
ԻՆՉ ՆԻԿՈԼԸ ԵՐԱԶՈՒՄ ԷՐ 14 ՏԱՐԻ ԱՌԱՋ, ԱՅՆ ԷԼ ՆԱ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ԱՅՍՕՐ
14 տարի առաջ, 2007թ. մարտին Նիկոլը իր խմբագրած «Հայկական ժամանակի» առաջնատողում անդրադարձել էր Արցախի ու յոթ շրջանների Ադրբեջանին «վերադրձնելու» թեմային: Առիթ էր հանդիսացել ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների զեկույցում տեղ գտած հետեւյալ հայտարարությունը. «Հայաստանը շարունակել է օկուպացված պահել Ադրբեջանի տարածքները` Լեռնային Ղարաբաղը ու յոթ շրջանները»: Այն ժամանակվա ՀՀ ԱԳ արեւմտասեր նախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ վերոհիշյալ ձեւակերպումը «սխալմունք» է: Եվ ահա այս թեմայի շուրջ ծավալվելով Նիկոլը հույս է հայտնում, որ ՀՀ-ն չի «վերադարձնելու» Ադրբեջանին ԼՂ-ն ու յոթ շրջանները: Հատկանշական է, որ Նիկոլը օգտագորում է «Ադրբեջանին վերադարձնելու» բառակապակցությունը: Հավանաբար դեռ այն ժամանակվանից նրա ադրբեջանասեր հոգու խորքում եւ թրքասեր ուղեղում այն տարածքները , որոնք նա հետագայում հանձնեց Ադրբեջանին պատկերվում էին որպես ադրբեջանական: Այնուհետեւ նա այսպես է վերլուծում իրավիճակը. «... Հայաստանի շուրջ իրադարձությունների զարգացման տրամաբանությունն ու տեմպը հիմք են տալիս պնդելու, որ շատ մոտ ապագայում վերը ասվածը (Ադրբեջանին ԼՂ-ն ու յոթ շրջանները հանձնելը-խմբ.) ավելի քան ռեալ կլինի»:
Այնուհետեւ Նիկոլը երկար-բարակ վերլուծում է, որ ամերիկացիների վերոհիշյալ ձեւակերպումը սխալմունք լինել չի կարող եւ որ ամերկմացիների մոտ, այն էլ նման հարցերում պատահական սխալներ չեն լինում. «Ինչ վերաբերում է ԱՄն քաղաքականությանը, այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները մի քանի անգամ հայտարարել են, որ պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ ԼՂ կարգավիճակը կարող է որոշվել հակամարտության կողմերի համաձայնությամբ»: Ահա այստեղից է գալիս Նիկոլի հայտնի բանաձեւը, որ ԼՂ-ի վերաբերյալ լուծումը պետք է լինի ընդունելի «Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար»: Նիկոլը պարզապես արտաբերում էր ԱՄՆ պաշտոնյաների տեսակետը, որը նա քարոզում էր դեռ 2007 թվականին: Ավելին, Նիկոլը չի էլ թաքցնում, որ համարում է Արցախը Ադրբեջանի տարածք եւ Արցախի «վերադարձը» Արդրբեջանի «տարածքային ամբողջականության» խնդիր:
Սակայն ինչքան էլ Նիկոլի սիրտը ուզում էր «վերադարձնել» Արցախը, այնուամենայնիվ, նրա վերլուծությունը, որ դա կարող է լինել շատ մոտ ապագայում չիրականացավ: Չիրականացավ այնքան ժամանակ մինչեւ 2018 թվականին նույն ամերիկացիները իրականացրեցին Հայաստանում Նարանջագույն հեղաշրջում եւ Նիկոլին ու իր նմաններին կարգեցին իշխանության գլուխ: Հիշեցնենք նաեւ, որ այդ գործին մասնակցություն ունեցավ նաեւ «լայն աշխարհահայացքով» «միսթր» Ալիեւը: Խնդիրը պարզ էր` Նիկոլի գրած հոդվածից, որտեղ նա ներկայացնում էր ամերիկյան քաղաքականությունը Արցախի հարցում անցել էր ավելի քան տասը տարի եւ ՀՀ «նախկին իշխանությունները» որեւէ կերպ չէին համաձայնվում Արցախի հարցը լուծել ամերիկացիների բաղադրատոմսով, որը Նիկոլի համար այնքան սրտով էր: Դրա համար պետք էր բերել հենց Նիկոլին, ինչը եւ արվեց: Իշխանության գալուց հետո Նիկոլը սկսկեց եփել իր շիլան հենց ամերիկյան բաղադրատոմսով եւ արդեն իրեն իշխանության գլխին դնելուց հետո, ինչպես ինքն էր գրում` շատ կարճ ժամանակում իրականացավ ԼՂ-ն եւ յոթ շրջանները «Ադրբեջանին վերադարձնելու» Նիկոլի ու ամերիկացիների երազանքը:
Ճիշտ է, այն մինչեւ վերջ չհասցվեց, Ռուսաստանը զորքեր մտցրեց Արցախ այն պահին, երբ թուրք-ադրբեջանական բանակը Նիկոլի թողտվությամբ մտնում էր Ստեփանակերտ: Սակայն բաղադրամոտսը մնում է ուժի մեջ եւ եթե ուժի մեջ մնա Նիկոլը կամ որեւէ նրա թիմակից կամ որեւէ մեկը նրա նման մտածող, ապա, վաղ թե ուշ, բաղադրամտոսը կհասցվի ավարտին: Հետեւապես ամերիկյան շիլայի եփումը կանխելու համար մեզ անհրաժեշտ է հզոր Հայաստան, որը հնարավոր է առանց նիկոլազգիների , սորոսականների, աղանդավորների եւ այլ ազգաքանդ «մարդու իրավունքների»: Դրա փոխարեն պետք է լինի հայ ազգի եւ Հայաստանի քաղաքացու իրավունքը, որն այսօր ոտնակոխ է արված, իսկ դրա համար Հայաստանը պետք է ունենա հզոր միություն մեր ռազամավարական, ռազմական ու արժեքահամակարգային դաշնակցի հետ: Ով կողմ է հայ-ռուսական միությանը, նա կողմ է ուժեղ Հայաստանին:
Հայկ Բաբուխանյան
«Սահմանադրական Իրավունք» ՄԻՈՒԹՅՈՒՆ կուսակցության նախագահ,
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր ՄԻՈՒԹՅԱՆ» շարժման գործկոմի անդամ
դեպի ետ