• am
  • ru
  • en
Версия для печати
21.11.2020

ԱՌԱՋԻՆ ԴԱՎԱՃԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԸ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԽԵՂԿԱՏԱԿՆ Է. Գևորգ Գևորգյան

   

«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալել էինք «Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության հիմնադիր նախագահ, Արցախյան երեք պատերազմի մասնակից, ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ:

«ՐՈՊԵ ԱՌԱՋ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ»

– Պարոն Գեւորգյան, պատերազմական 44 օրերին հանրությունն ապրեց «հաղթելու ենք» կարգախոսի ներքո, իսկ հետո ունեցանք դառը իրականություն եւ կորցրած հայրենի հող: Դուք ռազմաճակատում էիք, ե՞րբ հասկացաք, որ իրավիճակն այնպիսին չի լինելու, ինչպես, համենայնդեպս, ցանկանում էինք տեսնել:

– Ես այդ լիրիկաներով չեմ տառապել, որովհետեւ 2018 թվականի ապրիլի 17-ից խոսում էի այսօրվա մասին: Այն, ինչ տեղի ունեցավ 2,5 տարի առաջ եւ ինչ ճանապարհներով, ու ովքեր եկան իշխանության, ինձ համար արդեն ակնհայտ էր, որ այս իշխանությունը եկել է հողեր ծախելու համար: Այս մասին մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել եմ: Իսկ այդ ընթացքում նրանք ինչ հնարավոր էր, փորձել են անել` պղծել եկեղեցիները, կրթական համակարգը վերջնականապես ոչնչացնել, ազգային մեր գաղափարաբանությունը խեղաթյուրել, Հայաստանը դարձնել Սոդոմ-Գոմոր: Երկրի թիվ մեկ պատասխանատուի` վարչապետի աթոռը զբաղեցրած խեղկատակը փաստացի առաջին դավաճանն է, ով մեր թիկունքի հետեւում կարողացավ սպասարկել թուրք-ադրբեջանական շահերը եւ ստոր, դավաճանական քայլ անել` հանձնելով մեր ազատագրած տարածքները, որտեղ ինքը ոչ մի լումա չունի ներդրած` ո՛չ ծառայել է, ո՛չ մասնակցել, ո՛չ ինքն է արյուն թափել, ո՛չ էլ իր հարազատները, ո՛չ մեկը, եւ ինքը հենց այդ ոչ մեկն է:

– Բայց իշխանավորներն էին հենց ամենաբարձր մակարդակով ասում, թե դասալիքներ ու դավաճաններ են եղել, զորքը ի վիճակի չի եղել կռվել...

– Իրենք դասալիք լինելով` դասալիքներ են ման գալիս: Իրենց այդ 2,5 տարվա քաղաքականությունն արդեն հոգնեցրել է, միշտ ման են գալիս դավաճաններ: Իշխանությունը, ամբողջ ծառայություններն իրենց ձեռքում լինելով հանդերձ, ոչ մեկին չեն կարողանում գտնել կամ գտնում են, չեն կարողանում պատասխանատվության ենթարկել: Անընդհատ կեղտոտ մանիպուլիացիաներ անելով` ապրում են: Բայց հիմա իրենց կերած ղալաթների մասին խոսելու ժամանակը չէ, եթե 10-20 օր հետո, մեկ ամիս հետո իշխանություն փոխվի, մեզ մոտ ոչինչ չի փոխվելու, հիմա է պետք քայլեր անել: Ես ո՛չ կուսակցական եմ, ո՛չ նախկին իշխանությունում եմ եղել, ո՛չ նախկին իշխանություների ժամանակ աթոռներ եմ զբաղեցրել, ո՛չ էլ լափամանից եմ կտրվել: Իմ նպատակն այն էր, որ իմ երկրը, իմ ազատագրած սրբազան հողը կարողանայինք պաշտպանել բանակցությունների ու ռազմական գործողությունների միջոցով եւ ունենայինք մեր ամուր սահմանը: Մինչդեռ ոչ միայն փակում ենք Արցախի էջը, այլեւ վտանգում ենք Հայաստանի Հանրապետության, մեր տան ու մեր երեխաների անվտանգությունը: Հիմա չեմ էլ ուզում խոսել ո՛չ Նիկոլի, ո՛չ մնացածի մասին: Պետք է հասկանանք, որ այս իշխանությունը րոպե առաջ պետք է հեռանա դավաճանի պիտակով եւ պատասխանատվության ենթարկվի: Պետք է ստեղծվի նոր շտաբ` ազգային փրկության կոմիտե, ու բանակցությունների միջոցով փորձենք փրկել իրավիճակը: Այդ կոմիտեում պետք է լինեն մարդիկ, ովքեր ի վիճակի են եւ կարող են ճիշտ հարաբերություններ ստեղծելով` լուծել մեր այսօրվա խնդիրները: Կարողանան հարաբերվել մեր ռազմավարական դաշնակցի հետ եւ ընդհանրապես` Եվրոպայում ու ամբողջ աշխարհում հանդես գան ճիշտ, հավասարակշռված մարդիկ, ովքեր իրապես մտածում են երկրի մասին:

«ՄԻ՛ ՏՐՎԵՔ ՆԻԿՈԼԻ ԿԵՂՏՈՏ ՄԱՆԻՊՈՒԼԻԱՑԻԱՆԵՐԻՆ»

– Կա մի զանգված, որն առ այսօր պնդում է, թե բա ո՞ւր էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Ազատության հրապարակում կանգնած մարդիկ պատերազմական 44 օրերի ընթացքում: Բայց նույն այդ հրապարակում կանգնած եք ե՛ւ Դուք, ե՛ւ էլի շատ կամավորներ, որոնք վերադարձել են ռազմաճակատից:

– Այստեղ իրականում ոչ մի քաղաքական դեմքի կամ քաղաքական կուսակցության խնդիրը չէ, համենայնդեպս` ինձ եւ իմ ընկերների մոտ: Մի՛ տրվեք Նիկոլի կեղտոտ մանիպուլիացիաներին, մի՛ թույլ տվեք, որ հենց հիմա մեզ էլի բաժանեն: Հասարակության ինչ-որ տոկոս այնքան է թունավորվել նախկիններով, որ չեն ուզում հասկանան, որ սա դավաճան է: Էլ ի՞նչ պետք է լիներ, որ հասկանային, պիտի մեռնեի՞ն բոլորը: Հազարավոր տղերք են եկել կռվելու, իմ պարագայում թող ոչ ոք հանկարծ բերանը մտքով էլ չանցնի բացել, որովհետեւ եթե ջղայնացա, կսկսեմ խոսել, թե ով որտեղ է ընդհանրապես եղել: Այդ ժամանակ տեղում կխառնվեք իրար: Կարող եմ ասել, թե ովքեր են որ օրվանից ու որտեղ կռվել: Հերի՛ք է համը հանեն: Ես այն մարդն եմ, ով առաջին օրերին եղել է շտաբներում, հետո եղել է հենակետերում, ապա խրամատներում, որովհետեւ մարդիկ ասում էին` հրամանատար, մենք գալիս ենք քո հրամանատարության ներքո: Նրանք, ովքեր քեզ վստահել են իրենց կյանքը ու առաջնագծում են, էլ չես կարող իրենց հետ չմտնել խրամատ, դու առնվազն կդառնաս սրիկա կամ նապաստակ: Դա մերը չէ` անկախ նրանից, որ ի սկզբանե գիտեի` սա պարտվողական քաղաքականություն էր: Պատերազմը պատճառ եւ հետեւանքն է վարվող քաղաքականության: Ամուր, ուժեղ, հաստատուն, կայուն, հաղթող քաղաքականությունը բերում է հաղթանակած պատերազմի, պարտվող քաղաքականությունը` պարտվողական պատերազմի: 2,5 տարի շարունակ ասել եմ, որ պատերազմ է լինելու, պատերազմով են էս բեմուրազները հող հանձնելու, ուրիշ կերպ ուղղակի չէր կարող ստորագրել:

– Ասում են` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեռ 2011 թվից այդ թուղթը դրել է բանակցային սեղանին, որն էլ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց...

