
ՄԻ ՔԱՆԻ ՕԼԻԳԱՐԽ ԿԱՐԳԱԴՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ, ՈՐ ԼԻՆԵՆ ՆԻԿՈԼԻ ԿՈՂՔԻՆ. Ախոյան
ԱԺ նախկին պատգամավոր, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻ գնահատմամբ` «եթե այդքան կարճամիտ գտնվի այսօրվա վարչապետի աթոռը զբաղեցնող ստահակը», չի բացառվում, որ քաղաքացիական պատերազմ հրահրի: «Իրավունքի» հետ զրույցում նա ուշագրավ մանրամասներ պատմեց երեկ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի մասին:
– Մենք ունենք տեղեկատվություն, որ մի քանի օլիգարխ, որոնք իրենց «գաղտնի բանակն» ունեն կամ թիկնազորը, իրենց ռեսուրսներով կարգադրել են աշխատողներին, որ լինեն Նիկոլի կողքին, եւ նրանք գնացել են պարտադրված: Ինչպես նաեւ մարզպետներն իրենց լամուկներով ինչ-որ կոչեր են արել եւ ապահովել են միջոցներ, որպեսզի մարդիկ գան հրապարակ: Սրանք էժանագին եւ պրիմիտիվ քայլեր են:
– Պարոն Ախոյան, իսկ ի՞նչ կասեք ընդդիմության երեկվա հանրահավաքի մասին:
– Սա անկեղծ այն բազմությունն էր ժողովրդի, որոնք եկել էին իրենց ներքին մղումով: Պարզապես, հիմա փաստի առաջ ենք կանգնած, որովհետեւ այնտեղ էլ կա ժողովուրդ հավաքված, այստեղ էլ: Տա Աստված, բախում չլինի: Հուսով եմ` իրավիճակը դրան չի հասնի, եւ մեր ԱԱԾ տնօրինությունը եւ ոստիկանությունը, վերջիվերջո, կկանգնեն ժողովրդի կողքին ու թույլ չեն տա, որ ոչ սազական պրոցես տեղի ունենա: Սա մեզ պետք չէ, մեր ժողովրդի վերքերից դեռ արյուն է հոսում, այդ վերքերը չեն լավացել, մեզ նման բան պետք չէ:
– Իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե վերջ է դնելու թավիշին: Ի՞նչ կասեք այս մասին:
– Ինչպե՞ս կարելի է նրա ասածը լուրջ ընդունել: Այդքան ինքը տղամարդություն ունի՞, որ թավիշին վերջ տա: Վերջ տա, բա ինչի՞ն անցնի, ինչ-որ այլ բանի կարո՞ղ է անցնել, շատ կփոշմանի: Ես իրեն խորհուրդ եմ տալիս մեր ժողովրդական լեզվով ասած` մի ոտք շուտ մտածի իր սիրուն հեռացման մասին: Միգուցե այդ դեպքում կարող է ինքն իրեն փրկել: Մնացած ստից կապիկությունները, մանկան կերակուրը էս ժողովուրդն էլ չի ուտում:
– Ինչո՞ւ հենց երեկ լցվեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարության համբերության բաժակը:
– Դուք պատկերացնո՞ւմ եք, Փաշինյանն ասում է, թե «Իսկանդերը», որը նման լուրջ զենք է, եւ որից դողում է ողջ աշխարհը, 10 տոկոսով է կրակել: Սա հոգեկան հիվանդի արտահայտություն է: Այսքանից հետո` ինչպե՞ս կարելի է լուրջ ընդունել նման մանիպուլիացիաները:
– Բայց երեկվա Հանրապետության հրապարակում հավաքվածները ցույց տվեցին, որ այդ մանիպուլիացիաներին դեռ հավատացող կա:
– Նիկոլին այսօր գրեթե պաշտպանող չկա: Նրան պաշտպանում են իրենց «Քեմալիստական պայմանագիր» կուսակցությունը, եւ եթե արդեն տեղյակ եք, իրենց զորակցությունն են հայտնել թուրքական իշխանությունները: Մի՞թե սա չի խոսում այն մասին, որ թուրքական իշխանությունները անհանգստացած են, թե կարող է Նիկոլին ինչ-որ բան պատահի, եւ իրենց դավաճանական գործընթացը ավարտին չհասցվի: Դրա համար ասում եմ` ժողովուրդ ջան, հավատացե՛ք, սխալվելու իրավունք բոլորս ունենք, ամոթ բան չէ հետ կանգնելը, հոգու խորքում ասեք, որ սխալվել եք եւ հիմա կանգնում եք պետականության եւ մեր բանակի կողքին: Մենք ձեզ գրկաբաց կընդունենք:
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