
ՄԵԾ ԽԱՂԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ՆՈՐԻՑ «ՑՑՎԵՑԻՆ ՍՈՐՈՍԻ ԱԿԱՆՋՆԵՐԸ»
Վերջին օրերին արձանագրվեցին մի շարք իրադարձություններ, որոնք առաջին հայացքից թողնում են ներհայաստանյան հարթակում ընթացող որոշակի զարգացումների տպավորություն: Այսպես, նիկոլյան թեւը հայտարարեց, թե չի պատրաստվում գնալ արտահերթ ընտրությունների, սակայն ակտիվ տեմպերով փոխում է «Ընտրական օրենսգիրքը»: Դրա հետ մեկտեղ, ինչպես արդեն ընդգծելու առիթ ունեցել ենք, յոթ փակի տակ պահվող գաղտնիք սարքելով, այնուամենայնիվ, նույն ակտիվությամբ շարունակում են բանակցել տարածաշրջանային կոմունիկացիաների հայտնի հարցի շուրջ:
ԿՐԿԻՆ ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ ԵՆՔ
Նիկոլյան թեւին զուգահեռ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Մոսկվա կատարած այցից հետո վերջապես ամենաբարձր ձայնով հայտարարեց մեծ քաղաքականություն վերադառնալու մասին: Եվ գրեթե անմիջապես էլ նկատվեց նաեւ երրորդ նախագահի՝ Սերժ Սարգսյանի ակտիվությունը, որը եռամյա ընդմիջումից հետո վերջապես խոսեց ոչ միայն 2018թ.-ի իշխանափոխության մասին, այլ այն ուղղակիորեն կապելով Արցախի հետ եւ որակելով, որպես հակաարցախյան շարժում, նաեւ հստակեցրեց արցախյան բանակցային գործընթացի հետ կապված մի շարք կարեւորագույն դրվագներ: Պատկերն ամբողջացնելու համար նշենք, որ թեեւ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը, սովորույթի համաձայն, «ընդհատակում է», սակայն անցած ամսվա վերջերին իր տանն ընդունել էր ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ամսվա սկզբներին պաշտոնապես հայտարարվեց, որ նա իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ամերիկյան դեսպան Լին Թրեյսիի հետ՝ մասնավորապես քննարկելով «Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր»: Թե կոնկրետ ինչ, դեռ մի կողմ թողնենք՝ ֆիքսելով` որքան էլ որ նեղ պահերին Տեր-Պետրոսյանը սիրում է նվնվալ, թե ինքը թոշակառու մարդ ու քաղաքական հետաքրքրություններ չունի, սակայն նման հանդիպումներն ակնարկ են ամենաակտիվ գործունեության մասին: Վերջապես, ներողություն արտահայտության համար, ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը, ով ամսից ավել իր համար հանգիստ «բուժվում» էր Բրիտանիայում, հանկարծ որոշեց «բուժումը կիսատ թողնել» ու վերադառնալ, ավելի ճիշտ՝ այցելել Հայաստան: Մի կողմից մտածում ես՝ մարդն այս ինչքան է իր երկիրը սիրում, որ «հիվանդ-հիվանդ» «օր առաջ» աշխատավայր է հասնում: Բայց մյուս կողմից էլ «պղտոր» մտքեր են՝ ինչ է, Նորին մեծության հպատակի համար Հայաստանում շտապ գո՞րծ կար: Ի՞նչ, ինչո՞ւ այս պահին: Ավելի ճիշտ, ինչո՞ւ այս պահին բոլորն ակտիվացան: Բայց որ ակտիվացան, դա մեկ բան հուշում է՝ կրկին լուրջ փոփոխությունների շեմին ենք:
ՀԵՅԴԱՐՈՎԻՉԸ «ՍԱՊՈՆ ԴՐԵՑ» ՎՈՎԱՅԻՉԻ ՈՏՔԻ ՏԱԿ
