
«ՍՈՂԱՑՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ» ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ոմն Արա Այվազյան, որը Նիկոլի կողքը կանգնելով, նախկին արտգործնախարար Մնացականյանից իր վրա վերցրեց «դավաճանի փոխանցիկ կնիքը», հերթական անգամ ցույց տվեց, որ ոչ թե փայլուն ունակությունների, այլ պարզապես ծանր ժամանակների քմահաճությամբ է հայտնվել ՀՀ ԱԳ նախարարի աթոռին: Բայց նաեւ չմոռանանք, թե այս փաստը ինչ ծանրագույն հետեւանքներ կարող է ունենալ մեր երկրի համար. արտգործնախարարը պետության դեմքն է դրսում, եւ երբ Հայաստանը հանդես է գալիս պարբերաբար մեկը մյուսից սկանդալային հայտարարություններով, ապա, վա՜յ, մեր պետությանը:
Այսպիսով, նախօրեին Այվազյանը հանդես եկավ հերթական սկանդալային հայտարարությամբ: Ընդ որում, մի քանի նախադասությամբ հաջողացնելով ծանրագույն հարված հասցնել ոչ միայն մեր երկրին, այլ իր իսկ գործատու Նիկոլին՝ գաղտնազերծելով (թեեւ ամեն ինչ առանց այդ էլ հայտնի էր) մի քանի հանգամանքներ: Հիշեցնենք, ԱԺ-ում Այվազյանը հայտարարեց. «Թուրքիայից տեսնում ենք տարբեր մեսիջներ... Կարծում եմ, որ ժամանակն է եկել, որ մենք ուղղորդվենք ոչ թե ուղերձներով, այլ գործողություններով: Վստահ եմ, որ Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, եւ նախեւառաջ խոսքն այն մասին է, որ այլեւս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառել շրջափակումը: Ինչպես գիտեք, սահմանների փակվելը պայմանավորված էր Արցախում ստատուս քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, եւ այլեւս Թուրքիան որեւէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի ուղղությամբ: Այս պահին որեւէ գործընթաց տեղի չի ունենում, բայց Հայաստանը գործուն ջանքեր է գործադրելու, որպեսզի մեր շուրջը դառնա նպաստավոր մթնոլորտ Հայաստանի անվտանգության ամրապնդման համար»: Սկսենք վերջին մտքից. այս ի՞նչ է, Այվազյանը կարծում է, որ անվտանգության խնդի՞ր ունենք: Սակայն այս դեպքում պարզ հարց՝ բա ինչի՞ համար Նիկոլը եռակողմ համաձայնագիր ստորագրեց, հետո եւս մեկը՝ միտված կոմունիկացիաների վերագործարկմանը: Վերջապես, ըստ Բագրատյանի, եւս մեկը, այն էլ՝ գաղտնագողի: Այսինքն, ստորագրել է, դրա հիման վրա տարածքներ է հանձնել, այդ թվում՝ բուն Հայաստանից, եւ դա մեր անվտանգությունը չի± երաշխավորել: Իհարկե, այդպես էլ կա: Պարզապես Այվազյանը, թերեւս ելնելով իր «փայլուն» դիվանագիտական ունակություններից, խոստովանեց այդ փաստը՝ հերթական անգամ սեփական գործատուին թիկունքից հարված հասցնելով: Չնայած դա չէ էականը, մեկ է՝ խոստովանի, թե՝ ոչ, ամեն ինչ լուծելու է ապագա առերեսումները, այդ թվում՝ Նիկոլի եւ Այվազյանի նախորդի՝ Մնացականյանի միջեւ: Փոխարենը, շատ ավելի վտանգավոր է պետության համար, երբ այս երկրի ԱԳ նախարարի աթոռին հայտնված անձը նման հայտարարություններ է անում: Նախ, որ մեր երկրի անվտանգության