• am
  • ru
  • en
Версия для печати
28.02.2021

ԱՄԵՆԱԳԼԽԱՎՈՐ ՄԵՂԱՎՈՐԸ ՁԵՐ ՎԱՐՉԱՊԵՏՆ Է` ՓԱՇԻՆՅԱՆ ՆԻԿՈԼԸ. Ցիգանոկ

   

Նիկոլ Փաշինյանի իշխանության դագաղի վերջին մեխը խփեց իր իսկ հարցազրույցը, որի ժամանակ հարց էր հնչեցրել, թե «ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ` 10 տոկոսով»: Դրան հաջորդեց Հայաստանի Ազգային հերոս, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի մեկնաբանությունը մամուլին, որտեղ նա, պարզապես, քահ-քահ ծիծաղել էր փաշինյանական հայտարարությունների վրա, ինչի պատճառով էլ ազատվեց աշխատանքից: Իսկ արդեն երեկ լցվեց նաեւ բանակի «համբերության բաժակը», եւ եղավ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավարության` ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի եւ բոլոր կորպուսների հրամանատարների համատեղ հայտարարությունը, որով նրանք պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՌԴ Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի Ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր ԱՆԱՏՈԼԻ ՑԻԳԱՆՈԿԻ հետ:

«ՓԱՇԻՆՅԱՆԸ, ՊԱՐԶԱՊԵՍ, ՓՈՐՁՈՒՄ Է ՊԱՏՃԱՌՆԵՐ ՀՈՐԻՆԵԼ»

– Պարոն Ցիգանոկ, ըստ էության, Փաշինյանն ակնարկում էր, որ ռուսական «Իսկանդերը» չի աշխատում, որքանո՞վ եք այն իրատեսական համարում:

– Առաջին հերթին կարծում եմ` խնդիրն այն է եղել, որ ՀՀ պաշտպանության նախարարը չի ցանկացել սովորեցնել հայ զինծառայողներին այն ծրագրով, որով սովորում են ռուս զինծառայողները: Այն, որ հայ զինծառայողները սովորում են ընդամենը երեք ամիս` մեկ տարի սովորելու փոխարեն, դրա պատճառով էլ ամեն ինչ այդպես ստացվեց: Ամբողջ խնդիրն այն է, որ իսկանդերները, որոնք կանգնած են սահմանին, պարտադիր կարգով պետք է սովորել, թե ինչպես պետք է այն կիրառել: Նույնպիսի իրավիճակ էր, երբ ուկրաինացիները կիրառում էին «Տոչկա Մ»: Նրանք էլ էին, համենայնդեպս, նեղվել, թե «Տոչկա Մ»-ը չի պայթում: Ինչո՞ւ, որովհետեւ նախ պատճառը զինտեխնիկայի անպատրաստությունն էր, մինչդեռ այդ զինտեխնիկան պետք էր պահել հատուկ պայմաններում: Երկրորդ` տեխնիկային պետք է մոտենալ հատուկ ինստրուկցիայով, ինչը ոչ մի անգամ չի կատարվել: Տեխնիկան, որն այժմ կա, պահպանվում է շատ թափթփված վիճակում: Եվ այժմ ձեր վարչապետը զբաղված է նրանով« որ փորձում է պատճառներ հորինել, քանի որ անձամբ է մեղավոր, որ զինտեխնիկան մարտունակ վիճակում չի եղել, բայց ասում է` իբրեւ թե զինտեխնիկան աշխատունակ չէր: Էլի եմ ասում` գլխավոր խնդիրը ուսուցումն է, տեխնիկայի պահպանությունը եւ, բացի այդ, ռուսական տեխնիկան պետք է ուսումնասիրել ռուսաց լեզվով:

– Իսկ կարո՞ղ էր «Իսկանդերը» պայթել 10 տոկոսով, ինչը չի բացառում Նիկոլ Փաշինյանը:

– Քահ-քահ-քահ... (ծիծաղում է, - հեղինակ): Ես շատ ուշադիր հետեւել եմ, թե երբ են կրակել Շուշիի ուղղությամբ, եւ երբ եղավ պայթյունը: Այդպես երբեք չի լինում: Ընդգծում եմ` այդպես պար-զա-պես չի՛ լի-նում: Եթե այն պայթում է, նշանակում է պայթում է: Այն կա՛մ տեղ է հասել, կա՛մ տեղ չի հասել ու ընկել է ճանապարհին: Կամ էլ կա այլ տարբերակ` տեխնիկան պատրաստված չէր, որովհետեւ հայ զինծառայողները սովորել էին կրճատված ծրագրով` մի տարվա փոխարեն, իսկ հրետանավոր սպան հավանաբար շտապելուց ինչ-որ մի բան չի միացրել եւ բաց է թողել հրահանգներից ինչ-որ մեկը: Իսկ բաց թողնված հրահանգը բերում է նրան, որ ուղղակի զինամթերքը չի պայթում: Այնպես որ, վատ զինամթերքի պատճառը վատ զինծառայողներն են: Եվ եթե ձեր վարչապետը ուղղակի պատճառ է փնտրում, կարելի է բազմաթիվ պատճառներ գտնել: Բայց նախեւառաջ թող ինքը պատասխանի` եթե ցանկանում էր ճանաչել Լեռնային Ղարաբաղը, ինչո՞ւ չէր մտցնում այնտեղ հայաստանյան զորքերը, բայց նրանք վախեցան, ցանկանում էին ինքնուրույն ինչ-որ բան անել եւ դրա պատճառով էլ ունեցան այն, ինչ ունեցան:

«ՊԵՏՔ ԷՐ ՃԱՆԱՉԵԼ ԼՂ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ»

– Ձեր գնահատմամբ` ո՞րն էր 44-օրյա պատերազմում Արցախի պարտության գլխավոր պատճառը:

– Ըստ իս, հենց սկզբում, երբ սկսվեցին ռազմական գործողությունները, պետք էր ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ մտցնել այնտեղ սեփական զորքերը, որովհետեւ այն զորքը, որը գտնվում էր այնտեղ, ի վիճակի չէր դիմակայելու եւ վարելու ռազմական գործողությունները: Եթե Հայաստանը մտցներ իր զորքերը Լեռնային Ղարաբաղ, այդ ժամանակ իրավիճակը բոլորովին այլ կլիներ: Բայց վախեցան պատասխանատվությունից եւ չճանաչեցին Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Եվ, իհարկե, լրջագույն խնդիրն առաջին հերթին հրամանատարության մեջ էր: Փաշինյանը մերժեց այն հետախույզներին, որոնք ունեին լավ կապեր հետախուզության վարչության հետ, եւ նրանց փոխարեն եկան իրենց թիմակիցները, որոնք անգամ չգիտեին իրական իրավիճակը: Բացի այդ, իմանալով այն մասին, որ գնում են ռազմական գործողություններ` ամբողջ զինուժը ներդրված չէր այդ պատերազմում: Շատ խնդիրներ կային, ինչը խոսում է Հայաստանի անպատրաստ լինելու մասին:

– Որոշ շրջանակներ էլ տեսակետ են հայտնում, թե արդյունքում ռուսական զենքը պարտվեց ՆԱՏՕ-ական զինատեսակներին: Ի՞նչ կասեք այս մասին:

– Յա, իրո՞ք: Ինչպե՞ս է այդպես ստացվում: Այսինքն` նշանակում է Սիրիայում ռուսական զենքը լավն էր, իսկ Հայաստանում` վա՞տը: Կարծում եմ` նման խոսակցությունների փոխարեն պետք է զբաղվել զինծառայողների պատրաստվածությամբ եւ մարզել նրանց, ովքեր պետք է գործածեն զենք-զինամթերքը: Դրանք ընդամենը պատճառներ են, մարդիկ ուզում են ընդամենը գտնել արդարացումներ, թե ինչու են պարտվել: Եվ դրա համար սկսում են շրջանառել, թե տեխնիկան էր վատը, իսկանդերներն ընդհանրապես ահավոր վատն էին: Ամենագլխավոր մեղավորը ձեր վարչապետն է` Փաշինյան Նիկոլը: Սա է ձեր գլխավոր խնդիրը: Հայաստանը պարտվել է հենց նրա համար, որովհետեւ վարչապետը դադարել էր ուշադրություն դարձնել զինծառայողների կրթությանն ու պատրաստվածությանը:

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ ԻՐ ԽՈՍՏՈՒՄԸ»

– Հիմա, երբ դեռ հայ-ադրբեջանական սահմաններն են հստակեցվում, այսպես կոչված, GPS-ով, ըստ Ձեզ, կա՞ ադրբեջանական ոտնձգության վտանգ Սյունիքում:

– Չգիտեմ, ամեն դեպքում, ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարն ունի շատ մեծ փորձ, իսկ այն խաղաղապահ ուժերը, որոնք տեղակայված են Հայաստանի սահմաններում, լիովին կատարում են իրենց առաքելությունը: Այնպես որ, համոզված եմ, որ իրենք թույլ չեն տա Ադրբեջանին կրկին հարձակվել: Բայց նաեւ պետք է ընդունել, որ իրավիճակը շատ վատ է: Հայաստանը չի կատարում իր խոստումը եւ չի կրթում իր զինծառայողներին` ռուսական ռազմական բուհերում:

– Թուրքական հեռուստաալիքները վերջերս ներկայացրել էին իրենց հեղինակած աշխարհի նոր քարտեզը, ըստ որի, մինչեւ 2050 թվականն Անկարայի իշխանության ներքո պետք է անցնեն մի շարք տարածքներ, այդ թվում` ՌԴ-ի հարավային շրջաններից: Սա նշանակո՞ւմ է, որ, այնուամենայնիվ, նոր պատերազմը չի բացառվում:

– Առայժմ կասկածում եմ, որովհետեւ Ադրբեջանը հիմա կարծում է, թե ամենակարեւորն այն էր, որ վերցրել է իր տարածքները: Բացի այդ, Թուրքիայի մոտիվացիան բոլորովին այլ է, քանի որ այժմ որոշվում է հարցը` ինքը լինելո՞ւ է ՆԱՏՕ-ում, թե` ոչ: Սա շատ կարեւոր հարց է: Դրա համար գտնում եմ, որ այս իրավիճակում Թուրքիան չի պատերազմի Ռուսաստանի հետ: Եվ եթե ավելի անկեղծ լինենք, պետք է հիշենք, որ վերջին 200 տարում Թուրքիան Ռուսաստանի դեմ պատերազմել է 12 անգամ, որից 10 անգամ պարտություն է կրել:

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