ՀՀ նախկին ղեկավարների եւ դեռ վարչապետի աթոռին նստած Նիկոլի ներկա ակտիվությունը, թեեւ, կրկնենք, մի շարք «կարմիր թելերով» տանում են դեպի Արցախ, սակայն առաջին միտքը, որ բխում է այս ամենից, այն է, որ պետք է կապել ներհայաստանյան իրողությունների հետ: Բայց ահա այստեղ էլ մեջ ընկավ Ալիեւը, ու միանգամից բոլորովին այլ հարցադրումներ եւս հայտնվեցին: Այսպես, կրկնենք՝ այս օրերին Սերժ Սարգսյանը արցախյան բանակցային գործընթացի որոշ փակագծեր էր բացում, ըստ այդմ՝ գրեթե բաց տեքստով խոսելով «Լավրովի պլան» կամ ավելի պարզ՝ «5+2» փաստաթղթի մասին: Ընդ որում, թեեւ ժամանակին, այսպես ասած, «ոչմիթիզականները» քննադատում էին այդ փաստաթուղթը, սակայն այն բանից հետո, երբ Նիկոլն ամեն ինչ հանձնեց, նոր միայն շատերին «5+2»-ը սկսեց երանության գագաթնակետ թվալ: Ու նկատենք, խոսելով այդ գործընթացների մասին, Ս.Սարգսյանը պարզ ցույց տվեց նաեւ, թե նա ինչ արցախյան ժառանգություն է թողել Նիկոլին: Կարծ ասած, դա ոչ թե ընդամենը պարզ ակնարկ էր, այլ ծանրակշիռ կշտամբանք, որ եթե Նիկոլն այդ ժառանգությունն առաջ տաներ, այս պահին կունենայինք անհամեմատ լավ իրավիճակ, քան ստացանք պատերազմի արդյունքում (մեղավորներ-անմեղներ, դավաճանություն եւ նման տերմինները դեռ թողնենք մի կողմ): Բայց եթե մինչ այդ պահը այս ամեը թողնում էր զուտ ներհայաստանյան բախումների տպավորություն, Ալիեւը հանկարծ որոշեց մեջ մտնել՝ հայտարարելով, թե՝ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը դարձավ «Հայաստանի կապիտուլյացիայի ճանաչումը» եւ Ադրբեջանին թույլ տվեց «վերադարձնել Լաչինի (Քաշաթաղ) եւ Քելբաջարի (Քարվաճառ) շրջանները»: Այսպիսով, իր հերթին Նիկոլին «կապիտուլյանտ» հռչակելով, Իլհամ Հեյդարովիչն էլ ավելի առաջ գնաց. «Բանակցությունների ընթացքում նրանք երբեք չէին ցանկանում մեզ վերադարձնել Լաչինի եւ Քելբաջարի շրջանները: Սա բանակցություններում համաձայնության բացակայության հիմնական պատճառն էր: Ցավոք, Հայաստանը եւ նրա մի շարք արտասահմանյան հովանավորներ ձգտում էին, որպեսզի Ադրբեջանին վերադարձվեին 5 շրջանները, Ադրբեջանը բավարարվում էր դրանով, Լեռնային Ղարաբաղը այն ժամանակ անկախություն կստանար, իսկ Քելբաջարի եւ Լաչինի շրջանները կմնային Հայաստանի հավերժական վերահսկողության տակ: Բայց ես մերժեցի այս առաջարկը»:
Իհարկե, Ալիեւը ստում է՝ ասելով, թե ինքը մերժել է այդ առաջարկը: Փաստը սա է. 2019թ. գարնանը, երբ համանախագահները պաշտոնապես ներկայացրին 3 սկզբունքից եւ 6 կետից բաղկացած կարգավորման մեխանիզմը, որը ոչ այլ ինչ էր, քան նույն «5+2»-ը, Ալիեւը հրապարակավ է դրան կողմ արտահայտվել, ինչը դժվար չէ ստուգել: Սակայն այս պահին խոսքը նրա մերժել-չմերժելու մասին չէ: Շատ ավելի էական է այն, որ Նիկոլին «կապիտուլյանտ» հռչակելուց զատ Ալիեւն այս հայտարարությամբ նախ մատնանշեց, որ օրակարգում է եղել Հայաստանի համար առավել քան շահեկան առաջարկ, հատկապես, եթե դրան նայում ենք ներկայիս իրավիճակի տեսանկյունից: Այսինքն, որ Սերժ Սարգսյանից Նիկոլին անցել է այնպիսի արցախյան ժառանգություն, որով Հայաստանը միանգամայն շահեկան դիրքերում էր, իսկ Ալիեւը՝ համանախագահ պետությունների