• am
  • ru
  • en
Версия для печати
27.11.2020

ԿԳՄՍ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԱՆԹԱՔՈՒՅՑ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ. ԳՐԱԿԱՆԱԳԵՏ

   

Երկուշաբթի տեղեկացանք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, իսկ ահա ԿԳՄՍ նախարարի պաշտոնն այսուհետ զբաղեցնելու է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը: Թե որքանով կապ ունի մաթեմատիկայի դասախոսը մշակույթի եւ սպորտի հետ, ինչո՞վ է տարբերվում վերջինս Արայիկ Հարությունյանից, այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք գրականագետ, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի երկարամյա դասախոս Սերժ Սրապիոնյանի հետ:

– Պարոն Սրապիոնյան, հայտնի է, որ ԿԳՄՍ նորանշանակ նախարարը ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանն է: Եթե մի պահ պատկերացնենք, որ վերջինս կապ ունի կրթության եւ գիտության հետ, ապա ի՞նչ կապ կարող է ունենալ մաթեմատիկայի դասախոսը մշակույթի եւ սպորտի հետ:

– Բարեբախտաբար, այդ մարդուն անձամբ չեմ ճանաչում, չնայած երկուսս էլ համալսարանական ենք: Վահրամ Դումանյանն իր մտածողությունն արդեն ցույց է տվել դեռեւս Արայիկ Հարությունյանի օրոք: ԿԳՄՍ նորանշանակ նախարարը հայագիտական առարկաների հանդեպ ունի նույնքան անթաքույց ատելություն եւ ժխտողականություն, որքան ուներ Արայիկ Հարությունյանը: Նա իր իսկ ղեկավարած ֆակուլտետից հանեց հայագիտական առարկաները, թողնելով փոքրաթիվ կամընտրական խմբեր: Ակնհայտ է, որ մրից դուրս ենք եկել` մրջուրն ընկել: Այսկերպ փորձել են իշխանությանն իրենց հավատարմության երդումը տալ: Չկա ուրիշ ոչինչ: Այսպես փորձ է արվում արտաքուստ եւ մակերեսային փոփոխություն իրականացնել` ժամանակ շահելու նպատակով: Այս մարդը չի կարող ԿԳՄՍ նախարարության ծառացած խնդիրները լուծել: Նա մշակույթից շատ հեռու է, իսկ սպորտից չգիտեմ որքան է հասկանում: Վահրամ Դումանյանը լավագույն դեպքում կարող է տիրապետել իր մասնագիտությանը, ոչ ավելի: Հիմա տեղի է ունենում նույն քյանդրբազությունն ինչպես որ առաջ:

– Արդեն նախկին նախարար Արայիկ Հարությունյանը բազմիցս հանդես է եկել իր ոչ այնքան ազգօգուտ եւ աղմկահարույց ծրագրերով: Ի՞նչ եք կարծում` նորանշանակ նախարարը կարո՞ղ է ինչ-որ բան փոխել, թե՞ նա եւս այդ գաղափարների կրողն է:

– Եթե հեռացողն այդքան ցինիկ ինքնավստահությամբ ասաց, որ մանկավարժներին տվել է բացառիկ ազատություն, ապա հասկանալի չէ այս ամենը: Ի՞նչ է նշանակում ազատություն: Գոյություն ունի կարգ, կանոն, որոնց մենք պարտավոր ենք ենթարկվել: Վահրամ Դումանյանը հայ գրականության նոր չափորոշիչների հանդեպ ունի նույնքան հիացմունք, որքան նախորդն ուներ: Նա նաեւ հիացած էր Արայիկ Հարությունյանի գործունեությամբ առհասարակ: ԿԳՄՍ նորանշանակ նախարարը` համալսարանում միշտ աչքի է ընկել հեղափոխական գաղափարներով: Նա հարմարվողական կերպար է եւ պատեհապաշտ: Ես չեմ էլ մտածում վերջինիս գնահատելու մասին: Այդ մարդուն իշխանավորները նախատեսել էին ԵՊՀ ռեկտորի պաշտոնը, սակայն բարեբախտաբար չեղավ նման բան, եւ համալսարանը չխորտակվեց, սակայն դժբախտաբար կրթության ոլորտն ընկավ այդ արատավոր շրջանակի մեջ:

– Որպես փորձառու դասախոս` ի՞նչ եք կարծում, Արայիկ Հարությունյանն ի՞նչ ազատության մասին էր խոսում:

– Մենք ունենք այդպիսի ազատության փորձ, Աշոտ Բլեյանի ազատության փորձը, սակայն այդ ազատությունն անգամ Արայիկ Հարությունյանի ազատության մոտ ավելի չափավոր է: Ազատություն նշանակում է` ավանտյուրա, եւ ավանտյուրան փորձ է արվել մտցնել դպրոց: Վերացնելով կարգուկանոնը` փորձ է արվում վերացնել մեր սերունդների բացառիկ կողմերը: Նրանց մի սերունդ է պետք, որը կարող է արդարացնել ամեն տեսակի այլանադակություն: Կարծում եմ դրա համար էլ պատերազմ ունեցավ այսպիսի ավարտ: Հույս ունեմ, որ այս քյանդրբազությունը երկար չի տեւի:

– Կրթությունը, գիտությունը, մշակույթն ու սպորտն այսօր կարելի է ասել հայտնվել են խայտառակ բարձիթողի վիճակում: Ի՞նչ եք կարծում այս պահի դրությամբ մեր հենասյուներն ո՞վ է կարող է ճահճից դուրս բերել:

– Կրթությունն ու գիտությունը կապված են, սակայն մշակույթն առանձին գիտություն է: Մենք ունենք հրաշալի մշակութաբաններ: Ինչ վերաբերում է կրթությանն ու գիտությանը, ապա դրանցով կարող է զբաղվել գիտամանկավաժական փորձ ունեցող, հայրենասեր մասնագետ: Այդպիսիք շատ են, սակայն նրանք քանի որ այս իշանություններին դեմ են արտահայտվել, դուրս են մնացել հավանական թեկնածությունից:


Հայկ Գևորգյան
www.iravunk.com


դեպի ետ