հարցով ողջ հույսը դրել է «միջազգային հանրություն» կոչվող անորոշության կողմից Թուրքիայի նկատմամբ ճնշումների վրա: Այն նույն «միջազգային հանրության», որի «ճնշումների» արդյունքները տեսանք նաեւ պատերազմի ժամանակ: Բայց ավելի պարզ պատկերացնենք վիճակը. «միջազգային հանրություն» ասվածի տակ, որպես կանոն, հասկացվում է Արեւմուտքը: Ու ստացվում է, որ Այվազյանը, մի կողմ թողնելով այն ուժերին (ՌԴ, ՀԱՊԿ), որի դրոշի տակ էր մեր երկիրը ծվարել պատերազմի օրերին, ասենք նաեւ այս պահին, Հայաստանի խորհրդարանում, պատկերավոր ասած, այս կոչն է հնչեցնում. «Անգլիական նավերը կգան, թուրքերին կճնշեն եւ մեր անվտանգության հարցը կլուծեն»:
Մի կողմ թողնենք, որ այդ թեզը բազմիցս է ճակատագրական խաղ խաղացել Հայաստանի գլխին, եւ ֆիքսենք հետեւյալ պարզ փաստը. Այվազյանի նման հայտարարությունից հետո դրսի (այդ թվում՝ ռուսական) ցանկացած ողջամիտ դիվանագետ կմտածի՝ ՀՀ ԱԳ նախարարը մատնանշեց, որ ՀՀ կառավարության արտաքին քաղաքականության հիմնական ուղղվածությունը մնում է՝ «Արեւմուտքը մեզ կօգնի» գաղափարը: Իրականում այն, որ նիկոլյան խունտան հենց այդ ուղղվածության վրա է, քանիցս ենք ենթադրելու առիթ ունեցել: Պարզապես Այվազյանը «բերանից թռցրեց» այն, ինչն առանց այդ էլ բոլորն են հասկանում, այդ թվում՝ նույն Մոսկվայում: Վերջապես, Այվազյանը հաջորդ մտքով ոչ միայն նոր փակագծեր բացեց, այլ նաեւ էլ ավելի հստակեցրեց «նիկոլյան դավաճանի» կարգավիճակը: «Թուրքիան որեւէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի ուղղությամբ»,- նշում է նա: Այսինքն, մինչ այժմ ունե՞ր: Արցախով պայմանավորված՝ Հայաստանի սահմանները փակ պահելը մինչ այժմ «պատճառ» էր համարել Բաքուն, Անկարան եւ միգուցե նրանց մեկ-երկու այլ դաշնակիցներ: Ու հիմա այդ շարքերը լրացրեց նաեւ Այվազյանը: Չնայած, նա կատարողն է, որոշողը Նիկոլն է: Ու ստանում ենք, որ Այվազյանը մի քանի նախադասության մեջ երկրորդ անգամ փակագծեր բացեց՝ մատնանշելով, թե իրականում Նիկոլը եւ ինքը՝ որպես նիկոլյան արտաքին քաղաքականության իրականացնող, ինչ հունի մեջ են: Ընդ որում, եթե անգամ սրանից հետո Այվազյանն արդարանա, թե՝ ոչ թե «պատճառ» էր ուզում ասել, այլ՝ «առիթ», էլի բան չի փոխվի. աշխարհն ու, մասնավորապես՝ Էրդողանն այդ հայտարարությունն արդեն իսկ ընկալել են՝ որպես սողացողի «կարգավիճակ» ընդունելու ինքնախոստովանություն: Նաեւ նման մեսիջ՝ Էրդողան ջան, լուծեցինք այդ «պատճառի» հարցը, հիմա խնդրում ենք, սահմանները բացիր:
Գիտակցո՞ւմ է Այվազյանը, թե մեր պետությանը (նկատի չունենք Նիկոլի ղեկավարած պետությունը) ինչ վնաս հասցրեց իր այդ խոսքով, թե՝ սա դիտավորություն էր, ցուցադրական մեսիջ: Անկեղծ ասած, անգամ սա չէ ամենակարեւորը, քանի որ հայտնվել ենք մի այնպիսի խայտառակ իրավիճակում, երբ արդեն անգամ մեզանից կախված չէ՝ Թուրքիայի հետ մեր սահմանները կբացվե՞ն, ի՞նչ պայմաններով...
դեպի ետ