• am
  • ru
  • en
Версия для печати
09.03.2021

ՕՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ. ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ԵՎ ԳՇ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՆՀԱՊԱՂ ՀԱՆԴԻՊԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՔԱՅԼԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ.Արցախի նախկին վարչապետ

   

Հայաստանում ճգնաժամը շարունակվում է վարչապետի եւ նախագահի միջեւ հարաբերությունների սրմամբ: Նախագահ Արմեն Սարգսյանն արդեն երկրորդ անգամ հրաժարվել է ստորագրել ԶՈւ Գլխավոր շտաբի պետի ազատման մասին հրամանագիրը: Այս առաջարկով նրան դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իրավիճակը սրվել է փետրվարի 25-ին, երբ Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի ղեկավարությունը հանդես է եկել վարչապետի հրաժարականի պահանջով: Զինվորականների հայտարարությունում ասվում է, որ «Հայաստանի վարչապետն ու կառավարությունն ունակ չեն ադեկվատ որոշումներ կայացնել ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում»:

Ի՞նչպես է տեսնում երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը Արցախի նախկին վարչապետ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ փորձեցինք հետաքրքրվել անձամբ նախկին վարչապետից, ով նախ նկատեց.

– Վստահ եմ, որ ընթերցողը կհիշի իմ նախորդ երկու հոդվածները, որտեղ հիմնական մտքերը հետևյալն էին. առաջինը, որ Հայրենիքի անվտանգության, ընդհանրապես պետության գոյության, երկրի տարածքային ամբողջականության հարցերը չի կարելի ստորադասել ժողովրդի ու բանակի քայլերի սահմանադրականությանը։ Քայլեր, որոնք ուղղված են հայրենիքի փրկությանը, երկրում կայունության վերականգնմանը, ու վերահաս մարտահրավերների դիմակայմանը: Այսօր թշնամին ոչ միայն ուղղակիորեն սպառնում է մեր տարածքային ամբողջականությանը, հետևաբար, նաև պետության գոյությանը, այլև կապիտուլյանտ իշխանության լռելյայն համաձայնության ու հանցավոր անգործության պայմաններում օրստորե մեր երկրի մարտավարական ու ռազմավարական դիրքերն ու տարածքներն է զավթում: Ինչը իր հերթին «լեգիտիմացվում» է պարտված իշխանության բարձրաստիճան հանցավոր ներկայացուցիչների կողմից։ Այս դեպքում պետության անվտանգության, տարածքային ամբողջականության հարցերը վեր են բոլոր տեսակի օրենսդրական ակտերից, այդ թվում գլխավոր օրենք Սահմանադրությունից։

Օրերս, մասնավորապես գրել էի, կհիշեք՝ «Վախենամ մի օր վեր կենանք ու տեսնենք, որ մեր սահմանադրությունը դարձել է Սևրի պայմանագրի, Վիլսոնի իրավարար վճռի նման մի փաստաթուղթ։ Այսինքն ունենանք Սահմանադրություն բայց չունենանք պետություն, չունենանք հայրենիք։ Հետո, սահմանադրությունը ձեռքներիս աշխարհի հզորների դռները թակելով հայրենիք ու պետականություն մուրանք։ Ավելի թարմ օրինակ բերեմ, մեր աչքի առջև, մենք 44 օր "հաղթելով" Ադրբեջանին, 45-րդ օրը, մի գիշերվա մեջ կորցրեցինք Արցախի 70 տոկոսը ու շարունակում ենք օրեցօր կորցնել մեր տարածքները, մեր ինքնիշխանությունը։ Երբ նժարի վրա դրված է Հայրենիքի փրկության հարցը, անմտություն է խոսել սահմանադրականության, օրենքների, ժողովրդավարության մասին։ Այսօր քանի կոպեկ արժի Արցախի սահմանադրությունը, երբ այդ Սահմանադրությամբ ամրագրված երկրի 70 տոկոսը հանձնվեց թշնամուն։ 10 միլիոնանոց համայն հայությունը հպարտանում էր Արցախով, հպարտանում էր Արցախի պետականությամբ, ժողովրդավարական ինստիտուտներով, Շուշիով, Դադիվանքով ։ Ու մեր ինչն է հիմա ապահովում Արցախի սահմանադրությունը, երբ նույնիսկ մեզ մնացած տարածքում, մեր տուն գնալու համար պետք է ունենանք թուրքի թույլտվությունն ու ռուսների օգնությունը։ Էլ ու՞ր մնաց Սահմանադրությամբ երաշխավորված մեր իրավունքները։ Հիմա մտածենք, թե որն է կարևորը, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ՞, թե սահմանադրությունը, երբ կանգնած ենք հայրենիքը կորցնելու վտանգի առջև»:

