
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՄԵԾ ԵՎ ԼՐՋԱԳՈՒՅՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է ՄՏՆՈՒՄ. Խոսրով Հարությունյան
17 ընդդիմադիր կուսակցությունների խորհուրդն այսօր հրապարակել էր հայտարարություն, թե որոշել են ընդլայնել համագործակցության ձեւաչափը` ձեւավորելով «Հայրենիքի փրկության շարժում»: Նրանք հանդես են գալիս վարչապետի միասնական թեկնածուով, որը Հանրային խորհրդի նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն է:
Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքը» զրուցեց 17 կուսակցություններից մեկի` Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ: Պարզվում է` նա ֆիզիկապես չի մասնակցել այս նիստին առողջական խնդիրների պատճառով, բայց հնարավորին չափով հաղորդակցության մեջ է եղել եւ հեռակա կարգով իր մասնակցությունն է ունեցել ընդունված որոշումների հարցում: Մեզ հետ զրույցում Խ. Հարությունյանը մինչ Վազգեն Մանուկյանի թեկնածության մասին տեսակետ հայտնելը` նախ մի քանի կարեւոր արձանագրում արեց:
– Անկասկած մեր կուսակցությունը նույնպես միանում է օրվա իշխանության օր առաջ հեռանալու հանրային պահանջին: Գործող իշխանությունն` ի դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իր գործողությունների հետեւանքով այլեւս զրկված է լեգիտիմության նույնիսկ ամենանվազագույն պաշարից: Օրվա իշխանությունն, ուղղակի, լեգիտիմ չէ եւ զուրկ է հանրության հիմնական հատվածի կարիքները բավարարելու պատասխանատվությունը ստանձնելու, ուստի և համապատասխան քաղաքական որոշումներ կամ քաղաքականություն իրականացնելու իրավասությունից և դե ֆակտո կարողություններից, ինչը շատ էական է: Այսինքն` իշխանությունն ինքն իր գործունեությամբ զրկվել է հանրային նվազագույն անգամ վստահությունից: Ավելին, այսօր քաղաքական ուժերի կշիռը իրականության մեջ բացարձակապես չի համապատասխանում նրանց ներկայացվածությանը Ազգային ժողովում: Խորհրդարանում մեծամասնություն կազմող քաղաքական ուժն այլեւս այն հանրային կշիռը, աջակցությունը չունի, ինչ մինչ այս, հետեւաբար ԱԺ-ում ներկայացված կուսակցությունների հարաբերակցությունը պետք է բերվի ստեղծված իրավիճակին համապատասխանության: Սա նշանակում է, որ քաղաքական մեծամասնության բոլոր անդամները անհատապես պետք է հստակ գիտակցեն, որ եթե շարունակում են մնալ այդ խմբակցության կազմում , ապա ստանձնում են իշխանության այս քաղաքականության հետեւանքների բացառիկ քաղաքական պատասխանատվությունը` յուրաքանչյուրն առանձին- առանձին վերցրած: Այս առումով, իհարկե, դրավատանքի խոսքի են արժանի այն այն պատգամավորները, որոնք գիտակցելով իրենց անձնական քաղաքական պատասխանատվությունը` դուրս են գալիս իշխող խմբակցության կազմից` դառնալով անկախ պատգամավոր: Պատգամավորի նման վարքագիծն այսօր պետք է ողջունել: Հետեւաբար,պետք է արձանագրենք, որ այսօրվա գործող իշխանության, մասնավորապես` Նիկոլ Փաշինյանի իշխանության ղեկին մնալը հանրային կյանքը մտցնում է խորը, միգուցե անդառնալի ճգնաժամի մեջ: Այս ճգնաժամը նույնիսկ սպառնում է վերաճել ինստիտուցիոնալ դեֆոլտի, երբ պետական ինստիտուտներն ունակ չեն ստեղծված իրավիճակին ադեկվատ որոշումներ կայացնել եւ իրականացնել: Ըստ էության, կառավարության հետագա գործունեությունը հանրային կյանքում ճգնաժամի եւ լարվածության սկզբնաղբյուրն է դառնում եւ նույնիսկ տարրական քաղաքական ողջամտությունը, էլ չեմ ասում բարոյականությունը, պահանջում է, որ օր առաջ իշխանությունները գիտակցեն սեփական այս պատասխանատվությունը եւ հրաժարվեն իշխանությունից` դրանով իսկ հնարավորություն ընձեռնելով հանրությանը սեփական կարողությունները համախմբելու միջոցով ինստիտուցիոնալ լուծումների հասնել: Այս ամենը ստեղծված իրավիճակի օբյեկտիվ պահանջն է, որովհետեւ այսօր վտանգված է այլեւս մեր պետականության ինստիտուցիոնալ հենքը: Իշխանություն իրականացնելը` միայն ուժային կառույցներով, որեւէ ապագա չի խոստանում: Եվ վերջապես` բոլորի համար ակնհայտ է, որ օրվա իշխանություները իրենց գործունեությամբ տապալվել են ոչ միայն պատերազմի ընթացքում` , այլ ընդհանրապես` վերջին 2,5 տարիների ընթացքում : Այսինքն` մենք պարտվել ենք ոչ թե հիմա՝ այս պատերազմում, այլ 2018 թվականի մայիսին, իսկ հետագայում այդ պարտությունը խորացրել ենք 2018 թվականի դեկտեմբերին: Ժողովրդի առջեւ սեփական պատասխանատվությունը պետք է գիտակցեն թե՛ Կառավարությունը եւ թե՛ նրա քաղաքական հենարանը Ազգային ժողովում: Հետեւաբար կառավարության հեռանալը օրախնդիր է եւ այլընտրանք չունի:
– Եվ այս իրավիճակի լավագույն լուծումը Վազգեն Մանուկյանին վարչապետի թեկնածու առաջադրե՞լն էր:
– Նման ոչ ստանդարտ իրավիճակներում, երբ ունենք բազում խնդիրներ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, առավել քան ակնհայտ է, որ պետք է բացառել պատերազմական գործողությունների վերսկսման որեւէ հնարավորություն: Պետք է արձանագրենք նաեւ, որ պատերազմական գործողությունների դադարեցումն անշրջելի դարձնելու կարեւորագույն գրավականը ռուսական խաղաղապահ զորքերի առկայությունն է Արցախում: Հետեւաբար, առաջին հերթին հայկական կողմն առավելագույնս պետք է ջանքեր գործադրի Ռուսաստանի խաղաղապահ ուժերի այդ առաքելության արդյունավետ իրականացումն ապահովելու հարցում: Եվ բոլոր այն խոսքերը, թե ընդդիմությունը դեմ դուրս գալով Նիկոլ Փաշինյանին, ըստ էության, հավակնում է այդ եռակողմ հայտարարությունը չեղյալ հայտարարելուն, չի համապատասխանում իրականությանը: Շատ ակնհայտ է, որ արյունահեղության եւ պատերազմական գործողությունների դադարեցումը բխում է բոլորի շահերից եւ առաջին հերթին` Հայաստանի եւ Արցախի ժողովրդի: Ավելին` խորապես համոզված եմ, որ որեւջէ ողջամիտ քաղաքական ուժ կամ քաղաքական լիդեր չի կարող հանդես գալ այնպիսի հարցադրումներով , որոնք կարող են կասկածի տակ դնել կամ ի չիք դարձնել ՌԴ նախագահի շատ կարեւոր այս նախաձեռնությունները: Բայց շատ լավ հասկանում ենք, որ նույնիսկ այդ պայմաններում` չանդրադառնալով այդ եռակողմ հայտարարության աշխարհաքաղաքական հենքին, առանցքային դրույթներին, մենք այդուհանդերձ տեսնում ենք, որ կան բավականին հարցեր, որոնք դեռեւս կարգավորման անհրաժեշտություն ունեն եւ այն պետք է իրականացվի բանակցային սեղանի շուրջ: Սկսած այն խնդրից՝ արդյո՞ք պատերազմում այս հրադադարը այլևս նշանակում է հակամարտության կարգավորում, ինչպես պնդում են ադրբեջանցիները, վերջացրած Արցախի կարգավիճակի հստակեցման խնդրով, էլ չեմ ասում, որ այսօր հրատապ լուծումներ պահանջող հարցերը գերիների, անհետ կորածների, հումանիտար աղետը կանխելու խնդրում: Այդ հարցերի թվում է նաեւ Մեղրիի միջանցքի խնդիրը, որը Սահմանադրության հետ կապված մեզ մոտ կարող է հարցեր առաջացնել: Բոլոր այս հարցերի շուրջ պետք է սկսել բանակցություններ, առավել եւս, որ Մինսկի խմբի համանախագահող երկրներն, այդ թվում` Ռուսաստանը, դեմ չեն առարկայական բանակցային գործընթացի վերսկսմանը: Ուստի հարց է ծագում` պարտված, պատերազմը տանուլ տված լիդերը, որն իր իսկ ստորագրած հայտարարության տեքստի շուրջ չի էլ բանակացել, այլ ասել են սա է՝ պետք ստորագրել և նա էլ ճարահատյալ ստորագրել է, կարո՞ղ է բանակցությունների սեղանի շուրջ հայանպաստ խնդիրներ քննարկել եւ ձեռքբերումներ ունենալ, իհարկե` ոչ:
– Իսկ ինչո՞ւ որոշվեց կանգ առնել հենց Վազգեն Մանուկյանի թեկնածության վրա:
