• am
  • ru
  • en
Версия для печати
10.03.2021

«ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԸ ՊԵՏՔ Է ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԻՐ ԽՈՍՔՆ ԱՍԻ»

   

Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ գնահատմամբ` այսօր կա Ալիեւ-Էրդողան-Փաշինյան եռամիասնություն, որոնք իրար հետ փոխհամաձայնեցված կենսագործում են պրոթուրքական սցենարը: «Իրավունքի» հետ զրույցում նա նշեց, որ նախեւառաջ սրանով էր պայմանավորված, որ արժանապատիվ զինվորականությունը չկարողացավ այլեւս լուռ մնալ:

– Զինված ուժերի Գլխավոր շտաբի շատ զուսպ, մի քիչ գուցե ուշացած հայտարարությունը Նիկոլ Փաշինյան կոչեցյալը որակեց իբրեւ ռազմական հեղաշրջման փորձ, ինչն էլ հետո իր «կառուցողական գործընկերները» սկսեցին մի մարդու նման կրկնել: Սա եւս հուշում է, որ Ալիեւ-էրդողան-Փաշինյան եռյակը, պաս տալով մեկը մյուսին` կյանքի են կոչում թուրք-ադրբեջանական շահերը` խաղարկելով Հայաստանը թրքացնելու սցենարը: Մինչդեռ իրականում այսօր բանակը տեր է կանգնում պետականությանը, արժանապատիվ հայի հեռանկարին: Եվ ճանաչելով մեր զինվորականներին, ովքեր այս պայքարի առաջնագծում են` վստահ եմ,որ նրանք հետքայլ չեն անելու: Պետք է հաղթանակով ավարտենք այս ամենը, ինչի համար մեր զինվորականությունը մեր թիկունքին է, մենք էլ իրենց թիկունքին պետք է լինենք:

– Պարոն Ջամալյան, բայց Փաշինյանի հրաժարականը պահանջողների պակաս չկար` մի շարք կառույցներ, ինստիտուտներ, վերջապես երկու կաթողիկոսները եւս պահանջում էին: Չե՞ք կարծում, որ Գլխավոր շտաբի հայտարարությունը պետք է տարբերվեր մյուսներից եւ դրան պետք է հաջորդեր կոնկրետ գործողություններ:

– Նախեւառաջ ընդգծեմ, որ ռազմական հեղաշրջման թեզը թուրքական է եւ առաջ է քաշվել թուրքական շահերը սպասարկողների կողմից: Չպետք է տրվենք այդ խայծին, մանիպուլյատիվ հնարքին եւ իրենց ներմուծած պրոթուրքական թեզերին տուրք տալով` սկսենք դրանք բացառել ու հերքել, ինչ-որ ձեւով արդարացնել բանակի պահվածքը: Միեւնույն ժամանակ, համամիտ եմ ձեզ հետ, որ Գլխավոր շտաբը պետք է մինչեւ վերջ իր խոսքն ասի: Կարծում եմ` առաջիկա զարգացումները, ի վերջո, կբերեն նրան, որ կունենանք արժանապատիվ, պետականակենտրոն իշխանություն եւ կվերականգնենք մեր կորուստները, դրանում կասկած չկա:

– ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ պետք չէ վախենալ «ռազմական հեղաշրջում» բառակապակցությունից, քանի որ պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ ռազմական հեղաշրջումը թույլ է տվել պահպանել պետականությունը: Ի վերջո, ինչո՞ւ է այդքան համեստ մեր գեներալիտետը:

– Համեստության խնդիր չէ, այլ հաշվարկված, ամեն քայլը կշռադատելով, գործում են ու ճիշտ են անում: Իրենց կամքի եւ վճռականության վրա չեմ կասկածում եւ վստահ եմ` փորձություններով լի այս շրջանն անցնելու են ու իրենց հատու խոսքը դեռ ասելու են:

– Պահեստազորի սպաները նախորդ շաբաթ գնացել էին Բաղրամյան 26` ՀՀ նախագահից պահանջելու, որ դիմի Սահմանադրական դատարան` Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու Փաշինյանի որոշումը վիճարկելու համար: Ի՞նչ ակնկալիք ունեք Արմեն Սարգսյանից:

– Խնդիրը ոչ թե հույս ունենալն է, այլ դժվարություններով լի այս ճանապարհին քայլ առ քայլ հաստատակամ առաջ գնալը: Անկախ նրանից` նախագահը ինչ է արել, ինչ չի արել, պետք է իր վրա զգա հանրային ճնշում, որպեսզի հանրային պահանջին ընդառաջ գնալով` գործի, եթե անգամ դրա մտադրությունը չունի: Այնպես որ, այն ճնշումը, որ բանեցվում է իր վրա, տեղին է: Զուգահեռաբար նրան տրամադրվում է իրավական առումով անխոցելի փաստարկներ: Սա կարեւոր քայլ է, եւ անկախ նրանից, նա կանի, թե` ոչ, այդ ճնշումը պետք է ստիպի նախագահական ինստիտուտը զբաղեցնող անձին գործի ի շահ երկրի:

– Գուցե ՀՀ նախագահի վրա ճնշում բանեցնում է նաեւ Նիկոլ Փաշինյա՞նը` հաշվի առնելով, որ նրանց հանդիպումից հետո Արմեն Սարգսյանի գործողությունները 360 աստիճանով փոխվեցին:

– Դրա համար էլ պետք է, որ արժանապատիվ հայությունն իր խոսքն ասի եւ ինչ-որ տեղ, եթե նախագահն այդքան խոցելի է կապիտուլյանտի ճնշումների հանդեպ, ապա այս կողմում տեսնելով արժանապատիվ, բազմահազարանոց ժողովուրդ` պետք է իրեն ապահով զգա եւ իր քայլը կատարի: Ամեն դեպքում, ես անձամբ որեւէ հեռանկար ու հավատ չեմ տածում Արմեն Սարգսյանի գործողությունների հանդեպ, մինչդեռ գտնում եմ, որ հանրային ճնշումն իրեն պետականամետ որոշում կայացնելու մղելու առումով պետք է:

– Դուք շեշտում եք, որ հանրային ճնշում պետք է լինի, բայց նույն պայքարող հանրության շրջանում նկատելի է նաեւ որոշակի հուսալքություն, թե ամեն օր հավաքվում ենք, ու «սայլը տեղից չի շարժվում»:

– Ըստ իս, ամեն քայլը պետք է լինի կշռադատված, եւ իմպուլսիվ քայլեր չպետք է ձեռնարկվեն: Եթե Իշխան Սաղաթելյանն (ՀՅԴ ԳՄ Հայաստանի ներկայացուցիչ) ասում է, որ ժողովուրդը ընդամենը մեկ օր պետք է մտնի կառավարություն, եւ այն լինելու է հաղթանակի օրը, ուրեմն` այդ հաղթանակի օրը դեռ չի հասունացել: Գուցե հենց վաղը հասունանա, գուցե` այսօր: Եկեք վստահենք մեր պետականակենտրոն ուժերին, ովքեր այսօր պայքարը գլխավորողի դերն են ստանձնել եւ գնանք առաջ: Հիշեք, որ ամեն մի անզգույշ գործողություն կարող է ճակատագրական լինել եւ ի վնաս օգտագործվել բոլորիս համար, եթե տրվենք ինչ-որ իմպուլսիվ կոչերի եւ, օրինակ, ինչ-որ շենք վերցնենք: Սա կարող է հակառակ կողմն օգտագործել, եւ ամեն ինչ գլխատվի: Տոկունություն է պետք եւ կամքի ուժ, հեշտ ճանապարհ չէ, բայց սա միակ այլընտրանքային ճանապարհն է` մինչեւ պետական բոլոր օղակները հասկանան, որ իրենք պետք է պահեն բանակի թիկունքը: Տարիներ շարունակ տղայիս տարել եմ այն նույն ճանապարհներով, որով այսօր Ալեւն է անցնում: Կանգնել ենք տղայիս հետ այն նույն տեղերում, որտեղ այսօր Ալիեւն է կանգնում: Ինձ համար եւ իմ 9 տարեկան տղայի համար սա անձնական ողբերգություն է, երբ ինքն է ասում. «Հայրի՛կ, Իշխանաձոր էլ չենք գնալո՞ւ, Շուշիի մասին էլ չեմ ասում»: Մենք սա չենք ներելու, իմ տղան չի ներելու: Իսկ այդ կապիտուլյանտը, որ հնդկական կինո է խաղում հարթակում եւ փորձում է լաց լինել, բայց լացն էլ չի գալիս, բացարձակապես հայրենիքի զգացողություն չունի: Այս կորստի զգացումը մեզ պետք է ուժ տա, որպեսզի անտեղի չհուսահատվենք եւ պայքարի կեսից հետքայլ չանենք:

– Ստեղծված իրավիճակում, որպես ելք, «Սասնա ծռերն» էլ առաջարկում են հայ-ամերիկյան ռազմավարական դաշինք ստեղծել, այսպես ասած, ռուս-թուրքական փակուղու փոխարեն: Ի՞նչ կասեք այս մասին:

– Անհեթեթություններ են, եկեք ես չմեկնաբանեմ: Իմաստ չեմ տեսնում ձեր թանկ ժամանակը ծախսել այդ անհեթեթությունները մեկնաբանելու վրա:

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