Երկրորդ՝ միտքս նրա մասին էր, որ երբ ժողովուրդը իր ճնշող մեծամասնությամբ, ներառյալ եկեղեցին, երկրի գիտական ու քաղաքական միտքը, սփյուռքը ընդառաջելով ընդդիմությանը՝ ի դեմս Հայրենիքի փրկության շարժմանը, հետագայում նաև բանակին՝ հանձինս ԳՇ պետի, տասնյակ հազարներով դուրս է գալիս փողոց հաստատելով իր աջակցությունը բանակին ու շարժմանը, ապա և շարժման և Գլխավոր շտաբի ղեկավարության վրա հսկայական պատասխանատվություն է դրվում՝ մի կողմից զերծ մնալով ժողովրդին արկածախնդրության տանելուց, մյուս կողմից՝ չվարանել հաշվարկված ու վճռական քայլերից երկիրը չթողնելով պարտվողների ու կապիտուլյանտների ձեռքերում։

«Կարծում եմ, շարժման առաջնորդները գիտակցում են, ողջ պատասխանատվությունը ժողովրդի ամիսներով կուտակված էներգիան պարապ չմսխելու, բանակին վճռական պահին մենակ չթողնելու (ինչպես դա արեց կապիտուլյանտը), ու որոշիչ պահին չհապաղելու կարևորությունը։ Ես միշտ դեմ եմ եղել մինջև վերջ, մանրակրկիտ չհաշվարկված ծրագրերին, առավել ևս, եթե այդ ծրագրերից է կախված ժաղովրդի, երկրի, հայրենիքի համար բախտորոշ, որոշումները, որոնք կարող են ժողովրդին տանել դեպի արկածախնդրություն։ Բայց պետք է նաև գիտակցել, որ վճռական պահին հապաղելը, անհրաժեշտ քայլերից խուսափելը ամենամեծ արկածախնդրությունը կլինի, ու մեր բոլորիս հերթական պարտության պատճառը իր աղետալի հետևանքներով, անդառնալի կորուստներով, ժողովրդի համար իր ապագայի նկատմամբ խորը հիասթափությամբ ու երկարատև անորոշությամբ», – այս մասին եւս գրել եմ մի քանի օր առաջ։

Վերջին մի քանի հանրահավաքներում իշխանության հրաժարականը պահանջող տասնյակ հազարավոր մեր քաղաքացիների հավաքական տրամադրությունները կարելի է արտահայտել 4 բառով՝ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՎՃՌԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, որը ուղղված է և շարժման առաջնորդներին և Գլխավոր շտաբի ղեկավարությանը, որոնք այս մասին հստակ տեղյակ են։ Չնայած և շարժման առաջնորդները, և ԳՇ-ի ղեկավարությունը, և ժողովուրդը նույն բանն են պահանջում՝ իշխանությունների հրաժարականը: Ցավով պետք է արձանագրեմ, որ նշածս երեք ուժերի միջև բացակայում է սինխրոն գործողությունների հստակ պլանները, հետևաբար և քայլերը, որը գնալով կարող է հիասթափեցնել ժողովրդին, զրկելով շարժումը համաժողովրդական աջակցությունից։ Ըստ իս, ստեղծված իրավիճակում ժողովրդի պահանջը կատարելու համար առաջին քայլը, որ պետք է անեն շարժման և Գլխավոր շտաբի ղեկավարությունը պետք է անհապաղ հանդիպեն, միմյանց հետ համատեղ քայլերը հստակեցնելու նպատակով։ Կարծում եմ, սա պետք է լինի առաջիկա հանրահավաքի կարգախոսը, ՀԱՆԴԻՊՈՒՄ։ Անտրամաբանական կլինի եթե ժողովրդից աջակցություն ակնկալողները խուսափեն ժողովրդի հիմնավոր պահանջը կամ խնդրանքը, (ինչպես կուզեք), կատարեն։ Անմտություն ու չափազանց վտանգավոր է ակնկալվող հանդիպմանը քաղաքական երանգներ տալը: Որը իմ կարծիքով կամ գավառական տգիտության արդյունք է, կամ միտումնավոր, իշխանության կողմից հրապարակ նետված հերթական սադրանքը։ Բանակը սահմանադրորեն երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության երաշխավորն է ու սպառնալիքների առկայության դեպքում Գլխավոր շտաբի ղեկավարությունը պարտավոր է իր հայեցողությամբ համապատասխան կոնսուլտացիաներ վարել ցանկացած ուժերի, անհատների, տարբեր գերատեսչությունների ղեկավարության հետ։

Զրույցը՝ Իլոնա Ազարյանի
www.iravunk.com


դեպի ետ