• am
  • ru
  • en
Версия для печати
09.11.2020

ԱԼԻԵՎԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎՐԱ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐՎԱԾԻՑ

   

Թեեւ Ալիեւը հրապարակայնորեն տոնում է Շուշիի գրավումը, իրականում այսօր նա ստացավ այնպիսի տվյալներ, որ իր մեջ վախ է մտել, որ Ադրբեջանին կարող է հարված հասցվել մեկ այլ պետության կողմից: Համենայնդեպս նա հայտարարել է, որ Ադրբեջանի վրա հարձակման դեպքում նա կընդունի Թուրքիայի ռազմական օգնությունը: Պետք է ենթադրել, որ Ալիեւին սպասում է շատ հուժկու հարված, որին Ադրբեջանը ինքնուրույն դիմակայել չի կարող: Միաժամանակ նա այդ հարվածը կանխելու համար հայտարարում է, որ ռազմական դաշինքի մեջ կմտնի Թուրքիայի հետ: Սա հնչում է որպես սպառնալիք Ռուսաստանին եւ Իրանին: Հավանաբար Ալիեւը այդ երկու պետություններից էլ սպասում է այդ հուժկու հարվածը:

Միաժամանակ առավոտյան թուրքական լրատվամիջոցները բացահայտեցին Պուտին-Էրդողան շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի որոշ մանրամասներ: Մասնավորապես այն, որ Ռուսաստանը, ըստ էության, փոխել է իր դիրքորոշումը Թուրքիային որպես տարածաշրջանում ակտիվ խաղացող տեսնելու վերաբերյալ: Ըստ թուրքական մամուլի` Պուտինը համաձայնվել է Արցախի խնդրի վերաբերյալ ստեղծել նոր ֆորմատ, որը կտարբերվի Մինսկի խմբից եւ կլինի երկկողմանի` ռուս-թուրքական:

Այդ դեպքում ինչի՞ց է վախենում Ալիեւը: Հավանաբար նրանից, որ Ադրբեջանը խախտել է կարմիր գիծը գրոհելով Շուշին եւ արդեն այսօր` Ստեփանակերտի ուղղությամբ: Ռուսաստանը հասկանում է, որ ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտը վերցնելու պարագայում Ռուսաստանը այլեւս Ադրկովկասում անելիք չի ունենալու եւ ստիպված է լինելու անգամ հանել Հայաստանում իր ռազմաբազան, քանի որ թուրք-ադրբեջանական հաղթանակը Արցախում կնշանակի, թե հենց Թուրքիան է թելադրում իրավիճակի զարգացումները:

Մյուս կողմից թուրք-ադրբեջանցիները եւ իրենց թիկունքում կանգնած ուժերը փորձում են ռուսներին վերջնականապես դուրս մղել տարածաշրջանից եւ բանակցություններ վարելու կամ նոր բանացկային պլատֆորմներ ստեղծելու զրույցների ընթաքում գրավել Ստեփանակերտը եւ ռուսներին դնել փաստի առաջ: Թուրքիային կարող է կանգնեցնել միայն ռուսների ռազմական հարվածը Ադրբեջանին, ընդ որում, այն կարող է տեղի ունենալ մոտակա ժամերի ընթացքում: Հավանաբար Ալիեւը ստացել է ինչ-որ վերջնագիր եւ հենց դա է նրան այնքան սարսափեցրել, որ նա հայտարարել է, թե պատրաստ է ընդունել թուրքական ռազմական աջակցությունը եւ Թուրքիայի հետ ստեղծել ռազմական դաշինք: Ըստ էության, այդ ռազմական դաշինքը կլինի Ռուսաստանի եւ Իրանի դեմ: Իրանը նույնպես հասկանում է, որ թուրք-ադրբեջանական ռազմական դաշինքը նշանակում է, որ ՆԱՏՕ-ն վերահսկողության տակ է վերցնելու իրանաադրբեջանական սահմանը` Իրանի համար բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ: Այս ամենը լրացվում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդից ստացած այն տվայլները, որը հրապարակել են ռուսական ԶԼՄ-ները, ամերիկացիները նախապատրաստվում են խաղաղապահ ուժեր տեղակայել Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում: Նշվում է, որ ամերիկացիները իրենց զորամիավորումները տարածաշրջան կմտցնեն առանց հայկական եւ ադրբեջանական կողմերի համաձայնությամբ: Ամերիկական ռազմական ուժը կտեղափոխվի Սկանդինավյան երկրներից:

Եվ վերջապես ռուս-թուրքական բախման եմ մղում Թուրքիային աշխարհի գլոբալիստական ուժերը, որոնք կանգնած են Էրդողանի թիկունքում: Ինչպես դա բազմիցս եղել է պատմության ընթացքում անգլիացիները թուրքերին մղում էին ռուսների դեմ գործողությունների, սակայն Ալիեւը հասկանում է, որ ռուս-թուրքական բախումը լինելու է Ադրբեջանի տարածքում եւ Ադրբեջանի հաշվին եւ սարսափում է պատկերացնել Ադրբեջանի վիճակը դրանից հետո:


Ա. Հովհաննիսյան
www.iravunk.com


դեպի ետ