• am
  • ru
  • en
Версия для печати
18.11.2020

«Ա՛Յ ԼՊՐԾՈՒՆՆԵՐ, ԴՈՒՔ ԵՎ ՁԵՐ ՆԻԿՈԼԸ ՄԻՇՏ ԽՓԵԼ ԵՔ ՌՈՒՍՆԵՐԻՆ»

   

Հայաստանում շարունակվում են հանրահավաքները` Նիկոլ Փաշինյանի եւ իր ամբողջ կառավարության հրաժարականի պահանջով, իսկ Արցախում իրականացվում է ռուս խաղաղապահների տեղակայման գործընթացը` «ցավոտ» զիջումներից հետո: Ստեղծված իրավիճակի մասին «Իրավունք TV»-ին զրուցեց ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ II, V, VI գումարումների պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:


«ՆԻԿՈԼԻՆ ԹՈՂԵԻՐ, ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԳՅՈՒՂԸ ՊԵՏՔ Է ՀԱՆՁՆԵՐ»

– Պարոն Բաբուխանյան, այն, ինչ այս օրերին կատարվում է, Դուք կանխատեսում էիք դեռեւս 2018 թվականի մայիսի 2-ին հրապարակված Ձեր հոդվածում եւ այդ օրերին խորհրդարանում հնչեցրած Ձեր ելույթներում ու հայտարարություններում: Զգուշացնում էիք, որ Նիկոլ Փաշինյանը հողեր է հանձնելու...

– Այո՛, մենք տեսնում էինք, թե ինչ է կատարվում ու ինչի համար են բերում Նիկոլին իր սորոսական տերերը, եւ ինչ է նա անելու: Այդ ժամանակ Ազգային ժողովում իրեն հարց եմ տվել` Դուք սորոսական, լիբերալիստական ուղղության ներկայացուցիչ եք, մենք` ազգային պահպանողական: Մենք միշտ իրար հետ թշնամություն ենք ունեցել, որովհետեւ ձեր գաղափարախոսությունն ազգաքանդ է, մերը` ազգապահպան, հիմա ինչի՞ համար եք գալիս: Նիկոլը սկսեց գեղցու «շուստրիությամբ» փորձել «ֆռռացնել», թե մենք «իզմերին» դեմ ենք եւ այլն ու այդպես գեղցու «շուստրիությամբ» էլ ամբողջ երկուսուկես տարին դարձրեց Հայաստանը մասխարա: Ամբողջ աշխարհն էր ծիծաղում, թե էս ո՞վ է, էս ո՞ւմ եք բերել: Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով 3 խնդիր ուներ, երկուսն արդեն հնարավորինս կատարել է, երրորդը` դեռ ոչ:

ԱՌԱՋԻՆԸ` հակահայկական քարոզչություն իրականացնելն էր. ամենուրեք գործողություններ էին իրականացվում եկեղեցու, ավանդույթների դեմ, փոխում էին դպրոցական ու բուհական ծրագրերը` բուհականից հանում էին Հայոց լեզուն, դպրոցականից` Հայ եկեղեցու պատմությունը, աղանդներին, սորոսականներին ամեն տեղ բերում էին ու դնում պաշտոնների: Նպատակը` հայ ազգի էությունը, ազգային գաղափարախոսությունը, արժեհամակարգը ոչնչացնելն էր: Թուրքին ծառայող իր մինիստրներն ամենուրեք քանդում են: Առողջապահությունը քանդում է առողջապահության նախարարը, կրթությունը քանդում է մեկ այլ սրիկա, բոլորը զբաղված են քանդելով: Իսկ իր այդ պատգամավորիկները զբաղված էին մանկապղծության մասին կոնվենցիաներ ընդունելով:

ԵՐԿՐՈՐԴ գործն Արցախը ոչնչացնելն էր: Միտումնավոր 2,5 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը հասավ նրան, որ ոչնչացնի Արցախը: Փառք Աստծո, որ վերջին պահին մեր դաշնակիցն էլ չնայեց աջ ու ձախ, եւ կտրուկ միջոցներով գոնե պահվեց այն, ինչ որ դեռ հնարավոր էր պահել ու մտցրեց ռուսական կոնտիգենտը, թե չէ, Նիկոլին թողեիր, մինչեւ վերջին գյուղը պետք է հանձներ թուրքին:

ԵՐՐՈՐԴ գործը, որ նա պետք է աներ, ռուսական ռազմաբազան եւ ռուս սահմանապահներին Հայաստանից հանելն է: Սա երրորդ հանձնարարությունն է, որ նա, համենայնդեպս, փորձեց այս կամ այն ձեւով անել` իր հակառուսական քաղաքականությամբ ու կոնկրետ գործողություններով ու սադրանքներով ռազմաբազայի դեմ: Նա փորձեց դա կազմակերպել, պարզապես չհասցրեց, բայց եթե թողես, դա էլ կանի:


«Ա՛Յ ԼՊՐԾՈՒՆՆԵՐ, ԴՈՒՔ ԵՎ ՁԵՐ ՆԻԿՈԼԸ ՄԻՇՏ ԽՓԵԼ ԵՔ ՌՈՒՍՆԵՐԻՆ»

– Հիմա ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը երեք հարց է ներկայացրել ընդդիմությանը, թե ի լուր աշխարհի ասեք, որ կողմնակից եք ռուսական միջնորդության չեղարկմանը, կողմնակից եք ռուսական խաղաղապահների դուրսբերմանը շփման գծից եւ կողմնակից եք պատերազմի շարունակմանը:

– Այդ պատգամավորիկներն այնքան խղճուկ են, որ փոխանակ` չոքեն ժողովրդի առաջ ու ասեն` ներեք մեզ, ժողովո՛ւրդ, մի՛ անիծեք մեզ, մեր երեխաներին, մեր ապագա թոռներին ու ծոռներին, որովհետեւ մենք անգրագետ ենք, անպատրաստ, քաղաքականության մեջ որեւէ լուրջ փորձառություն չունենք եւ չհասկանալով, թե ով ենք, պատգամավորն ինչով պետք է զբաղվի, ինչ պետք է անի, մեր երկիրը կործանեցինք, դեռ խոսո՞ւմ են: Պետք է ընդունեն, որ մեղավոր են եւ պատգամավորական մանդատները վայր դնեն ու ասեն, որ իրենք չգիտեին, որ լուրջ բան է քաղաքականությունը, մարդկանց ճակատագրերի հետ է կապված, իրենց թվում էր, թե պատգամավորը նստում է, փող ու կաշառք է ստանում, պարգեւավճար է ստանում, ավտո, վարորդ, սիրուն քարտուղարուհի ունի: Թող ասեն` ախր մանկամիտ էինք, չգիտեինք, որ այդ ամենը չհասկանալու հետեւանքով` հազարավոր հայորդիներ կզոհվեն, գյուղեր կքանդվեն, քաղաքներ կոչնչացան, հողեր ու գերեզմաններ կտրվեն թշնամուն, ներեք մեզ: Էլի եմ ասում` արժանապատվություն ունեցողը կդներ այդ մանդատը ու կասեր` ներեք մեզ: Բայց` ոչ, դեռ խոսում են ու թաքնվում ռուսի ստվերի տակ: Ա՛յ, լպրծուններ, դուք ովքե՞ր եք ձեր ամբողջ փոքր կենսագրության մեջ: Դուք եւ ձեր Նիկոլը միշտ խփել եք ռուսներին: Պատերազմից ընդամենն օրեր առաջ Նիկոլը 29 տարեկան մեկին Ազգային անվտանգության ծառայության պետ է դնում: Նիկո՛լ, ձե՞ռ ես առնում: 29 տարեկանում միանգամից կոչումով, ամեն ինչով նման պաշտո՞ն են տալիս: Հիմա հարց է ծագում` դեպքերից 5 օր առաջ ինչո՞ւ էիք ռուսական բանտից փախած հանցագործի հոդվածը վերցրել ու տարածում, որը ուկրաինական, թուրքական, ադրբեջանական եւ անգլիական հատուկ ծառայությունները իրար հետ միասին սարքել էին «Դոսյե»: Ասում էին` ռուսական շպիոններ ենք գտնում եւ «Դոսյեի» հոդվածը դնում ենք գործի հիմքում, քրեական գործ ենք հարուցում եւ ռուսական շպիոններին ամեն տեղից հանում ենք: Ազգային անվտանգությունից հանում էին բոլոր նրանց, ովքեր սովորել են Ռուսաստանում, ռուսամետ քաղաքական գործիչների հետեւից էին ընկել: Ու հիմա Ռուսաստանի ստվերի տակ ուզում են թաքնվե՞լ, որ իրենց կեղտոտ գործերը չբացահայտվե՞ն: Ձեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, ձեր մինիստրների կեսը ռուսական դրոշ վառող է ՌԴ դեսպանատան առաջ, տեսանյութերը կան, ձայնագրությունները` եւս: Սա մենք էլ գիտենք, ռուսներն էլ: Ռուսների դրոշ վառողներին հարցրեք` դուք ո՞վ եք: Բայց չէ՞ որ դուք եք բերել ու դրել նրանց պաշտոնների, որոնց կեսը սորոսական են, կեսը` լակոտ-լուկուտներ: Նախ ռուսական դրոշ են վառում, հետո նստում պաշտոնի ու ասում, թե Հայաստանի իշխանություն են: Դրանց հետ ո՞վ պետք է խոսի: Ու այդ սորոսական ծառաները, հակառուսական ստահակները դեռ փորձում են խոսե՞լ: Ուրեմն` լավ իմացեք, ձեր կեղտը, որը դուք բերեցիք ժողովրդի գլխին, ու այսքան մարդ զոհվեց, չի մաքրվելու, դարեդար մնալու է ձեր վրա: Այսքանից հետո` դեռ էլի գեղցու «շուստրիություն» են բանեցնում, թե հլը ասենք մենք ռուսի կողմից ենք, թող իրենք ասեն` ռուսին դեմ ենք: Այսօր երկիրը կործանվում է ձեր պատճառով եւ շարունակվելու է կործանվել, եթե ժամ ավել մնաք ձեր աթոռներին: Այսօր փոխանակ մտածեն` ինչպես փրկեն այն, ինչ որ հնարավոր է, աշխատանք կատարեն, իրենց աթոռներից բռնվել են ու մնացել, թե բա մեր պրեմիաները, բա մեր ավտոները, բա մեր քարտուղարուհիները: Գնացե՛ք, կորե՛ք աչքներիս առաջից, հայտարարություններ մի՛ արեք, ուղղակի, կորե՛ք:


«ԲԱ ՈՐ ԷԴՔԱՆ ՎԱԽԵՑԱՐ, Ո՞ՆՑ ԵՍ ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ ԷՍ ԵՐԿԻՐԸ, ՆԻԿՈ՛Լ»

– Հրապարակում պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ իշխանական պրոպագանդան հետեւողական այս թեզն է շրջանառում, թե ի՞նչ է փոխելու հրաժարականը, երբ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունն այլեւս իրականություն է: Ի վերջո, խնդիրը հիմա պատերազմ պարտված, հողեր զիջած երկրի ղեկավար չունենա՞լն է, տարածքները հետ բերե՞լը, թե՞ Հայաստանը գոնե փրկելը:

– Խնդիրը պատերազմ պարտված ղեկավար ունենալ-չունենալու մեջ չէ: Նա այսօր ծաղրի առարկա է դարձել: Ադրբեջանցիները ծաղրում են, Ալիեւը թքում է վրան, ու սա ձեն չի հանում եւ չի էլ կարող հանել: Ես` որպես ՀՀ քաղաքացի, ամաչում եմ, որ իմ երկրի ղեկավարը ոչ միայն անգրագետ է, խոսել չգիտի, տակտ չունի, դանակ-պատառաքաղ բռնել չգիտի, այլ ամաչում եմ, որ իմ երկրի ղեկավարի վրա թուրքը ծիծաղում է, ձեռ է առնում: Այսպիսին երկրի ղեկավարը չի կարող լինել: Քո ուժը, Նիկո՛լ, միայն հերիքում է ցուցարարների վրա՞:

– Բայց դեռ կան մարդիկ, ովքեր «կերակրվում են» այն թեզերով, որ եթե հանկարծ Փաշինյանը հրաժարական տա, կլինի անիշխանություն, պառակտվածություն...

– Պառակտվածությունն ու անիշխանությունը հիմա է: Ո՞ւր են, ինչո՞ւ գործ չեն անում: Հիմա հազարումի հարց կա` սկսած հայտարարագրի իրականացումից, թե ինչպես է լինելու, որ զորքն ուր է գնալու, ինչ է անելու, ինչպե՞ս է փախստականը վերադառնալու, ո՞վ է տանելու, եթե տունը քանդած է, ի՞նչ է անելու: Փախստականներին սոված-ծարավ թողել են դրսում: Սոցապնախարարը միայն սեքսի ձեւրից էր խոսում, բա էդ նախարա՞ր Է: Ո՞ւմ եք բերել դրել նախարարի աթոռին, որ հիմա էլ թողել է փախստականներին անտեր: Ով ինչպես կարողանում պահում է փախստականներին, ո՞ւր են նախարարները, ինչո՞ւ մեկը ձեն-ծպտուն չի հանում, ինչո՞ւ են թողել երկիրը թշվառ վիճակում: Թե՞ իշխանությունը միայն նրա համար է, որ ոստիկանությունով ու ԱԱԾ-ով ճնշի: Էդքան վախեցա՞ր միտինգներից, բա ասում էիր, որ ժողովուրդը դուրս գա ասի` չի ուզում քեզ, կգնաս: Էլ ինչո՞ւ ես ԱԱԾ-ով ու ոստիկաններով ճմշում մարդկանց: Բա որ էդքան վախենում ես, ո՞նց ես ղեկավարելու էս երկիրը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

www.iravunk.com


դեպի ետ