• am
  • ru
  • en
Версия для печати
13.02.2021

«ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՆՉ-ՈՐ ԾՐԱԳԻՐ ՉԻ ԱՎԱՐՏԵԼ` ԱՅՆ ՄԻՏՎԱԾ Է ԼԻՆԵԼՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՑ ՌԴ-ԻՆ ԴՈՒՐՍ ՄՂԵԼՈՒՆ»

   

ՀՀ նախկին վարչապետ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ կարծիքով` փետրվարի 20-ին Հայրենիքի փրկության շարժման կողմից հայտարարված հանրահավաքին պետք չէ սպասել, որ ինչ-որ շրջադարձ կլինի:

– Չեմ կարծում, թե ամսի 20-ին աշխարհը պետք է շուռ գա: Այն կլինի հերթական հանգրվաններից մեկը, բայց շատ կարեւոր հանրահավաք, որովհետեւ Ղարաբաղյան շարժման տարեդարձն է: Շատ կարեւոր է խոսել այն կորուստների մասին, որ ունեցանք, բայց դա ընդամենը հնարավորություն է տալու արթնացնել պատմության նկատմամբ վերաբերմունք:

– Իսկ ի՞նչ կասեք արտահերթ ընտրությունների մասին, որոնք սկզբում իշխանությունը մտադիր էր իրականացնել, հետո` փոշմանեց:

– Փաշինյանին այս ընտրությունները տալիս էր հնարավորություն` պարտված, դավաճանված պատերազմի արդյունքները ընտրական գործընթացների միջոցով «սվաղել, դուրս գալ», այլ կերպ ասած` եթե ստացվեր, ապա ոչ միայն խուսափելու էր հետաքննությունից, այլեւ ասելու էր` տեսեք, ժողովուրդն ընտրեց, եւ բոլորովին կապ չունի, թե ինչ միջոցներով Փաշինյանը կհաղթեր ընտրություններում:

– Այդ դեպքում` ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չգնաց արտահերթ ընտրությունների ճանապարհով:

– Չեմ բացառում, որ այդ որոշման կատարման համար էական դեր խաղաց Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, քանի որ «Իմ քայլի» հայտարարությունը եղավ Քոչարյանի հայտարարությունից ժամեր անց: Կարծում եմ` կա մեկ այլ հանգամանք եւս, որն ավելի խորքային է: Փաշինյանին հաջողվեց 750 մլն դոլարի եվրաբոնդեր տեղաբաշխել աննախադեպ ցածր եկամտաբերությամբ` 3,8 տոկոս: Կարո՞ղ է գտնվել որեւէ մեկը, որն ինձ հոդաբաշխ կբացատրի, թե մի պետություն, որը պարտվեց պատերազմում, ձեւավորել է լուրջ սպառնալիքներ իր անվտանգության համար եւ ասում են` հեսա-հեսա նորից պատերազմ է սկսվելու, կարո՞ղ էր որեւէ մեկը վստահել: Բոլոր այն միջազգային ազդեցիկ խաղացողները` կլինի բանկ, թե այլ կառույց, էական չէ, որոնք նպաստեցին այդ եվրաբոնդերի տեղաբաշխմանը, նրանք ուղղակի շահագրգռված են, որ Փաշինյանը պահի իշխանությունը: Իսկ այն ուժերը, որոնք կանգնած են այս ֆինանսների հետեւում, չեն ուզում ռիսկի դիմել, հետեւաբար դեռեւս Փաշինյանն ինչ-որ ծրագիր չի ավարտել, ենթադրում եմ, որ այն լինելու է Սյունիքը: Ծրագիրը միտված է լինելու տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելուն, քայլ է լինելու նոր սպառնալիքներ ձեւավորել Իրանի հանդեպ:

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