• am
  • ru
  • en
Версия для печати
08.04.2021

«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՔԱՂԱՔԱԳԻՏՈՐԵՆ ՄՏՈՐԻ, ԹԵ ՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԼԻՆԻ»

   

ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ գնահատմամբ՝ ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխաններից մի քանի հանգուցային եզրակացություններ կարելի է անել:

– Նախ ամենակարեւոր մեսիջն ուղղված Հայաստանի ներկա քաղաքական իշխանություններին այն էր, որ Քոչարյանը վերջին անգամ հաստատեց, որ մասնակցելու է ընտրություններին՝ որպես կուսակցությունների դաշինքի ղեկավար: Իհարկե, չպարզաբանեց, թե որ կուսակցություններն են լինելու այդ դաշինքի մեջ: Գուցե, սա մարտավարական խնդիր է, որովհետեւ ամենայն հավանականությամբ՝ որոշակի բանակցություններ են գնում Քոչարյանի եւ այդ քաղաքական կուսակցությունների միջեւ՝ մասնակցության ձեւաչափի, ցուցակներում ընդգրկված անդամների եւ, ինչու ոչ, նաեւ գործելակերպի եւ փոխադարձ պարտավորությունների իմաստով: Երկրորդ՝ Քոչարյանը բաց եւ ուղղակի տեքստով նշեց, որ իր հարաբերությունները ռուսական իշխանությունների հետ այն աստիճանի լավ են, եւ կարող է այնպիսի մակարդակի բարձրացնել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, որ այն կարող է ծառայել արցախյան հակամարտության գործում մի փոքր շտկումների հասնելու համար: Նա ուղղակիորեն նշեց, որ նկատի ունի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի նախկին տարածքի վերականգնումը: Եվ երրորդ՝ Քոչարյանը մեկ անգամ եւս շեշտեց, որ քաղաքական կամքի առումով խնդիր չունի եւ վճռական է՝ ցույց տալով, որ ինքն այն խարիզմատիկ գործիչն է Հայաստանի քաղաքական դաշտում, որը երբեք եւ որեւիցե հանգամանքում չի կարող ընկճվել եւ շարունակելու է պայքարել իշխանության համար:

– Պարոն Քեռյան, ՀՀ երկրորդ նախագահը խոսեց իր իշխանության տարիներին ունեցած ձեռքբերումների մասին, բայց ոչ ապագայի տեսլականի: Չե՞ք կարծում, որ կարեւոր էր անդրադառնալ:

– Սա Քոչարյանի նախընտրական քարոզը կամ ելույթը չէր, այլ նա պարզապես հարցազրույց էր տալիս քաղաքական կարեւոր իրադարձությունների մասին՝ ընտրություններից առաջ: Թե ինչ տեսլական ունի Քոչարյանը հակամարտության հետագա ընթացքի, տնտեսական, արտաքին եւ ներքին քաղաքական ու այլ հարցերի շուրջ, կտեսնենք նախտընտրական արշավի ժամանակ: Չմոռանանք որ նա ոչ թե ելույթ էր ունենում, այլ պատասխանում էր հարցերի, իսկ նման հարց իրեն չտրվեց:

– Ո՞ւմ հետ եք հնարավոր համարում Ռոբերտ Քոչարյանի համագործակցությունը առաջիկա ընտրություններում: Նա, ըստ էության, ասում էր, որ լինելու են երկու կուսակցություն:

– 17+1-ի ֆորմատն, ըստ էության, պարտվեց եւ չկարողացավ հասնել կրիտիկական այն զանգվածի, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա: Եթե չպարտվեր, ամենայն հավանակությամբ՝ ես ձեր հարցին կպատասխանեի, որ Քորչարյանի քաղաքական հենարան լինելու է 17+1 դաշինքը կամ քաղաքական կուսակցությունների այդ ֆորմատը: Բայց հիմա ինձ թվում է՝ Քոչարյանը պետք է քաղաքագիտորեն մտորի, թե որ կուսակցությունների դաշինքի ղեկավար լինի, մանավանդ, որ խնդրողները շատ են՝ նկատի ունենալով նրա վարկանիշի բարձրացումը: Չեմ ուզում ենթադրություններ անել, բայց վերլուծաբանները հիմնականում նշում են ՀՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների անունները: Բայց վստահորեն չեմ կարող ասել: Ամենայն հավանականությամբ՝ պետք է ընտրության այդ ձեւաչափում փոփոխություն լինի, որ 17+1-ի անհաջողությունը չհարվածի իր նախընտրական իմիջի վրա:

– Իսկ որքանո՞վ եք հնարավոր համարում, որ այդ կուսակցությունները լինեն, օրինակ, Արթուր Վանեցյանի «Հայրենիքը» եւ Դվինի Արտակի (Թովմասյան) ստեղծած քաղաքական ուժը:

– Բացառված չէ, հնարավոր համարում եմ, որովհետեւ երկու քաղաքական ուժերն էլ նոր են մտել քաղաքականություն, որեւիցե ընտրության չեն մասնակցել եւ իրենք առավել շատ կենտրոնամետ դիրքորոշում ունեցող ուժեր են:

Իլոնա Ազարյան
www.iravunk.com


դեպի ետ