• am
  • ru
  • en
Версия для печати
11.12.2020

ՄՈՍԿՎԱՆ ՀԻՄՆԱՎՈՐ ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ Է ԱՐՑԱԽՈՒՄ ՏԵՂԱՎՈՐՎՈՒՄ

   

Նախօրեին համացանցում հայտնված Սերժ Սարգսյանի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսակցության ձայնագրությունը, իհարկե, ուշագրավ եզրահանգումների տեղիք է տալիս: Հիշեցնենք, ըստ այդ ձայնագրության, Լուկաշենկոն Ալիեւի անունից ՀՀ երրորդ նախագահին 5 միլիարդ դոլար է առաջարկել Արցախի 7 շրջաններից հրաժարվելու դիմաց: Սերժ Սարգսյանը մերժել է առաջարկը, թե պատրաստ է 6 միլիարդ դոլար տալ, որ Ալիեւը մոռանա 7 շրջանի մասին:

ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ԱԼԻԵՎԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ 5 ՄԻԼԻԱՐԴԸ

Նախ նկատենք, ձայնագրության իսկությունն ի սկզբանե էլ կասկածի տեղիք չէր տալիս: Չնայած, երրորդ նախագահի գրասենյակից, ընդունելով, որ նման ոչ հրապարակային խոսակցություն եղել է 2016թ. հոկտեմբերի 14-ին՝ Երեւանում: Նաեւ իշխանական աղբյուրները չփորձեցին հերքել: Միայն նկատելի էին ակնարկներ, որ առաջարկներ Նիկոլին եւս եղել են, որոնք իբր նա մերժել է: Իհարկե, դրա հետ կապված կան բազում հարցեր եւ կասկածներ, սակայն ձայնագրությանը մոտենանք այլ կողմից: Այն, որ Ալիեւը 2016թ. վերջերին, այսինքն՝ քառօրյա պատերազմից հետո մեծ գումար էր պատրաստ վճարել, թերեւս մեկ բացատրություն կարող է ունենալ՝ նա այլ տարբերակով, այդ թվում՝ ռազմական եղանակով հաջողության շանսեր չէր տեսնում: Իսկ դա նշանակում է, որ հայկական բանակը, ինչքան էլ որ հետագայում Նիկոլն առաջ էր տանում «ժանգոտ զենքերի» առասպելը, լիովին պատրաստ էր դիմակայության: Այսինքն, այդ կարճ ձայնագրությունը ջարդուփշուր է անում նիկոլյան վերջին քարոզչական տրյուկը, թե՝ 20-30 տարի բանակ չեն կառուցել, ես ի՞նչ կարող էի անել 2.5 տարում. Ալիեւն անուղղակի խոստովանեց, որ Հայաստանն առնվազն 2016թ. վերջերին ուներ այնպիսի բանակ, որին պետք էր ոչ թե սպառնալ, առավել եւս՝ պատերազմել, այլ փորձել բանակցային գործընթացի հետ մեկտեղ նաեւ կլորիկ գումար առաջարկել, Լուկաշենկոյի միջնորդությանը դիմել: Հաջորդը. Սարգսյան-Լուկաշենկո այդ խոսակցությանը հաջորդած մեկուկես տարում բացառվում է, որ հայկական բանակի մարտունակության կատաստրոֆիկ անկում տեղի ունենար: Նախ, ժամանակն էր կարճ: Եվ ամենակարեւորը՝ Նիկոլի օրոք բարձր ռազմական պաշտոններ զբաղեցրած Մովսես Հակոբյանը փաստաթղթավորված կերպով խոստովանեց, որ դեռ 2017թ.-ին կային բանակի տեխնիկական համալրման այնպիսի գործող ծրագրեր, որոնք հնարավորություն կտային նաեւ այս նոր պատերազմին լիովին պատրաստ լինել: Ու նորից գալիս ենք նույն հարցին՝ իսկ ի՞նչ տեղի ունեցավ Հայոց բանակի հետ Նիկոլի օրոք: Եվ ամենակարեւորը, արդյոք Նիկոլին էլ «Դուշանբեի վերելակում» արդեն ոչ պաշտոնապես 5 միլիարդ չի՞ առաջարկել Ալիեւը: Չնայած եթե առաջարկեր, ապա հազիվ թե կես միլիարդից ավել: Բայց նաեւ փորձենք հենց այս հավանական տարբերակի ֆոնին դիտարկել այն բոլոր «տարօրինակությունները», որոնք տեղի ունեցան մեր բանակի հետ նախապատերազմական 2.5 տարիներին եւ պատերազմական 45 օրերին:

ՌԴ-Ն ԱՐՑԱԽՈՒՄ ՄԵԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ Է ԱՆՈՒՄ

Հաջորդ հանգամանքը, որն առաջ է քաշում հիշատակված ձայնագրությունը, հետեւյալն է՝ իսկ Ալիեւն ինչո՞ւ 5 միլիարդ առաջարկեր մի բանի համար, որը կարճ ժամանակ անց հույս ուներ անվճար ստանալ: Նկատի ունենք, որ մոտավորապես նույն ժամանակներից արդեն օրակարգում էր Մինսկի խմբի համանախագահների առաջարկած կարգավորման տարբերակը՝ «Լավրովի պլանը», կամ «5+2» մեխանիզմը: Դա ենթադրում էր այդ 7 շրջանների հանձնում, ընդ որում` Ալիեւը պետք է որ քաջ գիտակցեր, որ այս անգամ համանախագահները, եւ, մասնավորապես՝ ռուսները վճռական էին տրամադրված: Ավելին, նույն զրույցում Լուկաշենկոյի խեսքում կա ակնարկ խաղաղապահների մասին, այսինքն՝ այդ մասով եւս Ալիեւը համաձայն էր: Սակայն «5+2» մեխանիզմի դեմ Հայաստանն ուներ մեկ փաստարկ եւս: Բանն այն է, որ այդ տարածքներում երկու-երեք տասնամյակ իրականացվել էին հսկայական ներդրումներ, այդ թվում՝ պաշտպանական բնագծերի ստեղծման համար, տնտեսական տարբեր ծրագրերով: Իսկ շրջաններ տալու դեպքում կար այդ ամենը փոխհատուցելու, ապա նաեւ կոմունիկացիաների վերականգնման եւ նմանատիպ այլ ծախսերի խնդիր: Ընդ որում, փոխհատուցման գաղափարը գործնականում միշտ էլ եղել է, եւ այն ժամանակներում, երբ բանակցային գործընթացում գերիշխող էին ամերիկացիներն ու եվրոպացիները, անգամ իրենց կողմից են առաջարկել փոխհատուցման խնդիրը լուծել: Իսկ ահա «Լավրովի պլանի» դեպքում դրա պատասխանատվությունը ստանձնում էր Ալիեւը: Այսինքն, նաեւ սա է Նիկոլի ստորագրած եռակողմ համաձայնագրից բխող խնդիրներից մեկը: Նշված բոլոր ծախսերի անհրաժեշտությունը հիմա կա, եւ հարց է առաջանում՝ իսկ ո՞վ է վճարելու: Առավել եւս, որ գումարվել է նաեւ Արցախի ավերված բնակավայրերի, տնտեսության վերականգնման հարցը: Կամ, օրինակ, եռակողմ համաձայնագրում կա տարածաշրջանային կոմունիկացիաների վերագործարկման թեման, եւ նույն հարցն է՝ ո՞վ է ֆինանսավորելու: Ընդ որում` նկատենք՝ եթե այն ժամանակ այդ 5 միլիարդը կարելի էր համարել ռազմատուգանքի նման մի բան, ապա ներկայումս կգործի «ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը» սցենարը: Իսկ Հայաստանն անվճարունակ է, այսինքն՝ էս գլխից «երաժշտություն պատվիրելու» մեր հնարավորությունները Նիկոլի պատճառով գործնականում զրոյացան: Մինչդեռ նկատենք, որ Արցախում արդեն իսկ զգալի ծախսեր իրականացվում են. սկսած ռուսական զորքերի տեղափոխում-պահպանումից, վերջացրած ներկայիս հումանիտար տարբեր ծրագրերով: Ավելին, ծախսեր են ենթադրում նաեւ վերականգնողական ծրագրերը, որոնք մասնավորապես կոմունիկացիաների հետ կապված արդեն իրականացվում են: Օրինակ, օրերս Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը եւս հաստատեց, որ առաջիկայում Արցախի օդանավակայանը կսկսի գործել. «Դժվար է ասել, թե երբ կգործի օդանավակայանը... Շատ մոտ ապագայում, այսպես ասենք»: Նկատենք, որ այնուհետեւ այդ լուրը հաստատեցին նաեւ ռուսական աղբյուրները: Օդանավակայանին դեռ կվերադառնանք: Մինչ այդ, ֆիքսենք՝ ՌԴ-ն Արցախում գործնականում սկսել է ներդրումային գործընթաց, որը, ի դեպ, ամենեւին էլ նախատեսված չէ խաղաղապահ առաքելության շրջանակներում: Իսկ ո՞րն է նպատակը, դա արդեն շատ կարեւորը հարց է:

ԱՐՑԱԽՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՈՂԸ ՄՈՍԿՎԱՆ Է

Վերադառնանք օդանավակայանին: Դրա գործարկումը, ըստ մեր արժանահավատ աղբյուրի, իրոք ռուսական խաղաղապահ ուժերի առաջնային ծրագրերի մեջ է: Այն լուծելու է երկու հիմնական խնդիր: Առաջինը՝ Հայաստանի հետ ուղեւորաբեռնափոխադրումների դյուրինացման, ընդ որում, առաջիկայում այդ նպատակով կարող են գործել նաեւ ուղղաթիռային երթուղիներ: Բայց ոչ միայն Հայաստանի ուղղությամբ: Աղբյուրը տեղեկացնում է, որ Հայաստանով Արցախ եւ Հայաստանից Ռուսաստան թռչելիս ռուսական կողմը սկսել է բախվել բավականին տարօրինակ խնդիրների: Օրինակ, օրերս դեպի ՌԴ թռիչքի արհեստական ձգձգման խնդիր է ունեցել մինչեւ իսկ Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, Ռուսաստանից եկած տարբեր այլ անձինք, այդ թվում` ռուսահայեր: Ճիշտ է, խոսքը հիմնականում տհաճ իրավիճակների մասին է, սակայն շատերն են հակված այդ ամենը բացատրել, որպես Նիկոլի մանր կծոց: Եվ ահա ռուսական կողմը մտածում է, որ Արցախի օդանավակայանի գործարկումը ոչ միայն նման հարցերի դեմը կառնի, այլ նաեւ արցախցիներին ՌԴ-ի հետ ուղիղ կապի հնարավորություն կտա, որի հետ կապված, թերեւս, ապագայում լուրջ հաշվարկներ են կառուցված: Չնայած, միայն դա չէր կարող օդանավակայանի գործարկման պատճառ լինել: Թեկուզեւ այն պարզ պատճառով, որ Նիկոլի օրերը հաշված են, իսկ նրանից հետո նման «մանր կռիսություններ» հազիվ թե լինեն: Ուստիեւ գանք մեր աղբյուրի մատնանշած երկրորդ հանգամանքին: Այն է՝ ռուսները օդանավակայանի թռիչքուղին մեկ կիլոմետրի չափով երկարացնում են: Դա թույլ կտա ընդունել եւ ճանապարհել ռուսական բանակի անգամ ամենածանր բեռնափոխադրող ինքնաթիռները: Այսինքն, օդանավակայանը կկարողանա սպասարկել գոյություն ունեցող բոլոր տիպի ինքնաթիռներին: Դա մի կողմից՝ ռուսներին հնարավորություն կտա Արցախի համար նախատեսված ռազմական եւ այլ բեռներն ուղիղ ճանապարհով տեղ հասցնել, նաեւ ապահովել ՌԴ-ի հետ ուղեւորափոխադրումային ուղիղ կապ եւ ոչ թե նախ Երեւան, այստեղից ավտոտրանսպորտով Արցախ: Ու միաժամանակ, բոլոր տիպի ինքնաթիռներ ասվածի տակ դժվար չէ տեսնել նաեւ ռազմական ավիացիան: Սա, թերեւս, օդանավակայանի գործարկման ամենաառանցքային խթաններից է: Սրան էլ, թերեւս, պետք է ավելացնել ոչ պակաս առանցքային այլ գործոններ եւս: Օրինակ, Արցախում արդեն օրենսդրական մակարդակով են խոսում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու մասին: Հաջորդը, արցախյան ուժային կառույցների փաստացի «կուրատոր» է դարձել Վիտալի Բալասանյանը, որն ընդգծված ռուսամետ գործչի համարում ունի: Եվ այլն: Եթե սրան էլ ավելացնենք Արցախում նախ բնակարանաշինության, ապա նաեւ տնտեսական այլ ուղղություններում ռուսական ակտիվ ներդրումների մասին լուրերը, ապա նաեւ խոսակցությունները, որ մոտ ժամանակներս արցախցիներին հնարավորություն կտրվի արագացված կարգով ընդունել ՌԴ քաղաքացիություն, այն տպավորությունն է ստեղծվում, որ ռուսները բավականին հիմնավոր կերպով են Արցախում տեղավորվում: Ասենք, դա է հուշում նաեւ խաղաղապահների գործունեության հնգամյա ժամկետը՝ մեխանիկորեն երկարացնելու հեռանկարով: Մի խոսքով, կարելի է նկատել, որ ռուսները վճարում են «երաժշտություն պատվիրողի» իրավունքի համար, եւ երեւի Ալիեւը դեռ շատ է փոշմանելու, որ իր 5 միլիարդն այդպես էլ պետք չեղավ: Անգամ այն մասը, որը թողեց Դուշանբերի վերելակում:

