
ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՍԴ ՈՐՈՇՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՀՔԾ ՊԵՏՆ ՈՒ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԴԵՌ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԵ՞Ն ՏՎԵԼ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանելով իրեն եւ այլոց մեղսագրվող ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը Սահմանադրական դատարանի կողմից կայացրած ՀՀ Սահմանադրության միանգամից երկու՝ 78 եւ 79-րդ հոդվածներին հակասելու մասին ՍԴ որոշումը, միանգամայն տեղին հիշեցրեց. «Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը, միջազգային հեղինակավոր կառույցներ այս գործի հակասահմանադրականության վերաբերյալ մասնագիտական կարծիք են հայտնել երկրորդ նախագահի ապօրինի կալանավորման առաջին իսկ օրից»։
Ասվածը ճշմարտություն է, իրոք առաջին իսկ պահին մեղադրանքի հիմքում դրված 300,1 հոդվածի սահմանադրականությունը մասնագետների կողմից վիճարկելի էր համարվում, ու ՍԴ-ն ֆիքսեց, որ այդ մասնագետները միանգամայն ճիշտ էին: Բայց ահա այդ մեդալն ունի հակառակ երեսը, որը ներկայացնելու համար նախ այլ փաստեր եւս հիշեցնենք:
Այսպես, սույն հոդվածով մեղադրանք է ներկայացված Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Արմեն Գևորգյանին: Այսինքն, երկրի նախկին նախագահի, երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյայի: Վերջապես, նաեւ այդ պահին գործող միջպետական կառույցի՝ ՀԱՊԿ-ի մեկ բարձրաստիճան, ավելի կոնկրետ՝ ամենաբարձրաստիճան պաշտոնյային՝ կազմակերպության նախագահ Խաչատուրովին: Ու հիմա հաստատվեց՝ ներկայացված մեղադրանքների հիմքը հակասահմանադրական էր: Մինչդեռ նման խարխուլ հիմքով ներկայացված մեղադրանքով հսկայական, անչափելի վնաս է հասցվել մեր պետության հեղինակությանը: Ավելին, բաժին է հասել նաեւ ՀԱՊԿ-ի հեղինակությանը:
Հիշեցնենք նաեւ, որ այդ խարխուլ հիմքով մեղադրանքը կառուցել է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը՝ 2019թ. ապրիլի 22-ին ուղարկելով մեղադրանքը ՀՀ Գլխավոր դառախազություն: Դատախազությունն էլ իր հերթին է իրավաչափ համարել մեղադրանքը՝ ներկայացնելով այն դատարան ու այնտեղ երկու տարի «ատամներով պաշտպանել»:
Միայն դատավոր Դավիթ Գրիգորյանն էր, որ հակասահմանադրականության տարրեր տեսնելով, պաշտոնապես դիմեց Սահմանադրական դատարան՝ խնդրել է ստուգել 300.1 հոդվածի սահմանադրականությունը։ Փոխարենը Դավիթ Գրիգորյանին փոխարինելու բերված Աննա Դանիբեկյան տեւական ժամանակ վարում է գործը, դրանով ցույց տալով մազաչափ չի կասկածում հոդվածի օրինականությանը:
Ամփոփենք. ՍԴ-ին իր որոշմամբ փաստեց, որ ոչ թե պարզապես Քոչարյանի եւ մյուսների գործի սահմանադրականությունը վիճարկող մասնագետներն էին ճիշտ, այլ նաեւ, որ ՀՔԾ-ն, Գլխավոր դատախազությունը, գործի քննությունն առաջ տարած դատավորը (նաեւ՝ գործը քննության վերցրած բարձր դատական պաշտոնյաները), մեղմ ասած, մասնագիտական կոպտագույն սխալ են թույլ տվել: Ավելին, որ այդ կերպ նրանք հսկայական վնաս են պատճառել ոչ միայն կոնկրետ անձանց՝ նախկին ու այդ պահին գործող բարձրաստիճան պաշտոնյաների, այլ նաեւ Հայաստանին եւ ՀԱՊԿ-ի հեղինակությանը: Ու հիմա պարզ հարց՝ ինչո՞ւ ՍԴ որոշման հրապարակումից ամենաուշը մեկ ժամ անց ներկայացված կառույցներում տվյալ գործի հետ առնչված պաշտոնյաները, այդ թվում՝ ՀՔԾ պետն ու Գլխավոր դատախազը հրաժարական չեն տվել: Ոչ աշխատանքային օրե՞ր են: Լավ, սպասենք երկուշաբթի օրվան:
Հ.Գ.-1 – Իրականում բոլորն են հասկանում, որ այդ պաշտըոնյաները գործել են ոչ թե մասնագիտական, այլ միանգամայն ուրիշ շահերից եւ Նիկոլից եկած հրահանգներից ելնելով: Սակայն հիմա Նիկոլը հանգիստ կասի՝ ես որեւէ բան նրանց չեմ հրահանգել, դա նրանց որոշումն էր: Արդյունքում, հենց այդ պաշտոնյաներն էլ մնալու են Նիկոլի հերչթական «գցվածներն» ու այս խայտառակ գործի պատասխանատուները:
Հ.Գ2. – Չնայած նաեւ չմեռանանք հետեւյալը. Նիկոլը ժամանակին հայտարարում էր, թե մարտի 1-ի գործը լիովին բացահայտված է: Ու սա՞ էր նրա բացահայտածը:
Հ.Գ3. – Ի դեպ, տեսնես ի՞նչ եղավ Քոչարյանի գործի հետ կապված Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի սկանդալային հեռախոսազրույցի սկանդալային գաղտնալսման գործը:
Ս.Աբրամյան
www.iravunk.com
դեպի ետ