– Ջհանդամի գյոռը, թե դրված չի եղել: Ենթադրենք` 1994 թվից է դրված եղել, հետո՞: Տարբեր երկրներ ունեն իրենց շահերը, բնականաբար, Ադրբեջանն անընդհատ ցանկացել է այդ հողերին տեր կանգնել, որովհետեւ դրանով իր դիվիդենտները պետք է հավաքեր: Թուղթը դրված է եղել, մերոնք էլ ասել են` չենք տալիս: Ստորագրություն դրվա՞ծ է եղել դրա տակ: Եթե հողերը հանձնված ու արդեն վաճառված է եղել, ինչպես հիմա պրիմիտիվորեն մարդկանց ուղեղները փորձում են լվանալ, բա Նիկոլը էդ ո՞ր օրվանից էր գաղտնիք պահող տղա, որ չէր կարողանում հանել ու ցույց տալ այդ փաստաթուղթը: Եթե Նիկոլը կապ չունի, ինքը ընդհանրապես` ինչի՞ հետ կապ ունի, ի՞նչ գործ ուներ վարչապետի աթոռին: Եթե հողերը վաճառված էին, Նիկոլը չէ՞ր կարող այդ թուղթը ցույց տալ, ասեր` ժողովուրդ, հողերը վաղուց վաճառված են, հիմա կա՛մ պետք է կռվենք, մեռնենք, կստացվի` կստացվի, չէ` չէ, կա՛մ էլ հողերը պետք է տանք: Եթե վաճառված էր, ինչպե՞ս էին այսքան ժամանակ գնում Արցախ ու գալիս, մոմ վառում, ապրում այնտեղ: Իսկ եթե վաճառված էր ժամկետների մեջ, Նիկոլը երկու մատ չունե՞ր, բարձրացներ այդ թուղթը, ցույց տար ստորագրությունները: Այո, միշտ էլ ուզել են այդ հողերը, բայց միշտ էլ Հայաստանն ասել է` փախաք, արա՛: Հիմա ինչպես են կարողացել ասել, ես կողքները չեմ եղել, չգիտեմ ու ինձ չի էլ հետաքրքրում: Ամեն դեպքում, այդ ժամանակ ես ունեի Արցախ եւ Հայաստանի Հանրապետություն: Գիտեմ, որ շատուշատ խնդիրներ կային, եւ եթե անթերի ամեն ինչ լիներ, սրանք չէին կարողանա գալ իշխանության, բայց խնդիրները լուծել է պետք, ոչ թե դավաճանությամբ ու հող հանձնելով, այլ սահմանդ ամրացնելով, ազգ-բանակը չոչնչացնելով, հայրենասիրությունը կեղծ կատեգորիա չհամարելով, բանակից փախած լակոտներին իշխանության չբերելով: Ինչ-որ մի լակոտ, որը արդեն իշխանության մեջ է, հետույքի տակ աթոռ ունի, նայում էր ռազմական քարտեզին ու չէր էլ հասկանում` էս մուլտիկի նկարած լեգոնե՞ր են, թե՞ փազլներով հավաքած եսիմ ինչ է: Ուղղակի, նայում են տեսախցիկներին, որ կադրը լավ ստացվեր, դե կողքն էլ, բնականաբար, Արցախի նախագահն էր, ֆլանն ու ֆստանն էին: Իսկ վարչապետ կոչվածն էլ չգիտեր` ե՞րբ ունքերը խռըմ-մըռ անի, որ տպավորություն թողի, թե իբր լուրջ տղա է, որովհետեւ չէր էլ հասկանում` ինչ էին ասում, քանի որ կոնկրետ ապուշ է: Ու իրենք պետք է կառավարեին մեր առաջնագի՞ծը, այսպես ուզում էիք հաղթեի՞նք:


Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