• am
  • ru
  • en
Версия для печати
12.04.2021

ԼՌՈՒՄ ԷԻ, ՁԱՅՆ ՉԷԻ ՀԱՆՈՒՄ՝ ՄՏԱԾԵԼՈՎ, ՈՐ ԱՆՑԱԾ ՄԵԿԱՄՍՅԱԿԻ ՄԵՋ ԳՈՆԵ ՄԵԿԸ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ. Խուրշուդյան

   

«Տիկնայք փափկասունք Հայոց աշխարհին, որ գրգեալք եւ գգուեալք էին յուրաքանչյուր բաստեռունս եւ ի գահավորակս, մոռացան զկանացի տկարություն, եւ եղեն արուք առաքինիք ի հոգեւոր պատերազմին», – մեջբերելով Եղիշեի հայտնի խոսքերը՝ գրում է ՀՀ սփյուռքի նախարարության հիմնադիր Հրանուշ Հակոբյանի 2013-14 թթ.-ի մամուլի քարտուղար, հասարական գործիչ ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ եւ ընդգծում. «Երանի չհիշեի հայ պատմիչ Եղիշեի այս խոսքերը, երանի դրանք թմրած լինեին եւ այսօրեականություն չունենային... Ցավոք, այս տարիների ընթացքում հայուհին կրկին իր ուսերին զգաց Հայրենիքին հանդիպող դժվարությունները, աշխատեց, աղոթեց, ստեղծեց եւ շարունակում է իր փառահեղ ուղին դեպի Հայոց պատմության նոր էջեր... Ռշտունյանց Համազասպուհի տիկինից մինչեւ Գրիգոր մագիստրոսի դուստր Մարիամ, Արշակունյանց Փառանձեմից Կիլիկիան Զաբել թագուհի, Աշոտ ողորմածի կնոջից՝ Խոսրովանույշից (ընդարձակում եւ նորոգում է Սանահին վանական համալիրը) մինչեւ Սյունաց Սմբատ արքայի կին՝ Շահանդուխտ (998 թվականին Տաթեւի վանքին է ընծայում Տեղ գյուղն իր բոլոր սահմաններով), Կատրանիդե թագուհուց (կառուցում է Անիի Կաթողիկե եկեղեցին) մինչեւ Կյուրիկյան Դավիթ Ա֊ի դուստր Հրանուշ թագուհի (կառուցել է Սանահինի երկու շինությունները) եւ մյուսները եղել են Հայոց հոգեւոր ու գաղափարական առաջնորդ զավակներ... Նրանց կատարած աշխատանքներից շատերն այսօր էլ կանգուն եւ բաց դասի առարկա են բոլորի համար...

Հայուհին հայ գրականության օրօրոցից՝ 5֊րդ դարից սկսած նաեւ գրագիտության, իմաստնության եւ ուսումնառության ջատագովներից է եղել, որով դաստիարակել է նաեւ իր զավակին... Հայուհին արհեստում՝ տարազագործության, հելունագործության, կտավագործության, դերձակության, ասեղնագործության եւ այլ ոլորտներում էլ փայլել է ստեղծելով յուր՝ հայկական ոճը, եւ այն պահպանել, տարածել...

Պատմությանը հայտնի թշնամական ասպատակությունների պատճառով հայուհին ինքն էլ ունեցավ սեփական Գողգոթան։ Հայուհու առաքինության, բարության, իմաստության եւ քաջության գործերը խաղաղության եւ ներդաշնակության մեջ չէին։ Հայուհին հաճախ էր բզկտվում տառապանքների ու չարչարանքների փշերից։ Նրանցից շատերը բախվեցին բռնությանը, չարությանը, չարչարանքին ու մահվանը։ Որոնք իմացան ըմպել դառնության բաժակից՝ իրենց բողոքն ու արյունը ավանդելով հավիտենական արդարության ձեռքը։ Դարեր շարունակ հայուհին չունեցավ գովեստի եւ փառաբանման օր, նրան չպատվեցին արժանի...

Մեր օրերում ոչ հեռու 90֊ականներին հայ կանանց հետ կապված հարցերով սկսեց զբաղվել Գերագույն Խորհրդի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը։ Միայն 2001 թվականին տիկին Հակոբյանի նախաձեռնությամբ ԱԺ֊ն մարտի 8֊ը ՀՀ֊ում ընդունեց որպես կանանց տոն։ Իսկ ապրիլի 7֊ը ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համարվում է Ավետման օր եւ 1995֊ից ներառված է ազգային տոնացույցում։ Այս երկու հանգամանքները Հայոց աշխարհին տվեցին ոչ թե մեկ, այլ երկու կանանց նվիրված տոն եւ ժողովուրդն այն անվանեց կանանց նվիրված մեկամսյակ...

Տիկին Հակոբյանի առաքելությունն այսքանով չավարտվեց. նա հիմնադիրներից է Հայ֊ամերիկյան առողջության կենտրոնի, որտեղ տարեկան հազարավոր մայրերի կյանքեր են փրկվում։ Հրանուշ Հակոբյանը նաեւ Հայ կանանց միջազգային կազմակերպության նախագահն է, շնորհիվ որի Հայաստանում եւ ՀՀ֊ից դուրս բազմաթիվ կանայք տարբեր ծրագրեր են իրականացնում ի նպաստ հայապահպանության, հայագիտության եւ ազգային արժեքների տարածման...

Այս ամենին զուգահեռ տարիներ շարունակ Հրանուշ Հակոբյանի խրախուսանքի շնորհիվ առանձնահատուկ հաջողությունների են հասել մեր պատիվը համարվող Սփյուռքի կանայք, որոնք իրենց ստեղծագործությունները ներկայացնում են օտարազգիներին...

Հայ իրականություն առանձնահատուկ մշակույթ բերեցին սիրիահայ կանայք, որոնք հատուկ ուշադրության կենտրոնում էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից... Կանանց դերն ու նշանակությունը Հայաստանում մշտապես կարեւորել է հենց տիկին Հակոբյանը։ Հարյուրավոր երիտասարդ աղջիկների աշխատանքային կենսագրության մեջ ու ճանապարհին ոչ միայն ստացած ուսումն է, այլ Հրանուշ Հակոբյան մարդկային տեսակից պետական, կառավարման փորձառության դասեր քաղելն ու դրանցով առաջնորդվելը... Շատերը կփաստեն խոսքերիս հավաստիքը...

Լռում էի, ձայն չէի հանում՝ մտածելով, որ անցած մեկամսյակի մեջ գոնե մեկը կանդրադառնա Հրանուշ Հակոբյան նվիրյալ կին տեսակին... Սակայն, ցավոք ինչպես շատ ուրիշ հարցերում, այստեղ էլ անապատի բարբառոյ ձայնը կրկին լռության է մատնում ազգային գործիչների տիտանական աշխատանքը, որոնցից մեկն էլ հզոր կամքի տեր Հրանուշ Հրանտի Հակոբյանն է... Եղեք շնորհակալ եւ գնահատեք Հայրենիքի նվիրյալ զավակներին...»:

www.iravunk.com


դեպի ետ