առաջարկները չընդունողի: Վերջապես, որ երբ Նիկոլն այդ փաստաթղթի ուղղությամբ բանակցությունները կանգնեցրեց՝ պատճառաբանելով, թե Արցախի անկախության հարցը դրանով փակվում է, իրականությունը միանգամայն հակառակն է՝ հենց այդ ուղղությունն էր դեպի Արցախի միջազգային ճանաչում տանող ռեալ ուղին: Արդյունքում, միանգամայն տարօրինակ վիճակ ենք ստանում. Հեյդարովիչն իր այդ փոքրիկ հայտարարությամբ հաստատեց իր կողմից թիվ 1 թշնամի համարվող «ղարաբաղյան կլանի» առնվազն իրատեսական քաղաքական կուրսի փաստը, եւ փոխարենը՝ «սապոն դրեց» Նիկոլի ոտքերի տակ: Այն նույն Նիկոլի, որին ամենաքիչը հերոսի մեդալ է պարտք: Ու նույն պարզ հարցը՝ ինչո՞ւ եւ ինչո՞ւ հենց այս պահին:
ԻՆՉՈ՞Ւ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԲՈԼՈՐՆ ԱԿՏԻՎԱՑԱՆ
Այսպիսով, փորձենք հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունենում այս պահին, որ ի զորու է ոչ միայն ներհայաստանյան ակտիվություն առաջացնել, այլ նաեւ Ալիեւին է գործի դնում: Ներհայաստանյան հարթակում իրավիճակը նույնն է. «Նիկոլ հեռացիր» պահանջը մնում է օրակարգում, սակայն հասարակությունը դեռ մտորումների մեջ է՝ ոտքի կանգնելու համար: Իհարկե, իրավիճակը կարող է միանգամից փոխվել, եթե հրապարակ անձամբ դուրս գան ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները: Սակայն այս պահին դրոշակակիրը դեռ Վազգեն Մանուկյանն է: Բայց առաջին հայացքից միամտություն կլիներ մտածել, թե Ալիեւը, Նիկոլին հարվածելով, փորձում է թուլացնել նրա ներհայաստանյան դիրքերը: Այն պարզ պատճառով, որ եթե դրա արդյունքում իշխանության գա նրա թիվ 1 թշնամի «ղարաբաղյան կլանը», արցախյան ուղղությամբ եւս շատ բան կարող է փոխվել: Թեեւ մյուս կողմից մեկ պարզ իրողություն եւս չմոռանանք. խաղավարը ոչ թե Ալիեւն է, այլ՝ Մոսկվան: Ընդ որում, Հայաստանում իշխանության փոփոխության դեպքում եւս այդ իրողությունը մնալու է օրակարգում: Այսինքն, ռուսական բանակն է առնվազն առաջիկա տարիներին արցախյան բոլոր հարցերի որոշողը: Ընդ որում, նաեւ ՌԴ-ից են գալիս նման միանշանակ ազդակներ: Օրինակ, ՌԴ ԱՊՀ ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեեւի գնահատմամբ, Հայաստանը պետք է մտածի ոչ թե ԼՂ պաշտպանության մասին, որը ՌԴ-ն ապահովում է, այլ հենց իր անվտանգության՝ ինչպես պաշտպանել Ադրբեջանից, Թուրքիայից: Բայց միաժամանակ Եվսեեւը հիշեցնում է, որ՝ «ՌԴ-ն պատրաստ է այդ հարցերում Հայաստանին աջակցել»: Այսինքն, որ Հայաստանի պարագայում եւս ռուսական բանակի առկայության փաստը Բաքուն եւ Անկարան չպետք է մոռանան: Կարճ ասած, այս պահին ունենք տարածաշրջանային մի այնպիսի ստատուս-քվո, որը հազիվ թե փոխվի, քանի դեռ այն երաշխավորը ռուսական բանակն է: Իսկ այդ իրավիճակում մնում է շեշտը դնել կոմունիկացիաների խնդիր վրա, ինչը փաստացի ընթանում է: Օրինակ, Ալիեւն արդեն իսկ սկսել է դեպի Մեղրի տանող երկաթուղու շինարարությունը, իսկ մյուս կողմից, այսօր Մոսկվա այցելած Այվազյանը Լավրովի հետ նորից է քննարկելու, ըստ պաշտոնական հաղորդագրության. «Երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հրատապ հարցեր: Հատուկ ուշադրություն կհատկացվի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացմանը...»:
