• am
  • ru
  • en
Версия для печати
23.01.2021

ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՇՊԻՈՆՆԵՐԻ» ԵՐԿԻՐ ՆԱԻՐՅԱՆ

   

ԱԺ-ում վերջին հարց ու պատասխանի ժամանակ տարօրինակ հայտարարությամբ հանդես եկավ «օդից» ՀՀ ԱԳ նախարարի աթոռին հայտնված Արա Այվազյանը: Ըստ նրա. «Պարոն Ալիեւի հայտարարություններն իրարամերժ են... Մի կողմից, նա հայտարարում է, որ հակամարտությունը կարգավորվել է, մյուս կողմից սադրիչ հայտարարություններ են արվում, որոնք խորացնում են հակամարտությունը, եւ դա վկայում է այն մասին, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, մտել է նոր փուլ... Ադրբեջանը կեղծ օրակարգ է առաջ տանում, կապված տարածաշրջանում խաղաղության, զարգացման եւ հաշտության հետ... Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության»:

ՍԵՆՍԱՑԻԱ. ՊԱՐԶՎԵՑ, ՈՐ ԱԳՆ ՈՒՆԵՆՔ

Ու տեսնես ինչո՞ւ Այվազյանն այդքան չի սիրում իրեն անհայտությունից նախարար սարքած նիկոլին, որ նրա ոտքի տակ նման «սապոն է դնում»: Նկատի ունենք, որ նման հայտարարությունից հետո Այվազյան Արան պետք է առնվազն տա տա որոշ պարզագույն հարցերի պատասխաններ, ու ինչպես էլ մեկնաբանի, Նիկոլի է «քացու տակ գցում»: Մասնավորապես, որ եթե «Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության», այդ դեպքում բա ի՞նչ փաստաթղթեր է ստորագրել նրա շեֆ Նիկոլը նոյեմբերի 9-ին եւ հունվարի 11-ին: Հաջորդը, ինչո՞ւ են Հայոց բանակն առանց որեւէ պայմանագրի հետ քաշել նոյեմբերի 9-ի զբաղեցրած դիրքերից, այդ թվում՝ հանձնելով նաեւ բուն Հայաստանի սահմանային տարածքներ, ազերիներին մեր կարեւորագույն բնակավայրերի ու ռազմավարական ճանապարհների երկայնքով տեղակայվելու հնարավորություն տրվել, երբ «Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության»: Այն դեպքում, երբ դա ոչ միայն նոյեմբերի 9-ի նույն պայմանագրին է հակասում, այլ ավելին՝ չկա Ալիեւի հետ որեւէ հստակ պայմանավորվածություն, հաշվի առնելով, որ «հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, մտել է նոր փուլ»:

Հանրագումարում, Արա Այվազյանը փաստեց հետեւյալը. նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի համաձայնագրերը նա, որպես ՀՀ արտաքին քաղաքականության ղեկավարի աթոռին նստած անձ, չի համարում պատերազմը կանգնեցնող փաստաթղթեր: Այն պարզ պատճառով, որ հակամարտությունը, ինչպես որ գոյություն ուներ նոյեմբերի 8-ի դրությամբ, այնպես էլ գոյություն ունի այս պահին, եւ այն ընդամենը «մտել է նոր փուլ»:

Նիկոլի հասցեին ուղղված այս բառացիորեն մեղադրական ցուցմունքին զուգահեռ Այվազյանի ասածներն օրակարգ են բերում նաեւ այս հարցադրումը՝ այդ ո՞ր «հակամարտությունն է մտել նոր փուլ»: Եթե Այվազյանը խոսում է Արցախի մասին, ապա իրականությունն այն է, որ այնտեղ այս պահին միանգամայն ընկալելի եւ կայուն իրավիճակ է: Այսինքն, ռուսական զորքերի առկայությունն Արցախում արդեն իսկ տվել է բոլոր հարցերի պատասխանները, այդ թվում՝ կարգավիճակի հարցի: Այսինքն, Արցախն այս պահին «ՌԴ-ի վերահսկողության գոտի է»,- օրերս հայտարարեց Լավրովը, եւ դրանով ամեն ինչ ասված է: Այվազյանը փորձում է համոզել, թե չէ, նկատի ունի Արցախը, ավելին, որ նիկոլյան վարչակազմը դեռ ունի արցախյան քաղաքականություն: Այսպես, ՀՀ ԱԳ նախարարին նստած անձի խոսքով. «Շատ կարեւոր էր վերջերս կայացած իմ այցը Արցախ, որտեղ մենք քննարկել ենք ընդհանուր օրակարգ ձեւավորելու եւ մեր աշխատանքները համադրելու ու համակարգելու անհրաժեշտությունը: Ինչ վերաբերում է մեր առաջնահերթություններին, ապա նախեւառաջ՝ Հայաստանը պատրաստ է սկսել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով եւ վարել բանակցություններն այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց վերաբերյալ նախկինում ձենք են բերվել պայմանավորվածություններ: Երկրորդը, մեր համար առաջնային հարց է դեօկուպացիան եւ դրա հետ կապված՝ հայ ազգաբնակչության անվտանգ վերադարձն իր բնակավայրերը: Երրորդը, միջազգային հանրության կողմից, մասնավորապես՝ միջազգային կառույցների կողմից հումանիտար օգնության անխափան տրամադրումն Արցախին: Եվ չորրորդը վերաբերում է մեր մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանմանը»: Իսկ ահա Շուշին, չնայած Ալիեւի հայտնի հայտարարությունների, ըստ Այվազյանի, եղել եւ մնում հայկական մշակութային կենտրոն. «Եվ անկախ նրանից, թե ով ինչ է հայտարարում, մենք չենք համաձայնվելու այն պնդումներին, որ Շուշին կարող է դառնալ թուրքական մշակութային կենտրոն, եւ վստահ եմ, որ այդ հարցում ստանալու ենք միջազգային հանրության աջակցությունը»: Իհարկե, նիկոլյան չինովնիկությունը միգուցե կարող է հումանիտար օգնության եւ մշակութային ժառանգության հետ կապված ինչ-որ գործողություններ կատարել, բայց թե ինչպես է հասնելու Շուշիի մասին Այվազյանի երազանքին, ու այդ որ միջազգային հանրությունից է օժանդակություն սպասում, երբ հենց այդ հայտարարության պահին նրա շեֆ Նիկոլը պարզ հայտարարեց, թե՝ Շուշին ադրբեջանական քաղաք է համարում, այլ հարց է: Սակայն սրանով հանդերձ էլ շատ ավելի տարակուսելի են Այվազյանի մատնանշած առաջին երկու կետերը: Այո, միգուցե ՄԽ-ն դեռ ձեւականորեն շարունակի գործել, սակայն կա այն հարցը, թե Հայաստանը, Նիկոլի դավաճանության արդյունքում, որպես ի՞նչ է մասնակցելու բանակցություններին: Արցախի անկախությունը, կամ որ Հայաստանի մաս է ¥1989թ. դեկտեմբերի 1-ի որոշումը¤ նիկոլյան խունտան չի ընդունել: Իսկ առանց դրա, մինչ այս փաստացի մասնակցում էր բանակցություններին, որպես Արցախի անվտանգության երաշխավոր եւ այնտեղի սահմանները պաշտպանող: Իսկ հիմա երաշխավորը ՌԴ-ն է, եւ նրա զորքն էլ պաշտպանում է Արցախի եղած սահմանները: Ուրեմն միգուցե Այվազյանը նաեւ բացատրի՞, թե որպես ի՞նչ է պատրաստվում ներկայանալ ՄԽ-ի բանակցություններին: Կամ ասենք Ադրբեջանը հրաժարվի բանակցել, ի՞նչ է անելու ՄԽ-ն, կամ ՀՀ ԱԳ նախարարը:

ԳԵՐԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՆ

Այսպիսով, գործնականում ակնհայտ է, որ Այվազյանի ասած՝ «Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղությանը», ավելի շուտ նմանվում է Հայաստանին ուղղված ակնարկի: Այն առումով, որ Արցախում խաղաղության պատրաստ չլինելը հենց Ալիեւի համար կարող է խնդիր դառնալ, քանի որ այդ դեպքում պետք է ուղիղ բախման մեջ մտնի ռուսների հետ: Իսկ դա նշանակում է, որ «հակամարտության նոր փուլը» վերաբերում է Հայաստանին: Առավել եւս, եթե հաշվի առնենք, որ թուրք-ազերիներն արդեն զորավարժանքներ են անում հենց Հայաստանի սահմաններին: Տրամաբանորեն էլ է այդպես. թուրք-ազերիական տանդեմը տեղակայվել է Զանգելանում եւ հիմա ունի մեկ առաջնային խնդիր՝ միանալ Նախիջեւանին: Ընդ որում, այստեղ էլ հիմնական արգելքը ռուսներին բախվելու հեռանկարն է, եւ ահա նիկոլյան խունտան այս ուղղությամբ եւս սկսել է ակտիվորեն ծավալել հայտնի քայքայիչ մեխանիզմը: Այսպես, նախօրեին Այվազյանին զուգահեռ, շեֆի երկարաժամկետ ազդեցության դավաճանությունը ակամա փաստեց նաեւ մեկ այլ «մտքի գիգանտ»՝ նիկոլյան պատգամավոր Հովհաննես Իգիթյանը: Այսպես, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի սույն նախագահը, ով ժամանակին Լեւոնի «վրայից» անհեռանկար «առնետավազք» կատարեց ու Նիկոլի հաշվին նորից մանդատ ստացավ, ձգտելով շեֆի վրայից թեթեւացնել ռազմագերիների բեռը, հասավ այս փայլուն մտքերին: Նախ. ըստ նրա, ռազմագերիների հարցը ոչ միայն Հայաստանի պարտավորությունն է, այլ նաեւ՝ Ռուսաստանի. «Եթե Ռուսաստանի ուժը չի պատում, մենք պետք է օգնենք Ռուսաստանին, այդ հարցում ունենք միջազգային աջակցություն... Ռազմագերիների հարցը հայտարարության մեջ կա, եւ Ռուսաստանն էլ երաշխավորող պետության պատասխանատվություն է վերցրել եւ պետք է լուծի»: Այս դեպքում միգուցե Իգիթյանը նաեւ բացատրի՞, թե ինչու են նոյեմբերի 9-ին ռազմագերիների կիսատ տվյալներ փոխանցել, կամ այդ ինչպես ստացվեց, որ զինադադարից հետո նոր ռազմագերիներ ի հայտ եկան, ինչպես օրերս ասաց Լավրովը: Վերջապես, եթե նա խոսում է միջազգային աջակցությունից, ապա կարող է նաեւ բացատրել, թե այդ ինչպես եղավ, որ իրեն այդքան հոգեհարազատ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի փոխարեն հենց ռուսները պատերազմը կանգնեցրին եւ «երաշխավորող պետության պատասխանատվություն» վերցնելով եւ թույլ չտալով Թուրքիային՝ միանգամից գրավել ողջ Արցախը: Բայց չէ, նա եւ իր թիմակիցները հազիվ թե նման հարցերի պատասխանեն, նման հայտարարությունների իմաստն այլ է: Նախ, ռազմագերիների հարցով Նիկոլի անճարակությունը պարտակելը՝ մեղադրանքների սլաքները ուղղելով հայաստանյան ընդդիմությանը: Իգիթյանի մոտ դա այս տեսքն ունի. «Նա (Ալիեւը- Հեղ.) տեսնելով, որ ընդդիմադիր գործիչների հայտարարության մեջ ռազմագերիների չվերադարձնելու պատասխանատվությունը դրվում է միայն Հայաստանի իշխանությունների վրա, այս հանգամանքն է օգտագործում»: Մի կողմ թողնենք նաեւ այս հարցը, թե բա ուրիշ ո՞ւմ վրա պետք է դրվեր ռազմագերիների հարցը, եթե հենց Նիկոլ դավաճանն է կպել-մնացել վարչապետի աթոռին, եւ խնդրին նայենք այս կողմից. իսկ Իգիթյանն իր շեֆին հարցրե՞լ է. «Ա՛յ Նիկոլ Վովայիչ, բա այդ ինչո՞ւ Մոսկվայում երկաթուղու մասին համաձայնագիր ստորագրեցիր, հստակ ժամկետներ գրեցիք, եթե չկարողացար գերիների հարցով մի բան անել: Երկու ոտքդ դնեիր մի մաշիկի մեջ ու ասեիր, թե ոչ մի բան էլ չեմ ստորագրի, մինչեւ գերիների հարցը լուծվեր: Համ էլ այդ դեպքում Ալիեւը չէր կարողանա «հանգամանքն օգտագործել»»: Չէ, շեֆին Իգիթյանը հաստատ բան չի հարցրել, այնտեղ այլ թեմաներից են խոսում: Օրինակ, թե ինչպես Հայաստանում վերսկսեն առաջ տանել հակառուսական քարոզչությունը, թե՝ «Ռուսաստանը պատասխանատվություն է վերցրել, ուրեմն պետք է լուծի...»: Ռուսաստանը, իհարկե, կարող է լուծել. մեկ «ծանր» զանգն էլ հերիք է: Բայց նախ թող սույն իգիթյանները բացատրեն՝ իսկ ինչո՞ւ այդ զանգն այդպես էլ չկա, եւ թե դրանում ո՞րն է Նիկոլի ու հայաստանյան իշխանություններին մնացող տարաբնույթ սորոսականների ու նման ընդգծված հակառուսական քարոզների դերը:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այսպիսով, հենց նիկոլյան չինովնիկության «ինքնախոստովանական ցուցմունքներից» ստանում ենք հետեւյալը: Մի կողմից գրեթե բաց տեքստով փաստում են, որ թուրք-ազերիական տանդեմը դեռ Հայաստանի ուղղությամբ հարցեր ունի լուծելու, ընդ որում, «պատրաստ չլինելով խաղաղությանը», այսինքն՝ պատերազմի միջոցով: Իսկ մյուս կողմից էլ շարունակում են «տակից» թունավորել մեր անվտանգության միակ երաշխավորի հետ հարաբերությունները...

Միքայել Մինասյանը միայն (գոնե այս պահին) ԱԺ նախագահի աթոռին նստած Արոյին է մեղադրում թուրքական «շպիոն» լինելու մեջ: Մինչդեռ նկարագրված իրավիճակը քանի՞ թուրքական շպիոնի առկայության մասին է վկայում. հաստատ տասնյակներով:

Քերոբ Սարգսյան
www.iravunk.com


դեպի ետ