
ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՄԵՆԱՈՒԺԵՂ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆ Է ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. Լեպեխին
Հայաստանյան ներքաղաքական կյանքը շարունակում է մնալ անկայուն ու պայթյունավտանգ, իսկ թե ինչպիսի տպավորություն է դրսից «Իրավունք TV»-ի եթերում պարզեցինք ԵԱՏՄ ինստիտուտի գլխավոր տնօրեն, ռուս քաղաքական վերլուծաբան ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՊԵԽԻՆԻՑ:
«ՊԵՏՔ Է ՑՈՒՅՑ ՏԱԼ, ԹԵ ԻՆՉ ՈՒԺԵՐ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՈՒՄ»
– Ինչպե՞ս կգնահատեք այն գործողությունները, որոնք իրականացնում է ընդդիմությունը` պահանջելով Փաշինյանի հրաժարականը: Ինչպես գիտեք, մինչեւ այսօր Բաղրամյան փողոցը փակ է, եւ այնտեղ տեղադրված են վրաններ:
– Անշուշտ, քայլեր արված են իրենց դիրքորոշումն արտահայտելու ուղղությամբ: Մի կողմից` բոլոր քաղաքական դիտողություններն ու գնահատականները տրված են` ղարաբաղյան պատերազմի ընթացքում կառավարության գործողություններին: Մյուս կողմից` կազմավորվել է ընդդիմության որոշակի դաշինք, իսկ երրորդ կողմից առաջացել են նոր ուժեր, օրինակ, շարժում, որը հանդես է գալիս ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացի խորացման եւ ՌԴ-ի հետ մերձեցման օգտին: Սակայն ինձ թվում է` սա քիչ է, որովհետեւ աշխատում են տեխնոլոգիաները: Այդ տեխնոլոգիաների արդյունքում կա իռացիոնալ մոտեցում, այսինքն` կան մարդիկ, ովքեր կողմնորոշված են դեպի լիդերը: Նրանք մաս չեն կազմում ոչ մի կառույցի, չեն զբաղվում որեւէ ծրագրով, բայց վստահել են Փաշինյանին: Պայմանականորեն ասած` կա առաջնորդ, ով դուրս եկավ փողոց 2018 թվականին եւ իր հետեւից ոտքի հանեց բազմությանը: Իսկ ընդդիմությունն աշխատում է մի փոքր այլ կերպ, քանի որ միավորվում են տարբեր ուժեր եւ միանշանակ առաջնորդ չկա: Իհարկե, ֆորմալ առաջնորդ կա, բայց խարիզմատիկ լիդեր չկա, ով ազգին կառաջնորդի փողոցում:
– Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը խարիզմատիկ առաջնորդ չէ՞:
– Եկեք ուղիղ խոսենք` նրա խարիզման ցածր է, քան Փաշինյանինը: Կան նույնիսկ սոցիոլոգիական հարցման արդյունքներ, որոնք ցույց են տալիս, թե բնակչության քանի տոկոսն է սատարում Փաշինյանին եւ քանի տոկոսը` Մանուկյանին: Ամեն դեպքում, ընդդիմությունը ճիշտ է անում, որ միավորվում է, բայց դրա համար պետք է լինի առաջնորդների որոշակի խումբ, եւ տեղի ունենա խմբային գործընթաց: Եթե ընդդիմության համար այդ ուղին անհնար է, ապա այն կլինի ոչ այդքան արդյունավետ, որքան այն հաջողվում է իշխող քաղաքական ուժի մոտ` շարժելով փողոցը եւ ինչ-որ պոպուլիստական կոչեր անելով: Ուստի` պետք է գնալ քաղաքական միավորներ ստեղծելու ճանապարհով եւ առաջնորդների խմբի առաջ քաշմամբ, որոնցից հետագայում դուրս կգա որեւէ իրական մեկը: Այսինքն` մարդկանց պետք է ցույց տալ, թե ինչ ուժեր են կանգնած ընդդիմության հետեւում եւ ինչ են ուզում: Սա բավականին բարդ խնդիր է եւ այժմ արտահերթ ընտրությունների գնալու որոշման հետ կապված պետք է սկսել նախապատրաստվել, եւ ընդդիմությունը պարզ ասի` ի՞նչ է ուզում:
«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ԽԱՌՆՎԵԼՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
– Ինչպիսի՞ առաջնորդ է այսօր պետք Հայաստանին, եւ ինչպիսի՞ առաջնորդ է հարմար Ռուսաստանին:
– Ռուսաստանը չի կողմնորոշված դեպի կոնկրետ որեւէ առաջնորդը: ՌԴ-ի քաղաքական պրակտիկայից էլ է երեւում, որ միշտ կողմնորոշվում է դեպի այն կառավարությունը, որը կա: Պարզ է, որ ՌԴ-ում իշխող էլիտան հետաքրքրված է, որ Հայաստանում իշխող կուսակցությունը քաղաքականապես կողմնորոշված լինի դեպի Ռուսաստանը: Բայց մյուս կողմից` ծայրահեղ չի արտահայտվում նույն Փաշինյանի եւ կառավարության դեմ, քանի որ նրանք են լեգիտիմ պաշտոնական իշխանությունը: Այդ պատճառով էլ, իհարկե, Ռուսաստանը չի խառնվելու նաեւ արտահերթ ընտրություններին եւ իր նախընտրություններն անգամ չի արտահայտելու: Ռուսաստանը նախ հետաքրքրված է կայուն զարգացմամբ եւ ամենակարեւորը, որ ընթանա լեգիտիմ գործընթաց` քաղաքական համակարգի նորացման շրջանակներում, եւ չլինեն կտրուկ սցենարներ: Եվ երկրորդ` հետաքրքրված է, որ գործընկերը` հայկական իշխանությունը, լինի ունակ` պայմանավորվելու` անկախ նրանից, թե որ կողմ է թեքվում եւ ինչ բազմավեկտոր քաղաքականություն է վարում, քանի որ ՌԴ-ում եւս փաստացի բազմավեկտոր քաղաքականություն է իրականացվում: Պետք է համակարգային նախապատրաստություն լինի ընտրություններին, իսկ ինչ վերաբերում է խարիզմատիկ առաջնորդներին, նրանք պետք է հայտնվեն: Փաշինյանին ոչ ոք հատուկ փորձանոթում չէր աճեցրել, բայց երբ առաջացավ ծայրահեղ վիճակ, նա հանկարծ հայտնվեց: Այդ պատճառով ինձ թվում է` անհրաժեշտ է, որ գոյություն ունենա հարմար հիմք` այդպիսի առաջնորդի հայտնվելու համար: Պետք է ստեղծվեն քաղաքական միավորներ, որոնք կսովորեն պայմանավորվել միմյանց հետ: Օրինակ` 17 կուսակցությունները միավորվեցին մեկ շարժման մեջ, եւ համարենք կազմավորել են միասնական օրգան, բայց այստեղ յուրաքանչյուրը, միեւնույնն է, աշխատում է ինքն իր համար: Իսկ ինչպե՞ս անել, որ բոլորն աշխատեն միասին եւ ստեղծեն չափանիշներ, որոնցով լավագույնները կդառնան այդ շարժման առաջնորդները, սա շատ բարդ խնդիր է: Դրա համար անհրաժեշտ է, որ հասարակությունը եւ ընդդիմությունը հասունանա: Բայց շատ լավ հասկանում ենք, որ հասարակությունը գտնվում է սթրեսի մեջ: Ոչ բոլոր երկրներն են անցնում դրա միջով, բայց որոշներն անցնում են, օրինակ, Ռուսաստանը 90-ականների սկզբին, Ուկրաինան, որը գտնվում էր սթրեսային վիճակում, իսկ Հայաստանն այժմ է հայտնվել ծանր սթրեսի մեջ, երբ ողջ քաղաքական էլիտան անհանգստացած է անցած աշնան ծանր իրադարձություններով, բայց քաղաքական ռացիոնալ մոտեցումները գրեթե չեն աշխատում: Բոլորն էմոցիոնալ են, հուզված եւ, բնական է, հակված են ավելի պարզ մեթոդների` խարիզմատիկ առաջնորդների ի հայտ գալու եւ կտրուկ քայլերի: Այս իրավիճակում շատ դժվար է բացատրել, թե ինչու է անհրաժեշտ լուրջ աշխատանք կատարել ընդդիմությանը` ընտրություններին նախապատրաստվելու համար, եւ ինչի շուրջ է պետք միավորվել:
– Ըստ Ձեզ, հնարավո՞ր է, որ պայմանականորեն հունիսի 21-ին` արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո` կրկին վարչապետ դառնա Փաշինյանը:
– Կարծում եմ` նախընտրությունն առայժմ նրա կողմն է: Հարցումները ցույց են տվել, որ չնայած այն մեծամասնություն չէ, բայց ընտրողների 1/3 մասը սատարում են «Իմ քայլին», մյուս կողմից էլ` ընդդիմության կոալիցիան, որն ավելի հակված է դեպի Եվրասիական տնտեսական միության կողմը, նույնպես սատարողների մեծամասնություն չունի: Հայ հասարակության, պայմանական ասած, եւս 1/3-ն էլ դեռ չի կողմնորոշվել եւ գտնվում է սթրեսային վիճակում: Եվ կա մի փոքր զանգված, որը դեռ փոքր է, բայց շատ ակտիվ շրջանառվում է արտասահմանից` նրանք մարդիկ են, ովքեր քաղաքական իռացիոնալ դիրք են գրավել եւ դեմ են բոլորին` ե՛ւ Թուրքիային, ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ ամենքին: Այնտեղ դիտարկվում է հնարավոր տարբերակ Արեւմուտքի հետ մերձեցումը: Այս պայմաններում, փաստացի ընդդիմությունը պառակտված է:
«ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՄԵՆԱՈՒԺԵՂ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆ Է ՓԱՇԻՆՅԱՆԻՆ»
– ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ մասնակցելու է ընտրություններին եւ կրելու է: Ի՞նչ կասեք այս մասին:
– Ճիշտ է հայտարարում, եւ այսօր նա ամենաուժեղ այլընտրանքն է Փաշինյանին: Քոչարյանը կարող է իր շուրջ մոբիլիզացնել բավարար քանակի մարդկանց եւ, ինչու ոչ, կարող է լինել ընդդիմության առաջնորդ: Դրա համար ընդդիմությունն էլ պետք է հասունանա, որպեսզի նրան առաջնորդ ճանաչեն: Այն, որ նա է հայտարարում, թե պատրաստ է մինչեւ վերջ գնալ, սա առաջին ազդակն է, որ, իրոք, պատրաստ է այդպիսի առաջնորդ լինել, որովհետեւ ոչ բոլորն են պատրաստ, եւ ոչ բոլորը կհամարձակվեն մինչեւ վերջ գնալ: Եթե ընտրություններն անցկացվեին ավելի մեծ շրջանակներում եւ ներառեին Լեռնային Ղարաբաղը, ապա հասկանալի է, որ նրա առաջխաղացումն ավելի մեծ կլիներ` լինելով հանրաճանաչ Արցախում: Բայց Հայաստանում դեռ այդքան էլ բարձր չէ նրան սատարողների տոկոսը: Ամեն դեպքում, ազդակները, որ նա կարող է լինել այլընտրանք «Իմ քայլին», ակնհայտ է:
– ՀՀ-ում ստեղծվել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ© հանուն նոր միության» շարժումը, որն առաջ է քաշում ՌԴ-ի հետ նոր միության ստեղծման գաղափարը` ընդհուպ միութենական պետության ձեւավորում: Ըստ Ձեզ, որքանո՞վ է իրատեսական այն իրագործել մոտ ապագայում:
– Ամեն ինչ այն քաղաքական ուժերի ձեռքում է, ովքեր ստեղծել են այդ շարժումը: Նրանք միանշանակ իրավունք ունեն նպատակ դնել եւ մտնել խորհրդարան: Դրա համար հիմք կա, քանի որ ՀՀ բնակչության մեծամասնությունը կողմ է արտահայտվում ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը:
– Իսկ Ռուսաստանը հետաքրքրվա՞ծ է այս շարժման գաղափարով:
– Իհարկե, օբյեկտիվորեն Ռուսաստանը հետաքրքրված է, որ իրեն շրջապատեն գործընկեր պետություններ, որպեսզի ձեւավորվեն բարիդրացիական հարաբերություններ: Առավել եւս, երբ ընթանում է ԵԱՏՄ ինտեգրման գործընթաց, այդ հարաբերությունները պետք է լինեն ոչ թե պարզապես գործընկերային, այլ շոշափեն խնդիրների ավելի մեծ շրջանակ, առաջին հերթին` տնտեսական: Բնական է, այդպիսի քաղաքական ուժի ի հայտ գալու դեպքում` որոշ բարոյական եւ քաղաքական աջակցություն կարող է լինել, համենայնդեպս, ՌԴ-ում այն շատ դրական կընդունվի: Ամեն դեպքում, Ռուսաստանը չի կարող խառնվել Հայաստանի գործերին, ստեղծել ինչ-որ կառույցեր, անմիջական մասնակցություն ունենալ ընտրություններին եւ այլն: Սա Հայաստանի քաղաքացու գործն է: Խնդիրն այն է, որ այս շարժման գաղափարները հասնեն կոնկրետ ընտրողներին: Ըստ էության, տնտեսական ինտեգրացիայի ողջ գաղափարը կապված է որոշակի թվերի, փաստերի, ապացույցների հետ, որ Եվրասիական ինտեգրացիան շատ շահավետ է` առաջին հերթին տնտեսության համար: Իսկ ժողովուրդն այսօր շատ էմոցիոնալ է եւ վերջին իրադարձություների ֆոնին չի նայում թվերին, եւ նրանց դժվար է համոզել նախընտրել այդ շարժումը, օրինակ, պոպուլիստական ինչ-որ կուսակցությունից: Այդ պատճառով կա դժվար խնդիր` ինչպես դուրս գալ մամուլի միջոցով կոնկրետ ընտրողների վրա, հասանելի լինել մեծամասնությանը` ներկայացնելով համոզիչ ծրագրեր ու լոզունգներ: Սա հեշտ չէ այն պայմաններում, երբ հայկական մամուլն ավելի կողմնորոշված է դեպի կոմերցիոն կառույցները, դեպի Արեւմուտք եւ տնտեսական ինտեգրացիայի խնդիրը չի համարում իր համար հետաքրքիր:
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