Նիկոլը թեեւ այս ուղղությամբ փաստաթղթեր դեռ ստորագրում է, սակայն իրավիճակը կարող է կտրուկ փոխվել: Այն պարզ պատճառով, որ կոմունիկացիաների վերագործարկումը խոստանում է էլ ավելի ամրապնդել ՌԴ-ի դերը, ինչը հազիվ թե մեր տեղական սորոսիկների եւ նրանց արեւմտյան պատվիրատուների սրտովը լինի: Այսինքն, եթե կա հաստատուն ստատուս-քվո, ապա հարց է ծագում՝ Ալիեւին ձեռնտու է գործ ունենալ հայաստանյան կայո՞ւն, թե՞ ամեն պահ դեմքը փոխող իշխանական համակարգի հետ: Առավել եւս, որ այն մաքսիմալը, որը նա հույս ուներ ստանալ, արդեն գործնականում ստացել է: Իսկ մյուս կողմից, պարբերաբար Նիկոլին «ատամ են ցույց տալիս» նաեւ սորոսականները, եւ եթե նրանց հաջողվի առաջ ընկնել Նիկոլին փոխարինելու հարցում, հարց է՝ անիմաստ չի՞ դառնա դեպի Մեղրի՝ Ալիեւի երկաթուղի կառուցելը, քանի որ Նիկոլին փոխարինելու եկածները հազիվ թե համաձայնեն, որ դրա անվտանգության հարցերով զբաղվեն ռուսները: Բայց մյուս կողմից, եթե Հայաստանում եւս մեկ սորոսական իշխանափոխություն լինի, այս դեպքում արդեն Ալիեւի համար կարող է իրատեսական դառնալ Հայաստանի հաշվին տարածաշրջանային ստատուս-քվոյի փոփոխությունը, որի դեպքում ռուսների փոխարեն կարող են թուրքերը վերահսկել Նախիջեւանի հետ կապը: Այսինքն, նման երկու սցենարների դեպքում էլ Նիկոլի հեռանալը դառնում է Ալիեւի համար ձեռնտու, եւ նրա «սապոն դնելու» քայլը կարող է այս տրամաբանության մեջ լինել: Թեեւ երկրորդ տարբերակի դեպքում կա այն հարցը, թե վերջին պահին անգամ Մոսկվան չի՞ վարվի այնպես, ինչպես վարվեց նոյեմբերի 9-ին: Սակայն սա կբերի առաջին տարբերակին, որը, կրկնենք, նորից ձեռնտու է Ալիեւին: Ինչ վերաբերում է ներհայաստանյան ակտիվությանը, ապա դա եւս կարող է նույն տրամաբանության մեջ լինել: Երբ Արմեն Սարգսյանը այցելում է տուն, իսկ սորոսականներն ակտիվորեն խոսում են Նիկոլին փոխարինելու մասին, ապա կարելի է ենթադրել, որ այդ հարցերը երկրորդ նախագահը պետք է որ Մոսկվա կատարած վերջին այցի ժամանակ քննարկեր եւ գար կտրուկ ակտիվացման որոշման: Նման իրավիճակում տրամաբանական էր նաեւ երրորդ նախագահի ակտիվացումը, հաշվի առնելով նաեւ, որ Ս.Սարգսյանը իր հարցազրույցում մատնանշեց, թե ում է համարում կանգնած նիկոլյան հեղաշրջման թիկունքին: Այսինքն, նա «Լավրովի պլանը» համարեց ընդունելի: Ավելին, որ այդ հարցում միասնություն կար մյուս երկու համանախագահ երկրների հետ եւս: Այսինքն, եթե Մոսկվան, Փարիզն ու Վաշինգտոնը միասնաբար աշխատում էին այդ ուղղությամբ, ու Հայաստանում իրականացվում է հեղաշրջում՝ հենց այդ գործընթացը խաթարելու համար, ապա որպես նիկոլյան հեղաշրջման թիկունքին կանգնած ուժ, կարող ենք տեսնել միայն սորոսական վերնախավին: Հենց նրաց, ովքեր դեռ փորձում են խաղն առաջ տանել:
Քերոբ Սարգսյան
www.iravunk.com
դեպի ետ