադրբեջանի ներսում: Իսկ թե մեր քաղաքական կոնտինգենտը, որը կգա իշխանության, կամ որը կմնա, ինչպիսի քայլեր կձեռնարկի այս առիթից օգտվելու համար, ինձ թվում է` ցույց կտա նաեւ ապագան: Լիահույս եմ, որ եթե նոր իշխանություն գա, ապա, համենայնդեպս, կօգտվեն մասնագետների խորհուրդներից եւ կփորձեն ավելի ռեալ կազմակերպել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները:
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