– Հարցը հետեւյալն է` նախ մենք պետք է բանաձևենք այն անհատական հատկություններն ու կաարողությունները, որոնց պետք է տիրապետի ապագա Վարչապետը և թերևս ի շնորհիվ այդ հայտանիշերի նա հանրության հիմնական հատվածի մոտ պետք է ձևավորի վստահություն, որ այն խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի առջեւ իր թիմակիցների, համախոհների կամ 17 կուակցությունների անմիջական աջակցությամբ կկարողանա հաջողությամբ լուծել : Իսկ այդ վստահությունը շահելու համար ապագա Վաարչապետը պետք է ունենա` վստահելի քաղաքական կենսագրություն, փորձառություն պետական կառավարման համակարգում, ներկա փուլի առանձնահատկությունը հաշվի առնելով` փորձառություն բանակաշինության գործում : Ապագա վարչապետը պետք է իր գիտելիքներով, հմտություններով ապացուցած լինի, որ սկզբունքային անձնավորություն է, լսելու, բանակցելու, կոմպրոմիսների գնալու եւ որոշում կայացնելու ունակ է, քաղաքական վարքագծով ապացուցել է իր հայրենասիրությունն ու նվիրվածությունը ժողովրդավարական պետականաշինության ինստիոտւցիոնալ կայացվածության հիմնախնդիրներին: Ասացեք խնդրեմ` մի՞թե սրանք չեն այն պահանջները, որոնք հանրությունը պետք է ներկայացնի հակաճգնաժամային կառավարության Վարչապետին և արդյո՞ք Վազգեն Մանուկյանն այս պարամետրերին չի բավարարում:
– Օրինակ, Դուք էլ եք նույն այդ պարամետրերին բավարարում, դրա համար էլ հետաքրքիր է` ինչո՞ւ հենց Վազգեն Մանուկյանը:
– 17 կուսակցություններում շատ մարդիկ կային, որ կարող էին այս պահանջներին բավարարել, բայց, ըստ իս, կա մի կարեւոր հանգամանք` Վազգեն Մանուկյանի պատմական դերակատարումը ղարաբաղյան շարժման եւ նորանկախ Հայաստանի ձեւավորման գործում: Համաձայնեք, որ նույնիսկ այդ պարամետրերով, հավանաբար, ես կզիջեմ: Եկեք ռեալ լինենք` Վազգեն Մանուկյանի թեկնածության շուրջ կայացվել է գիտակցված, իմաստավորված որոշում: Կրկնում եմ, 17 կուսակցությունների մեջ կային մարդիկ, որոնք կարող էին իրենց սեփական կարողություններով, հմտություններով, գիտելիքներով արժանիորեն նման հավակնություներ ունենալ, բայց այս որոշման ողջ քաղաքական հմայքն այն է, որ դա նշված կուսակցույունների գիտակցված ընտրությունն էր ի շահ ժողովրդի եւ մեր երկրի վաղվա օրվան: Ավելին, պայմանավորվել ենք, որ Վարչապետն իր պատմական առաքելությունն իրականցնելուց հետո` չի մասնակցելու ապագա ընտրություններին որևէ կարգավիճակով և պահպանելու է բացառապես քաղաքական չեզոքություն :Սա քաղաքական ողջամտության և պատասխանատվության աննախադեպ դրսևորում է և անկասկած կարող է հավակնել քաղաքական ավանդույթ ձևավորելու նախադրյալի:: Սա լուրջ եւ բարձրագույն երաշխքի է` հանրային կյանքը քաղաքական առումով, հավասարակշռելու, ներքաղաքական լարվածությունը չեզոքացնելու եւ սեփական քաղաքական հետաքրքրքություններից զերծ մնալու համար` նվիրվելով միայն եւ միայն բացառիկ այն խնդիրներին, որոնք ծառացած են նոր ձեւավորվող կառավարության առջեւ: Կարծում եմ` 17 կուսակցությունների որոշումը քաղաքական առումով շատ հավասարակշռված է, կոռեկտ և անկասկած կարժանանա համահայկական աջակցության: Արձանագրենք նաեւ, որ Վազգեն Մանուկյանը մեծ եւ լրջագույն պատասխանատվության տակ է մտնում եւ նրա նկատմամբ պահանջները պակաս չեն լինի հանրության կողմից: Սա պատմական լուրջ փորձություն է թե՛ իր համար, թե՛ բոլորիս: Նա ուղղակի ստանձնելու է շատ առանձնահատուկ պատմական առաքելություն` երկիրը այս վիճակից դուրս բերել: Հաշվի առնելով պատերազմի փաստացի արդյունքները և պետական ինստիտուտների կազմալուծված վիճակը անվտանգության, տնտեսության, սոցիալական, և հատկապես, առողջապահության բնագավառբներում, ինչպես նաև հասարակության բարոյա- հոգեբանական իրավիճակը, որն արդյունք է Հայաստանի ու Արցախի օրվա իշխանությունների ապազգային և ապաշնորհ գործունեության, հակաճգնաժամային կառավարության առաաքելության իրականացումը անհամեմատ դժվար է լինելու քան 90-ականների սկզբում էր: Սակայն համոզված եմ, որ քաղաքական գործիչների այսօրվա սերնդին կհաջողվի մեր Երկիրը դարձնել Պետություն: Եվ այդ պատմական առաքելության իրականացման պատասխանատվությունը վերապահվում է Վազգեն Մանուկյանին:
Զրույցը՝ Իլոնա Ազարյանի
www.iravunk.com
դեպի ետ