
“ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՃԻՇՏ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՀԱՂԹԱՆԱԿ ԿԵՐՏԱԾ, ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏ ԱՆՀԱՏՆԵՐԻՆ”
Հարցազրույց ՌՀՄ Կամչատկայի հայերի միության նախագահ Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ
– Պարոն Խաչատրյան, մեր տեղեկություններով, օրերս Երևանում Դուք հանդիպել եք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ի՞նչ հարցերի շուրջ եք զրուցել իր հետ:
– Պարոն Քոչարյանի հետ քննարկել ենք Հայաստանի, ինչպես նաև Սփյուռքի զարգացման հեռանկարները: Ցավոք, ներկայումս հայ հասարակությունը գտնվում է խորը պառակտվածության վիճակում, որը հաղթահարելու համար մեզ պետք է ուժեղ առաջնորդ: Հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի փորձը, ունակությունները, նրա կատարած աշխատանքը, ինչպես նաև այն, որ նա պատերազմ տեսած մարդ է, պատերազմի ընթացքում երկիր ղեկավարած և հաղթանակած առաջնորդ է՝ կարծում եմ, որ նա պետք է ունենա իր ներդրումը Հայաստանն այս իրավիճակից դուրս բերելու գործընթացում: Մեզ անհրաժեշտ է, որ հասարակությունը լինի միաբանված և կուռ՝ առկա մարտահրավերներին դիմագրավելու համար:
Ես իմ պատրաստակամությունն եմ հայտնել աջակցություն ցուցաբերել Հայաստանի կայունացման, վերականգնման և հետագա զարգացման հետ կապված բոլոր հարցերում, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերի վերականգնման հարցում: Ցավոք, վերջին երեք տարիների ընթացքում այդ կապերը, կարելի է ասել, լիովին փլուզվել են:
– Ի՞նչ տպավորություն ստացաք ՀՀ երկրորդ նախագահից:
– Վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանի պես անհատը, ով ունի ղեկավարման հարուստ փորձ, ցանկացած իրավիճակում և ինչ կարգավիճակում էլ լինի կծառայեցնի իր հնարավորությունները հայրենիքի զարգացմանը: Այսօր ամբողջ աշխարհը, կարծես, երես է թեքել մեզնից: Անհրաժեշտ է վերականգնել Հայաստանի վարկն ու հեղինակությունը, ռազմավարական դաշնակիցների և հարևան պետությունների հետ հարաբերությունները հասցնել նախկինում եղած մակարդակի և ձգտել ավելի զարգացնել դրանք:
Ռ. Քոչարյանի հետ զրույցում ես առանձին նշեցի, որ հարգանքի է արժանի նրա դրսևորած կեցվածքը վերջին երեք տարիներին իր անձի դեմ նախաձեռնված անօրինական հետապնդումների ընթացքում: Նա գործել և գործում է օրենքի տառին և ոգուն համապատասխան, պաշտպանում է իր իրավունքները օրինական ճանապարհով և չի դիմել այնպիսի քայլերի, որոնք կհանգեցնեին հասարակական ցնցումների:
– Դուք տեղյա՞կ եք Ռ. Քոչարյանի կառավարման տարիների տնտեսական իրավիճակից:
– Ռ. Քոչարյանի օրոք Հայաստանում եղել են մեծ ներդրումներ, տնտեսական աննախադեպ, երկնիշ աճ, նոր աշխատատեղեր են ստեղծվել: Դա չի կարող հերքել ոչ ոք: Վերջին երեք տարում մենք չենք տեսել որևէ լուրջ օտարերկյա ներդրում Հայաստանում և ականատես ենք լուրջ տնտեսական հետընթացի: Սա անհանգստացնում է Հայաստանի ապագայով մտահոգ մարդկանց թե Հայաստանում, թե Սփյուռքում:
– Անդրադարձա՞ք հայ-ռուսական հարաբերությունների հարցին:
– Ռուսաստանի Դաշնությունում այսօր բնակվում է շուրջ երեք միլիոն հայ: Անշուշտ, նրանց համար Հայաստանի և Ռուսաստանի միջև ձևավորվող հարաբերությունները չափազանց կարևոր են: Այդ հարաբերությունները պետք է հետևողականորեն զարգանան, ինչպես դա արվում էր նախկինում: Այս պատերազմը ցույց տվեց, թե ով է իրականում Հայաստանի կողքին: Ռուսաստանը օգնել է մեզ պատերազմի ընթացքում, հենց Ռուսաստանի ջանքերով էլ պատերազմը դադարեցվեց:
– Իսկ վերջին զարգացումների հետ կապված ի՞նչ քննարկեցիք:
– Պարոն Քոչարյանի հետ քննարկել ենք նաև Արցախի հետ կապված ներկայիս զարգացումները, ինչպես նաև Հայաստանի անվտանգությանը սպառնացող մարտահրավերները: Ղարաբաղյան հակամարտությունը չի հանգուցալուծվել և դրան ավելացել են նաև Սյունիքում մեր սահմանների, սահմանամերձ բնակավայրերի և բնակչության անվտանգության հարցը, Սյունիքում ազատ տեղաշարժվելու հետ կապված խնդիրները: Հայաստանում փաստացիորեն անիշխանություն է, երկիրը գտնվում է քաոսային իրավիճակում: Այս ամենը հանգեցնելու է Հայաստանի տարածքային ամբողջականության, պետականության համար անվերահսկելի, անդառնալի կորուստների: Անհրաժեշտ է ջանքեր գործադրել այդ հարցերը շուտափույթ լուծելու համար:
դեպի ետ