Սա, իհարկե, նշանակում է, որ Արցախի աշխարհաքաղաքական կողմնորոշումն ամբողջովին Երեւանից շրջվում է դեպի Մոսկվա: Ինչը, խոստովանենք, առկա իրավիճակում բարեբախտություն է այն առումով, որ միայն այդ կերպ է հնարավոր պահպանել Արցախի հայկականությունը: Իսկ մյուս կողմից դա կպարտադրի խրոնիկ կերպով հույսը անգլիական նավերի հետ կապող հայաստանյան ղեկավարությանը՝ զերծ մնալ տարօրինակ խաղերից: Հաշվի առնելով նաեւ, որ Արցախը վերածելով ռազմական ճամբարի, Մոսկվան շատ ավելի հիմնավոր է լուծում հարավկովկասյան տարածաշրջանում ռազմական ներկայության հարցը, թան դա անում էր Հայաստանի սահմանափակ հնարավորություններով ռազմաբազայի միջոցով: Կարճ ասած, արդենՀայաստանն այդ ռազմնաբազայի թույլտվությունը չի կարող Մոսկվային հրամցնել որպես մեծ լավություն, քանի որ բոլորն են արդեն պարզ հասկանում, որ, ընդհակառակը, դա հայաստանին ցուցաբերվող լավություն է, ուհետագայում ռտուսները պարզապես կարող են նախընտրել միայն արցախյան ռազմաճամբարը, եթե իհարկե հայաստանյան ղեկավարները չմոռանան ոչ մի տրամաբանության մեջ չտեղավորվող իրենց մասնավոր-պետական խաղերի մասին: Ցավալի՞ է. իհարկե: Բայց ուրիշ ինչի՞ էինք սպասում նիկոլյան այս խաղերից հետո: Չէ, ճշտենք, ժողովրդի մեծամասնության կողմից վարչապետ կարգված Նիկոլի խաղերից:

Ինչ վերաբերում է այս իրավիճակում Թուրքիային, ապա դա արդեն այլ եւ միանգամայն լուրջ խոսակցության թեմա է:

Քերոբ Սարգսյան
www.iravunk.com


դեպի ետ