• am
  • ru
  • en
Версия для печати
28.01.2021

ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԵԾԱԾԱՎԱԼ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ Է ԵՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ. Պիպոյան

   

Տեղական շուկայում դեռևս թուրքական ապրանք կա: Ուստի թուրքական ապրանքի ներմուծման արգելքի ազդեցությունը գնահատելը դեռ վաղ է: Aysor.am-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ասաց, որ մինչև դեկտեմբերի 31-ը Թուրքիայից տարբեր տեսակի ապրանքների մեծածավալ ներմուծում է եղել Հայաստան. «Այն ապրանքները, որոնք տեսակարար կշռով ազդեցություն ունեին շուկայում, դեռևս առկա են»:

Պիպոյանի խոսքով՝ պետք էր հասկանալ ոլորտների առանձնահատկությունները, խնդիրները, որոնք կարող էին առաջանալ: «Օրինակ, տեքստիլի բիզնեսով Հայաստանում կարող էին զբաղվել մարդիկ, ովքեր ունեին ընդամենը մի քանի հազար՝ 4000-5000 դոլար: Իսկ հիմա, եթե համարում ենք, որ այլընտրանքներ գտնելու համար պետք է գնալ Չինաստան, 4000 կամ 5000 դոլար ունեցողը չի կարող այդ երկիր գնալ այդ փողով և բիզնեսն անել», - նշեց Պիպոյանը: Նրա խոսքով, դրա համար պետությունը պետք է կարողանա համապատասխան մեխանիզմներ գտնել:

«Ասում են՝ թուրքական ապրանքի սահմանափակում դնելով՝ մեր տեղական արտադրանքը... Մենք պետք է տարանջատենք՝ ինչի մասին ենք խոսում: Օրինակ, թաց անձեռոցիկի՞, տեքստլի՞, թե՞ ընդհանուր թելի արտադրության: Երբ պատկան կառույցները սկսում են սիրողական, ոչ փորձագիտական հայտարարություններով ու ելույթներով հանդես գալ՝ լավ բանի չի տանում», - ընդգծեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը՝ ավելացնելով՝ իրավունք չունենք ասելու թուրքական ապրանք, գլոբալացնենք ու անցնենք առաջ:

Հնարավո՞ր է վերոնշյալ սահմանափակումը առիթ դառնա տեղականի գների չպատճառաբանված թանկացման: Ի պատասխան՝ մեր զրուցակիցը նկատեց, որ տնտեսվարողը միշտ էլ կարող է փորձել գնալ չարաշահման, բայց պետությունը պետք է կարողանա կանխել. «Կկարողանա՞, թե՞ ոչ՝ ժամանակը ցույց կտա»:

Առհասարակ թանկացումներին անդրադառնալով՝ բարձրաձայնեց, որ որոշ ապրանքախմբերի մասով առկա է անկառավարելի գնաճ, բայց պատշաճ արձագանք չկա: «Որևէ գրագետ հիմնավորում որևէ տեսակի ապրանքի համար ես առ այսօր չեմ տեսել», - հավատացնում է Պիպոյանը:

www.iravunk.com


դեպի ետ